«ՅՈԹ ՄՈՒՍԱՆԵՐԻ» ԱՅԳՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄՈՒՍԱՆ / Անահիտ ԱՐՓԵՆ

 

Այս տարվա հուլիսի մեկին «Յոթ մուսաների» այգին մարդաշատ էր և տարաժանր։ Արևշատ Ավագյանը, ավանդույթի համաձայն և տանտիրոջ իրավունքով, նախ ներկայացրեց այգու հիմնադրման պատմությունը. գնել է 2002 թ. նոյեմբերի 15-ին, հողը ժամանակին պատկանել էր Նիկողայոս Թումանյան անուն-ազգանունով մի ուսուցչի, որի փոքրիկ այգետնակում հյուրընկալվել էին Նիկողայոս Մառը, Ավետիս Ահարոնյանը, Լևոն Շանթը և շատ հայտնի այլ մտավորականներ: Խաղողի հին այգու հողը վարեցին և կազմակերպեցին ծառատունկ, որին մասնակցեցին արդեն իրենց ժամանակի հայտնի արվեստագետներն ու գրողները: Հիմնադիր ծառատունկի մասնակիցներից մեկը՝ Վարդգես Ղազարյանը, այսօր էլ ներկա էր: Ներկա էր նաև ծառերի պատվաստումների պատասխանատու գործը կատարողը՝ բազմաթիվ գրքերի, բնագիտական ակնարկների ու հոդվածների, երգիծական գրվածքների հեղինակ, Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, Բնագիտական եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, բնության և «Յոթ մուսաների» այգու լավագույն բարեկամ Սերժ Մանուկյանը: Նրա նոր ժողովածուն կհրատարակվի այս աշնանը:
Ծառատունկից հետո «մուսաների» այգում առաջինը պտղակալվեց ծիրանը, և այգու ամենամեծ տոնը նվիրվեց ծիրանին: Ընդհանրապես, ամեն պտղի հասունանալու հետ, նշվում է տվյալ պտղատոնը՝ այգին անվանելով «Յոթ մուսաների այգի», որի այգեգործական տնակն արդեն հայտ է ներկայացրել դառնալու ավելի պատկառելի և մի նոր նշանակությամբ շինություն:
Այգու մշտական հյուրն ու տարվա ընթացքում կազմակերպվող տարբեր պտղատոների լուսաբանողն է Արագածոտնի «Արագած աշխարհ» մարզային թերթը, որն այս տարվա պտղատոների բացումն արարեց՝ գալիք Ծիրանատոնին ընդառաջ ոտանավոր ձոնելով և գրելով Թթի օրվա մասին։ Իսկ Ծիրանատոնի առթիվ Արևշատ Ավագյանին գեղեցիկ ու հայաշունչ բանաստեղծություն էր նվիրել թերթի խմբագրակազմի հարգարժան անդամ, բան. գիտ դոկտոր ու պատկառելի գրող, մանկավարժ Լյուդվիգ Կարապետյանը։
«Յոթ մուսաների» այգում հանդիպում, միմյանց ստեղծագործություններին ու կատարումներին ծանոթանում են մտավորականներ, գրողներ ու արվեստագետներ։ Նրանց խոսք ու զրույցում նոր գաղափարներ են ծնվում, մեկմեկու գրածի հիման վրա մի այլ գործ ստեղծվում: Այդպես Արտուշ Փարսադանյանը մեկ ամիս շարունակ ոգևորվում էր հերթական բանաստեղծությամբ և նոր երգ գրում:
Տոների մշտական մասնակից են նաև Արտակ և Արա Արևշատյանները, Արսեն Համբարյանը, Սուրամ Անդրանիկը, Ֆայենբերգ Սարգսյանը, Նինո Սպանդերաշվիլին, լուսանկարիչ Մուշեղ Գասպարյանը, քանոնահար Մարիաննա Գևորգյանը։ Այս տարի հյուր էր նաև «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը: Նինոն միշտ պատրաստակամ և սիրով է ներկայացնում վրացական պոեզիան և իր հեղինակած ու թարգմանած բանաստեղծությունները։
Երգիչ, երգահան, գրող, այգու տոներին նվիրված ձոների ու երգերի հեղինակ Արսեն Համբարյանը, որը վաղուց արդեն հյուր չէ, միշտ ձգտում է հավաքը դարձնել ավելի բովանդակալից ու ծառայեցնել իր բուն նպատակին՝ իր երգ ու խոսքով ներկաներին ոգևորելով, ապա նաև մղելով արտահայտվելու։ Ի թիվս շատ մտավորականների ներկա էին նաև Զինաիդա Սեդրակյանը, Աիդա Ավդալյանը, Ալիսա Ավետիսյանը, Նարեկ Սահակյանը, Ալբերտ Պողոսյանը և այլոք:
Ներկայացվեցին Լիլյա Գասպարյանի ջրաներկ աշխատանքները՝ «Նատյուրմորտ» և «Բնապատկեր»: Իրենց կատարումներով ելույթ ունեցան Հռիփսիմե Խրիմյանը, Սաթենիկ Ղազարյան-Աղասարյանը, Գյուլնարա Իվանյանը, Յուրիկ Ավետիսյանը և այլոք:
Այս հավաքին հընթացս, հենց խոտերի վրա կազմակերպեցինք Մուշեղ Գասպարյանի լուսանկարների ցուցահանդեսը։ Դեռևս նախորդ դարում ստեղծված լուսանկարներից իմացանք, որ 1980- ականներին, երբ Խորհրդային Հայաստանը անկախ պետականություն չուներ, մտավորականները կարող էին Հայոց Եռագույնը տանել Կենտկոմի ցուցադրական ճամբար։ Վարդենիսի «Լճափ» ճամբար այցելած սիրված երգիչներ Ֆլորա Մարտիրոսյանին, Սահակ Սահակյանին, քամանչահար Վիգեն Հակոբյանին (Վիտոկին) ճամբարականները ողջունել էին բռունցքները վեր պարզած՝ հարուցելով ազգային տաղերի կատարողների զարմանքը: Մուշեղը բացատրել էր, որ ինքը կարսեցու թոռ է և… Եվ, մի քանի ժամ անց, հրավիրվել պիոներսենյակ, ուր Ֆլորա Մարտիրոսյանը պայուսակից հանել էր Եռագույն դրոշը և հորդորել բարձրացնել ճամբարի հրապարակում։ Հաջորդ առավոտյան օլիմպիադայի բացման սպիտակ մեծ դրոշից առաջ բարձրանում է եռագույն դրոշը: Եռագույն գունավոր շրջանակով սև-սպիտակ խունացող լուսանկարի մեջ այսօր հազիվ է նկատվում ճամբարային տողանաձողի վերևում ծածանվող Հայոց Եռագույնը։
Ահա այդ պահն էլ հավերժացրած լուսանկարը «Յոթ մուսաների այգում» ներկայացվեց պատմություն դարձած մեր կյանքի մի շարք այլ դրվագների հետ, որոնցից էին պահ Արայիկ Խանդոյանի թաղման արարողությունից, Մուշեղը և իր ընկերները 1988-ին Ազատության հրապարակում և այլ եզակի լուսանկարներ: Արցախյան շարժման առաջին քայլերում Մուշեղ Գասպարյանը ստեղծել է լուսանկարիչների ու կինովավերագրողների խումբ և անվանել «Ակնթարթ»: Նրա կապը Եռագույնի հետ հավանաբար ճամբարական 1985 թ.-ի այն օրվանից է դարձել մշտական, որովհետև ոչ միայն Ծիրանատոնին, նա ամենուր ներկայանում է Հայոց Եռագույն դրոշով, որը դարձրել է խորհրդանշական: Ընդհանրապես Մուշեղը հայտնի է աշխարհում ամենափոքր ու ամենաերկար Եռագույն դրոշները պարզելով: Առաջինի «փողփողումը» գրանցվել է 2018 թվականին Կարս և Անի քաղաքներում: Երկու փաստերն էլ հիշատակված են ռեկորդներ գրանցող հայկական Դյուցազնագրքում: Մուշեղը հիմա նախապատրաստվում է կազմակերպել հազվագյուտ պատմական այսպիսի լուսանկարների առաջին ցուցադրություններ և ցուցահանդեսներ բացել Հայաստանում և Սփյուռքում:
«Յոթ մուսաների» այգու գլխավոր մուսան, իհարկե, մեր սիրելի տիկին Լյուդմիլա Մանուչարյանն է՝ Արևշատ Ավագյանի կինը, որ միշտ համբերատար, սիրալիր, հոգատար հետաքրքրվածությամբ և բարի ժպիտով է ընդունում ու ճանապարհում բոլորիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։