ՍՎԵՏԼԱՆԱ  ԱՎԱԳՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ81 տարեկանում մահացել է գրող, լրագրող, թարգմանչուհի, թատերագետ, Հայաստանի գրողների միության անդամ Սվետլանա Ավագյանը:
Սվետլանա Ավագյանը ծնվել է 1935 թ. հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: Երկար տարիներ աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում՝ որպես ավագ խմբագիր: Միաժամանակ, ավարտել է Մոսկվայի Հրատարակչությունների ինստիտուտի բարձր որակավորման դասընթացը: Ս. Ավագյանի թարգմանությունների շնորհիվ ռուս ընթերցողը ծանոթացել է հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններին, որոնք տպագրվել են ինչպես մոսկովյան տարբեր հանդեսներում, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, այնպես էլ առանձին գրքերով: Հանրապետական թերթերում տպագրվել են հայ արվեստագետներին նվիրված նրա բազմաթիվ հոդվածները, ակնարկները, հարցա­զրույցները: Հրատարակվել են նաև նրա «Ակնթարթներ և հավերժություն», «Մենակություն», «Տարբեր ճակատագրերում», «Միայն տասը» հուշագրությունները: 2010 թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակին:
Հմուտ թարգմանչուհու, գրական-մշակութային անխոնջ աշխատավորի, նուրբ հոգու տեր մտավորականի հիշատակը վառ կմնա նրան ու նրա վաստակը ճանաչողների, գործընկերների ու մտերիմների սրտերում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։