ՀՈՒՅՍՈՎ ՇԱՂԱԽՈՒՆ «ՀՈՒՅՍԻ ՇԱՎԻՂԸ» / ՆԱՆԵ

 

Այս օրերին, երբ ազգովի տարուբերվում ենք հույսի և անհուսության վայրուվերումներում, և որտեղ հույսը քիչ է, Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղ» գիրքն իր նորամուտով, անկասկած, անկումի մեջ թևավորելու առաքելություն ունի:
Գրքում տեղ գտած երկու վիպակներում հիմնականում իրական պատմություններ են, բայց այդ՝ առաջին հայացքից տարբեր անցուդարձերի թնջուկներում ընդհանուրը ևս քիչ չէ: Երկուսում էլ՝ և՛ «Շավղից դուրս», և՛ «Լռությունից անդին» գործերում՝ մեկում մի փոքր քիչ, մյուսում՝ ավելի, ընդգծված են հայն ու Հայրենիքը, արցախյան դեպքերը: Բնականաբար, դա պատահական չէ նախ այն պատճառով, որ ցանկացած հայի կյանքում՝ դար առաջ թե այսօր, քիչ թե շատ ներկա է շարունակվելու, երկիր չկորցնելու մաքառումի իրականությունը, և հետո՝ Կարինեն իրեն հասած շատ պատմություններից, վստահ եմ, գիտակցաբար է ընտրել կյանքը երկրի ճակատագրի հետ միաձուլած կերպարներ ունեցողներին:
Հերոսները երկու գործերում էլ՝ կամ հենց սկզբից, կամ կյանքի ընթացքում, երկու մասի, երկու հակադիր որակների են բաժանվում՝ միջին չկա, և ակնառու ցուցանում են ասես, թե ինչպիսին պետք է լինի՛ մարդը և ինչպիսին չպետք է լինի, ինչպիսին պետք է լինի հա՛յը և ինչպիսին չպե՛տք է լինի:
Վիպակների սյուժեները շատ հագեցած են, ու թվում է, ցանկության դեպքում, կարելի էր վիպակային սահմաններից դուրս գալ, ավելի բացել և խորացնել որոշ ուղղությունների, անձանց ներկայացումը: Իսկ անչափ կենդանի, մի փոքր հումորային երանգներով խոսքուզրույցներն ընթերցելիս մտովի ասես հայտնվում ես բեմահարթակի առաջ, և հանգիստ չի տալիս այն միտքը, որ դրանցից հիանալի պիեսներ և ներկայացումներ է հնարավոր ստեղծել՝ մարդ-անհատի և մարդ-հայի անհրաժեշտ կերպարի դաստիարակության հրահանգներով լի:
«Շավղից դուրս» վիպակի հիմքում Վահե – Հասմիկ սիրո պատմությունն է, որին տարբեր այլ թեմաներ են հատվում: Սեր, որ իսկապես, ինչպես ասում են, երկու կեսերի հանդիպում է: Միայն թե այդ «հանդիպմանն» ավելի բաժանումի ու փնտրումի երկար ճանապարհ է վիճակված: Ամեն դեպքում, այս սիրակորույս աշխարհում հոգի ջերմացնող են սիրո նվիրյալների ոգեղենիկ կերպարները:
Այդ փնտրումի ճանապարհին ինչե՜ր են անցնում-դառնում նրանց, ազգի կյանքում: Այդ ճանապարհին արցախյան պատերազմնե՜րն էին.
«Բարեբախտաբար, պատերազմական գործողությունները տևել էին ընդամենը 4 օր: Բայց այդ «ընդամենը» Վահեի համար արժեցել էր մի ամբողջ կյանք, որն ապրելուց հետո նա դարձել էր բոլորովին ուրիշ մարդ» (էջ 44):
Իսկ երբ սկսվեց քառասունչորսօրյա՜ն.
«Ահասարսուռ 44 օրերի հորձանուտում նա մոռացել էր իր երևանյան իրականությունը: Առավոտից երեկո զբաղված էր բարդ վիրահատություններով: Փրկված յուրաքանչյուր կյանք համարում էր Աստծու պարգևն իրեն ու իր ժողովրդին» (էջ 45):
Պատերազմից հետո «Ո՞նց ես» հարցին Վահեի պատասխանն էր. «Հայկական»: Կարճ բառ, որի մեջ հատորներ կան անցուդարձերի, հույզերի, անկում-հառնումի:
Գրքի երկրորդ՝ «Լռությունից անդին» վիպակում մարդկային հարաբերությունների թնջուկ է, գորդյան հանգույց, որի անքանդելիության գործում յուրաքանչյուրն իր ջանքն ունի: Սովորական կյանք, սովորական մարդիկ, որոնց նմանները յուրաքանչյուրիս կյանքում, շրջապատում հաստատ անպակաս են, բայց կարինեական մատնացույցով և ցուցադրությամբ նրանք, ասես, ավելի կարևորվում են, բարձրացվում սովորականի մակարդակից և վերածվում ցուցադրական, խրատական, ուսուցողական կերպարների: Ներկա են, ասես մի հանգույց կազմած, Գևորգ-Մարո-Ելեն-Շողիկ միասնությունը, անտեսված զավակ Հրայրը, առաջին հայացքից ամենաաննֆկատ, բայց և ամենալուսավոր մարդը՝ Սաթենը, և նրանց միջև ետուառաջ կապ-անկապության գլուխկոտրուկը, որ ավելի երթում է Լռությա՜ն մեջ:
Իր անձնական կյանքը ձախողած, մարդկային շատ արժանիքներից ասես իրեն ցած գլորած Գևորգն, այնուամենայնիվ, գտնում է ինքնամաքրման ճանապարհը… Արցախում: Նա իր եսից, ընտանիքից ավելի բարձրն էր գտել, և եթե առօրեականում՝ դե, կյա՜նք է, հնարավոր է «շավղից դուրս» ընկնել, Հայրենիի հարցում դա անթույլատրելի է:
Ու եթե, այնուամենայնիվ, հանուն եսի ստորադասվում է, անգամ աճուրդի հանվում Բարձրյալից շնորհված, նախնյաց աճյուններից մարմնացած Հայրենի հողը, բոլորի՝ և՛ «սևի», և՛ «սպիտակի» ոտքերի տակից է պակասում հենարանն ու ամրությունը, որից հետո էլ ի՜նչ «ես», ի՜նչ անձնական, ի՜նչ այս ու այն: Բոլորս ենք ազգովի մի մեծ հանգույցի մեջ՝ միմյանց անքակտելի կերպով կապված ու մեկ մարմին դարձած: Շատերս դա հասկացանք մեր ցավոտ կորուստներից հետո:
Գևորգի արցախյան շրջանն իսկական հայի նկարագիր է, հայ լինելու դաս.
«Իմ տունն Արցախն է, իմ ընտանիքը՝ էս տղերքը» (էջ 99):
Տողերի մեջ ասես ինքնուրույն խցկված՝ իր փոքրիկ, բայց մեծ ներկայությամբ, երբեմն «շողարձակում» է մեր երկրի երեկվա կամ այսօրվա բարձիթողի վիճակը. սկսած գրադարանի բորբոսով, քայքայվածությամբ վախեցնող գրքերի կույտից՝ «ավելորդ ինչպես մարդիկ», վերջացրած… լավ, դա թող ընթերցողի փնտրտուքին մնա:
Հատուկ հնչողություն ունի հայերենով խոսելու ու նաև հարազատ բարբառը չկորցնելու հրահանգը. երբ հայ զինվորները կռվի դաշտում թուրքական մուղամի կլկլոցով են իրենց ազատ ժամանակը «զարդարում», Գևորգը տագնապած արթնացնում է հրամանատարին.
«Դու էստեղ քնած ես, իսկ զինվորները մուղամ են զռզռացնում: Հայկական բանակում՝ մուղամ: Հայրենիքը էլ ո՞նց են կորցնում» (էջ 102):
Սև ու սպիտակի ցայտուն նկարագիր է Գևորգի՝ բանտում հայտնվելու պատմությունը, երբ Երևանից ժամանած նախարարության աշխատակիցները և …ուհիները նրան չեն ցանկանում պատառոտված համազգեստի փոխարեն նորը տալ, և Գևորգը՝ նրանց ճոխագույն կերուխումի հենց սկզբում, տագնապի ազդանշան է միացնում: Բնական է, որ մեղավորի դերում պետք է հայտնվեին ոչ թե «ժանտախտի ժամանակ խնջույք» անողները, այլ՝ կյանքը վտանգելով զինվորներին հաց հասցնելու պատրաստվող Գևորգը և… Բանտում նրան պահակները գրկախառնությամբ են դիմավորում, տրամադրում իրենց «լյուքսը»:
Գևորգը որդուն՝ իր կողմից մերժված, իր կյանքից դուրս թողած Հրայրին, հենց Արցախում է գտնում. Արցախում է հասկանում, թե որդին որքան նման է իրեն: Երկուսով էլ Հայրենիին իրենց նվիրումով նույն ակունքն ունեին՝ արյան մեջ տրոփող նույն գենը, որ հայր ու որդի հարազատությունից ավելի մեծ սոսինձ է: Պարզապես Հրայրը ոչ թե ծնողների եսից թելադրված, շփացնող, այլ իսկական սեր էր ստացել ու կյանքը ակունքից հենց ճիշտ էր սկսել:
Եվ Արցախում է բացվում կյանքեր տևած Լռությունը: Լռությունը Գևորգի… Հրայրի, որտեղ ավելին կա, քան…
Ստեփանակերտի հոսպիտալում մահացող Գևորգի կողքին՝ հորն ասես նոր գտած ու կրկին կորցնող Հրայրն է.
«Այ հեր, դու, փաստորեն, լուրջ, գիտակցական հայրենասեր ես եղել, ոչ թե էսօրվա ճառ ասող խաժամուժի նման… Ափսոս, քեզ էդպիսին չեմ ճանաչել» (էջ 125):
Այդ ճաք տված լռությունը այդուհետ անվերջ տրոփելու է Հրայրի մտքում՝ գիշերը որպես անքնություն, օրվա մեջ՝ համլետյան պատեպատ մտորում.
«Ես, իհարկե, Դանիայի արքայազնը չեմ, դու չես հայտնվի ու չես պատմի քո իմացածը: Բայց գիտեմ, որ Հայրենիքին սպառնացող վտանգը քեզ հանգիստ չի տա, Զամպալիտ: Ուրեմն, բոլորս պիտի բռունցքվենք ու ձեռքներիցս եկածն անենք, որպեսզի մի կերպ, դժվա՜ր ճեղքենք էս խավարամածը: Հա՛, էդպես պիտի բերենք մեր տան Լուսաբացը» (էջ 126):
«Հույսի շավիղ» գիրքը այլ կերպ վերջանալ չէր կարող. միայն այդպե՛ս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։