***
ինձ միշտ զարմացնում է
երբ մարդիկ լուսանկարչական ապարատով
և տեսախցիկով սկսում են նկարել
իրենց և հատկապես իրենց երեխաներին
դրանում
իհարկե
ինչ-որ
հաճելի
և հուզիչ-բուրժուական բան կա.
բայց դրանով հանդերձ
դրա մեջ
ինչ-որ խղճուկ
և վանող-բուրժուական բան կա.
նրանք ասես ուզում են թողնել
ինչ-որ իրեղեն ապացույցներ
իրենց և ուրիշների գոյության
ինձ թվում է
որ վերացական ոչ մի հնարավորության
մարդիկ այլևս չեն վստահում
(հիշողության
հնարավորություններին
օրինակ
և մի քանի այլ
հնարավորությունների)
ես այնպիսի տպավորություն ունեմ որ
շատերը հակված են
այն մտքին որ
կյանքի յուրաքանչյուր էտապ
պետք է մանրամասնորեն վավերագրվի
ինձ այդ ամենը
տարօրինակ և
բավականին չարագույժ է թվում
ես մտածում եմ
որ դա չարագույժ ախտանիշ է
ինձ թվում է
որ դա այդպիսի
սպառողական վերաբերմունք է
դեպի անցյալը
(չնայած, անդրադարձը դեպի ցանկացած տեսակի
պատմություն,
քո կամ որը հարմար է,
ենթադրում է աջակցություն
ինչ-որ նյութական աղբյուրի
այդ իմաստով
միակ
իսկապես կենդանի
պատմական աղբյուրը
կամ եթե անգամ աղբյուր չէ
այլ միակ կենդանի
մարմինը պատմական հեռանկարում,
լեզուն է,
բայց դա թողնենք)
ահա այսպես
կատարվում է
ֆանտոմների
մասսայական արտադրություն.
հիմա շատերը հնարավորություն ունեն
գնելու շարժական տեսախցիկ կամ որակյալ լուսանկարչական ապարատ
և դրա համար
սկսում են թողարկել մեծ քանակությամբ
ֆանտոմներ և սիմուլյակրեր.
ինձ թվում է որ
ամենակարևոր մանրամասները
կուտակվում են մարդու հիշողության մեջ
և այնտեղ
սեղմվում
ինչ-որ հատուկ իրադարձություններով լեցուն ֆերմենտում
(որն ի դեպ մտածում եմ
հենց այն ժապավենն է
որ սկսում է պտտվել
մահից առաջ)
ինձ թվում է
որ բոլոր իսկապես կարևոր տպավորությունների համար
(օրինակ՝ վախի,
հիացման
կամ էլ սիրո)
չկա և չի կարող լինել
փաստագրական ոչ մի վկայություն
ինձ թվում է
որ մնացած բոլոր տպավորությունները
և ընդհանրապես
մնացած ամեն ինչ
տիպիկ օրինակ են այն բանի
ինչից պետք է բաժանվել
առանց ափսոսանքի
(եթե իհարկե
խոսքը
կենդանի մարդկանց մասին չէ)
թե չէ կյանքի վերջում
մարդուն կմնան
միայն
պատկերավոր ասած
դատարկություններ
լցված
ֆոտոպատճենների կույտերով
պահարաններ
խցկված
լուսանկարների ալբոմներով և տեսաժապավեններով
այդ խղճուկ կաղապարներով
պատրանքային գոյության
չնչին մանրամասներով
և ինչ-որ խղճուկ կիսաթշվառ հանգամանքներ
ինձ թվում է որ դա սարսափելի է
ես մտածում եմ որ լուսանկարչական ապարատը և տեսախցիկը
պետք է օգտագործել
խիստ ստեղծագործական նպատակներով
ես իհարկե դեմ չեմ
որ մեկ-մեկ լուսանկարվեն
որովհետև հաճելի է երբեմն նայել
քո կամ ուրիշի մանկության լուսանկարները
բայց ես դեմ եմ
որ լուսանկարեն օրինակ երեխաներին
անընդհատ և նպատակաուղղված
իսկ առավել ևս
տեսագրել նրանց
***
ես սարսափով հասկացա
որ ոչ ոքի չեմ կարող սփոփել,
կան մարդիկ որոնք կարող են սփոփել ինձ,
մեկ-երկու մարդ
գրականության հետ կապ չունեցող,
իսկ ես չեմ կարող ոչ ոքի սփոփել
և մեկ էլ չգիտես ինչու ես չեմ կարողանում
նկարագրել ֆիզիկական ցավը
հատկապես ինչպե՞ս է ցավում գլուխդ
հարցնում է մայրս
նկարագրիր քո ցավը
ասում է նա
չէ որ դու գրող ես
իսկ ես չեմ կարողանում
նկարագրել իմ սեփական ֆիզիկական ցավը
և նշանակում է առավել ևս չեմ կարող նկարագրել
ուրիշի ցավը և չեմ կարող
սփոփել ոչ ոքի
այս մասին նաև գեորգի իվանովն է գրել
որ գրողները այլևս չեն կարող ոչ ոքի սփոփել
ես կարծում եմ գուցե նրանք կարող են
մեկ ուրիշ բան
(միանգամայն հնարավոր է)
ես իսկապես չգիտեմ հատկապես ինչ
բայց միայն ոչ այս,
չգիտես ինչու գրականությունը հիմա այնքան է հեռացել ընթերցողից,
նրան դեռ պետք է որ նկարագրեն իր տառապանքը
նրան պետք է
որ իրեն վախեցնեն կամ ծիծաղեցնեն
իսկ երբեմն էլ
սփոփեն
իսկ գրողը դավաճանել է ընթերցողին
իսկ միգուցե հակառակը. ընթերցողն է դավաճանել գրականությանը.
նա գրականությունը փոխարինել է գռեհիկ զվարճանքով
էժան արկածներով
փոխարկումներով
միստիկ քաղաքականությամբ
հոգեբանությամբ
համակարգչով
կինեմատոգրաֆիայով
սուրբ Վիտտոսի պարախտով
դատապարտվածների վայրի ջղաձգումներով՝
դժոխքի եռացող գեհենի եզրին հրե
և ես կարծում եմ
որ փոխադարձ դավաճանություն է տեղի ունեցել
***
հիմա ես ապրում եմ
վերնադսկու պողոտայում.
սա հակադրությունների պողոտա է,
ես ապրում եմ պողոտայի այն մասում,
որտեղ հիմնականում մտավորականությունն է ապրում,
իսկ մյուս կողմում՝
աշխատավոր ժողովուրդը,
ինձ թվում է, որ այդ սահմանը
շատ է կտրուկ
(ի դեպ, ասում են՝ խորհրդային ժամանակներում
կար այսպիսի քաղաքականություն. մտավորականությանը
բնակեցնել հասարակ ժողովրդի հետ)
ես երբեմն քայլում եմ
դեպի մյուս կողմի խանութ
որովհետև դա ամենամոտ խանութն է
մեզ. խանութի կողքին կրպակ կա
լցնովի գարեջրով, մեր կողմում
այդպիսի բան պատկերացնելն
ուղղակի անհնար է.
և դրանից այն կողմ՝ այդ հինգհարկանիներից կազմված աշխատավորների շրջանի հետևում,
որը մոտ է լենինյան պողոտային,
սկսվում է հարուստ էլիտար շրջանը,
մեզ մոտ իբր նույնպես մտավորականներ են ապրում,
բայց ես նկատել եմ,
որ մեր շրջանում
բոլորը խմում են.
ես վերելակով գրեթե մշտապես հարբած մարդկանց հետ եմ
բարձրանում և իջնում,
ես այնպիսի զգացողություն ունեմ,
որ բառացիորեն բոլորը
խմում են,
վերջերս օրինակ վերելակով իջնում էի
մի երիտասարդ ընտանիքի հետ,
շատ հարգարժան մարդիկ,
երկուսն էլ մոտ երեսունհինգ տարեկան,
երեխան՝ մոտ չորս,
և նրանք երկուսն էլ
արդեն բավականին խմած էին
և պարզ երևում էր, որ իջնում էին ներքև
օղու հետևից
թեկուզ այդ օրը
կարծես թե ոչ մի
տոն էլ չկար,
և հասկանալի էր
որ նրանք նույնպես
բացարձակապես ոչինչ չէին տոնում
և ես այնպիսի զգացողություն ունեի, որ
այն ինչ տեղի էր ունենում, նրանց համար
ամենօրյա բան է, և կարելի է պատկերացնել,
թե ինչ է տեղի ունենում պողոտայի մյուս կողմում.
մենք երեկ զբոսնում էինք
այդ շրջանով իմ ընկերուհի անիսայի հետ
և ես տեսա որ երկնաքերը
(այդ երկնաքերը Հարավարևմտյան մետրոյի
շրջանում է),
այն սկսել էին կառուցել ութ տարի առաջ
իսկ հետո արդեն մի քանի տարի է ինչ
դադարեցրել են շինարարությունը. ասում են քաղաքապետ Լուժկովին այնքան էլ
դուր չի գալիս
այդպիսի ճարտարապետությունը. նրան, կարծես թե, ավելի շատ դուր են գալիս
տուն-մուտանտները աշտարակներով a la russe.
այդ օրվանից երկնաքերն անավարտ կանգնած է,
և դա շատ տխուր է նայվում
(ինչպիսի՜ անձնվեր հսկա)
և ահա, զբոսնելով վերնադսկու պողոտայի
մյուս կողմում,
ես տեսա որ այդ երկնաքերի վրա
հայտնվել են ինչ-որ
ոսկե զոլեր.
ես մտածեցի, որ այնտեղ
ինչ-որ բան է տեղի ունենում,
ես որոշեցի, որ այնտեղ
ինչ-որ կյանք է
սկսվել, որ այնտեղ,
ինչ-որ հրաշք է կատարվում,
որ կարող է պատահել այդ երկնաքերը
որոշել են ավարտին հասցնել,
և ես ուրախացա դրա համար, որովհետև
ինձ միշտ դուր է եկել այդ երկնաքերը,
իսկ անիսան ասաց,
որ արևային լույսն է
այդպես ընկնում,
նա ինձ բացատրեց, որ մայրամուտ է, և դրա համար
արևի լույսը
ընկնում է այդպես,
որ երկնաքերի վրա են պառկում
այդ արևային զոլերը
ես նրա հետ չվիճեցի, թեև, իհարկե,
եթե անկեղծ ասեմ,
դա շատ քիչ էր նման
արևային զոլերի:
Թարգմանությունը ռուսերենից՝
Քրիստինե ԴԱԴՅԱՆԻ