Իմ անկախությունը / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Անկախության օրն է մոտենում, ու ես՝ որպես սովորական հայ մարդ, ախպար լինելով հանդերձ, վերջին վեց տասնամյակում ապրել եմ իմ լեգեոնական պապի երազած, կամավորական որդու բազկով պաշտպանված հայրենիքում, որը տեսակ-տեսակ «անվանակոչումներով» հասել է այսօվա քաղաքակական մտքի վիճարկելի «իրական Հայաստան» ձևակերպումին՝ իբր Հայաստանն այնքանով է հայրենիք, որքանով պետություն է: Իսկ մնացյալն արդյոք լռությո՞ւն է: Սակայն այդ անտեսվող «լռության» ներքո այսօր, կարծես, չի ստացվում վեհորեն ընդառաջ գնալ ու ըմբոշխնել Անկախության օրվա խորհրդի վայելքը, քանզի առկախ է թվում ամեն ինչ ու ոգեզուրկ:
Տարիներ շարունակ սեպտեմբերի 21-ը ինձ համար հոգու հրճվանքի ոգետոն էր, որով արժևորվել է իմ՝ մշտամնա ժամանակի ու տարածության ժառանգիս կյանքի իմաստավորումն ու առաքելությունը: Բայց ոչ, հիմա ինչ-որ բան այն չէ, թեկուզ օրը մնում է նշանակալից, այնուամենայնիվ, որպես տոն այն այլևս չեմ կարողանում ընկալել, հատկապես, երբ տեսում եմ մեր անկախության բազմակախյալությունը, երբեմն ծիծաղելիության հասնող պարզունակությամբ: Ակամայից մեջս զնգաց Սարոյանի Ջոնին. «Ես ոչ մեկի անունը չեմ տալիս, պա, բայց ինչ-որ տեղ մի բան սխալ է»: Խոհերս ինձ տարան հայկական լեռներ, բայց դժվար են մտքերս շարադրվում, ու գիրս վերընթերցելով՝ ինձնից ամաչեցի, որ մեզնով (առաջինը՝ ինձնով) պայմանավորված հայրենաընթաց զարգացումները ներսումս արձագանքվում են նման մտածումներով, և ցավն էլ կրկնակի է դառնում, քանի որ գիտեմ՝ անկախությունը սիրուն-սիրուն խոսելը չէ, որով սովետի արդուկների նմաններն ամենուր տեղի-անտեղի սկսել են ուղեղ հարթել, այլ՝ մտքի և մարմնի ներդաշնակ կենսակերպն է, որը չի կարող լինել իրական կամ անիրական. այն կա կամ չկա: Հայոց աշխարհը եղել է, կա ու կլինի, այն անչափելի է և անկախություն ունեցողի պետություն կայացնող իրական հայրենիքն է: Օտար երկրում հայը կարող է ասել, որ ինչ-որ պետության հպատակն է, բայց ինչպե՞ս կարող է այն հայրենիք կոչել, երբ հայի հայրենիքը մեկն է՝ Հայաստանը:
Խոսքս գեղգեղուն ստացվեց, բայց չեմ կարծում՝ լալկան է, չեմ էլ կարող խուսափել էպիկականությունից ու չասել, որ Անկախության օրը պատմական հիշողությամբ խնկարկվող ազատ հոգու վկայությունն է, որ հոսող ջրի նման ինքնամաքրված ու զուլալված՝ գալիս է սթափեցնելու ու թարմացնելու ազգի ինքնուրույն կենսամտածողությունը՝ օրվա լույսերի մեջ ցրելով մեգը ճանապարհների, դառնալով հորդոր ու կոչ, ապագա կերտելու մաղթանք, որի լավատես ինքնահայեցմամբ է հաստատված մարդկայինի արդարամտության ծանրաբարո լծակը՝ թրծված հույսով ու սիրով, հավասարակշռված հավատով բնության աշխարհարար օրենքների: Ուստի «օն անդր առաջ»-ը պետք է ամեն Աստծո օր հնչի Մովսես Գորգիսյանի պայծառ աչքերի ցոլքով. «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։