ՍԻՐՈ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
(Հայնրիխ Հայնեի ծննդյան 220 (222)-րդ տարեդարձի առթիվ)
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր
Սիրո և հեղափոխության մեծանուն բանաստեղծ Հայնրիխ Հայնեն երկու ծննդյան թվական ունի` 1797 և 1799, ինչպես մեր Եղիշե Չարենցը` 1897 և 1899: Այս տարի դեկտեմբերի 3-ին լրանում է նրա ծննդյան 220 (կամ 222)-րդ տարեդարձը: ԵՊՀ Եվրոպական բաժնում ուսանելիս, ուսանողական նստարանից անգիր գիտեի Հայնեի` կանացի գեղեցիկ անուններով վերնագրված սիրո երգերի ցիկլերը, հյուսված ռոմանտիկ հույզերով և նրբագեղ հումորով: Անգիր գիտեի նաև նրա քաղաքական պոեզիան, որ առանձնանում էր անմրցելի երգիծանքով և անվեհեր սարկազմով: 1959 թ. Հայնեի Երկերի երկրորդ հատորում իմ թարգմանությամբ հրատարակվեց նրա քաղաքական պոեզիայի գլուխգործոցը` «Գերմանիա, Ձմեռային հեքիաթ» պոեմը 27 գլխից և 3000 տող ծավալով, որ իմ ծանոթագրությունների հետ կազմեց 120 էջ: Այդ նշանավոր գործով սկսվեց իմ գրական և գիտական գործունեությունը:
1830 թ. հուլիսյան ֆրանսիական հեղափոխությամբ խանդավառված և պրուսական դժնի վարչակարգի հանդեպ ատելությամբ տոգորված Հայնեն վտարանդվեց Փարիզ: 27-ամյա վտարանդության վերջին տասը տարին Հայնեն գամված էր անկողնուն` ոտքերի անբուժելի գոսախտից: Իր երկարամյա անկողնային վիճակը նա անվանեց գերմաներեն Matrazengruft` «անկողնային գերեզման»: Այդ վիճակում նրան այցի էին գալիս փարիզյան գեղեցկուհի Բիանկան, թագուհու կերպարանքով շնորհագեղ Պոմարեն, իսկ նրանից անբաժան էր իր տառապանքների անտրտունջ ընկերուհի Մաթիլդեն, որոնց բանաստեղծը նվիրում էր իր հրաշալի լիրիկական երգերը:
Քո աչերով` մուգ-շագանակ,//Դու զննում ես ինձ անթարթ.//«Ո՞վ ես արդյոք, ի՞նչ ցավ ունես,//Վտարանդի, հիվանդ մա՛րդ»:
– «Ես մի գերման բանաստեղծ եմ,-//Գիտե երկրիս ամեն շեն,-//Թե որ նշեն մեծ անուններ,//Ի՛մն էլ հետը կհիշեն:
Իսկ թե ի՞նչ է ցավըս, աղջի՛կ,//Ցավեր կան` մարդ կմաշեն,-//Թե որ նշեն վատթար վշտեր,//Ի՛մն էլ հետը կհիշեն»: (Թարգմ`. Ա. Մուշեղյանի)
Երբ 2012 թ. Հունգարիայի կառավարության որոշմամբ բանտից ազատվեց և Ադրբեջանին հանձնվեց ցմահ բանտարկված մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ես հանդես եկա «Վէմ» ռադիոկայանով և դատապարտեցի Հունգարիայի կառավարիչներին այդ տմարդի գործարքի համար: Իսկ որ դա Հունգարիայի կառավարության կողմից իսկապես նենգադրուժ գործարք էր, վկայում է այն փաստը, որ հոկտեմբերի 25-26-ին Բաքվում տեղի ունեցավ թյուրքալեզու երկրների համաժողով, որին դիտորդի կարգավիճակով հրավիրված էր Հունգարիայի ներկայացուցիչը, չնայած որ հունգարերենը պատկանում է ուգրոֆիննական լեզվաընտանիքին, ո՛չ թե թյուրքական:
«Վէմ» ռադիոկայանին տված հարցազրույցում Հունգարիայի կառավարիչներին հիշեցրի նաև, որ 1848-1849 թթ. հունգարական հեղափոխության ամբողջ ընթացքում, հունգար ապստամբների հետ կողք կողքի` Ավստրիայի և ռուսական ցարիզմի պատժիչ զորքերի դեմ կռվում էր Հունգարիայում և Տրանսիլվանիայում բնակվող հայ կամավորների մի քանի գումարտակ, իսկ ղեկավարների շարքում աչքի ընկան բազմաթիվ հայազգի պանծալի հերոսներ:
Բժշկապետ Ստեփան Մալիյանը հեղափոխության բոցաշունչ բանաստեղծ Շանդոր Պետեֆիի մտերիմ բարեկամն էր: Քաղաքական խոշոր գործիչ Ստեփան Կորովեյանը (1819-1881), որը հեղափոխության տարիներին փայլեց իր կրակոտ հրապարակախոսությամբ, Կոշուտի և Սաչվարիի հետ հեղինակն էր անկախության հռչակագրի, որով Ավստրիայի Հաբսբուրգյան դինաստիան Հունգարիայում գահընկեց հռչակվեց: Տրանսիլվանիայի հայերը հեղափոխությանը տվեցին երեք փառապանծ զորավարներ: Դրանցից առաջինը Էռնե Կիշյանն էր (1800-1849), որի գերդաստանը նախկինում կոչվել է Ագոնց: Մեծ էր նրա դերը հատկապես Բանատում` սերբական հակահեղափոխական զորքերը ջախջախելու գործում: Նա իր տաղանդով աճեց և դարձավ հեղափոխության գեներալ և ապա հունգարական բանակի հրամանատար: Գեներալ Վիլմոշ Լազարյանը (1815-1849) իր զորքով Բանատում կարողացավ կասեցնել հեղափոխությունը ճնշելու համար ուղարկված ցարական զորքերի առաջխաղացումը և աչքի ընկավ իր խիզախությամբ: Հունգարական հեղափոխության թնդանոթաձիգների հազարապետն էր հայազգի հերոս Դիոնիսիոս Լուքաչյանը, որը պարտությունից հետո նախ մահվան դատապարտվեց, ապա մահապատիժը փոխարինվեց բանտարկությամբ: Տրանսիլվանիայի հայ գաղութը 1848-1849 թթ. հեղափոխության ճնշման հետևանքով ծանր կորուստներ կրեց: Կիշյանն ու Լազարյանն այլ ղեկավար զորավարների հետ մահապատժի ենթարկվեցին: Տրանսիլվանիայի հեղափոխության փառաբանված ընդհանուր հրամանատար զորավար Բեմի աջ բազուկը դարձավ հայազգի գեներալ Հովհաննես Ցեցյանը (1822-1904), որը Գեռլայի ծնունդ էր: 1849 թ. ապրիլին գեներալ Ցեցյանին վստահվեց Տրանսիլվանիայի հեղափոխական բանակի ընդհանուր հրամանատարի բարձր պաշտոնը: Հեղափոխության պարտությունից հետո նա մի կերպ ազատվեց թշնամու ճիրաններից, և միայն նրա նկարը կախաղան բարձրացվեց: Բացի տաղանդավոր զորավար լինելուց, Ցեցյանը հեղափոխության գործուն դիվանագետներից էր: Նրա գրչին է պատկանում 1850 թ. Գերմանիայում հրատարակված գերմաներեն այն հատորը, որում հմուտ կերպով Ցեցյանը նկարագրել է Բեմի հեղափոխական բանակի անցած մարտական ուղին: Անցնելով Արգենտինա` նա կազմակերպեց Արգենտինայի զինվորական ակադեմիան և դարձավ նրա առաջին տնօրենը: Դարձյալ նա է հիմնադրել Բուենոս Այրեսի զինվորական աշխարհագրական ինստիտուտը: Սակայն Ցեցյանը չմոռացավ հայ ժողովրդին: Նա սերտ կապերի մեջ էր իր ազգակիցների հետ և մինչև իր վերջին շունչն աշխատակցեց Գեռլայում լույս տեսնող հունգարերեն հայագիտական «Armenia» հանդեսին: Ստեփան Կորովեյանը` քաղաքական մի շարք աշխատությունների հեղինակ և հունգարական ակադեմիայի թղթակից անդամ, 1861 թ. արտասահմանից վերադարձավ Հունգարիա և 1867-1870 թթ. նշանակվեց Ավստրո-Հունգարիայի կառավարության նախարար:#
Հունգարական ապստամբության հետազոտող պատմաբանները ուշադրություն չեն դարձրել Հայնրիխ Հայնեի «1849 թվականի հոկտեմբերին» բանաստեղծությանը, որի մեջ անկողնում գամված բանաստեղծը արտասովոր ուժով և գեղարվեստական հնարքներով ներկայացրել է հունգարական հեղափոխության հերոսներին և նրանց վիճակված եղերական ճակատագիրը: Ապստամբությունը ճնշվեց Ավստրիայի և նրան օգնության եկած Եվրոպայի ժանդարմի` ռուսական ցարիզմի միացյալ ուժերով, որոնց միությունը Հայնեն սարկազմով անվանեց «անճար եզան և արջի դաշինք»: Այդ ռազմական դաշինքը գլխավորում էր Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից մեզ` հայերիս քաջ ծանոթ Իվան Պասկևիչը, որը Լեհաստանի և մյուս ազատատենչ ժողովուրդների ապստամբությունները ճնշելու համար հասել էր ֆելդմարշալի աստիճանի: Իր «անկողնային գերեզմանից» Հայնեն ծաղրում էր գերմանացի Միխելին` անմռունչ հնազանդության համար և ոգեշնչում պարտված հունգար ժողովրդին` նրա հարազատ լեզվով «մաջար» կոչելով:
—————————————
* Ս. Է. Քոլանջյան. Տրանսիլվանիա – Հայ ժողովրդի պատմություն, հտ. V, Երևան, 1974, էջ 507-508:
* Հայնեն այստեղ «ein Freund» («մեկն էր մերոնցից») ասելով նկատի ունի հունգար հերոս բանաստեղծ Շանդոր Պետեֆիին, որը 1848 թվի հեղափոխության ղեկավարներից էր և զոհվել է, ենթադրաբար, 1849 թվի հուլիսի 31-ին Պասկևիչի գլխավորած ցարական կազակների գնդակից, մի այլ վարկածով` ծանր վիրավոր Պետեֆին գերի է ընկել և աքսորվել Սիբիր, որտեղ և վախճանվել է: