Գրողներ կան, որ որքան հեռու անցյալում են մնում, այնքան թանկ ու հարազատ են դառնում, քանի որ նրանց ստեղծած գրականությունը ժամանակի ու տարածության ազդեցության օրենքներից դուրս է, շարունակում է համընթաց մնալ սերունդների երթին և շոշափած խնդիրներով ու գեղարվեստական արժանիքներով արդիական հնչեղությամբ է լեցուն:
Հայ գրականության այդ վառ ներկայացուցիչներից մեկն էլ Ստեփան Ալաջաջյանն է, որի ծննդյան 100-ամյակը լրացավ այս տարի (հունվարի 3-ին)։
Ծագումով` արևմտահայ, եղեռնի պատճառով` սփյուռքահայ, սրտի թելադրանքով` հայրենադարձ, պատուհասած հիվանդության հետևանքով գաղթահայ (ամերիկահայ) դարձած Ալաջաջյանն իր այդ աստանդական կյանքի պատճառի մասին գրել է. «Հայրս կիլիկիացի էր, և իմ ծննդավայրը պետք է լիներ Կիլիկիան: Ես ծնվել եմ Հալեպում: Իմ ու հորս ծննդավայրի տարբերության պատճառը եղել է աշխարհը վերաբաժանող ահավոր մի պատերազմ, որ մղել են հզոր պետությունները, բայց պատերազմից ամենից շատ տուժել է դարերի ճամփորդ, կենսունակ և փոքրաթիվ մի ժողովուրդ»:
Ալաջաջյանի ստեղծագործական կյանքի մի շրջանը համընկավ հայ նորագույն գրականության ծաղկման հետ: Դա մեր գրականության վերելքի այն տարիներն էին, որոնց իրենց լիաբուռն մասնակցությունն էին բերում նաև հայրենադարձ սփյուռքահայերը, և դա ոչ միայն գրականության, այլև մշակույթի տարբեր ոլորտներում, որտեղ Ալաջաջյանի կողքին ստեղծագործում էին և արարում Հայաստան ժամանած Վահագն Դավթյանը, Գեղամ Սարյանը, Աբիգ Ավագյանը, Գոհար Գասպարյանը, Հովհաննես Չեքիջյանը, ուրիշները։
Ստեփան Ալաջաջյանի գրական նախափորձերն սկսվել են դեռևս տասնհինգ տարեկանից, և այն էլ՝ չափածո գործերով, որոնք լույս աշխարհ եկան Հալեպում՝ «Դաշտի ծաղիկներ» վերնագրված գրքով: Քսաներկու տարեկանում` 1946-ին, հայրենադարձվելով՝ Ալաջաջյանը հայտնվեց մի իրականության մեջ, որտեղ նրան նեղ թվացին բանաստեղծական տողերը, և նա անցավ արձակին` տպագրելով «Անապատում» (1953), «Պարտություն» (1957), «Այգիների աշխարհում» (1961), «Փյունիկ» (1962) գրքերը, որոնց հաջորդեցին «Առանց հայրենիքի» (1963) և «Արծիվն ու հովիվը» (1964) գործերը: Վերոհիշյալ ստեղծագործություններում թեմատիկ ընդգրկումները կապված էին մի կողմից արևելյան կենցաղի ու բարքերի, մյուս կողմից` խորհրդային իրականության մեջ տեղի ունեցող կյանքի վերակերտումներին: Շրջանի համատարած գրական ֆոնի վրա, կարելի է ասել, որ Ալաջաջյանի այդ գործերը քիչ համբավ բերեցին նրան: Սակայն ստեղծագործական այդ ճանապարհը արդեն ձևավորել էր ապագա մեծ գրողին, նրա միտքը տարել իր ժողովրդի ողբերգական ճակատագրի վերհանման, այդ ողբերգության պատճառների, կազմակերպիչների ու այն իրականացնողների դատապարտման գաղափարներին, որոնք և նպաստեցին, որ գրողը հասնի ստեղծագործական մեծ նվաճումների:
Եվ ծնվեցին իսկական գլուխգործոցներ: 1966-ին 50 հազար տպաքանակով լույս տեսավ «Եղեգները չխոնարհվեցին» վեպի առաջին հատորը, 1967-ին` երկրորդը, որտեղ մեծ վարպետությամբ վեր հանվեցին կիլիկիահայության դառն ու աղետաբեր ճակատագիրը և նրա մղած վերջին հերոսամարտը Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին: Ինչպես այս, այնպես էլ 1912-1915 թթ. Թուրքիայում ծավալված պետական ու քաղաքական խարդավանքների և արևմտահայոց կյանքի փլուզումները պատկերող «Չսպիացած վերք» եռահատոր վեպի (1989, 1990, 1993 թթ.) ծնունդն ուներ իր հիմքերը և արդյունք էր ոչ միայն գրողի ներաշխարհում ու մտածումներում առաջացած բուռն ապրումների, այլև 60-ական թվականներին հայաստանյան կյանքում տեղի ունեցած այն բեկումնային տեղաշարժերի, որ կապված էին «փակի տակ» գտնվող հայոց եղեռնի համաժողովրդական ճանաչման, ընկալումների և բացահայտումների հետ:
Երկու վեպերն էլ գրելիս Ալաջաջյանը ցուցաբերել է մեծ պատասխանատվություն, որի վկայություններից մեկն էլ «Չսպիացած վերք» վեպի «Այս վեպը…» խորագիրն ունեցող խոսք ընթերցողին գրությունն է. «Համաշխարհային Առաջին պատերազմում Մերձավոր Արևելքի իրադարձությունների պատմությունը նայել եմ փաստերի աչքերով…: Գիտակցել եմ, որ իմ ժողովրդի հանդեպ կատարվել է մի մեծ անարդարություն…: … անիրավված ժողովդի զավակն եմ ես…»:
Անցյալ դարի 60-ական թվականները Խորհրդային Հայաստանում բնակվող հայության համար իսկական ազգային վերազարթնումի տարիներ եղան, որի գերագույն դրսևորումը 1965-ի համաժողովրդական ցույցերով արտահայտվեց, որտեղ իրենց մեծ մասնակցությունը բերեցին մշակույթի և, հատկապես, գրական գործիչները: Ստեփան Ալաջաջյանն առաջին շարքերում կանգնածներից էր, և պատահական չէր նրա հայտնի «Եղեգները չխոնարհվեցին» վեպի լույսընծայումը այդ օրերին, որը ոգևորեց ողջ սփյուռքը և մանավանդ, եթե կարելի է ասել, «տակնուվրա» արեց Երևան քաղաքը. մարդիկ օրերով ու գիշերներով հերթ էին կանգնում գրախանութների մոտ, ամենուրեք խոսում ու մեջբերումներ կատարում վեպից, այն չկարդացած մարդիկ ծանոթներ էին որոնում գրական շրջանակներում՝ գիրքը ճարելու համար:
Վիպականացնելով Ուլնիա երկրամասի (Զեյթունի) 1919-21 թթ. մղած վերջին գոյամարտը` Ալաջաջյանն իր «Եղեգները չխոնարհվեցին» վեպով պատկերում է գրականագետ Սևակ Արզումանյանի բնորոշմամբ` «մեր պատմության ամենադրամատիկ փուլերից մեկի ազգային-քաղաքական կյանքը»:
1920-ին հռչակված Կիլիկիայի հայկական ինքնավարության այդ տարիներին, երբ հրաշքով փրկված հազարավոր արևմտահայեր, անապատներից վերադառնալով իրենց բնակավայրեր, ջանացին կառուցել նոր կյանք ու նոր երկիր, հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինքը կարող է հառնել անգամ մոխիրներից: Եվ սակայն, արդեն որերորդ անգամ, հերոս այդ ժողովուրդը մեծ ու փոքր տերությունների կողմից նորից լքվեց, թուրք-ֆրանսիական գաղտնի պայմանագրի հետևանքով ստորաբար ու դավաճանորեն վերացվեց նաև այդ ինքնավարությունը: Ֆրանսիացիները զինաթափել տվեցին տասը հազարանոց հայկական լեգեոնը և Ալժիր աքսորեցին հայկական կառավարության անդամներին` փաստորեն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և հատկապես 1915–ի եղեռնից հետո հայ ժողովրդի նկատմամբ երկրորդ մի եղեռնի իրականացման հնարավորություն ընծայելով թուրք ջարդարարներին: Թուրքիայի վարած քաղաքականությունն այսօր էլ, ինչպես երեկ ու դրանից առաջ, եղել ու մնում է նույնը` ժխտել ու մոռացության տալ հայկական եղեռնը: Եվ նաև այդ է, որ Ալաջաջյանի վեպը դարձնում է արդիական` փաստագրելով մշակութային ու ֆիզիկական այն ավերածությունները, որ կատարել են թուրքերը Կիլիկիայում եղեռնից առաջ, եղեռնի տարիներին և ետեղեռնյան տասնամյակներում:
Եվ պատահական չէ, որ վեպում հառնում է «լեռնորդիների» մի ամբողջ սերունդ` լեցուն հայրենանվիրմամբ, կյանքի շենացման ու ազգային պետականության ստեղծման երազանքներով: Գրողն ընթերցողի հայացքը մեկ անգամ ևս շրջում է ոչ վաղ անցյալի հերոսամարտերից մեկը, որ մղեցին եղեռն տեսած մարդկանց վերջին բեկորները, որ վերադարձել էին խաղաղ արարումների համար, բայց որ ստիպված եղան մաճ ու մուրճի փոխարեն զենք վերցնել:
Զեյթունցիների կյանքը լեցուն էր անդառնալի կորուստներով. նրանք կորցրել էին հարազատներ, ծնողներ, զավակներ, ամուսիններ ու մայրեր: Ինչպես գրում է Ալաջաջյանը, այդ կործանումներն ամենուրեք էին. ավերակներից լսվող ողբ, հողերի տակից ելնող ողբ: Բայց հայրենի եզերք վերադառնալու անհուն բաղձանքը նրանց բերել էր Զեյթուն, բերել էր իրենց նախնիների հող ու ջրին:
Իսկ վերադարձը նշանակում էր շարունակել կյանքը, շարունակել մնալ հայ, նշանակում էր արթուն պահել նահատակների հիշատակը: Վերադարձը նշանակում էր նաև փլատակներից ազատել Սուրենյանց վանքը, ձուլվել Այրածոյի լեռների հավերժությանը, քայլել դեպի Ձորագետ, Բերդաջիղ ու Ցլաքար տանող արահետներով. բոլորը, բոլորը ազգային գոյության հավերժական կռվաններ: Ալաջաջյանի վեպը հաստատում է, որ ամեն վերադարձ նաև ինքնահաստատման վճիռ է, ազգային գոյատևման խարսխի կռանում: Վեպում կա այսպիսի մի հատված. գլխավոր հերոսներից մեկը` Արամը, այցելում է քայմաքամ Շեբեբին և լսում մի թուրք սպայի հետևյալ խոսքերը. «…հայերը եղեգներ են, մենք` նրանց քամին, որ կողմ փչենք, այն կողմ էլ կխոնարհվեն»: Գրողը վեպում, այո՛, եղեգների մասին է, որ գրում է, բայց այն եղեգների, որ խոնարհվել չգիտեն, որ ճկվել գիտեն ու կանգնած են մնում, որքան էլ թշնամի քամիները սաստիկ են «փչում»: Եվ իրոք, Ալաջաջյանն իր վեպով կերտել է ասք հերոսության, կերտել պայքարի ու անմահության, կանգուն մնալու անանց պատմություն, նման վեպում ներկայացվող հաստաբուն ու հաստակոճղ մախրենու՝ ուժի խորհրդանիշ ծառի` հողից ելնող և դեպի հողը խորացող իր արմատներով: Վեպը դատապարտման խոսք է մարդասպան ամբոխ դարձած բոլոր այն ուժերի դեմ, որոնց կյանքի կենսաձևը քանդելն ու ավերելն է, որոնք մերժում են՝ ինչը որ գեղեցիկ է ու արդար: Հեղինակային ասելիքը շատ ընդգրկուն է, նրանք մշակութաբանական առումով ևս չարիք են, ավերում են այն ամենը, ինչը գիր է, քանդակ ու խոյակ, կառույց, միտք ու շինություն: Այդպես է եղել միշտ:
«Եղեգները…» որքան ազգային-քաղաքական վեպ է, նույնքան էլ՝ գեղարվեստական հրաշալի ստեղծագործություն: Վեպում կերտված են տասնյակ կերպարներ, որոնք մարմնավորում են հայրենասիրության, ազատության, նվիրման, զոհողության, արարման մարդկային ամենաբարձր հատկանիշներ:
Հայրենասեր մտավորականի ու նվիրյալ զինվորի բոլոր լավագույն գծերը կրող հերոս է վարժապետ Փառենը, որ Զեյթուն է եկել իր նախնիների մասունքներն ու սրբությունները պաշտպանելու ու նաև կիլիկիահայության ազատագրական պայքարի հազարամյակների պատմությունը շարունակելու: Զեյթունցիների այդ պայքարի արտացոլումը գրողը մեծ վարպետությամբ է տալիս Մարաշի, Սաքիի լեռնանցքի, եղեգնուտի և այլ մեծ ու փոքր կռիվների միջոցով, որտեղ դրսևորվում են Ալաջաջյանի` մասսայական ու ռազմական տեսարաններ պատկերելու, անելանելի վիճակում հայտնված հայ մարդուն բնորոշ մտքի ու հոգեբանության խորքային շերտերը վերհանելու հմտությունները: Այդ պայքարն իրականացնողները վեպում, Փառենից զատ, Ամանոսի հերոս Արամն է ու քաջասիրտ Կարոն, Սիմոնյանն ու Միքայելը, Օսանը, Թագաճյան վարդապետը, մյուսները, որոնցից ամեն մեկին Ալաջաջյանը բնութագրում է յուրատեսակ: Ահա բազում կռիվների միջով անցած, այս աշխարհում մեն-մենակ մնացած, հոգով ու մարմնով վիրավոր Միքայելը. «Ծնողներ չուներ, սպանել էին: Քույր ու եղբայրներ չուներ, սպանել էին, ազգական ու բարեկամ չուներ, սպանել էին»: Այդուհանդերձ, Միքայելը ջանում է կապվել կյանքին, տուն ու տեղ, ընտանիք ստեղծել: Եվ երբ նա գնում է թուրք պաշտոնյաների մոտ մշակման համար փոքրիկ հողակտոր խնդրելու, նրան նենգորեն սպանում են: Հեղինակային ասելիքը հստակ է. հողը չեն խնդրում, հողը չեն տալիս, որ հետո ետ խնդրեն:
Ահա Արամի հայրը` ժողովրդական իմաստնության կրողը, որ հնչեցնում է դարերի խորքից եկող հայոց գոյատևման խորհուրդը. «Կռվեցե՜ք մինչև վերջին շունչը: Եթե փամփուշտը վերջանա, կռվեցեք քարերով, քարը վերջանա` փայտերով, փայտը ջարդվի` ձեռքերով ու եղունգներով, կռվեցե՜ք մինչև արյուն չմնա երակների մեջ»: Տևական ու համառ այդ պայքարը հեղինակը վեպում արտահայտել է այլաբանորեն` Ձորագետի շառաչուն ջրերի միջոցով. «Ձորագետի ահեղ հոսանքը զարնվում է ապառաժյա բնաթմբին… Ապառաժները ետ են մղում հոսանքը, ստիպում են ջրերին պտտվել, խառնվել իրար, ոռնալ ու ինքնապտույտով գտնել նոր հուն…: Աղմուկը ահավոր է, գոռգոռում են ժայռերը, ջրերը, խճաքարերը, աղաղակում է գետի անհայտ հատակը, անդնդանում, կտրվածքից կաղկանձում է ջրապտույտը, քարերը զարնվում են իրար, ալիքները խոյանում են վեր…»: Այդպես, միայն կռվի՝ քարերի հետ զարնվելուց է, որ հաղթանակները՝ «ալիքները», կարող են վեր ելնել։
Ճիշտ այդպես խոլաբար դարերով կռվել է նաև Զեյթունը, որի վերաբերյալ Փառենն իր օրագրում գրում է. «…Ի՜նչ է Զեյթունից մինչև Վերջնասար հասնող հողակտորը, եթե ոչ ննջարան` հերոսների դամբարան, ռազմադաշտ ու խեղդվող ազատության կյանքի վերակոչը: Քանի-քանի դար վայր չդրվեց զեյթունցու զենքը, և քանի-քանի դար սրբազան հուշարձաններ կանգնեցրինք: Միայն մեկ անգամ, լոկ մեկ անգամ զենք չվերցրեց Զեյթունը, 1915-ին… Անեծք, անիծյալ թվական… Եվ… մեր շիրիմները մնացին անհայտ»: Որքա՜ն մերօրյա է ասված և որքա՜ն ճշմարիտ է ասված։
Զեյթունցիներն իրենց վերջին կռիվը մղում են եղեգնուտում: Մի եղեգնուտ էր դարձել ողջ Զեյթունը և մի-մի եղեգ՝ ամեն մի զեյթունցի: Նրանք կռվում են ոչ թե հաղթելու համար, այլ` հավերժանալու: Ինչպես գրում է Ալաջաջյանը, աշխարհն ու մարդիկ նրան միայնակ թողեցին. «… և՛ աստված, և՛ մշակույթի պաշտպանները, և՛ քաղաքակրթություն քարոզող Եվրոպան, և՞ մենք: Մենք մեզ միայնակ թողեցինք»:
Հետո պիտի գար 1921-ի Նոր տարին, ուրիշ նոր տարիներ: Իրականում ոչ մի նոր տարի էլ չեկավ, ամեն ինչ հինն էր, և այդ հինը 1915-ն էր իր անապաքինելի վերքերով:
Եվ անհավասար կռիվը շարունակվում է: Մեծ տերությունները պիտի շարունակեին մնալ իրենց շահերի շունը, իսկ մեծ ոսոխը շարունակեր իր սպանությունները, և նրա համար երբեք նշանակություն չի ունեցել, թե սպանվողը կի՞ն է, երեխա՞, թե՞ ծեր, իսկ հայ մարդը շարունակելու էր հավատալ եվրոպաներին…:
Բայց այս վեպը ուրիշ մի բան է ասում, ասում է, որ միշտ էլ լինելու են Փառեններ, որ վկայելու են, որ անկանգ է Զեյթունի հերոսամարտը, որ դեռ «իննսունինը մարդ կա մեռնելու» պատրաստ, որ կան նահատակների աճյուններ, և դեռ գալու են ալաջաջյաններ, որ գրեն ցած չդրվող զենքի հաղթության պատմությունը:
Այդ պատմության մեկ այլ հզոր դրսևորումը եղավ Ալաջաջյանի «Չսպիացած վերք» վեպը, որն իր ամբողջության մեջ հայ ժողովրդի ճակատագրական պատմության ևս մի կարևոր շրջանի վկայությունն է՝ գրված գեղարվեստական հարուստ հենքով:
Վեպի գրելու մտահղացումը գրողի մեջ ծագել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու արխիվում իր մեծ հոր ու նրա եղբայրների խնդրագիրը հայտնաբերելիս. «Իմ նոր վեպի` «Չսպիացած վէրք»-ի մտայղացումն այդ օրն էր, առիթը` այդ փոքրիկ, մատիտով գրուած նամակն…»,- վկայել է Ալաջաջյանը 1995-ին Բոստոնի «Նօր օր» թերթում:
Վեպը գրելիս գրողը կատարել է հսկայական, տիտանական աշխատանք. ուսումնասիրել Բալկանյան պատերազմի (1911-13 թթ.) տարիներին տպագրված թուրքական արաբատառ թերթերի հավաքածուներ, պատմական օտարալեզու փաստաթղթեր, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լույս տեսած մամուլի հազարավոր էջեր, որոնք և իրենց քաղաքական, ազգային ու գեղարվեստական արտահայտությունն են գտել վեպի հազար հինգ հարյուր էջերում:
Հայ գրականության վերջին հարյուրամյա պատմության մեջ քիչ գրքեր կան, որ պատմում են անպատմելին, ստույգ փաստերով ու վկայություններով ներկայացնում մեծ ու փոքր պետությունների դիվանագիտական նենգությունները, անվանապես մատնանշում հայկական ջարդերի, աքսորների, ապա և եղեռնի կազմակերպիչներին, մեղավորներին, մասսայական սպանդի ծրագիրը պատրաստողներին ու իրականացնողներին…:
Այդ ամենը հանգեցրել է նրան, որ թե գաղափարապես և թե կառուցվածքով վեպը բազմահանգուցային ընթացք ունի: Հյուսվածքի այս ձևը գրողին հնարավորություն է տվել անդրադառնալ Թուրքիայի կառավարական ներքին պայքարներին, աշխարհի բաժանման, նոր տարածությունների գրավման միջազգային խարդավանքներին, արևմտահայության անտանելի ու ծանր վիճակին, հայ մարդու տվայտանքներին և բազում այլևայլ հարցերի: Գրողը շրջանառության մեջ է ընդգրկել ոչ միայն պետական, դիվանագիտական կարևոր փաստաթղթեր, այլև թուրքական մայրաքաղաքի, թաղերի, մզկիթների, տաճարների և այլ վայրերի հետ կապված իրական պատմություններ, ներկայացրել պատմական անձնավորությունների, որտեղ և որոնց հետ էլ ծավալվում են զարգացող դեպքերը:
Վեպի սյուժեն զարգանում է Բեռլին-Բոսֆոր-Բաղդադ (ԲԲԲ) երկաթուղու շինարարության իրողություններին զուգընթաց, որի շուրջ էլ ծավալվում են Պոլսում, հայաբնակ գավառներում և Կիլիկիայի հայկական Ֆնդիճաք գյուղում տեղի ունեցող ողբերգական դեպքերը: Եկել էր Թուրքիան առանց հայերի ծրագրի իրականացման փայփայված պահը, որի առաջատար գործոնը Գերմանիան էր: Թուրքիան արագ տեմպերով գերմանացվում էր, որի ցցուն վկայությունը կառուցվող երկաթուղու մխրճվելն էր երկրի խորքերը: Մի երկաթուղի, որի շինարարությանը քշվել էին հարյուր հազարավոր աքսորյալներ, մի երկաթուղի, որ ավելի շատ մահվան ճանապարհ էր դարձել: Եվ աշխարհը՝ Ալաջաջյանի բառերով ասած, արձանիկների կեցվածք էր որդեգրել «…ձայն չլսող, բան չտեսնող, չզգացող, չմտածող անշարժ արձանիկներ», որոնցից մեկի մասին գրողը գրել է, թե տեսնես աշխարհում կա՞ մի ժողովուրդ, որ սիրի անգլիացիներին:
Իրականում բալկանյան պատերազմով արդեն սկսվում էր Առաջին համաշխարհային պատերազմը, և պետությունները նենգում էին միմյանց, դաշնագրեր ու պայմանագրեր ստորագրում` լավ իմանալով, որ ոչ մի համաձայնագիր խաղաղություն չի բերում (1878-ի Բեռլինի վեհաժողովը դրա վառ ապացույց), ավելին, չեզոքացնում է եղածները և հիմքեր ստեղծում հաջորդ պատերազմների և ավերածությունների համար: Այդպիսի մի կեղծիքի դրսևորում էլ եղավ 1914 թ. փետրվարի 8-ին թուրքական իշխանությունների ստորագրած «Բարենորոգումների օրենքը», որ պիտի իրականացվեր Արևմտահայաստանի գավառներում, սակայն որի դրույթներից և ոչ մեկում չկար «հայ» բառը (նրանք հայերին անվանում էին «մեր հողում բնակվող քրիստոնյաներ): Էլ չենք ասում հայկական որևէ կառույցի կամ միավորի ստեղծման մասին, որը, մանավանդ, կարող էր գայթակղիչ խթան հանդիսանալ Թուրքիայի մյուս ճնշված ազգությունների համար: Թուրք մարդու, թուրք պետության համար միշտ եղել ու միշտ մնալու էր ապրելու նույն կարգախոսը. ամեն ինչի օրենքը ուժն է, և ուժը օրենքից էլ վեր է: Եվ այդ կարգախոսն իրականացնելու համար նա ունեցել է անհրաժեշտ ամեն բան. զենք, մոլեռանդ ամբոխ, արյունարբու ոստիկանություն, կրոնական ատելություն և, ամենակարևորը, համոզում` երբ չեն լինի հայերը, չի լինի և «հայկական հարց»: Չէ՞ որ մեռածները ոչ խոսում են և ոչ էլ գործում: Եվ ուրեմն՝ հայը հողի վրա չպիտի ապրի, նրա տեղը հողի տակն է, հայ սպանելը դրախտ գնալու ամենակարճ ճանապարհն է: Գրելով այս ամենի մասին` Ալաջաջյանը դիտել է տալիս և այն նենգություններն ու խորամանկությունները, որոնցից մեկն էլ 1913-ին նշվող գրերի գյուտի և տպագրության տարեդարձերի տոնակատարության առիթով թուրքական կառավարության պահանջը եղավ՝ ներկայացնել մասնակիցների անվանացանկը` այդպիսով իր ձեռքը գցելով հայ մտավորական, քաղաքական, ազգային գործիչների բոլոր տվյալները: Եվ մինչ ոգևորված հայերը պատերազմի նախաշեմին տպագրում էին Վահան Թեքեյանի «Հրաշալի հարություն» բանաստեղծությունների գիրքը, Տիգրան Չոկուրյանի «Վանքը» վեպը, Հակոբ Սիրունու «Դեպի տաճարն հրաշքին» գիրքը, կովկասյան դերասանական խումբը Պոլսի «Պըտի շանի» թատրոնում ներկայացնում էր Լևոն Շանթի «Հին աստվածները», Կոմիտասի ղեկավարած «Հայ գուսան» երգչախումբը համերգներ էր տալիս…, այդ նույն ժամանակ Թուրքիան զորակոչ էր հայտարարում, կնքում գաղտնի դաշնագրեր, բանտերից ազատում հանցագործ-մարդասպաններին, դեպի անապատներ տարագրման ծրագրեր մշակում:
Դե, սերբերն էլ անգործ չէին նստել, և ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում սպանեցին ավստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին…:
Կարելի է կարծել, թե վերոհիշյալ դեպքերի նշումը քիչ կապ ունի Ալաջաջյանի վեպի հետ, բայց հարցն էլ այն է, որ գրողը հենց այդ ամենի մասին է գրում, գրելով փաստում ու հիմնավորում, թե որտեղ էր եռ գալիս «հայոց հարիսան», և թե ինչու և ինչպես նախապատրաստվեց հայոց Մեծ եղեռնը: Այդ ամենի` աշխարհի սևացման, վերաբերյալ Ալաջաջյանն իր խոսքը հագեցնում է ոչ միայն ամենազանազան պատմական փաստերով, այլև ընդհանրացումների ու խտացումների միջոցով ստեղծում է գեղարվեստական ուժեղ պատկերներ: Այդպես աշխարհը սևանում էր, իսկ արևը, գրողի բառով ասած` «ճաքճքում». «Մի եզերքով սևանում էր, ամպոտվում, հանգում, ինչպես մոխրացող կրակը: Նրա կլոր կազմվածքի կեսն արդեն գունազրկվեց, ստացավ Արմաշի հողերի գույնը, և այդ գույնը տարածվեց: Արևը դարձավ մահիկ»: Գրեթե միշտ հայոց պատմության ընթացքը ցուցաբերել է անընդհատ կրկնվելու հակում, և այդպես, անընդհատ սև արևը փոքրացել ու կարմիր մահիկ է դարձել, ու այդ մահիկը միշտ ձգտել է լրման, ասել է թե՝ մեծ Թուրանի ստեղծման: Իսկ սկսված պատերազմը լավ առիթ էր այդ ամենն իրականացնելու:
1914-ի հոկտեմբերի 13-ին Թուրքիան պաշտոնապես ջիհադ հայտարարեց՝ բոլոր թուրքերին դարձնելով միջահիդդեն (կրոնական մարտիկ): Վերջին անգամ Թուրքիան պաշտոնապես 300 տարի առաջ էր այդպիսի հայտարարություն կատարել: 1915-ի մայիսի 20-ին ընդունվեց «Ժամանակավոր օրենքը», ըստ որի՝ տեղահանության էին ենթակա քրիստոնյա բնակավայրերի բոլոր բնակիչները:
Այլուր և անհայտություններ, այսինքն՝ անապատներ ուղարկվող հարյուր հազարավոր այդ զանգվածներին ճանապարհին թալանում էին, խոշտանգում, բռնաբարում: Ոստիկանները հանել էին տալիս կոշիկները, որպեսզի ստացած վերքերից շուտ մահանան, զինված խմբերը առևանգում էին երեխաներին, մանավանդ մինչև հինգ տարեկաններին, որոնք չէին կարող հիշել իրենց ծնողներին, նրանց անվանափոխում էին, թլպատում: Ալաջաջյանը վեպում անդրադառնում է մանավանդ էնվերի, Թալիաթի, Շյուքրի, Հալիմի, Ջեմալի հայատյաց գործողություններին, բայց սա բոլորովին էլ չի նշանակում, թե գրողն իր պատումը ծանրացրել է քաղաքական, ռազմական ու ազգային հարցերի քննությամբ:
Այդ ամենն էր, որ ի վերջո հայ մարդու մեջ պիտի սաստկացներ դիմադրության ոգին, նրան մղեր ազգային արժեքների պահպանման միակ միջոցին՝ զենքին:
«Չսպիացած վերք» վեպը հենց այդ ամենի մասին է, դժոխային պայմաններում հայտնված հայ մարդկանց մասին, պատմական վավերաթուղթ, պատմության դասագիրք՝ ազնիվ ու արդար ապրելու, մշակույթ կերտելու և մարդկային նկարագիրը չկորցնելու մասին:
Առանցք ունենալով մի գերդաստանի պատմություն` Ալաջաջյանը վեպում հյուսում է արևմտահայության ընդհանրացված կյանքի հոգևոր այն բարձր ընթացքը, որին նրանք հասել էին 20-րդ դարասկզբին, և ցույց տալիս ֆիզիկական, հողային, նյութական ու մշակութային այն ահռելի կորուստները, որ ունեցան հայերը ջարդերի ու եղեռնի հետևանքով: Այդ համապատկերի վրա էլ վեպում արժևորվում ու իմաստավորվում են լեզու, հոգևոր ու ոգեղեն հատկանիշներ, մշակույթ, ազգային նկարագիր, ընտանիք անփոխարինելի արժեքները:
Արդեն վաղուց ասված ճշմարտություն է, որ ապրում են միայն այն ժողովուրդները, որոնք իրենց պատմությունից առաջ չեն մահանում: Իսկ պատմություն ստեղծելու համար հավատք ու ոգի պետք է ունենալ, ուժ և արժանապատվություն, նաև` զարգացող դեպքերից դասեր քաղելու ունակություն: Վեպի գերմանացի հերոսներից մեկը` Ֆայնբեգը, խոսելով ուժի իրավունքի մասին, մի այսպիսի միտք է արտահայտում. «Ե՞րբ են այս ճշմարտությունը հասկանալու հայերը, …նրանք ոչ իրենց և ոչ էլ ուրիշների պատմությունից դասեր չեն քաղում, …չեն սիրում զենքը … և իրենց ազատությունը սպասում են ուրիշներից»:
Գրողն իր վեպով հաստատում է այն գաղափարը, որ Ֆնդիճաքի հերոսամարտի շատ մասնակիցներ, այո՛, զոհվեցին, բայց այնտեղ, որտեղ չկռվեցին, այդ մահը կրկնակի եղավ` ֆիզիկականից զատ` մահ մոռացման: Ալաջաջյանը վեպում պատկերում է նաև երկրի ու ժողովրդի բարքերի, սովորույթների, սիրո ու նվիրման, ազնիվ ու հերոս հոգիների ամբողջական պատմություններ:
Գրողի երևակայությունը հատկապես թևածում է հայ մարդու խոհուն ու արարող էության, Հայաստան բնաշխարհի, շեների, վանքերի ու պատմական հուշարձանների պատկերները կերտելիս, որտեղ առանձնանում են Արմենակի, նրա հինգ որդիների, տանուտեր Մինասի ու նրա կնոջ` Նանեի, պայքարի անմնացորդ նվիրյալներ Պետրոսի, Ավետիքի, Մեսրոպի, պատմական անձեր Լեփսիուսի, Պոլսի պատրիարքներ Մաղաքիա Օրմանյանի, Զավեն Եղիայանի, օտար և հայ քաղաքական ու մշակութային այլ գործիչների կերպավորումները:
Հեղինակային իդեալը վեպում մարմնավորված է Գինդ Մեռոնյանի կերպարով: Նա որքան կրոնական, նույնքան էլ աշխարհիկ անձնավորություն է. բանակցություններ է ունենում պատրիարքի հանձնարարություններով, վարում պատարագներ, երգում սաղմոսներ, քաջատեղյակ է աշխարհիկ իրադարձություններին: Վեպում բազում գործողություններ և իրադարձություններ առնչվում են նրա հետ, կատարվում նրա մասնակցությամբ:
Դատարկվում է Կիլիկիան, ավերվում է Ֆնդիճաքը, փլուզվում է մի շեն երկիր: Այլևս Դրազարկի դպրեվանքը սաներ չէր ընդունելու, Թորոս իշխանի գերդաստանի աճյուններին այցելուներ չէին լինելու, պղծվելու էին Ռուբեն և Հեթում թագավորների դամբարանները, հայոց կաթողիկոսների սրբատեղիներում աղոթքներ չէին լսվելու, չէին տոնվելու Խաչվերացի, Աստվածածնի, Հարության տոները…:
Վեպի վերջնամասում Ալաջաջյանը կերտել է Շոպենի «Ցայգային նոկտյուրնի» փոխաբերական պատկերը: Տխրության ու կարոտի այդ մելամաղձոտ մեղեդին հեկեկոցի ու արցունքի այն կաթիլները չե՞ն, որ հոսում էին մարտիրոսության բոլոր քառուղիներով անցած Զավեն պատրիարքի ծերունական աչքերից, և որոնք եկել ու ամբարվել էին Ալաջաջյան գրողի սրտում ու հոգում, դարձել պատգամ, բան նզովքի ու դատապարտման, աղոթքի խոսք՝ առ բոլոր ընկածները:
Վեպի ընթերցումից հետո ավելորդ է դառնում հարցնել «ինչպե՞ս եղավ»: «Այսպես եղավ»,- ասում է Ալաջաջյանը:
Այս գիրքը նաև մարդ-արարածի մասին է, պետությունների հանցագործությունների մասին: Այն մասին, թե ինչպիսին չպիտի լինել և թե ինչպիսին պիտի լինել: Փաստահավաք ծանր աշխատանքներին զուգընթաց, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հոգեկան ճիգերի գնով է Ալաջաջյանն այս ամենը շարադրել, ինչ սպառիչ հույզեր ու մտորումներ են նրան լլկել ամեն մի բառը գրելիս: Եվ ո՞վ կարող է ասել, այդ տառապանքները նաև չեղա՞ն նրան պատած հիվանդության պատճառներից մեկը:
Այսուհանդերձ, որքան էլ ընկճված, Ալաջաջյանը երբեք չի դադարել գրելուց: Նրա հոգեկան այդ ծանր ապրումների ու տրամադրությունների արտահայտությունը եղավ մանավանդ «Անառագաստ նավակներ» գիրքը (1978), որին հաջորդեցին «Ապառաժները արտասվել գիտեն» (1980), «Ոսկեգույն ծիրկաթին» (1981), «Վիրավոր եղջերուն» (1984) և մի շարք այլ գեղարվեստական, դիմանկարային, հրապարակախոսական գործեր ու գրություններ:
Բուժման նպատակով Միացյալ Նահանգներ մեկնելուց (1992) հետո էլ Ալաջաջյանի գրիչը դադար չի ունեցել: Այստեղ նա խմբագրեց «Առագաստ» գրական ամսագիրը, ինչպես մայր հայրենիքում եղած ժամանակ, շարունակեց սփյուռքահայ գրական-մշակութային կյանքի մասնակիցը մնալ, տպագրեց «Լուսավորյալ խորաններ» (1993), «Ատրուշաններ» (1995), «Ճամփեզրի վրա» (1998), «Վաթսունականներ» (2002), «Հայ մամուլի էջերում» (2008) գրքերը:
Ալաջաջյանը մեծ ներդրում ունի նաև թարգմանական ասպարեզում (թարգմանել է Շեքսպիրի, Սարտրի, Ուելսի, Սարոյանի և այլոց գործերը): Նրա սցենարով են նկարահանվել նաև «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ» կինոնկարները: Ալաջաջյանը Հայաստանում եղած տարիներին մեծ ներդրում է ունեցել նաև գրական կյանքի կազմակերպման ասպարեզում, զբաղեցրել մի շարք պաշտոններ այդ պատասխանատու ոլորտում:
Ընդհանրացնելով ասենք, որ հայ գրին ու մտքին ծառայությունների ու նվիրումների մի անկանգ շղթա եղավ նրա կյանքը, և այն ինչ ժառանգեց նա սերունդներին, գեղարվեստական մնայուն արժեքներ են և մեծագույն սիրո ու գորովի են արժանի: