ԱՌԱՁԳԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՐԸ
Հանկարծակի կյանքից հեռացավ ճանաչված գրականագետ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Ֆելիքս Բախչինյանը։
Բազմաթիվ թելերով կապված էր անցյալի, ներկայի և բազմաթիվ ծրագրերով՝ ապագայի հետ։ Կարելի է ասել, «Գրական թերթի» յուրաքանչյուր համարում նրա հոդվածներն էին դասական գրականության և մեզ հուզող կյանքի խնդիրների մասին։ Ակամա մտածում էիր՝ ե՞րբ է հասցնում այդքանը։ Ինձ թվում է՝ նա ուներ ժամանակի իր ընկալումը, որն առաձգական էր, չէր տեղավորվում ժամի ու օրվա շրջանակում։ Մեր ամեն մի հանդիպումը որոշակի անակնկալ էր պարունակում։ Նա խոսում էր բազմազան թեմաների, գործերի մասին։ Գրական կապերի թելը նրան առնչում էր Լիտվայի, որտեղ ապրել է որոշակի ժամանակ, Վրաստանի, որտեղ նույնպես ապրել է, Նորվեգիայի հետ, հատկապես Ֆրիտյոֆ Նանսենի կյանքն ու գործը ուսումնասիրելու կապակցությամբ։ Նշածս երկրների գրողների ստեղծագործություններից թարգմանել է, տպագրել գրքերով և հիմնադրել մեծ հայասեր Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված թանգարանը։
Մի քանի ամիս առաջ գրություն էի ստացել Կիրգիզիայից՝ ապահովելու հայ գրականագետի կամ գրողի ելույթը Չինգիզ Այթմատովի ստեղծագործությանը նվիրված հոբելյանական միջոցառմանը։ Մինչ ես մտածում էի, թե մեր գրողներից ու գրականագետներից ում կարելի է դիմել, եկավ Ֆելիքս Բախչինյանը և, իմանալով հրավերի մասին, ասաց. «Հայաստանում ես եմ ուղեկցել նրան և կարող եմ մասնակցել Բիշկեկի հոբելյանական միջոցառումներին՝ ելույթով»։ Օրեր անց եկավ թոռնիկի՝ կրտսեր Ֆելիքս Բախչինյանի հետ, որը մանկավարժական համալսարանի ուսանող է, առաջարկեց, որ երկուսով գնան, և թոռն էլ զեկուցում կարդա Այթմատով գրողի մասին։ Տեղեկացրի Կիրգիզիայում միջոցառման կազմակերպիչներին և սիրով հրավիրեցին երկուսին էլ։ Բարեհաջող ելույթներ էին ունեցել. պապը՝ Ֆելիքս Բախչինյանը՝ «Այթմատովը և Հայաստանը», իսկ թոռը՝ Ֆելիքս Բախչինյանը, «Այթմատովի գրականությունը» թեմաներով։ Իմ «Սկանդինավյան կրուիզ» վիպակը կարդալուց հետո առաջարկեց դրան գումարել իմ նորվեգական բանաստեղծությունների շարքը և տպագրել նոր գրքով։ Այդպես էլ եղավ։
Ֆելիքս Բախչինյանն աշխատել է Հայաստանի գրողների միությունում, մշտապես կապված է եղել մեզ հետ, ՀԳՄ նախագահության անդամ էր։ Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների և կոչումների, միջազգային պարգևների։
Նրա կյանքը հարթ չի անցել, բայց երբեք չեմ լսել՝ խոսի դժվարությունների մասին, որովհետև իր տեսակով դժվարություններ հաղթահարող էր։ Մեզ համար ծանր կորուստ է նրա բացակայությունը։ Ինչպես ասում են՝ մխիթարանքը նրա ստեղծածն է, գործունեությունը, որը հսկայական է։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
«Մի գիշեր Աթաթուրքի սենեակում» վիպակում Ֆելիքս Բախչինեանը, թէեւ շատ էր շրջել աշխարհով մէկ, կասկածում էր` փո՞քր է աշխարհը, թէ՞ մեծ: Այսօր, երբ այլեւս իր մասին խօսում ենք անցեալով, երբ փորձում ենք ամբողջացնել իր գեղարուեստական մտածողութեան, իր գեղագիտական ընկալումների հարուստ աշխարհը, մենք նոյնպէս չենք կարող ասել, թէ գրողի ու քննադատի աշխարհը փո՞քր է, թէ՞ մեծ: Իբրեւ գրականագէտ՝ նա տեսնում էր գեղարուեստական մտածողութեան նոր սահմաններ, իբրեւ գրող՝ երբեմն նեղանում էր այդ սահմանը, ճիշդ այնպէս, ինչպէս իր մոլորակը, որն անհանգիստ էր, որը դիւրին ճանապարհներ երբեք չէր բացել իր համար:
Ելնելով իր գրքերի տրամաբանութիւնից՝ կարող ենք հաստատել, որ Ֆ. Բախչինեանը երկար է նախապատրաստուել իբրեւ գրող եւ գրականագէտ՝ չափելու այս աշխարհը: Մեծ էր նրա որոնումների շառաւիղը՝ «Հարազատ են Նեամունասը եւ Արարատը» (1978), «Չեչենական օրագիր» (1998), «Զարեհ Խրախունի» (2003), «Մի գիշեր Աթաթուրքի սենեակում» (2010), «Déjà Vu. Հալէպ՝ սիրոյ եւ մահուան հովիտ» (2010), «Ֆրիտէօֆ Նանսէն. աշխարհի խիղճը» (2010), «Ֆրիտէօֆ Նանսէնի գրական ժառանգութիւնը» (2021), «Խաւարին չհաւատալու, խաւարին չտրուելու պոեզիա (Մուշեղ Իշխան)» (2019), «Սիգիտաս Գեադայի բանաստեղծական աշխարհը» (2023) եւ ուրիշներ: Սրան աւելացրէք տասնեակ թարգմանութիւնները: Ֆելիքս Բախչինեանի երկերի ոչ ամբողջական թուարկումն իսկ ցոյց է տալիս, որ նրա որոնումները մերթ լիտուական գրական ու մշակութային ոլորտներում են, մերթ թուրքական ու հայկական թնճուկների որոնումներում, մերթ պատմութեան դրուագներն են, մերթ ժամանակակից աշխարհը, մերթ մարդը, մերթ վէճերը ազգային պատմութեան մթին ծալքերում: Առհասարակ, նրա գրականութիւնը երկուութիւնների ու ներքին բանավէճերի ճանապարհով էր զարգանում:
Լայն էին նրա հետաքրքրութիւնները, եւ այսօր էլ կարող ես տատամսել՝ ո՞րն է գերիշխում՝ գրո՞ղ Բախչինեանը, քննադատը թէ՞ հրապարակագիրը: Թերեւս բոլորը միասին: Մուշեղ Իշխանին նուիրուած գրքի խորագիրը՝ «Խաւարին չհաւատալու, խաւարին չտրուելու պոեզիա», վերաբերում էր նաեւ իրեն, թէեւ ընդդիմախօսները կարող են պնդել, որ ինքն արձակագիր է: Ֆելիքս Բախչինեանի գրականութեան ծալքերում միշտ էլ կարելի է տեսնել թաքնուած կամ անթաքոյց երկխօսութիւնը պոեզիայի ու պօէտների հետ՝ Դանիէլ Վարուժան, Սիամանթօ, Վահան Թէքէեան, Մուշեղ Իշխան, Պէյօ Եաւորով, Էդուարդաս Մեժելայտիս, Պարոյր Սեւակ, Վահագն Դաւթեան եւ շատ ուրիշներ: Քնարական շունչ ունէր նրա արձակը, թէեւ ինքը կարող էր ասել, որ իր ընկալումները փիլիսոփայական նախահիմքերով էին բացւում աշխարհին:
Նրան հետաքրքրում էր պատմութիւնը եւ պատմութեան մէջ մեր հաւաքական անհատականութիւնը: Վերջինը նա յաճախ որոնում ու որսում էր տարբեր ժողովուրդների գրամշակութային խաչմերուկներում (յիշենք թէկուզ Էդուարդաս Մեժելայտիս – Պարոյր Սեւակ առընչութիւնների քննութիւնը): Մեր անհատականութիւնը նա որսում էր նաեւ համահայկական չափումներում. հաւասար հոգածութեամբ ու ճանաչողութեամբ էր մօտենում հայրենիքի ու Սփիւռքի գրական ու մշակութային հարցադրումներին՝ մէկտեղելով «կեանքն ու երազը»:
Պատահական չէ, որ նրան գնահատել են թէ՛ հայրենիքում, թէ՛ հայրենիքից դուրս. նա պարգեւատրուել էր Ուկրաինայի գիտութիւնների ակադեմիայի եւ Ուկրաինայի գրողների միութեան յուշամեդալներով (2008), Երեւանի պետական համալսարանի ոսկէ մեդալով (2010), ՀՀ վարչապետի յուշամեդալով (2010), ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով (2010), ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» եւ «Անդրանիկ Օզանեան» մեդալներով (2011), ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Ուիլիամ Սարոյեան» մեդալով (2012): Վերջերս արժանացել էր Լիտուայի Հանրապետութեան «Լիտուային մատուցած ծառայութիւնների համար ասպետի խաչ»-ի (2022):
Դժուարին կեանք էր բաժին հասել Ֆելիքս Բախչինեանին, սակայն այդ դժուարութիւնները նրան մղել էին «բարին փնտռել ամենուր»: Պատահական չէ, որ «Բարութեան դասեր» էր խորագրել իր գրքերից մէկը: Այդ բարութեան դասերը նա առաջին հերթին ուսանել էր մեծ մարդասէր Ֆրիտէօֆ Նանսէնից, որի մարդասիրութիւնն իբրեւ հաւատամք տասնամեակներ շարունակ որդեգրել էր իր հիմնադրած «Ֆրիտէօֆ Նանսէն» ինստիտուտ հիմնադրամի գործունէութեամբ, որի շարունակականութեանը հաւատում ենք բոլորս:
Ֆելիքս Բախչինեանը նաեւ Խ. Աբովեանի անուան մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի լաւագոյն բարեկամներից էր, ընկեր ու զինակից: Կենտրոնի գրադարանում այսօր, իր գրքերի կողքին, հանգրուանել են Սփիւռքի գրամշակութային դաշտին վերաբերող նրա նուիրած տասնեակ արժէքաւոր հատորներ:
Մտաւորական էր Ֆելիքս Բախչինեանը: Եւ այսօր ափսոսանքով ենք արձանագրում հայ մշակոյթի ու գրականութեան պահապանի ցաւալի կորուստը:
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հարգելի գործընկերներ,
Ցավով լսեցինք պարոն Ֆելիքս Բախչինյանի մահվան գույժը: Ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամին և պարոն Բախչինյանի ընտանիքին։ Մենք մեր անկեղծ հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում պարոն Բախչինյանին՝ Ֆրիտյոֆ Նանսենի անունը և ժառանգությունը Հայաստանում վառ պահելու ուղղությամբ երկարամյա գործունեության համար։
Ֆելիքս Բախչինյանի անժամանակ մահը մեծ կորուստ է նրա ընտանիքի, ընկերների և գործընկերների համար։ Թբիլիսիից՝ Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ողջ անձնակազմի անունից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը։
Հարգանքներով՝
Հովլանդ Բերգլյոտ
Հայաստանի և Վրաստանի Հանրապետություններում
Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան
***
Հարգելի Ֆելիքս, Մեծ մարդ, Լիտվայի անկեղծ և նվիրվական բարեկամ, Դուք հավերժ կմնաք մեր սրտերում:
Իմ ամենաանկեղծ ցավակցություններն ընտանիքին և բոլոր հարազատներին: Աշխարհը պարզապես ավելի դատարկվեց:
Ինգա
Ստանիտե-Տոլոչկիենե
Հայաստանի
Հանրապետությունում
Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
(2019-2022 թթ.)
***
Հանգչեք խաղաղությամբ, հարգելի պարոն Ֆելիքս ջան: Իմ անկեղծ ցավակցությունը բոլոր մերձավորներին:
Էրիկաս Պետրիկաս
Հայաստանի
Հանրապետությունում
Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
(2013-2018 թթ.)
***
Շատ տխուր լուր ստացա Հայաստանից. մահացել է պրոֆեսոր Ֆելիքս Բախչինյանը: Սա մեծ կորուստ է ոչ միայն Հայաստանի, այլև Բալթյան երկրների և ողջ մարդկության համար։ Պրոֆեսորը լատվերենից և լիտվերենից հայերեն է թարգմանել հսկայական գրականություն, այդ թվում՝ լատվիական «Լաչպլեսիս» էպոսը, որը մոնումենտալ գործ է: Բախչինյանը հազվագյուտ նվիրումով ու շատ բարի սրտով մարդ էր։ Ես նրան միշտ կհիշեմ որպես շատ բարի ու համեստ մարդու։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում ընտանիքին և ընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, հարգելի Ֆելիքս Բախչինյան։
Եկատերինա Դորոդնովա
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության
քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար
(2017-2020 թթ.)
***
«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի անձնակազմին
Հարգելի հիմնադրամի անձնակազմ,
Խոր ցավով տեղեկացա գրող, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հիմնադիր նախագահ, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնադիր տնօրեն Ֆելիքս Բախչինյանի մահվան մասին, որը հարյուրից ավելի ինքնուրույն ու թարգմանական գրքերի հեղինակ է:
Կիսում եմ Ձեր վիշտը և իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ձեզ և Ֆելիքս Բախչինյանի հարազատներին։
Դոկտ. Նորա Արիսյան
Հայաստանի Հանրապետությունում
Սիրիայի Արաբական
Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
***
Երևանից տխուր լուր ստացա. կյանքից հեռացել է ուկրաինական գրականության անկեղծ բարեկամ, հայ անվանի գրականագետ և թարգմանիչ, հասարակական գործիչ Ֆելիքս Բախչինյանը։
Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականին Ալավերդի քաղաքում, ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, Վիլնյուսի համալսարանում ուսումնասիրել է հայ-լիտվական գրական հարաբերությունները, եղել է հայ-վրացական անկախ «Հայոս-Քարթլոս» գրական ամսագրի և «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հիմնադիրը: Ֆելիքս Բախչինյանն իր ներդրումն է ունեցել հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ Ուկրաինայում Հոլոդոմորի մասին ճշմարտության տարածման գործում։ Նա թարգմանել է ուկրաինացի հայտնի պատմաբան Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում» գիրքը, որտեղ վեր է հանված 1932-1933 թթ. ուկրաինացի ժողովրդի դեմ ստալինիզմի սարսափելի հանցագործությունը: Ֆելիքս Բախչինյանը իրապես ճիշտ էր նշում. «Կարելի է զուգահեռներ անցկացնել 1932-1933 թթ. ուկրաինական Հոլոդոմորի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջև։ Եվ ինչպես աշխարհի տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, նրանք պետք է նաև ճանաչեն Հոլոդոմորը Ուկրաինայում՝ որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Իհարկե, այլ ժողովուրդներ էլ ապրեցին ստալինիզմի ու սովի սարսափը, բայց Ուկրաինայում Հոլոդոմորը աննկարագրելի երևույթ էր Խորհրդային կայսրության տարածքում։ Միևնույն ժամանակ, ուկրաինացիները չպետք է մոռանան նաև այն եվրոպացիներին, որոնք ժամանակին տեր են կանգնել իրենց։ Մասնավորապես, Նոբելյան մրցանակի դափնեկիր, 20-րդ դարի մեծագույն մարդասեր, նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենը, որ 1921-1923 թվականների առաջին սովի ժամանակ իր Նոբելյան մրցանակի ողջ գումարը նվիրեց ուկրաինացիներին…»:
(«Օր» թերթ): Բացի այդ՝ Ֆելիքս Բախչինյանի կողմից հայերեն են թարգմանվել Տարաս Շևչենկոյի բանաստեղծությունները, ինչպես նաև Վասիլ Շկլյարի, Վլադիմիր Յավորիվսկու և Վիկտոր Բարանովի ստեղծագործությունները։ Հայտնի գրականագետը մանրակրկիտ ուսումնասիրություն է նվիրել նաև Վասիլ Ստուսի ստեղծագործական աշխարհին։ Նա բազմիցս եղել է Ուկրաինայում: Անկեղծորեն մտահոգված էր մեր երկրի ցավերով ու անհանգստություններով: Ֆ. Բախչինյանը Ուկրաինայի գրողների միության հրավերով մասնակցել է Շևչենկոյի տոներին, կապեր է պահպանել ուկրաինացի գործընկերների հետ։ Հայ տաղանդավոր գրողի և ուկրաինահայկական եղբայրության անկեղծ հավատավորի վառ հիշատակը հավերժ կմնա ուկրաինացիների սրտերում։
Օլեքսանդր Բոժկո
Հայաստանի Հանրապետությունում
Ուկրաինայի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
(1996-2001 թթ., 2005-2010 թթ.)
***
Սրտի անհուն կսկիծով իմացանք անուանի գրող, թարգմանիչ, գրականագէտ, «Ֆ. Նանսէն» ինստիտուտի հիմնադիր նախագահ եւ թանգարանի հիմնադիր տնօրէն Ֆելիքս Բախչինեանի մահուան գոյժը։
Բոլորս լաւ կը ճանչնանք զինք՝ անկեղծ, ջերմ եւ լաւատես։ Ան միշտ յոյսով եւ հաւատքով ներշնչուած անհրաժեշտ հոգեւոր սնունդ բաշխած է իր շրջապատին ու սերունդներուն բաւարար իմաստութիւն եւ մարդասիրութիւն փոխանցելով։
Անգնահատելի են անոր ներդրած ջանքերը հայ ժողովուրդի նկատմամբ մեծ նուիրուածութիւն եւ հայանպաստ գործունէութիւն տանող «Ֆ. Նանսէն»-ը ներկայացնելու գործին մէջ։
Անոր Սէրը, յարգանքն ու բարձր գնահատանքը վայելած է նաեւ ՀԲԸ Միութեան ՀԵ Ընկերակցութեան «Կոմիտաս»-ի անուան սենեկային նուագախումբը արժանանալով «Ֆ. Նանսէն»-ի վկայագիրը եւ ոսկէ մետալը։
Վստահ ենք, որ Տիար Բախչինեանի յիշատակը վառ պիտի մնայ բոլորիս յիշողութեան մէջ:
Այս տխուր առիթով Հալէպի ՀԵ Ընկերակցութեան Գործադիր Մարմինը իր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի ընտանիքին, հարազատներուն եւ համայն հայ ազգին։
Խունկ եւ աղօթք կը բարձրացնենք անոր հոգիին խաղաղութեան համար։
Յարգանք իր յիշատակին
ՀԲԸ Միութեան ՀԵ Ընկերկցութեան
Գործադիր Մարմին
***
Երկա՜ր զրույց էի ուզում ունենալ քեզ հետ, Ֆելի՛քս ջան՝ մինչև այժմ մեր վարած երկար զրույցները կարճ համարելով: Չհասցրի:
Նայում եմ գրադարակիս մեջ կողք կողքի շարված գրքերիդ ու ամեն անգամվա պես զարմանում. սրանք միայն այն գրքերն են, որ դու ես նվիրել ինձ, բայց գիտեմ ու էլի զարմանում եմ, թե ինչքա՜ն բան հասցրիր անել ու թե որքան համեստ էիր. մեծարանքներ չէիր ակնկալում, թեև ինքդ երբեք չէիր հապաղում քո բարի վերաբերմունքը, հիացմունքը, խոնարհումն արտահայտել բոլոր նրանց նկատմամբ, ում արժանավոր էիր համարում:
Գիտեմ, որ ամեն հայի պես, գուցեև ամեն ազնիվ ապրած մարդու պես բազում տառապանքներով է անցել կյանքդ, բայց դու չես դառնացել… Թեկուզ պատահական, թեկուզ կարճ հանդիպման պահին քեզնից միայն ջերմություն և վստահություն էր հաղորդվում:
Բարի ճանապարհ քեզ, սիրելի ընկե՛ր, դեպի հավիտենական լույս….
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
***
ՃԱՆԱՉԵԼ ԵՎ ՃԱՆԱՉԵԼՈՎ ՍԻՐԵԼ.
ԴԱ ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐԻՍ…
Թերևս այս էր դժվարին (եթե չասենք արկածալից), բայց չափազանց բովանդակալից կյանքով ապրած Ֆելիքս Բախչինյանի՝ վաստակաշատ գրողի, գրականագետի, թարգմանչի նպատակն ու չափանիշը: Նրա ողջ գրական ու հասարակական գործունեությունն ուղղված էր ժողովուրդների միջև պատմական կապերի ամրապնդման, ամուր և անխախտ բարեկամության հաստատմանը: Կամավոր նախաձեռնությամբ ստանձնած բարի կամքի դեսպանի մի առաքելություն, որ նա կատարում էր վերջին ավելի քան չորս տասնամյակի ընթացքում: «C’ est la vie» (Եր., 2008) գրքի «Անցյալը հնարավոր չէ մոռանալ» պատմվածքում նա գրել է՝ «…երեսուն տարիների ընթացքում շրջել եմ շատ երկրներ, հանդիպել հազարավոր մարդկանց…»: Եվ դա պատահական չի ասված. սկսած անցյալ դարի 70-ական թվականների վերջերից՝ Ֆ. Բախչինյանի կենսագրությունը սերտորեն կապված է եղել մերձբալթյան երեք հանրապետությունների, Նորվեգիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի ժողովուրդների միջև գրական-մշակութային կապերի ուսումնասիրության, նորովի մեկնաբանման ու զարգացման հետ։ 1994 թ. նա հիմնադրել է «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը, որը մինչ օրս գործում է Երևանում։ «Վագրի տարի կամ չեչենական օրագիր» (Եր., 2016) խոհագրությունը ընթերցողի առջև բացում է նաև հայ-չեչենական դարավոր կապերի ու նորօրյա իրողությունների՝ շատ կողմերով մինչ այժմ, թերևս, շատերի համար անծանոթ պատկերը:
Մեծ է Ֆելիքս Բախչինյանի ավանդը հատկապես հայ-լիտվական կապերի խորքային երևույթների բացահայտման գործում: Այդ ասպարեզում առաջին փորձառությունը նա ձեռք է բերել 1978-1981 թթ. Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում։ Հենց 1978-ին է հրատարակվել նրա «Հարազատ են Նյամունասը և Արարատը» խորհրդանշական վերնագրով գիրքը։ Ապա հետևել են «Արևային քնար» (լիտվերեն, 1983), Քրիստիյանաս Դոնելայտիսի «Տարվա եղանակներ» (2011), «Լաչպլեսիս» (լատվիական ժող. էպոս, 2012), Մայրոնիսի «Գարնան ձայները» (2016), Անթանաս Բարանաուսկասի «Անիկշչայի թավուտը» (2016), Յոնաս Բիլյունասի «Երջանկության ջահը» (2017), Վիտաուտաս Լանձբերգիսի «Գարնան սոնատ» (Չյուրլյոնիսի ստեղծագործական աշխարհը) (2021) հատորները։ Հայ-լիտվական գրական-մշակութային կապերի զարգացմանը մատուցած ծառայությունների համար 2022 թվականին Լիտվայում նա արժանացել է «Ասպետի խաչ» շքանշանի։
Մի քանի տասնամյակի ընթացքում Էդուարդաս Մեժելայտիսի հետ ունեցած անձնական կապերը, նրա և ժամանակի լիտվական (նաև՝ ընդհանրապես մերձբալթյան ժողովուրդների) գրականության ու մշակույթի քաջիմացությունը Ֆելիքս Բախչինյանին հնարավորություն են տվել այդ ամենի մասին հանդես գալու բազմաթիվ հրապարակումներով՝ գրական մամուլում, ժողովածուների առաջաբաններում, իսկ Էդ. Մեժելայտիսի ստեղծագործության մասին նաև չորս մենագրությամբ՝ լիտվերեն (1983), ռուսերեն (1988 և 2008) և հայերեն՝ «Ոգեղեն համանվագ» (2006)։ Վերջերս, ըստ էության, ավարտել էր նաև Էդ. Մեժելայտիսի կյանքին և ստեղծագործությանը նվիրված «Լիտվական պոեզիայի ասպետը» նոր աշխատությունը: Ցավոք, չհասցրեց տպագրված տեսնել տարիների իր տքնաջան աշխատանքի արդյունքը: Այդ հետազոտության ութ գլուխներում Ֆ. Բախչինյանը ներկայացնում է Էդ. Մեժելայտիսի ստեղծագործական աճի էվոլյուցիան՝ այն բնութագրելով որպես պարզից դեպի բարդը, երկրայինից դեպի երկնայինը, բանաստեղծի պատկերավոր արտահայտությամբ՝ «Փշոտ ուղիով դեպի աստղերը»։ Բնութագիր, որն, անկասկած, վերագրելի է նաև իր՝ Ֆելիքս Բախչինյանի անցած կենսական ճանապարհին:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ