ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ
ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
1
Պատիվ ունեմ
Երազելու քեզ
Առավոտվա կողմերում,
Շա՜տ հարմար է՝ ասեմ-
Զգույշ հպում եմ մատս
Երազի զուլալ ջրերին
Ու փշրվում խնդությունից…
2.
Պատիվ ունեմ
Կրելու իմ ցավը.
Սա նույնն է՝
Ինչ ապրում ես Աստծո մեջ…
3.
Պատիվ ունեմ
Ողջունելու խնձորենուն.
– Խմելու եմ քո խնձորօղին,
բարեկա՛մս…
Սա նույնն է`
Ինչ վերապրում ես Աստծուն…
4.
Պատիվ ունեմ
Նայելու այրվող հայելիներին.
Սա նույնն է՝
Ինչ դիտում ես
Քո ներսի հրեշին
Եվ երեք մատի
շարժումով այլաբանում.
– Ա՛ռը քեզ, ա՛յ ախմախ…
5.
Պատիվ ունեմ
Վերհիշելու քեզ
Դեղին-ճերմակ,
Դեղին-ճերմակ,
Դեղին-ճերմակ
Երիցուկի վիճակ.
Էդ ո՞ւմ հոգուն ես հպվելու արդյոք
Այնքան անակնկալ…
6.
Պատիվ ունեմ
Տանջվելու հեռավոր մեկի
Անանցանելի կարոտից.
Էս ի՜նչ ճահիճներ կան զարմանալի…
7.
Պատիվ ունեմ
Մեռնելու ճիշտ անժամանակին,
Այսինքն՝ հիմա՛,
Հե՛նց հիմա վերադարձիր,
Որ մխիթարեմ քեզ…
8.
Պատիվ ունեմ
Գիշերով սուլել անտառի մեջ.
Չկարծես՝ վախենում եմ.
Ուղղակի քեզ եմ բարեբանում…
9.
Պատիվ ունեմ
Քեզ համարելու
Մարգագետինների իմ սիրուհին.
Կուզես՝ հասմիկով թեյ թրմիր,
Կուզես՝ սրոհունդով…
10.
Պատիվ ունեմ
Քեզ համոզելու,
Որ գնացքներ կան,
Որոնք երկինքներով են հեռանում,
Ուղղակի
կայարաններն են անհայտ…
11.
Պատիվ ունեմ
Ամաչելու քո բաժին աստղակերպից.
Բա արժի՞ որ
Թնկթնկում ես սիրուց…
12.
Պատիվ ունեմ մերժելու
Դոպլերի օրենքը.
Իմ հայացքը գալիս է դեպի քեզ
Եվ անամոթաբար հետ չի դառնում
(Էս ինչքան էլ բան գիտեմ,
ամո՛թ ինձ)…
13.
Պատիվ ունեմ
Լռել քեզ համար…
14.
Պատիվ ունեմ
Վերհիշելու քո շանը՝
Էն, որ աչքեր ունի տարագույն
Եվ տիրուհի՝ վանդակավոր շապիկով,
Իսկ շապիկի վերին
կոճակը՝ արձակ…
15.
Պատիվ ունեմ
Գնալ մի արահետով
Եվ ուշանալ տխրությունից…
16.
Պատիվ ունեմ
Բանաստեղծություններ շաղ տալ
Գետի ալիքներին,
Որ ձկները չմոռանան
Նարե աստվածուհուն…
17.
Պատիվ ունեմ
Յուղելու իմ հրացանը.
Ով ասես՝ չի ուզում
Մորթել էս ցեղի տաճարները…
18.
Պատիվ ունեմ
Հայերեն նայել երկինքներին
Ու հայերենով սիրել քեզ,
Իմ աննման, շա՜տ աննման երիցուկ…
19.
Պատիվ ունեմ
Կանչելու քեզ
Կանաչ
բացատի հանրապետություն…
20.
Պատիվ ունեմ
Ուսով հպվել մի երկնքի,
Թե՝ ուր են, ինչ եղան
Քո խոստացած անձրևները,
Ասա՛, թող տեղան իմ
ցամաքած աղբրակին…
21.
Պատիվ ունեմ
Լուսաբանելու
Միայնակների գիշերը.
Թող մի աստղ շատ շողա
Անեզերքը…
22.
Պատիվ ունեմ
Լավուվատ լինել
Իմուքո արանքում…
23.
Պատիվ ունեմ
Լավը քեզ թողնել,
Վատը՝ ինձ նման անծանոթին…
24.
Պատիվ ունեմ
Երբեմն հարբել
Կարմիր, սև, ճերմակ երիվարների խաթեր
Եվ նաև՝ վասն մի յաբուի…
25.
Պատիվ ունեմ ճախրել
Ծիծեռնակ, ձնծաղիկ և այգաղաղ
Բառերի հետ
Քո հանձնարարած
դասի դասամիջոցին…
26.
Պատիվ ունեմ
Չփրկվել քո նազուտուզից…
27.
Պատիվ ունեմ
Լուսաբացին դուրս գալ
Աշունների տակից,
Անձրևների միջից և այլն…
Վերջ:
Ես դեպի գարուն եմ վերադառնում…
28.
Պատիվ ունեմ
Լուսաբացին դուրս գալ և բարևել
Հացթուխ կանանց…
29.
Պատիվ ունեմ
Խառնվելու քո մտքերին,
Քո երազանքներին
Եվ քո վշտին…
30.
Պատիվ ունեմ
Չնեղսրտել տխուր կնոջ լռությունից,
Նամանավանդ ուրբաթ օրերին.
Դեմը շաբաթ կա գինեվետ
Եվ կիրակի կա:
Օղին չհաշված…
31.
Պատիվ ունեմ
Վեր կենալ,
Կոշիկ հագնել,
Կեպի դնել
Եվ ոչ մի տեղ չգնալ,
Երբ չեն կանչել
անձրևի տակ հուսաբեր…
32.
Պատիվ ունեմ
Ոգևորելու ինձ՝
-Ծո՛ ջան, տեղը տեղին տղա ես.
Բա էս ինչո՞ւ ես անտեղի տեղավորվել
Տխուր էս տեղերում…
Ել մի տեղ գնա,
Ուր երիցուկներ կան…
33.
Պատիվ ունեմ թվարկել
Քո անունները,
Իմ աններելի Հայրենիք…
34.
Պատիվ ունեմ
Հաստատելու քո բարձր հարգը,
Դա՛ռը, դա՛ռը, շա՜տ դառը իմ հո՛ղ…
Բայց սիրով կգրկես
Քո գիրկը վերադարձած
Երկնքի զավակներին…
35.
Պատիվ ունեմ
Վստահել իմ սիրտը
Հեղհեղուկ ջրերի ծփանքին,
Վետվետուն քամիների
հիշողությանը
Եվ մի այլմոլորակային սիրուհու…
36.
Պատիվ ունեմ ծիկրակել
Մի հրեշտակի.
Թող նա պարան խաղա
Աղջնակների հետ սևաչ…
37.
Պատիվ ունեմ
Պարսատիկներ սարքել
Վաղուհաս գյուղի տղեկների համար,
Իսկ չաթալիկը թող
հացենուց կտրեմ…
38.
Պատիվ ունեմ գովերգելու
Հ. Թլկուրանցուն,
Վ. Արևելցուն
Եվ զատիկների կամակատար
մի պատանու…
39.
Պատիվ ունեմ դիտելու
Արմաշ գյուղի արագիլներին,
Մանավանդ, ձմռանը…
40.
Պատիվ ունեմ հուսահատվել
Քո հոգու կանաչ թրթիռներից.
Մեկը լիներ՝ սրբեր իմ արտասուքը
Մոլորակի աչքերից…
41.
Պատիվ ունեմ
Լորենուն գինետուն կանչելու.
Ես կկանչեմ,
Թող նա փո՛րձի չգալ….
42.
Պատիվ ունեմ անգիր անել ջրի պես
Ճուռակների երգը,
Հոպոպների ճիչը
Եվ մի բանաստեղծություն
Ռոզա Հովհաննիսյանի
կարմիր գրքից…
43.
Պատիվ ունեմ
Համրանալ քո տեսքից,
Եթե գաս օգոստոսի չորսի
շքամուտքի մոտ…
44.
Պատիվ ունեմ վերհիշել
Քարտեզների կնճռոտ սիլուետները
Ջրափոսերի մեջ ճակատագրի…
45.
Պատիվ ունեմ
Քո ձեռքը դնել հույսի ձախ ուսին,
Աջ ուսը AK-47-ին է վայել…