ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ Արտեմ Հարությունյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԵՍ ԴԵՌ ՉԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՐԿԻՐՍ
Ես դեռ չեմ վերադարձել երկիրս,
թափառում եմ արյանս բաց երակներով,
տեսնում հրդեհը հինավուրց հողի…
Շուշի քաղաք, մրաքարեր,
այսօր թռչունը կբարձրանա ավերակների
վրայից, նա կվերապրի սկիզբը հրդեհի,
նա չի տեսնի ոչինչ՝ ավերակներից,
օշինդրից բացի, նա կթևածի կորուստների
մեջ բարձր երկնքի:
Մի երեխա նայեց հրդեհի խորքից՝
ձուլվելով մոր քնքշանքին,
մենակ, պատառոտված քամու մեջ,
ես ազատ էի մեռնելու համար:
Տեսնում եմ հիմա Արցախի խաչված
թթենին, գամված ափերից հոսում է
ավիշը սիրո-եղբայրության
և ձուլվում հազարավոր տերևների խշշոցին:
Աստվածային բարձրախոսը
մեր ծիծաղը փոխում է հեկեկոցի:
Ես դեռ չեմ վերադարձել երկիրս,
թափառում եմ արյանս բաց երակներով,
տեսնում հրդեհը հինավուրց հողի:
ես դեռ չեմ վերադարձել,
եթե վերադառնամ, չեմ գտնի ինքս ինձ,
կտեսնեմ լռությունը սփռված երկրի,
դռան ծանր փականքը գրանիտե,
թթենիների մետաքսը կանաչ,
որով հողը գործում է ծիսական իր
հագուստը և չունի փույթը ապրողի:
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ
Միֆի, թե՞ ապամիֆականացված բանաստեղծությունը իրականում*
Մեր գրականության մեջ վաղուց արդեն անխոստովանելի սովորության նման է դարձել Ա. Հարությունյանի ինքնատիպ, վայրի, երևակայության անպարագիծ բռնկումների բանաստեղծության վերադարձը, ու ընթերցողը, կարծես, ամեն անգամ սպասում է գրողի հերթական ծանր ու շքեղ բանաստեղծական խոստումին:
Սակայն գրողի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» բանաստեղծական ժողովածուն, բանաստեղծական «տեսիլքի ներկայության» զարմանալիորեն նուրբ ու վտանգավոր, շքեղ ու նախնականորեն ուղղամիտ վերապրումների այս զանցառնումը շատ ավելին է, քան տեսլաշատ ամեն մի խոստում, քան զգայությունների ու ոգեկանության սրբազան սահմանին բանաստեղծության մեջ երբևէ թույլ տված այսօրինակ «օրինախախտության» վկայում: Պոետական որոնումների այս փորձառությունն, իհարկե, մի նախորդող պատմություն ունի, որի վկայությունը Ա. Հարությունյանի «Նամակ Նոյին» և «Հուդայի արձակուրդը» ժողովածուներն են:
«Պոեզիան ինքնածին ժայթքում է, ներաշխարհի կտրուկ տեղաշարժ, բայց այն ներկա է դարձնում տեսիլքը, որն իմաստավորում և կառուցում է իրականի հետ շաղախված իր պատումը: Այսպես կոչված «լիրիկան» սխալ է հասկացված շատերի կողմից: Այն հռչակվել է հայ պոեզիայում՝ որպես միակ «զեղումնալից» և «ցնցող» միջոց… Պոեզիան ընդգրկում է ամեն ինչ, չունի ո՛չ սահման, ո՛չ օրենքներ»,- Ա. Հարությունյանի՝ մի առիթով արված այս դիտարկումը ոչ միայն քաղաքական պոեզիայի բարդ ու դժվարահաճ անցուղիներում գրողի աշխարհայեցության փիլիսոփայական եզրերն է ուրվագծում, այլև մի հստակ իմաստով առիթ է տալիս ընդհանրացումներ կատարելու հեղինակի ստեղծագործական փորձի ու անցած ճանապարհի վերաբերյալ:
Ու թեև Արտեմ Միքայելի Հարությունյանի այս ժողովածուն ուշագրավ երևույթ է թե՛ ազգային ճակատագրի խորաթափանց ըմբռնումով, թե՛ էթիկական ու պատմաքաղաքական լուրջ հարցադրումներով, բայց նրա Գրի մաքառումը շարունակում է չավարտվող բանավեճը գրական շրջանակներում՝ երբեմն գնահատումների ու ազատ արծարծումների մղելով քննադատներին, երբեմն էլ անկախ ու անորոշ լռության մեջ ժխտելով նրա պոեզիայի գեղագիտական ու մշակութաբանական համարժեքը: Ընդունել-ընկալելու ու անվերապահ ժխտումի ծայրահեղությունների մեջ ծանրացող այս ընթացքը ենթակա է մեկնաբանության մի քանի առումներով. նախ՝ քննադատության նախապաշարումը բաց, ջղաձիգ ու «անբանաստեղծական» բնագրի նկատմամբ, ապա՝ ներքին մտավախությունը ավանդույթի խախտման, գեղագիտական համակարգի այսքան անկանխատեսելի սահմանազանցման ու Աստծո բանաստեղծական տաճարում այսքան անաստված ծես ու ծիսակատարությամբ Աստծուն որոնելու համար:
«Ծանր թեմաներ կան (գրքում), կան և կեղտի ու անկման թեմաներ: Ոնց ասեմ, գրելու այնքան նյութ կա, արդիական նյութ, և մենք չպետք է թույլ տանք, որ այդ նյութը կորչի: …Եթե մենք բաց թողնենք այս օրը, չիրականացված մեծ անցք կմնա ժամանակի մեջ»,- գրում է Ա. Հարությունյանն, ու որովհետև երբեմն լռելն արդեն անհնարին է դառնում, նրա ձայնը գալիս է ցավի խորքից՝ բացելու այնկողմնայինի վտանգավոր դռներն ու ընդոծին պատկերների ու ամայի, փշրված հոսքի մեջ պատմելու խղճի, մտքի, աշխարհի ցավագարության, ապրելու անհնարինության ու հիվանդ, շնչահեղձ լինող երազների մասին մի պատմություն:
Եվ ուրեմն՝ պոետական ներարձակ միստերիաներում, մի ողբերգական ու անանուն անորոշության մեջ «ավարտված//կորած ժամանակը հոսում է//առանց նահատակների և հերոսների»,//իսկ քաղաքում վխտում են (էին) բազմագույն աղանդներ,//սիմվոլիստներ,//պոռնկածին քաղաքագետներ, ազատ ժամերին կյանքի պորտալարը կտրող մարդասպաններ»: – Ու համատարած այս մղձավանջի մեջ, մարդկանցից արարյալ անաստված այս դժոխքում «մարդն (իր) ճակատագրի առաջ մեն-մենակ է», ու հասկանում է, թե «ինչ դժվար է հիմա//հինավուրց աստվածներին մնալ//Աստված//եզակի Աստված, որ կամոքեր մեխված ափերից կաթացող արյամբ մարդկության յուղոտ, անթերի մեղքերը…»:
Ահա այսպես, տիեզերքի կենտրոնում մենակ մնացած, երազն ու աշխարհը անվերջորեն լքող, օտարվող մարդու ճակատագրի տեսքով իրականության լիրիկական ինքնախաբկանքի ու անիրական տեսիլների կապույտ, դողդոջ մշուշին փոխարինելու է գալիս անիրական անհետացման ու փլուզման ժամանակի մերկ սարսափը, մարդու՝ անընդհատ ինքն իր ներսից լքվելու, հեռանալու տագնապը, աշխարհի խոր, բայց շլացնող խավարի ծանր զգացողությունը, որ իր ներսի մերկ, անսահման մերկ-մենակության մեջ բանաստեղծին տրվում է իբրև Ոգու և վերապրումի տիեզերասույզ տառապանք: Որովհետև գրողը գիտի, որ երազներն ու Աստված հեռանում են անվերադարձ: Ու ամենադժվարը անԱստված ժամանակը ճանաչելն է ու կորուսյալ երազների ճանապարհը չկորցնելը: Որովհետև գիտի նաև, որ Մարդուց ու Աստծուց լքյալ Տեսիլքների ձայնը թափառում է մեր ներսում, ու այդպես էլ հնարավոր չի լինում ընտելանալ Լռությանը, որ կցում ենք ժամանակին՝ իբրև Նշան, իբրև ածական: Ու գրողը սկսում է խոսեցնել Լռությունը, անԱստած Լռությունը. «Տե՛ր.//Մեղա՛, մեղա՛, մեղա՛, մեղա՛… Անհոգի աճյունն է//հիմա//պալատների սարքում//…Կիսատ սիրո//անբավարար//սիրո///փշրված տաճարի /կիպ կողքին…»:
Մշտապես հոծ ու լարված ապրումներ, կոպտորեն շիտակ ու խորունկ անկեղծություն, չափից ավելի օբյեկտիվացված իրականության պատկեր՝ ծանր, կտրուկ ակնարկումով՝ առանց հորինովի մետաֆորների ու աշխարհում ոչինչ չփոխող փիլիսոփայության: Կորուստն ու շնորհը՝ կողքի կողքի, ու Ձայնը՝ Լռության միջից, որ եկել է հնարավոր միակ (գուցե միակ) ճանապարհը ցույց տալու:
Այստեղից է սկսվում Արտեմ Հարությունյանի բանաստեղծությունը: Ու այդ բանաստեղծության ներհայաց սուզումների ու զգայական ծանր սարսուռների մեջ գրողի աշխարհայացքը կուռ է և ամբողջական, թեև սյուժեի կտրտված, անկապակից բնագիրն ու պոետական երևակայության չընդհատվող անցումները տպավորություն են ստեղծում, թե չկա իմաստային կենտրոնը, թե մտքի թռիչքը մի նյութից անցնում է մյուսին՝ առաչոք ընդհատելով պատումի փիլիսոփայական հետագիծն ու զարգացումը: Իրականում բանաստեղծական շարքերը դասավորված են ըստ ներքին իմաստի ու փիլիսոփայության, և շքեղ ու հզոր տողանցումներում «բնազանցական ապրումով» գրողը անուններ է փոխանցում, որոնք իմաստի որոնման անկասելի ընթացքի մեջ ոչ միայն ճանաչելի են դարձնում դժվար ընկալելի ինչ-որ բան, Նշանը՝ գրված, բայց դեռ միայնակ, այլ՝ նաև անվերջորեն վերադարձող ճանապարհներով որոնում է նախաստեղծ մի հանգրվան, ու մարմինն ու հոգին, Տեսիլքն ու ժամանակը կհայտնվեն (պիտի հայտնվեն) մեկտեղ ու միաժամանակ:
Եվ ուրեմն, քաղաքացիական գիտակցությունն ու գեղեցիկի ինքնահալած առասպելի ներքին ժխտումների դրամատիզմն այնքան խորքային են Ա. Հարությունյանի գեղարվեստական մտածողության մեջ, որ ակամա ճշգրտում են նրա ստեղծագործության մեկնության եզրերը՝ սոցիալական, փիլիսոփայական, բարոյաբանական ու բացառիկ ինտելեկտուալ մեկնակետերին հավելելով ևս մեկը՝ բանաստեղծության պոետիկայի, «ո՛չ սահման, ո՛չ օրենք ու օրինաչափություն» ճանաչող չարենցյան պատկերների անընդհատության, վայրի ու շքեղ Գրի ծանր մաքառման մեջ ինքնօրինակ լեզվի ու բոլորովին նոր գեղարվեստական կառույցի վկայագրման խնդիրը:
Ավանդական բանաստեղծության ձևաքանդումը, մետաֆորի, լիրիկայի «արտաքսումը» բանաստեղծությունից, հզոր ինտելեկտուալ հոսքի ու դաժան, բեկված, սյուրռեալ տեսիլքների միաձուլումը ընդլայնում են բառի, նշանի գեղագիտական տարածությունն ու կրքոտ, դրամատիկ խոսքի էպիկական ծավալումներում ստեղծում նոր՝ աներազ իրականության անհուսությամբ հիվանդ, բայց մտավոր-հուզական անպարագիծ խոսքի մեջ հույսի քողարկված Տեսիլքը պահող մի երկրորդ բնագիր: Չկա կամ գրեթե չկա ժամանակակից կյանքում որևէ երևույթ, որի պոետական արձագանքը տեսանելի չլինի Ա. Հարությունյանի այս ժողովածուում. «անբանաստեղծական» բանաստեղծության կտրտված, բեկուն, չոր ու վայրի ոճի մեջ վերադառնում են ծանոթ ժամանակի իրենց ներսում շնչահեղձվող ու անհոգի պատկերները:
Հայոց եղեռնի դանթեական դրվագումների անդրադարձումներում, անցյալի վերհուշ-վերապրումների վերադարձի մեջ, կրքոտ ու անհաջող ինչուների պոետական բռնկումներում Ա. Հարությունյանը հաղորդակից է դառնում կոտորումի ու մահվան՝ լռությամբ ուրացյալ, ինքնահալած առեղծվածին, «թափառում է աստծուց մինչև հող» ընկած ճանապարհներին, ու որովհետև «զոհն աղմկում է մեր ներսում», ու ինքը մոռացության տրված մահվան ճանապարհներին կրկին ու կրկին լսում է Լռության ձայնը, կամա թե ակամա դառնում է «ի շըրջանս յուր», Արցախյան տան պատմությանը, ուր վերապրումի ողբերգական ելևէջների մեջ հառնում են 1920-ին ադրբեջանցի-թուրքերի կողմից հրկիզված Շուշիի հեռավոր տեսիլքն ու մերօրյա ենիչերների ձեռքով այրվող, ավերակված բերդաքաղաքի պատկերները, ուր մեծ աշխարհի ժամանակը սպասում է մեր ներսի անվերջ թափառումներից հոգնած, տարանցիկ տխրության մեջ մեռնող, մեզ մնացած վերջին տեսիլքների ավարտին, աշխարհի նուրբ, քմայքոտ ու վտանգավոր աշխարհի ճանապարհներին մեր հույսի ու Ծննդոց առասպելների անէացման երկարաձգվող ակնթարթին: Ի՜նչ ահավոր են «Շուշի» ու «Բաբելոն» աշտարակները՝ իբրև մարդկային մեղքերի ու չարության մարմնացում, ինչ սարսափելի է նոր Բաբելոնը՝ մեծ աշխարհը, քաղաքական պոռնիկների շքերթներով» ու «հանցագործ փողոցի ոռնոցով», «հեռավոր թաղամասերի չար գուշակությամբ» ու մարդկային ծանր տագնապով, «որ կրկին դուրս է գալիս որսի, իր իսկական պատկերի ետևից…»:
Ահա այսպես, մարդկային Երազին դեմ-հանդիման բանաստեղծական տարածությունը «նվաճում է» Բաբելոնը՝ սուրբգրային ապոկալիպսիսի փակ նշանը-տեքստը, որ իր մեջ վախճանաբանական միֆի որոշակի աղերսներ ներառելով՝ վերաիմաստավորվում է՝ իբրև անտեսիլք գոյության, ժամանակի ներդաշնակության խախտման, չարության ու համագոյության անհնարինության խորհրդանշան:
Եվ սակայն գետնաքարշ առօրյայի սոսկալի պատկերներից ու պատմական խորքի ցավոտ պատառիկներից անդին գրողը չի տրվում հուսահատությանը, այլ՝ նախաստեղծ մի ոգեկանությամբ ու արտիստիզմով իրերի բնույթը հղում է բարձրագույն գիտակցությամբ ըմբռնված աշխարհաճանաչողության բնազանցական մեկնակետին:
Եվ ո՞վ կարող էր մտածել, որ բացասման ոգու մեջ գործում է այսքան մեծ հմայք, այսքան անպարփակ մոգականություն, որ ապոկալիպսիկ ժամանակի ժխտումների մեջ կապակցում է Կորուստը, Ցավը միստիկ, մարգարեական տեսիլքներին՝ սահմանազանց, բայց իմաստալից նոր համադրությունների ու գեղագիտական նոր նշանակությամբ ճանաչելի Բառի մեջ հայտնաբերելով բանաստեղծական անհորիզոն տարածություններ ու միավորելով իրականության և երազի անլսելի ձայներն ու թրթիռները: Հարությունյանը պարզապես ներզգայում է զգացմունքից փախուստի փիլիսոփայական ռեզոնանսն ու չոր, ջղաձիգ, կտրտված պատումի հակադրության մեջ մտքի անկառավարելի հոսքով փնտրում Տեսիլքի՝ մոռացության մատնված ճանապարհը. «Քանզի հոգին այսքան թաղում տեսնելով//կտրուկ՝ հարյավ ի մեռելոց,//պիրկ խոլորձի թավշե խորքից,//վեր ելնում աղոթքն անբիծ…»:
Ու կորուսյալ տեսիլքի բանաստեղծությունը մի հետագիծ-կառույցով բանաստեղծական տեքստ է վերադարձնում բազմաթիվ նշան-պատկերներ, որոնք որոշակիորեն ընդգծված հաստատություն ունեն ու հոգեբանական ու մշակութաբանական հղումների համատեքստում գործածվում են ավելի ու ավելի հստակ նպատակով: Հայը, Եղեռնը, Ղարաբաղը, Միշտը և Հիման նշագրումները տարրալուծում են կոնկրետ նշանի սահմանները, և Հողը-Աշխարհը, Տունը-Ճակատագիրը հղացքով բանաստեղծական շարքերի գաղափարական ու աշխարհայացքային հղումները շրջանակում:
Աշխարհը հաղթահարելու այսքան ուղիղ ու դաժանորեն ազնիվ, կոշտ բանաստեղծական ընդվզումը, անընդհատ բախվող, ժխտումի ու սիրո իրարամերժ ռեալությունների մեջ ժամանակը ճանաչելու այս ճիգը թվում է, թե մի էական չափով միայն անհատական սկիզբ ունի կամ պիտի ունենա: Սակայն պոետական աշխարհընկալման միայն անհատական, «արտաքին» շերտի զանցառնումն այս պարագայում պիտի նեղացներ բանաստեղծումի ներհայաց մաքառումն ու ստեղծագործական որոնման ընթացքը հանգեցներ զուտ բանաստեղծի ներանձնական աշխարհը գոյավորող էմոցիոնալ, զգայականության գունավորված կոմպլեքսների վկայումի ու մեկնության: Սակայն մի հաստատական իմաստով Ա. Հարությունյանի պոեզիայի սահմանազանց տեսիլքների մեջ չվերջավորվող տարերքը վաղուց հաղթահարել է աշխարհաճանաչողության զուտ բանական սկզբի, միայն բանականության մտոք աշխարհին առնչվելու անձկությունն ու ընդլայնել արքետիպի, կոլեկտիվ անգիտակցականի բնազանցական սահմանները՝ ազգային միթոսը, արքետիպն այլևս վերացարկելով համընդգրկուն միֆի փիլիսոփայական սիմվոլի: Ահա այստեղ է, որ Ա. Հարությունյանի բանաստեղծությունը հաղթահարում է հայկականության պոետական ներփակ ավանդույթն ու հանգրվանում համաշխարհային մշակույթի առաձգական, երբեմն քմայքոտ, խաղացկուն, բայց միշտ վտանգավոր ու մոգական անընդհատության մեջ: Ու համատեղում է անհամատեղելին, մեծ աշխարհի ծանր ու դժվար ժամանակի մեջ լսելի է դարձնում գոյության հայկական առասպելի «ներկայության խոսքերը», տեսանելի դարձնում նշանները հինավուրց ու սրբազան մի երկրի…
*(հատված)
Արտեմ Հարությունյանի «Հեռուստապոեմներ…» ժողովածուն երևույթ է համաշխարհային պոեզիայում
Փիթեր ԲԱԼԱՔՅԱՆ
Բանաստեղծ, Պուլիցերյան
մրցանակի դափնեկիր
ԱՄՆ
Ես հաճույքով եմ գրում Արտեմ Հարությունյանի մասին։ Նա հայ կարևորագույն բանաստեղծներից է, և մի շարք քննադատներ նրան համարում են Պարույր Սևակից հետո ամենաուժեղ և ինքնատիպ բանաստեղծը։
Նրա բանաստեղծությունները գեղեցիկ են, վայրի և հզոր։ Նա համաշխարհային բանաստեղծ է, որի գործերը միավորում են հայկական պոետական ավանդույթն ու ամերիկյան պոեզիայի ազատ շունչը։ Այդ բանաստեղծությունները մեր վտանգված կյանքի և մշակույթի մասին են. տեսիլքներ, որ հետապնդում են մեր երևակայությունը։ Դրանք գլոբալ են, և մենք պարտավոր ենք դրանք կարդալ։
Ա. Հարությունյանի բանաստեղծական ժողովածուների մեծ մասը տպագրվել է հայերեն, բայց նրա «Նամակ Նոյին» ժողովածուն հրատարակվել է անգլերեն 1994 թվականին, ես բախտ եմ ունեցել թարգմանելու այդ ժողովածուից որոշ գործեր (այդ ժողովածուի սկզբնական տարբերակը՝ «Հրդեհը հինավուրց հողի», նույնպես տպագրվել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, 1993 թ.)։ ժողովածուն ինձ ապշեցրեց տեսիլային ու լեզվական գյուտերով ու հայտնությամբ։ Նրա բանաստեղծությունները մարմնավորում են Հայաստանի բարդ վիճակները թե՛ անցած դարում, թե՛ վերջին տասնամյակում։
Բանաստեղծը վկայում է Հայոց ցեղասպանության ազդեցությունն իր մշակույթի վրա, նաև գրաֆիկ հուժկու տեսիլքով պատկերում ու վերստեղծում Հայաստանի վերջին տասնամյակների ծանր կացությունը: Այս առումով նա հայ մշակույթի Ուիթմենն է, և նրա երկար տողն ու հզոր, ամեն տեսակի կապանքներից ու պայմանականություններից ազատագրված էքսպանսիվ ձայնը կամրջում են ուիթմենյան բանաստեղծական ավանդույթները հայկականին։ Նա մեր դարի բացառիկ և եզակի բանաստեղծներից է, նման օժտվածության տեր շատ քիչ բանաստեղծների եմ հանդիպել կյանքիս ընթացքում։
Արտեմ Հարությունյանի բանաստեղծություններին ծանոթանալուց հետո (անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն, որ հրատարակվեց ԱՄՆ-ում, 1994 թ., Նյու Յորք) և հատկապես վերջերս լույս տեսած «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գրքի հայտնությամբ (Երևան, 2010 թ., «Տիգրան Մեծ» հրատ., 654 էջ)՝ ես վստահորեն կարող եմ ասել. Արտեմ Հարությունյանը բացառիկ ձայն է հայ գրականության մեջ (և ոչ միայն հայ), և իր տաղանդը՝ կլանելու և պատկերելու իրար բախվող, իրարամերժ ռեալություններ, աննախադեպ և բացառիկ երևույթ է բոլոր առումներով։ Նա կարող է վերցնել Հայաստանի անցյալը, Ղարաբաղի ներկան և գերիրական (սյուրռեալ) տեսիլքների ուժի շնորհիվ միաձուլել այն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքային շնչին: Նրա հզոր միաձուլումները Չարենցի, Սևակի, Ուիթմենի, Վ. Կ. Ուիլյամսի և մյուս մեծերի պոեզիային, որին նա ավելացրեց իր սեփական պոեզիայի ուժեղ, շարժուն, գրոտեսկային հումորն ու տեսիլքները, նրան ապահովեցին արժանավայել տեղ ժամանակակից պոեզիայում։
Արտեմ Հարությունյանի նոր՝ «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» ժողովածուն, ասես, կլանում է իր տեսիլքներով ժամանակակից կյանքի աղետներն ու չարիքը և դրանք տարրալուծում ու վերադարձնում մեզ՝ արագացնող ռիթմի ու պատկերի շնորհիվ։
Ցավ ու տագնապ ծնող նրա պոեմը («Այց Շուշի») պատկերում է հոր ծննդավայրը՝ Շուշին, և ինքնածին պատկերների շնորհիվ վերստեղծում ժամանակակից ավերմունքի համայնապատկերը։ Զգայուն մանկությունը փշրված է Ցեղասպանության և Արցախյան պատերազմի սոսկալի իրողություններով, որոնցից, ավաղ, մենք հեռացել ենք ընդամենը մի քանի քայլ (Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը դրա ապացույցն են)։
Բանաստեղծն իրեն բնորոշ յուրօրինակությամբ գտնում է արձագանքող և վերսկսվող լեյտմոտիվը իր գրքի՝ ադրբեջանցի-թուրքերի հրկիզած (1920 թ.) Շուշի քաղաքի թեման է դա, և իր էպիկական «Այց Շուշի» պոեմին տալիս հզոր պատմական խորք, որի նմանը վերջին շրջանի թե՛ հայկական, թե՛ ամերիկյան պոեզիայում ինձ չի հանդիպել։ Եվ այն, ինչը Հարությունյանին հաջողվում է ձեռք բերել այս պոեմում, պատմական, փիլիսոփայական, քաղաքական և հոգեբանական թեմաների հրաշալի միաձուլումն է։
Այո՛, գիրքը լարված և խոր պոեզիայի հայտնագործությունն է։ Գրքի առաջին մասում պատկերվում է Հայոց եղեռնի սոսկալի իրողությունը, որը քայլ առ քայլ, Արցախյան եղեռնի պատկերմամբ (հատկապես՝ Շուշիի հրկիզումը) բանաստեղծը մոտեցնում է իր ընտանիքի (հայրը՝ Շուշիից, մայրը՝ Բիթլիսից) պատմությանը, իր մանկությանը Արցախի կենտրոնում՝ Ստեփանակերտում։ Հարությունյանը տաղանդավոր պոետ է և գիտի՝ ինչպես արթնացնել անցյալի ցավը և այն տեղադրել ներկայի տեղանքում։ Կրքոտ և միաժամանակ համարձակ անձնական ու քաղաքական թեմաներով հագեցած այս ժողովածուն բացառիկ ուժով պատկերում է XX դարի վայրագությունները։ Սեփական ձայնի որոնումների ընթացքում բանաստեղծը գտնում է իր թեման, իր տարածք-ռեալությունը՝ Հայաստանի սոցիալական կյանքը և Հայոց ցեղասպանության չմարող ցավը։ Երբ բանաստեղծական լեզուն ու տեսիլքը պոեզիայում միանում են, դառնում ամբողջություն, ծնվում է նոր վերաբերմունք կյանքի երևույթների հանդեպ։ Երբ Նոր իրականություն է ծնվում և գործադրում ու ճնշում իր ուժերը բանաստեղծների վրա, ապա նրանց լեզվի դիմադրող ու դրան հակազդող ճնշումն ու երևակայությունը ծնում են իրենց հերթին նոր պոետական արվեստ: Նրա երևակայությունը նման է բետոնախառնիչ հզոր մեքենայի, որ ներառում և կլանում է ցեղասպան անցյալի ու ներկայի ճնշումներն ու ծանր, դժվար կացությունները։ Վստահորեն կարելի է ասել, որ Արտեմ Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» բանաստեղծությունների նոր գիրքը նրա մինչ օրս գրած ժողովածուներից լավագույնն է և ամենալարվածն ու հավակնողը…
Արտեմ Հարությունյանի պոեզիան համամարդկային ընդգրկման (բայց իր Հայաստանի և Արցախի թեմաների հիման վրա) և լայն դիապազոնի Երևույթ է։ Բանաստեղծը նման է նավապետի, որը Հայաստանի լեռների վրայով տանում է իր վիթխարի նավը, որի անունը պոեզիա է, և զարհուրելի իրողությունների միջով անցած իր ժողովրդին տալիս «Հեռուստապոեմների» բարձրարժեք տեսիլքներն ու պատմական դրվագները, պատկերում իր մեծ տաղանդի ուժով, թե ինչպես է անցնում զարհուրած, խոշտանգված ժամանակն ու արտաքին աշխարհը ստեղծագործ մտքի ու երևակայության միջով։
Իր կոփածո տողերով նա մարմնավորում է Հայոց հողի մաքառումն ու անպարտելիությունը։ Ի՞նչ ուժեր են ղեկավարում Նրա բանաստեղծական տեսիլքները, ի՞նչ գաղտնարանի միջով է անցնում աշխարհը տեսնելու և պատկերելու նրա դաժան և կոշտ, բայց նաև այն բարիացնող ստեղծագործ ֆանտազիան, որ քայլ առ քայլ, տեսիլք առ տեսիլք վերածվում է Շուշիի՝ համայն հայության Բարձունքից լսվող ուղերձի. Հայաստանը՝ հոգու և մարմնի բիբլիական այդ սուրբ բարձրավանդակը, անխորտակելի նավ է և հանգրվան, և նրա նավարկությունը շարունակվելու է՝ չնայած կորուստների ու դաժան մաքառումների հեղեղին։ Հարությունյանի պոեզիան չի ժխտում այս աշխարհը, նա ենթադրում է մի ավելի լավը, որին հասնելու համար դեռ պետք է ուղի անցնենք։ Արտեմ Հարությունյանն այս նոր՝ «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գրքով լուսավորում և իրական է դարձնում այդ ուղին:
Զարմանալի է, որ նախկին Սովետի գաղափարական տասնամյակներն անզոր եղան կործանելու, հանգցնելու Արտեմ Հարությունյանի ազատամտությունը, բանաստեղծական տեսիլքի բացառիկ յուրօրինակությունն ու սոցիալական-քաղաքական իրողությունների զգացողությունը, նաև «վտանգավոր» ու առաջին հայացքից ոչ պոետական թվացող նյութի մեջ ներթափանցելու նրա կարողությունը։
Եվ վստահորեն կարող եմ ասել՝ նրա ներաշխարհում տեղի է ունեցել ինտելեկտուալ ահռելի դիմադրություն՝ Հայոց ցեղասպանությանն ու սոցիալական անարդարություններին, նաև տեսիլային ուժերի ամրապնդում ու կուտակում՝ հանուն (սպասվող) լիբերալ ու դեմոկրատական տարիների։ Դրա վկայությունն է գրքի լավագույն պոեմներից մեկը «L՛ecriture automatique» (ինքնածին գիր) (կամ՝ ինչպես դիմացանք սոցռեալիզմի շերեփի զարկին, որ հետո վերածվեց ժդանովի օտարամոլության մասին կոնդակի (այսինքն՝ կոնցլագերի…)», էջ 228): Այդպիսի հզոր պոեմ գրելու համար պարզապես պետք է լինել Արտեմ Հարությունյան։
Հայտնի է, որ բանաստեղծները կանխազգում են մոտեցող քաղաքական և գաղափարական «ձնհալը»։ Եվ այդտեղ է, որ հնչում է Արտեմ Հարությունյանի աստեղային ժամը։ Նախկինում բնաշխարհ պատկերող նրա պոեզիայից ծնվում է բոլորովին նոր իրականություն։ Իմ կարծիքով, 2010 թվականը Հարությունյանի «Հեռուստապոեմների…» հայտնությամբ դառնում է հայ պոեզիայի համար բացառիկ տարրի՝ annus mirobilis (լատ.՝ զարմանքի արժանի տարր)։
Եվ հիմա, տարիների ընթացքում ծանոթանալով նրա պոեզիային և թարգմանելով այն՝ հասկացա, որ գործ ունենք մի այնպիսի երևույթի հետ, ինչպիսին ազգային մեծ բանաստեղծի հայտնությունն է։ Նրա պոեզիան ապշեցուցիչ ընդգրկում ունի և ազգային հիմքերի վրա բարձրացնում է բոլորովին նոր և աննախադեպ գեղարվեստական մի կառույց։
Նրա ֆանտաստիկ, իրական և միաժամանակ սյուրռեալ, պայթուցիկ տեսիլքներով հեղեղված պոեզիայի յուրաքանչյուր դրսևորում՝ լինի անձնական, ներաշխարհի ապրումի, քաղաքացիական-հասարակական, միևնույն է, միաձուլված է ներքին մի տեսիլային շաղախով, որի անունն է ներկայության պոեզիա:
Եվ տեղին է մեջբերել ամերիկացի ժամանակակից բանաստեղծ Հեյդն Գերութի կարծիքը Արտեմ Հարությունյանի «Նամակ Նոյին» անգլերեն թարգմանված և Նյու Յորքում հրատարակված ժողովածուի մասին. «Մոտ 70 տարի գիտենք հայերին ու նրանց պայքարի մասին ընդդեմ բնաջնջման։ Այդ հատվածը մեր ժամանակների պատմության սև՛ կետերից է։ Ու չնայած լսել էինք ամերիկահայ գաղութից հրաշալի ձայներ, բայց մինչև այսօր չգիտեինք ժամանակակից հայ պոեզիան։ Այժմ ապրող մեծագույն բանաստեղծներից մեկը թարգմանաբար մեզ է ներկայացված, ու մենք ներքին երախտագիտությամբ ենք վերաբերվում նրա գրքին։
Այն հզոր է, կենսական, վառ և խորապես նշանակալից։ Այն սյուրռեալիստական է, պատմական աբսուրդի ընդհանրացմամբ՝ տեռոր և ցեղասպանություն։ Գիրքը հոյակապ է, այն հավերժորեն ահագնագոչ է, ահազանգող»։
Նա դուրս է բերում հայ պոեզիան ազգային նեղ սահմաններից դեպի համաշխարհային ընթերցողը։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՃԱՄՓԱՆ
Արտեմ Հարությունյանը մեր կյանքի հազվադեպ մարդկանցից է, որի կենսագրությունը շնչում է գրականությամբ, մասնավորապես՝ բանաստեղծությամբ։ Նրա գրվածքները սկզբում խոսում էին նշանների լեզվով. առաջին գիրքը՝ «Նշանների երկիրը», բնության ու մարդու ներդաշնակ փոխներթափանցման ժողովածու էր, կարծես երկուստեք արտահայտում էին միմյանց, բնությունը՝ բույսերով ու կենդանիներով՝ բանաստեղծին, իսկ վերջինս էլ՝ իր հոգու բնանկարը։ Եվ դա շատ էր հարազատ Դիլիջանի տեղանքին։ Ոմանց թվում էր՝ պոետը խուսափում է իրականության և պատմության ճշմարիտ պատկերումից։ Սակայն Արտեմի նշանային համակարգում փշի և տատասկի սուր լռությունը կար։ Պատմության մշտարթուն ժամանակը հայոց երկրում չի շրջանցում բանաստեղծին։ Արտեմն անսպասելի արագությամբ վերափոխվեց՝ ըստ 88-ի շարժումից հորդացած գետի հզոր ընթացքի, և շուշեցի արմատների պոռթկումով գրեց Արցախի ու նրա շուրջ փոթորկվող դեպքերի, ծանր իրադարձությունների, զոհերի ու հիշատակների մասին։
Հարությունյանի գիրը դարձել էր էքսպրեսիվ, գիտակցական հոսքի հանկարծական մուտքով և փոփոխական շարժմամբ։ Սարկազմի խարազանը շառաչում էր մե՛րթ անցյալի և մե՛րթ ներկայի լայնք ու երկայնքով՝ չխնայելով մեծ ու փոքր, մեռած և ապրող կուռքերի ու պաշտոնյաների։
Ամերիկայում Արցախի ներկայացուցիչն էր, դա մեծ հնարավորություն էր ընդգրկուն հայացքով դիտելու մեծ աշխարհի ու փոքր Արցախի աշխարհաքաղաքական ռեալ պատկերը։ Հենց այդ ոգով գրվեց «Հուդայի արձակուրդը» գիրքը։ Արտեմ ջան, էդ ե՞րբ են հուդաները արձակուրդ գնում։ Նրանք հայտնվում են դիվանագիտական կլոր և քառակուսի սեղանների շուրջ, մտնում են քառատրոփ տողերի մեջ ու հանգիստ չեն տալիս ո՛չ բանաստեղծին, ոչ ընթերցողին և ո՛չ էլ մեր սիրելի հայրենիքին։ Քո գիրը և՛ բնանկարչական է, և՛ քաղաքացիական, և՛ քաղաքական, և՛ համամարդկային։ Քո ընտիր ճաշակը՝ քարացած արժեհամակարգ քանդելու միտված, այս էլ քանի տասնամյակ գրիչ է ճոճում Սերվանտեսի հայտնի հերոսի նիզակի հանգով։ Դու (և քո սերնդակիցները) երկար պայքարեցիր նաղլա-մաղլականության դեմ և չհոգնեցիր, ուղղակի բանաստեղծություն կարդացողներն են պակասում աշխարհում, և նրանց մեջ էլ սակավ են ընտիր էջերը ընկալողները։
Քո իմացած բազում լեզուներից թարգմանեցիր՝ հաստատելու աշխարհի նորագույն բանաստեղծական մտածողության իրավունքը մեզանում, գրեցիր աշխարհի մեծ գրողների մասին գրքեր ու հոդվածներ, դասախոսեցիր, և, փառք Աստծո, եղան և կան արդեն տարիքոտ և ջահել ունկնդիրներ («Ցոլքեր» գրական երիտասարդական խմբակը վկա)։ Քո խոսքը արտիստիկ է, հումորով առլեցուն և համոզիչ։ Հերթական գիրքդ՝ նույնքան ձգողական լիցքերով հարուստ, մետաղի պես ծանր և թեթև՝ քո սրախոսության նմանակ։ Նորից կքայլես մեր երկրով ու քաղաքով, Ղարաբաղի թութ կերածի ձիգ դիրքով, բարձր ճակատով և չես փնտրի բանաստեղծական պատկերներ, նրանք ուղղակի քեզնից կթռչեն դեպի պատմության հին օրերը, դեպի ա՛յ հենց էն անցորդ էակը, դեպի գալիք, ուր քեզ են սպասում քո ընթերցողները։
Շնորհավոր ամյակդ, Հարությունյան Միքայել բանաստեղծի բանաստեղծ որդի Արտեմ Հարությունյան։
Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բ. գ. դ., պրոֆ.
ՅՈ՞ ԵՐԹԱՍ…
Յո՞ երթաս, Արտեմ Հարությունյան, մինչև չտեսնես կրկին դարձը դեպի Երկիր, հայրենի հող։ Չէ՞ որ դու ես ասում՝ «ես դեռ չեմ վերադարձել// Երկիրս»՝ թափառելու արյան(ս) բաց երակներով, տեսնելու հրդեհը հինավուրց հողի… Չվերադառնաս, չե՛ս գտնի ինքդ քեզ… Մի՞թե շտապում ես՝ անցնելու ութ սարերի սահմանը, թե՞ դեռ այն վաղն է գալու։ Սա բարձունքին հասնելո՞ւ, թե՞ այնտեղից իջնելու սկիզբն է՝ ինչպես Թումանյանը կասեր… Երկա՞ր տևեց այն ժամանակը, երբ քեզ ու քո սերնդին քննադատությունը անվանում էր «երիտասարդական»… Թեև վերջին իմ ճշտումը փոխակերպեց՝ մեկնաբանելով և անվանելով քեզ ու վաթսունականներին «մշակութային սերունդ», որն իր մշտական տեղն ունի գրապատմական պրոցեսում։ Այնպես էլ դու, որ նույնն է ասել՝ քո պոեզիան, ունի նշանակալից իր տեղը վաթսունականների համակարգում, որ եզակի է ինքնության և անհատականության իր կենսափորձով, քո ձայնը ունի, խոսքի իր ռիթմը, որ ստեղծել է իր ժամանակն ու տարածությունը մեր դարավոր գրականության պատմության ստրուկտուրայում։
Եվ ահա կրկին ասում եմ՝ չկա սահման և գիծ։ Մի՞թե պոետի ճանապարհը, ինչպես ասում ես, չի սկսվում այնտեղից՝ Դրախտից, որտեղից պոետն ու պոեզիան են ժամանել, ուր «աստվածն է միայն արթուն»: Հետո է քո ճանապարհը զիգզագվում, փախուստով ու դարձով կրկնվում, որ սկզբնապես նշանների երկիր է, որ, սակայն, հաղթահարելով բառի Շեմը` խոսքը նրանում վերաճում է «ներկայության խոսքի», տեսիլքը փրկում էպիկական աշխարհի կորուստը, վերապրում վերից՝ Բաբելոն հյուրանոցի աշտարակից իրականության քաոսը։ Ներքևում՝ քաղաքում, արվարձանում ու մետրոյի խորքում, Հուդան է տիրակալը ժամանակի։ Բանաստեղծի «մետաֆիզիկական խռովքին» սակայն (որ տևում է «Նշանների երկրից» մինչև «Շեմը») հաջորդում է ապոկալիպսիսը, որ պոետական առումով մի թռիչք է բերում՝ «Նամակ Նոյին» (1997), «Հուդայի արձակուրդը» (2003), «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցի աշտարակից» (2010), ավելի վաղ գրված, բայց ուշ հրապարակված «Հայոց հողի ծածկագիր տեսիլքը» (2022), երբ արդեն խոսում ենք «նոր լիրիկայի» կամ «չընդհատվող պոեզիայի» արտեմհարությունական պոեզիայի մասին, համադրական մի սկզբունք, ուր հեռացումը և փախուստը արտահայտվում են դարձի երազանքի տեսիլքում։ Բանաստեղծը դրանով հակադրվելով «սոցռեալիզմի քրմերին»` ներկա է դարձնում տեսիլքը, իռացիոնալ բառը համարում փրկիչը մարդկության։ Ահա ինչու Հայաստանը գրվում է իբրև պոեմ (կամ՝ պոեմի փոխարեն), այնքան մոտ՝ Աստծուն, հեռու՝ Թուրքիայից ու դահիճներից, որ Հարությունյանի պոետական տեսիլքն է, պոետական դավանանքը։ Դարձը դեպի Երկիր, ուստի, պոետի երազանքն է, միակ ճանապարհը, որին սպասում ենք կրկին։ Եվ միևնույն է, ութ սարերի սահմանն անցած լինի Արտեմ Հարությունյանը, թե նրա կանչին սպասելիս լինի դեռևս, ոչ միայն իմաստության կուտակած, այլև գալիք ուղի է, որ մեր գրականությանն է՝ հանուն գրականության և հայ պոեզիայի։
ՈՂՋՈԻ՛ՅՆ, ԱՐՏԵՄ…