ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔԸ ԿՋՆՋԻ ԱՄՈԹԸ

Ջեք-ԱսլանյանՋԵՔ ԱՍԼԱՆՅԱՆ (ԱՄՆ)

(Հատված «Վճռորոշ պահեր Հեկատոմ Օ’ Հեյի կյանքում
և արդարացումներում» վեպից)

Ջեք (Հակոբ) Ասլանյանը բժիշկ է և արձակագիր, բնակվում է Սան Ֆրանցիսկոյի շրջանում: Հեղինակ է հարյուրից ավելի ակնարկների, հոդվածների, ճանապարհորդական նոթերի, գրախոսությունների և պատմվածքների, որոնք տպագրվել են «The Armenian Observer», «The Armenian Rerporter», «Ararat», «Guardian Weekly» և բազմաթիվ այլ պարբերականներում ու մասնագիտական հանդեսներում: 1986թ. հրատարակված «Անշարժ շարժումներ» վեպն առաջին անգամ Հայաստան այցելած սփյուռքահայի փաստագրական-գեղարվեստական մեկնաբանությունն է: Ջ. Ասլանյանը ճանաչված հասարակական գործիչ է, մեծ ներդրում է ունեցել երկրաշարժից հետո Հայաստանին օգնություն կազմակերպելու գործում: Նրա գրվածքները բազմիցս արժանացել են մրցանակների: Շուտով լույս կտեսնի նրա երկրորդ վեպը, որ բժշկական դետեկտիվ է: 2011 թ. Ջ. Ասլանյանի թարգմանությամբ Երևանում անգլերեն լեզվով հրատարակվել է Պ. Սևակի բանաստեղծությունների ընտրանին:

Անխուսափելիությունը որպես ուղղորդող չիփ` մանրասարք, թաքնված է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ` պատրաստ ակտիվանալու հենց ծննդյան պահից: Դա էր պատճառը, որ շրջանավարտների պարբերաթերթում տպագրված մահազդը չցնցեց նրան: «Է՛հ, վերջապե՜ս: Հերթը նրանն էր»,- մտածեց: Եվ դա սոսկ խորհրդածություն չէր, ավելին էր, հաստատումն էր համընդհանուր օրենքի` արժանի հնչելու ամբիոնից: Եթե ունկնդիր ունենար, բարձր ձայնով դաս կտար. «Բնու­թյունն, ի վերջո, ամեն ինչ իր տեղն է դնում»:
Նորությունը վշտացրել էր նրան, և նա այնպիսի տխրությամբ էր պարուրվել, որով արձագանքում են տարիքն առած և բարի հիշողություններ թողած մարդու մահվանը: Քանի՞ պրոֆեսոր է ի զորու եղել այնպես ինքնադրսևորվել, որպեսզի նման հիշատակի արժանանա: Եվ քանի՞ ուսանողի կողմից: Վառ գույներով հիշեց Ռիդլի ՄըքՔորմիքի անգլերենի ճարտասանության դասերն առաջին կուրսում, պարտադիր դասընթաց էր, և ինքն իրեն բախտավոր էր համարում այդ պարտադրանքի համար, այլապես կզրկվեր նրա ուսանողը լինելու հնարավորությունից: Ճիշտ այդպես էլ ակնկալել էր, քանի որ պրոֆեսորը հայտնի էր նաև սեփական ստեղծագործություններով, հիմնականում` չափածո: Բայց պարապմունքների առաջին օրը` դասախոսության ժամանակ, ՄըքՔորմիքի բազմագիտակությունն ու զսպվածությունն ամբողջովին զգաստացրել էին նրան: Թվում էր, որևէ չնախատեսված բառ չէր գործածում, դադարներից ոչ մեկը կասկած չէր հարուցում նրա մտասևեռումների հանդեպ: Ինքը նախանձով էր վերաբերվում ՄըքՔորմիքի կազմակերպվածությանը, խորաթափանց դատողությանն ու անգլերենի իմացությանը, և ձգտում էր, ո՛չ, տենչում էր այնքան լավ սովորել, որպեսզի կարողանար մրցակցել նրա հետ: Ժամանակի ընթացքում սկսեց երախտապարտ լինել այն տրամադրվածության համար, որ համակել էր իրեն, որպեսզի ոչնչով աչքի չընկնող, միջակ գնահատականներով սովորողը վերածվեր «հինգից հանած»-ներ ստացողի (վերջին գրավոր աշխատանքի համար «հինգին գումարած»-ի էր արժանացել, իսկ գնահատականի տակ ՄըքՔորմիքը գրել էր. «Շա՜տ ես առաջադիմել»): Նույնիսկ երեսունհինգ տարի հետո այդ գրավորը պահում էր թանկագին հիշատակների հետ: Հպարտանում էր այդ գնահատականով և այդ նշումով: Սակայն առավելապես գոհ էր այն գիտակցությունից, որ հուսախաբ չէր արել ՄըքՔորմիքին: Չարչարանքը հատուցմամբ է գեղեցիկ:
Ժամանակին և համարժեքորեն արտահայտելով վիշտն ու հարգանքը՝ ինքը գիտակցել էր, որ փոփոխու­թյուն էր տեղի ունեցել իր հոգում` հանգստության զգացում էր ծնվել, որ մրցակցում և ստվերում էր կարոտաբաղձ թախիծը: Ջանում էր քննել այդ փոփոխությունը և շուտով մտասույզ շարադրում ու սրբագրում էր ՄըքՔորմիքին նվիրված անձնական մահախոսականը` օգտագործելով բոլոր այն հմտությունները, որ ձեռք էր բերել ՄըքՔորմիքի դասերին և ավելի ուշ մարզել ու կատարելագործել էր փոքրաթիվ (ավա՜ղ, չափազանց փոքրաթիվ) մյուս պրոֆեսորների դասերի ժամանակ, չնայած նրանցից ոչ մեկը նույնքան հիշարժան չէր, որքան հենց նա` առաջինը…
ՄըքՔորմիքի մեկնումը` դասավանդելու արևելյան մեկ այլ քոլեջում, միայն մի քիչ էր տխրեցրել իրեն, որովհետև նպատակ չուներ ավագ կուրսում անգլերենի ուրիշ դասընթացի մասնակցել: Կյանքը շարունակվում էր, մարդիկ առաջ էին շարժվում: Ինքը նույնպես: Երկու կիսամյակ հետո ավարտելու էր ուսումը: Դա նույնպես անխուսափելի էր:
Ընդունվեց ասպիրանտուրա, զանազան առարկաներ էր ուսումնասիրում և փորձում էր բոլորն էլ լավ սովորել: Ենթագիտակցական մակարդակում ՄըքՔորմիքի տիպարը ոսկյա չափանիշ էր, որ անվերջ ուղեկցում էր իրեն, և որի հետ ինքը պարտավորված էր զգում համեմատել իր աշխատանքի որակն ու մյուսների վրա ունեցած ազդեցությունը: Կիրքը որակի հանդեպ սեփական և ամենապահանջկոտ ինքնաքննադատն էր դարձրել իրեն:
Գործունեության մեջ արդյունավետության ու ինքնաբերականության հասնելով` ինքն անուն ունենալու ազատություն և պարտադրանք էր ձեռք բերել: Հրատարակվել էին իր մի քանի էսսեները: Զգում էր, որ կարող էր իրեն թույլ տալ, որպեսզի դրանց պատճենները ՄըքՔորմիքին ուղարկեր և իր հարատև երախտագիտությունը հայտներ այն ազդեցության համար, որ պրոֆեսորի ուսուցումն ունեցել էր իր կյանքի վրա: Եվ կարևոր չէր, որ իր համար տիպար դարձած անձնավորությունն այդ պահին արդեն կարող էր չհիշել իրեն, նույնիսկ անուն-ազգանունը մոռացած կլիներ: Ժամանակն անցնում է և քողարկված իրադարձությունների հոսանքներ է առաջացնում վառ հիշողությունների առավել հին պաշարների վրա: Ոչ ոք պարտավոր չէ հիշել բոլոր նրանց, ում հանդիպել է, կամ բոլոր դեպքերը, որոնց ականատես է եղել: Ամոթ չէ՛: ՄըքՔորմիքից պատասխան եկավ: «Քեզ հիշում եմ: Իսկապես հիմա՛ լավ ես գրում»: «Հիմա»-ն ջնջված էր, և բացականչական նշանը, կարծես, սեպի պես խրվել-մնացել էր, որպեսզի ժամանակային այդ հատվածին փոխարիներ: Չնայած թեթևակի անորոշությանը, գրությունը ոգևորեց նրան և թանկարժեք հիշատակների շարքը համալրեց:
Անցավ երկու տարի: Մինչև ՄըքՔորմիքի մահը դեռ մեկ տասնամյակից ավելի կար, իսկ իր գրքի ձեռագիրն արդեն պատրաստ էր: Գործակալներից մեկը միտք հուշեց, որ հրատարակելու հավանականությունն ավելի կմեծանար, եթե գրքի կարևորությունը վկայող մի քանի բառանոց գրություն ևս լիներ: Ինքը մի կարճ ցուցակ կազմեց և ամենաառաջինը ՄըքՔորմիքի անունը գրեց: Ցուցակը շա՜տ կարճ էր, ընդգրկված անձինք էլ նշանավոր չէին: Գործակալի հիասթափությունն ակնհայտ էր: Եվ ինքը վճռեց. ուզում է, որպեսզի արժևորող բառերն իրական արժանիքների վրա հիմնվեն: Մաշված դրվատանքի կամ աղոտ, ծամծմված կաղապարների կարիք չուներ, որ ողորմության պես բաշխվում էին լավագույն դեպքում նրբորեն քողարկված դավադիր, պաշտոնակցային ոգով` ապավինելով, թե կմոլորեցնեն ակնկալվող ընթերցողին, և նա չարդարացված արժանիքներ կվերագրի գրքին ու կգնի այն: ՄըքՔորմիքը կցանկանա՞ աչքի անցկացնել ձեռագիրը:
Նաև առաջարկություններ անել, թե ինչպես կարելի է բարեփոխել: Եվ եթե հարմար լիներ, հավանաբար նպաստել նաև համառոտ, հոգատար մեկնաբանու­թյուններով: Վարանելով ու երկչոտելով` շարադրեց նամակը, թերևս ներում հայցելով, ասես ՄըքՔորմիքին պարտադրում էր ժամանակ վատնել, ապա գրքի չորս գլուխների հետ միասին ուղարկեց նրան: Երեք ամիս անցավ, հետո էլի երեք: Հետաքրքրվեց, թե ծանրոցն ուղարկե՞լ էին, և փոստային բաժանմունքում վստահեցրին, որ առաքումը տեղ էր հասել: Ձեռք քաշեց, այլևս չէր սպասում:
Հույսը երևի տեղի էր տվել ճակատագրի հետ համակերպվելուն: Երբ աչքի էր անցկացնում իր թանկարժեք հիշատակները, որոշեց, որ այն, ինչ իրեն տվել էր ՄըքՔորմիքը, ավելի արժեքավոր էր, քան այն, ինչ չէր տվել: Սակայն այնպիսի զգացում ուներ, ասես կորցրել էր ինքնագնահատանքը: Անսփոփելի ամոթ էր ապրում: Անշուշտ, մտածում էր նա, ՄըքՔորմիքը գնահատել էր իր շարժառիթներն ու կարիքը և դատել էր իրեն: Ի՜նչ վատ կարծիքի էր ՄըքՔորմիքն իր մասին` ուզվոր, մակաբույծ, տզրուկ, խնամառու, ապիրատ, պնդերես ու խորամանկ նախկին ուսանող: Հավանաբար, նաև միջակ ընդունակությունների տեր: Անկասկած, գուցե հենց այդպես էլ կար: ՄըքՔորմիքը երևի կարդացել էր գրքի հատվածները և գտել էր, որ ինքը սարսափելի վատ էր գրում:
Ամաչում էր ոչ թե սեփական չափանիշները չբավարարելու զգացման, այլ այն պատճառով, որ պատկերացնում էր, թե ՄըքՔորմիքն ի՜նչ ապրումների մեջ էր: Ինքը համարձակվել էր և ոտնձգություն էր արել ՄըքՔորմիքի ժամանակի հանդեպ: Ներս էր սողոսկել: Խորամանկել էր և դրանով իսկ նսեմացել ու շնորհազրկվել էր նրա աչքում: Չէր հաջողել նույնիսկ իրեն սատարելու մասին խնդրանքը հավաստի և համոզիչ շարադրել, որպեսզի ՄըքՔորմիքը բավարար լրջությամբ ընդուներ այն և պատասխաներ քաղաքավարի` «Շա՜տ եմ զբաղված»: Եվ այդ ու նման մտքերը` ինքնապախարակման հետ միաձույլ, պտտվում էին իր գլխում: Դիմազրկման համար միայն իրեն էր մեղադրում: Շատ կուզեր, որպեսզի կանխատեսած լիներ դրա արդյունքը: Եթե այդ ամենը չեղյալ անելու ճար լիներ, րոպե անգամ չէր երկմտի:
Համենայնդեպս, սպիներն աստիճանաբար պակաս զգայուն են դառնում, նույնիսկ փափկում են: Երբեմն էլ հարմարվում են, դառնում աննկատ: Ինքը զգում էր, որ հենց այդ վերջին բարենպաստ զարգացումն էր տեղի ունենում, երբ մտմտում էր պարբերաթերթում տպագրված մահազդի և սեփական անձի վրա դրա ունեցած ան­սպասելի ազդեցության շուրջ: Հանկարծ դադարեց ապրել ամոթի այն զգացումը, որ ամեն անգամ գլուխ էր բարձրացնում, երբ մտաբերում էր իր վերջին ձախողված շփումը ՄըքՔորմիքի հետ: Իր հիշողության մեջ այն պարզապես մնացել էր որպես իմացություն, բայց այժմ մեռած էր որպես անձնական ամոթ: «Ավելի՛ վատ,- եզրակացրեց,- նրա չափանիշներին չբավարարեցի»: ՄըքՔորմիքը միակ մարդն էր, որ տեղյակ էր, թե ինքն ինչ էր արել: Միակ անձնավորությունը, որ փաստորեն կարող էր մասնակից լինել իր առանձնահատուկ, շփոթեցնող արարքին: Արարքի միակ վկայի բացակայությամբ ամոթն այլևս չի կարող կենսունակ սպառնալիք լինել: Այն կորցնում է իր ուժը: Ինքը վերջապես ազատվել էր այդ միակից: Առնվազն այդ միակից:

Թարգմանությունն անգլերենից` Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։