ՀԵՔԻԱԹ ՄԵԾԵՐԻ ՀԱՄԱՐ / Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կամ մի արկածային պատմություն… չասեմ՝ ինչի մասին։
Նախ՝ մի պուճուրիկ հասցեական նկարագրություն. այդ անտեր ու հաճախակի խցանվող դիտահորը գտնվում է Հայաստանի գրողների միության (Բաղրամյան 3) և հարևան (Բաղրամյան 1) շենքերի արանքում գտնվող պստլիկ բակի ուղիղ կենտրոնում: Մի քանի մետրի վրա կա մանկապարտեզ, հյուրանոց և այլն: Աննկատ մի դիտահոր է, բայց կատարած գործը՝ հսկայական: Խցանվեց՝ տարածքում կյանքը կանգ է առնում: Եվ, պատկերացնո՞ւմ եք, այդ անտերը օրերս վերցրեց ու կրկին հրաժարվեց կատարել իր գործը:
Եվ… առանց ժամանակ կորցնելու՝ այց ուղիղ թաղապետարան:
Ընդունելությունը՝ ջերմ, պատասխանը՝ անկեղծ.
– Հաճույքով կօգնեինք, եթե ունենայինք համապատասխան ծառայություն:
Եվ… զանգ «Վեոլիա ջուր» ու գեղեցիկ պատասխան.
– Մենք ձեզ լսում ենք: Կձեռնարկենք համապատասխան միջոցներ: Թողե՛ք ձեր հեռախոսահամարը:
Եվ… Մեկ օր անց: Կրկին զանգ «Վեոլիա ջուր» և պատասխան.
– Դիտահորը ձեր սեփականությունն է:
Եվ… Ժամեր անց՝ արդեն այց «Վեոլիա ջուր»:
Դիմում և բացատրություն: Հասցե: Ստորագրություն և տասնօրյա աշխատանքային ժամկետ:
Հետո՝ ավելի մանրամասն բացատրություն համապատասխան բաժնում.
– Դիտահորը գտնվում է ձեր տարածքում, և մենք ոչ մի կապ չունենք դրա հետ: Պայմանավորվեք մասնավոր ընկերության հետ:
– Հրաշալի է, չէ՞, դիտահորը՝ մասնավոր սեփականություն:
Եվ… Զանգ մասնավոր ընկերություններից մեկին:
Մի քանի ժամից դիտահորի խցանումը վերացված էր: Բնականաբար, համապատասխան ֆինանսավորմամբ:
Եզրակացություն կամ, ինչպես ընդունված է ասել՝ վերջաբանի փոխարեն.
ո՞ւմ է պատկանում դիտահորը: Հետաքրքիր է, կօգնե՞ն, արդյոք, համապատասխան չափագրումները, ասենք՝ շենքից հեռավորությունը, մատուցած ծառայությունը, և այլն, և այլն, և այլն…
Կարող եք նաև չպատասխանել: Դրա կարիքը, կարծում եմ, չկա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։