ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ՏՈՒՆՆ Է / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Դեռևս 19-րդ հարյուրամյակի 90-ական թվականների սկզբին, Աբդուլ Համիդի, հետագայում նաև երիտթուրքերի օրոք, դաժանորեն գործում էր խստիվ հրահանգ՝ հայերին և ընդհանրապես տեղածին քրիստոնյաներին ոչնչացնելուց հետո, ժամանակի ընթացքում, պետք է մաքրել նաև նրանց հետքերը: Իսկ դրանք առաջին հերթին տաճարներն են, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, պատմաճարտարապետական հուշարձանները: «Միայն այդպես կարելի է արդարանալ ապագայի առջև»,- ասելու էր հետո Թալեաթը:
Այդ Համիդա-Թալեաթական հրահանգը բավական ակտիվորեն օգտագործեցին նաև խորհրդային ժամանակներում, առանձնապես Ադրբեջանում՝ Ալիևների օրոք: Ուստի զարմանալի չէր, որ Ալիև ավագը, լավ իմանալով, որ 150000 հայկական պատմական հուշարձաններից Նախիջևանում մնացել են ընդամենը 4000-ը, արդեն մտածում էր այն տարածքի մասին, որը բուն հայկական ինքնավարության սահմաններից դուրս էր գտնվում: Նախիջևանի մասին իմ հրապարակումներից մեկում պատմել եմ այդ մասին: Մեջբերեմ մի քանի հատված: «Բակինսկի ռաբոչի» թերթի 1998 թ. հունվարի 23-ի համարում Ալիևը, վստահ, որ Խորհրդային իշխանության և Թուրքիայի շնորհիվ Հայկական Նախիջևանի ողջ տարածքը արդեն դարձել է ադրբեջանական, հայտարարում է. «Ադրբեջանի շուրջ գտնվող հողերը նույնպես եղել են ադրբեջանական»: Այդ հողերի ահռելի ցանկում կա ներկայիս Հայաստանի Հանրապետության Կապանի շրջանը: Ես կցանկանայի, որ այդ աշխարհագրական մանրամասնի վրա իրենց առանձնահատուկ ուշադրությունն ուղղեին ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը և, իհարկե, Ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահ երկրների երեք նախագահները:
Մեղրիի շրջանը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավում: Սահմանակից է Իրանին: Արաքսի ձախ ափով ձգվում է 46 կիլոմետր: Դեռևս խորհրդային ժամանակներում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը, այցելելով Ադրբեջան, Մեղրին անվանեց «անիծյալ սեպ», որը թույլ չի տալիս Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ: Իսկ Ալիև ավագը, Բրեժնևի մահից հետո դառնալով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ (վերահսկում էր տրանսպորտը և կապերը), առաջին բանը, որ մտադրվեց անել, Արաքսի երկայնքով ճանապարհ գցելն էր, իրագործելու համար Դեմիրելի ցանկությունը: Գլխավոր նպատակն էր՝ փակել Հայաստանի կապն ու շփումները Իրանի հետ:
Այնպես որ՝ ռազմավարության առումով այն ժամանակ Ալիևի մոտ ամեն ինչ ծրագրված էր: Եվ այդ նույն, 1998 թ. ձեռնարկեց հայերի վերջնական ցեղասպանությունը Նախիջևանում: Ճիշտ է, այն ժամանակ մենք խանգարեցինք բարբարոսին, քանզի բավական ակտիվորեն հանդես էինք գալիս Բաքվի դեմ: ՀՀ Գիտությունների ակադեմիայի մեծ դահլիճում Նախիջևանի հայրենակցական միությունը հայկական մտավորականության ներկայացուցիչներին հրավիրեց իր համագումարին, որը պետք է հաստատեր ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված դիմումի տեքստը (նախագիծը գրել էի ես): Դրանից հետո մեկ ամիս մեծ աշխատանք տարանք Սփյուռքում: Եվ մեր հայրենակիցների շնորհիվ մեր դիմումը հասավ հասցեատիրոջը: Իմանալով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատակիցները դժվար թե տեղեկացված լինեն հարցի պատմությանը, մենք որոշեցինք նամակում մանրամասնորեն արծարծել նախիջևանյան հայկական ողբերգության իմաստն ու էությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն ՖԵԴԵՐԻԿՈ ՄԱՅՈՐԻՆ
Մեծարգո պարոն Մայոր
Հայաստանի Նախիջևանյան հայրենակցության համագումարը Ձեզ է դիմում համառ խնդրանքով՝ անհապաղ ստեղծելու միջազգային հանձնաժողով, փրկելու համար պատմության ու մշակույթի հինավուրց հայկական հուշարձանները, այդ թվում համաշխարհային քրիստոնեական տաճարաշինության իսկական գլուխգործոցները:
Մենք լավ ենք հասկանում, որ մանավանդ հետխորհրդային շրջանում հարազատ հողի վրա ապրելու իրավունքի համար շատ ժողովուրդների մղած ազգային-ազատագրական պայքարի ողբերգական փորձը ցույց է տալիս, որ գործնականում միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից լիովին մերժվում են պատմական փաստերն ու գործոնները բարդ միջէթնիկական հարցերի լուծման ժամանակ: Հենց այդ հանգամանքն են շահարկում որոշակի քաղաքական ուժեր, որոնք անկյունաքար են դարձնում, ասենք, այնպիսի փաստարկներ, ինչպիսիք են աշխարհաքաղաքականությունը, կրոնը, պատմական և ռազմավարական միությունները, օգտակար հանածոների առկայությունը (առաջին հերթին՝ նավթի) և այլն: Եվ այդ ամենը հակադրվում է ապրելու իրավունքին, սեփական հողում մեռնելու իրավունքին, նույնիսկ սեփական ժողովրդի մշակութային և պատմական ժառանգությունից օգտվելու իրավունքին: Հարկ չկա ապացուցել, որ Նախիջևանը հանդիսանում է պատմական Հայաստանի մաս, որ դեռևս մեր թվարկությունից առաջ IX-VII դարերում այն որպես վարչական կազմավորում ներառված էր միասնական հայկական Արարատյան (Ուրարտու) պետության կազմում:
Հեշտ չի դասավորվել Նախիջևանի ճակատագիրը, որը գտնվում էր քարավանային ուղիների խաչմերուկում: Նա դարեր անցավ ողբերգական փորձությունների միջով, որ նրան էին պարտադրում բազմաքանակ բարբարոսները, վանդալներն ու վայրի հորդաները: Եվ սակայն միշտ մնաց որպես Հայաստանի մաս: Ավելին, հայ ժողովուրդը կարողացավ դարերի ընթացքում ոչ միայն պահպանել, այլև Նախիջևանում զարգացնել ու կատարելագործել ազգային մշակույթը, տաճարային և փոքր ձևերի ճարտարապետությունը: Անառիկ ամրոցներ էր կառուցում նվաճողների դեմ: Սակայն Նախիջևանի ճակատագրին հիրավի մահացու հարված հասցրեց Թուրքիան, նենգորեն օգտագործելով այն հնարավորությունները, որ այդ նպատակի համար նրան տվեց Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում: Նույնիսկ Արևելահայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Նախիջևանը սկզբում (1828 թ.) մտավ Ռուսական կայսրության Հայկական մարզի կազմ, իսկ հետո (1849 թ.)՝ անվանափոխված Երևանի գավառի կազմ: Եվ այնուամենայնիվ, Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո, Թուրքիայի ճնշման տակ, Ստալինը Մոսկվայի և Կարսի 1921 թ. բանակցությունների ժամանակ նոր-նոր արհեստականորեն ստեղծված Ադրբեջան մահմեդական հանրապետության ենթակայությանը հանձնեց Նախիջևանը: Ընդ որում, սկզբում Ստալինը 1923 թ. ինքնակամ որոշեց Նախիջևանի կարգավիճակը որպես ինքնավար մարզ, իսկ արդեն մեկ տարի անց դարձրեց ինքնավար հանրապետություն: Շուտով այդ ողջ հայկական ինքնավար կազմավորումը հայտարարվեց սահմանային գոտի՝ մուտքի և ելքի խիստ ռեժիմով, որը համարյա յոթանասուն տարի արգելում էր հայերին այցելել ոչ միայն իրենց բնակավայրեր, այլև նույնիսկ նախնիների գերեզմաններ: Սահմանային գոտու ռեժիմը թույլ տվեց բնիկ հայ բնակչության համար անվերահսկելիորեն ստեղծել կյանքի այնպիսի անտանելի պայմաններ, որոնց առկայությամբ իրենց պատմական հայրենիքի տերերը ստիպված էին թողնել հարազատ եզերքը: Վերջին հայը Նախիջևանից բռնի կերպով արտաքսվեց 90-ական թվականների սկզբին: Իսկ Ադրբեջանի քաղաքական ղեկավարները, ազատվելով հայերից որպես պետական հանցագործության վկաների, սկսեցին հայ ժողովրդի պատմության և մշակույթի անգին հուշարձանների ոչնչացումը:
Հողի երեսից ջնջվեցին ամբողջ քաղաքներ ու գյուղեր, հազարավոր տաճարներ, եկեղեցիներ, խաչքարեր, տասնյակ հազարավոր դամբարաններ, գերեզմանոցներ, շիրմաքարեր Նախիջևանի Ջուղայում, Ագուլիսում, Զնաբերդում, Կզնուտում և հայկական ինքնավարության շատ այլ բնակավայրերում:
Մեծարգո պարոն Ֆեդերիկո Մայոր, սույն դիմումին մենք կցում ենք անհերքելի փաստաթղթեր մշակույթի ու պատմության հուշարձանների և ադրբեջանական վանդալների կողմից դրանց բարբարոսական ոչնչացման մասին: Անհրաժեշտ է մինչև հարցի վերջնական լուծումը, ամենասեղմ ժամկետում ստեղծել մշտապես գործող միջազգային հանձնաժողով, կազմված հեղինակավոր և անկախ փորձագետներից, որոնք կհավաքեն ու կվավերացնեն լայն հասարակությանը մատչելի տվյալների բանկ՝ արդեն ոչնչացված և դեռևս պահպանված հայ մշակույթի և պատմության հուշարձանների մասին: Դա մեր ընդհանուր բարոյական և իրավական պարտքն է պատմության առջև, մարդկության ապագայի առջև:
Կցանկանայինք հիշեցնել Ձեզ, որ ժամանակը չի սպասում: Յուրաքանչյուր ժամը թանկ է վտանգի մեջ գտնվող պատմական ու մշակութային հուշարձանների համար, որոնք համամարդկային արժեք են ներկայացնում:
Հարգանքներով՝
Հայաստանի Նախիջևանի հայրենակցական միության համագումարի պատգամավորներ (30.10.1998 թ.)
…Ասենք, դիմելու ուրիշ տեղ էլ չունեինք, գիտակցելով, որ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծված է խաղաղության (!- Զ.Բ) և միջազգային անվտանգության (!-Զ.Բ.) պահպանմանն աջակցելու նպատակով՝ լուսավորության, գիտության և մշակույթի ասպարեզում պետությունների միջև համագործակցության զարգացման ճանապարհով»: Խոսքն առաջին հերթին ՄԱԿ-ի բոլոր անդամների մասին է: Իսկ չէ՞ որ դա երկրագնդի երկրների (ժողովուրդների) ավելի քան 90 տոկոսն է: Այն օրերին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա մանրամասնորեն պատմեց Հայկական Նախիջևանում տիրող բարբարոսության և վանդալիզմի մասին: Մասնավորապես ընդգծեց. «Այժմ, երբ պատմական հայկական տարածքում չեն մնացել բնիկ նախիջևանցի հայեր, չգիտես ինչու ոմանք համարում են, թե արդեն իմաստ չունի ինչ-որ միջոցներ ձեռնարկել բարբարոսներին պատժելու հարցում»: Հիշեցրեց նաև այն մասին, որ Հայաստանի լայն հասարակայնությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին նամակով, որում շարադրված էր Նախիջևանի ողջ ողբերգական պատմությունը: Էլ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Ֆրեդերիկո Մայորին այդ հարցով: Ադրբեջանցիների այն ռեպլիկին, թե Նախիջևանում բոլոր ավերածությունները եղել են բազմաթիվ պատերազմների ժամանակ, Օսկանյանը պատասխանեց. «1922 թ. պատերազմ չկար, սակայն Նախիջևանում բարբարոսաբար ավերվեցին հին խաչքարեր ու եկեղեցիներ: 1998 և 2002 թթ. պատերազմ չկար, սակայն այդ ժամանակ երկրի երեսից ջնջվեցին մեծ և փոքր ճարտարապետության հազար-հազարավոր հայկական գլուխգործոցներ: 1975 թ. պատերազմ չկար, երբ բուն Նախիջևան քաղաքում ոչնչացվեցին յոթերորդ դարի ճարտարապետական հուշարձաններ»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսում (2011 թ. հոկտեմբերի 29) իր ելույթում արտաքին գործերի ներկայիս նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց հուշարձանների և տեսարժան վայրերի հարցերով Գլխավոր Ասամբլեայի 16-րդ միջազգային խորհրդի բանաձևի մասին: Հստակ ընդգծվում էր Նախիջևանի և, մասնավորապես, Ջուղայի մասին. «Դա ժառանգություն է, որը դեռ վերջերս իր պատմական տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձարանում: Այսօր, ասենք ցավով, մենք արդեն չենք կարող փոխանցել մշակույթի գլուխգործոցները սերունդներին, և ոչ միայն հայերի»:
Նույն այդ ժամանակ Միջազգային կրոնական ազատության հարցերով ամերիկյան հանձնաժողովը հաղորդում էր. «Կրոնական ազատության հարցում իրավիճակն Ադրբեջանում շարունակում է աղետալիորեն վատթարանալ: Բաքվում մնացած միակ հայկական եկեղեցին ներկայումս օգտագործվում է նախագահական արխիվի համար: Նույնը կարելի է ասել նաև բռնագրավված Լյութերական եկեղեցու մասին, որը վերածվել է համերգային դահլիճի: Եթե մենք (ՅՈՒՆԵՍԿՕ-ն և միջազգային այլ կազմակերպությունները) այսօր ոչ մի միջոց չձեռնարկենք, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի այդ և բազմաթիվ այլ հուշարձանների ճակատագիրն Ադրբեջանում»:
Թվում էր, աշխարհը չէր լռում Նախիջևանի ողբերգական ճակատագրի մասին, սակայն գործնականում բացարձակապես ոչնչի չհասան: Բայց չէ՞ որ Նախիջևանի ողբերգության մասին ճշմարտությունը հնչեցվում էր ոչ միայն գրողների, լրագրողների, դիվանագետների մակարդակով: 2010 թ. փետրվարի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտում՝ Չատեմ-Հաուսում ասաց. «Ադրբեջանը կորցրել է վստահության վարկը ոչ միայն Արցախի (Ղարաբաղի), այլև հայկական մյուս ինքնավարության՝ Նախիջևանի առումով: Ադրբեջանն այդ անօրինություններն արդարացնում է նրանով, որ խորհրդային ժամանակներում ինքը «ուրիշ» բան էր, իսկ հիմա՝ «մեկ ուրիշ»: Հենց այդ «մեկ ուրիշ» Ադրբեջանում վերջին տարիներին ոչնչացվել են ավելի մեծ թվով հայկական քրիստոնեական հուշարձաններ, քան նախորդ խորհրդային յոթանասուն տարիներին: Եվ այստեղ չի կարելի չընդգծել այն աններելի փաստը, որ համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու կոչված միջազգային բոլոր կազմակերպությունները պարզապես ոչինչ չկարողացան անել»: Այն մասին, թե ինչպես ավարտեց իր ելույթը Հայաստանի նախագահը, ինձ պատմեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի երկրորդ խոսնակ լեդի Քերոլայն Քոքսը. «Նախագահ Սարգսյանը հրապարակավ արտահայտեց իր անթաքույց զարմանքն այն առիթով, որ Ադրբեջանը պարզապես արգելեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին (այն դեպքում, երբ խոսքը վերաբերում էր ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին) այցելել և զննել ավերված հայկական հուշարձանները, ինչպես նաև ադրբեջանցիների գործած վանդալիզմի հետևանքները»:
Եվ նորից՝ ասես ոչինչ չէր պատահել: Ասես դռները փակել էին ոչ թե կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական գործիչների, այլ ինչ-որ շուկայական առևտրականների առջև: Հենց այդպե՛ս: Ամուր փակեցին ու վե՛րջ: Եվ ո՛չ մի արձագանք, ո՛չ մի հակաքայլ, որոնք, իմ կարծիքով, պետք է ձեռնարկվեին, կրկնում եմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական գործիչների և նույնիսկ ՄԱԿ-ի կողմից:
2016 թ. նոյեմբերի 14-ին մամուլից տեղեկացա, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գծով նախկին Գերագույն կոմիսար Անտոնիու Գուտերրեշին: Առաջին անգամ Անտոնիու Գուտերրեշի մասին իմացանք 1981-83 թվականներին, երբ նա երեսուներկու տարեկանում դարձավ Եվրոպայի Խորհրդի պառլամենտական ասամբլեայի անդամ: Նույն ժամանակ էլ ընտրվեց Արտագաղթի և փախստականների հարցերով կոմիտեի նախագահ: Իսկ չէ՞ որ խոսքը միլիոնավոր փախստականների ճակատագրերի մասին էր: Այն ժամանակ մենք՝ հայ գրողների խմբով, Սփյուռքի մեր հայրենակիցների միջոցով դիմել էինք տարբեր ատյանների, այդ թվում նաև Գուտերրեշին, խնդրելով պնդել, որ Խորհրդային Միության ղեկավարությունը կասեցնի հարազատ օջախներից Նախիջևանի հայերի բացարձակ անպատիժ արտաքսումը: Դա հենց այն ժամանակ էր, երբ, ինչպես ասվեց, Ադրբեջանի նախկին առաջնորդ Հ. Ալիևին նշանակեցին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ:
Այստեղ ես կցանկանայի ուղղակի և անմիջականորեն դիմել ՄԱԿ-ի ներկայիս Գլխավոր քարտուղար պարոն Անտոնիու Գուտերրեշին: Գուցե սա լինի ՄԱԿ-ի նորանշանակյալ Գլխավոր քարտուղարին հասցեագրված առաջին նամակը: Գրում եմ այս տողերը 2016 թ. նոյեմբերի 22-ին, իսկ ինչպես հատնի է, նրա լիազորությունների առաջին ժամկետը կսկսվի 2017 թ. հունվարի 1-ին: Հնարավոր է, որ առաջին նամակագիրը լինեմ:
Միավորված ազգերի կազմակերպության մեծարգո Գլխավոր քարտուղար պարոն Անտոնիու Գուտերրեշ
Հայ մտավորականության ներկայացուցիչների խումբը ձեզ է դիմել 1983 թվականին: Այն ժամանակ, ինչպես իմացանք, Դուք դարձաք Եվրոպայի Խորհրդի Պառլամենտական ասամբլեայի անդամ: Շուտով ընտրվեցիք Արտագաղթի և փախստականների հարցերով կոմիտեի նախագահ: Ճիշտ ինչպես Ֆրիտյոֆ Նանսենը Ազգերի Լիգայում: Դեռ այն ժամանակ, տեղեկանալով Ձեր մարդասիրական գործունեությանը, մենք՝ հայ գրողների և գիտնականների խմբով նամակ ուղարկեցինք Ձեզ, որով որոշեցինք հայտնել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում խորհրդային իշխանության ողջ տարիների ընթացքում ըստ էության տեղի է ունեցել բնիկ հայ բնակչության ցեղասպանություն, և որ ադրբեջանական ղեկավարությունը որոշել է արտաքսել այնտեղ մնացած մի քանի հազար հայերին: Այն ժամանակ մենք շատ հասցեներով էինք նամակներ ուղարկում, այդ թվում և Ձեզ:
Ես չեմ կարծում, թե մեր նամակը հասել է Ձեզ: Եվ եթե նույնիսկ հասած էլ լիներ, դժվար թե հնարավոր էր ինչ-որ արդյունք ստանալ խորհրդային ռեժիմի օրոք: Սակայն մեր պահանջներն անարդյունք մնացին նաև մեր, այսպես ասած՝ ոչ խորհրդային ժամանակներում: Այսօր քչերը գիտեն, որ Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է և խորհրդային իշխանության արշալույսին հայկական մեկ այլ ինքնավար կազմավորման՝ Ղարաբաղի (Արցախ) հետ միասին խորհրդային-թուրքական փաստաթղթով նվեր էր հանձնվել մի նորաստեղծ հանրապետության, որին տրվել էր «Ադրբեջան» ժամանակավոր անվանումը:
Հիմա խոսքը բացառապես այն մասին է, որ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա իրագործման համար պատիժ կրելու մասին Համաձայնագրի բոլոր տասնինը հոդվածների, Աստվածաշնչյան Նախիջևանում (այստեղ է թաղված Նոյը, և այստեղից լավ տեսանելի է մեծ Արարատի գագաթը), որտեղ դարեր շարունակ աստվածացվել են քրիստոնեական տաճարները, եկեղեցիները, մատուռները, համաշխարհային փոքր ճարտարապետության հայկական եզակի գլուխգործոց խաչքարերը, այդ ամենը ջնջվել է երկրի երեսից: Չի մնացել ոչ մի փոքրիկ քար անգամ: Եվ վանդալիզմն իրագործված է բարբարոսության խորապատկերին: Հենց այս ամենն էլ կոչվում է իսկական ցեղասպանություն և հայրենասպանություն: Չի մնացել ոչ մի հայ, ոչ մի շիրմաքար: Եվ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի Համաձայնագրի II, III, VI, IX հոդվածների, այս ամենը, ինչպես հայտնի է, պատժելի է:
Ողջ խորհրդային և հետխորհրդային տարիներին Նախիջևանում քրիստոնյաների նկատմամբ տիրել է նենգություն, ագրեսիա, դաժանություն, անխղճություն, անմարդկայնություն, կատաղություն, անասնություն, ստորություն, չարագործություն: Եվ այդ ամենը տեղի է ունեցել նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ հայեր գտնվում էին ռազմաճակատում: Նույնիսկ դրա ավարտից հետո: Բայց չէ՞ որ այդ ողջ հիրավի գազանությունը կարելի էր դադարեցնել գոնե պատերազմից անմիջապես հետո: Չէ՞ որ վերոնշյալ Համաձայնագրի ընդունումից դեռևս երկու տարի առաջ, 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96-րդ արձանագրությամբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հայտարարեց, որ ցեղասպանությունը հանդիսանում է հանցագործություն, որը հակասում է ՄԱԿ-ի ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն:
ՄԱԿ-ի մեծարգո Գլխավոր քարտուղար. Դուք կարող եք ասել, որ խորհրդային ժամանակներում անհնար էր զբաղվել նման հարցերով: Սակայն մենք չպետք է մոռանանք Համաձայնագրի Առաջին Հոդվածը, որտեղ խոսվում է, որ «մարդկության հանդեպ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում»: Եվ սա ճշմարտություն է: Եվ միայն ճշմարտությունը կարող է ժողովուրդներին դարձնել ազատ: Իսկ ազատ կարող ես լինել միայն քո հայրենիքում:
Հայ ժողովուրդը նույնիսկ արյունոտ 1915 թվականին «ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ» հասկացությունն ընկալում էր արժանապատվորեն: Սակայն միաժամանակ մեր ժողովուրդն ամուր գիտակցում էր՝ եթե կորցրել ես հայրենիքը, ապա չի կարելի դադարեցնել պայքարը: Դեռևս Մարկոս Տուլիոս Ցիցերոնը առաջ քաշեց իր բարձր ճշմարտությունը. «Միայն մեկը, միայն Հայրենիքն է ներառում իր մեջ այն, ինչ թանկ է բոլորին: Առաջին տեղում պետք է լինի միայն Հայրենիքը» և միաժամանակ հավելեց. «Չկա ավելի քաղցր տեղ, քան հարազատ տունը: Հենց դա էլ ճշմարտությունն է»: Մեր նախնիներն են ասել. «Ճշմարտությունը բանականության արևն է»:
Հարգանքներով՝
Զորի ԲԱԼԱՅԱՆ
Գրող, բժիշկ, ճանապարհորդ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.