ՀԱՅՈՑ ԿՌՈՒՆԿԻ ԱՆՎԵՐՋ ԹՌԻՉՔԸ / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Կռունկ, ուստի՞ կուգաս, ծարավ եմ ձայնիդ»… Արդեն քանի՜ հարյուր տարի երգում ենք այս երգը: Եվ երևի դեռ երկար ենք երգելու: Պանդխտությունը շարունակվում է, աշխարհի ամենատարբեր ծագերում մեր հայրենակիցները ապահով կյանք են փնտրում: Ապրում են օտար ափերում և կարոտում են հայրենիքը: Իհարկե, հաջորդ սերունդները չեն կարոտելու, նրանք մեծանալու են իբրև նոր երկրի քաղաքացիներ: Մեր հայտնի գրողներից մեկը՝ իսկապես հայրենասեր մի մարդ, ճակատագրի բերումով (ծանր հիվանդություն) հայտնվեց օտար ափերում ընտանիքի հետ: Մնաց այնտեղ, բժիշկների հսկողության տակ: Մեծ թոռնուհուն, որ ծնվել և մեծացել էր այնտեղ, ուղարկում են Երևան՝ ծանոթների և ազգականների մոտ մի քանի շաբաթ անցկացնելու: Վերադառնում է ծննդավայր, հարցնում են՝ ինչպե՞ս էր Երևանը: Աղջնակը գոհ է եղել, լավ տպավորություններով է վերադարձել: Բայց երբ հարցնում են՝ կուզեի՞ր ապրել Երևանում, նա իսկապես զարմանում է՝ ես ի՞նչ ունեմ Երևանում անելու:
Հայաստանը նորից դատարկվում է, բայց այս անգամ մարդիկ հեռանում են ոչ թե օտարների իշխանությունից, այլ սեփական, հայրենի իշխանությունից: Սա կարող է ավելի կորստաբեր լինել, քան նախորդ արտագաղթերը:
Հայ մտավորականությունը, գոնե նրա մի մասը, արդեն տարիներ խոսում է այս մասին, խոր տագնապ արտահայտում, բայց «վերևները» զարմանում են. ի՞նչ է եղել, ազատություն է, գնում են: Հրեն, Լիտվան (թե Լատվիան) դատարկվում է, բայց նրանք չեն տագնապում: Չգիտեմ, հնարավոր է: Իսկ մեր հարևանները կարծես հակված չեն երջանկություն փնտրել Եվրոպայում կամ Ամերիկաներում: Շուտով Հայաստանը նրանց կտրամադրի դաշտեր, քաղաքներ ու այգիներ, որտեղ այլևս մշակողներ չեն լինի: Սա ո՛չ պարտադիր և ո՛չ միակ, բայց հնարավոր հեռանկար է մեր երկրի համար, եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի:
Սակայն այսօր իշխանության մասին չեմ ուզում խոսել: Շատ ենք խոսել, էլի կխոսենք: Ես հիմա ուզում եմ հիշել հայոց մայրաքաղաքներից մեկը՝ Անին, միջնադարի ամենաշքեղ քաղաքներից մեկը: Այսօր էլ նրա ավերակներում շրջելիս զգում ես նրա վեհությունն ու շքեղությունը, թեև ընդամենը մի քանի կառույցներ են միայն պահպանվել: Բայց ի՜նչ կառույցներ… Հիմա այնտեղ ծածանվում է թուրքական հսկայական դրոշը: Ինչո՞ւ այսպես եղավ: Ինչո՞ւ իր ժամանակի համար մեծ և շեն այդ քաղաքը դատարկվեց: Անշուշտ, Բագրատունյաց վերջին թագավորները շատ մեղավոր էին, անշուշտ, կաթողիկոսը մեղսակից էր նրանց, երկրաշարժն էլ իր գործն արեց: Բայց Բագրատունի թագավորներն ու կաթողիկոսը հայեր էին, իսկ հայերը շատ են սիրում ճանապարհորդել օտար երկրներում, նոր տներ ու հայրենիքներ ձեռք բերել: Եվ օտարության մեջ, իհարկե, կարոտում են հայրենիքն ու երգում «Կռունկ, ուստի կուգաս…», ինչպես մեր հին թագավորներից մեկը՝ «Ո՞ տայր ինձ զծուխը ծխանի// Եվ զառավոտը Նավասարդի…»:
Ինչո՞ւ ենք այսքան սիրում պանդխտել: Իհարկե, մեր բնավորության այդ գիծը դժվար չէ բացատրել մեր դժվար պատմությամբ: Բայց մենք պետք է ոչ միայն բացատրենք եղածը, այլև փորձենք ինչ-որ բան փոխել: Աշխարհում երևի չկա մի ժողովուրդ, որն այդքան տուժած լինի պանդխտությունից և այդքան երգեր ստեղծած լինի հայրենակարոտության մասին: Բայց կարծես թե մենք կորցրել ենք հայրենի հողի զգացողությունը: Այս երկիրը, ի վերջո, ո՛չ օլիգարխներինն է, ո՛չ էլ իշխանավորներինը: Այս երկիրը ժողովրդինն է, և ժողովուրդը պիտի պահպանի ու փրկի այն: Կարելի է խռովել-գնալ, բայց ումի՞ց: Հողի՞ց, երկրի՞ց, հայրերի ու պապերի գերեզմանների՞ց: Ես հասկանում եմ, թե ինչքան վիրավորական է ապրել մի երկրում, որտեղ տեր ու տնօրեն են երեկ-մյուս օրը անգրագետ, շուկաներում մանր ավանտյուրաներ անող, իսկ այսօր նախարար ու պատգամավոր դարձած, ընտրախավի վերածված օլիգարխները, մի երկրում, որտեղ օրենքները միայն «ներքևների» համար են: Եվ հասկանում եմ, որ մենք քաղաքական փորձ չունեինք ու չկարողացանք դեմն առնել քաղաքական տհասության, անպատասխանատվության և թալանի:
Եվ, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ մենք ենք մեղավոր մեր երկրի այս վիճակի համար: Ասում են, Երրորդ Հանրապետության առաջին իշխանավորներից մեկն ասել է. «Էս ժողովուրդը հաչել գիտե, բայց կծող չէ»: Ցինիկ է, բայց, ինչպես պարզվում է, ճշմարտություն կա մեջը: Քսանհինգ տարի խաբում ու թալանում են մեզ, բայց այնպես էլ չենք կարողանում ասել՝ բավակա՛ն է: Եվ ձեռքներս թափ ենք տալիս ու գնում Ամերիկա կամ Ռուսաստան: Կլավանա՝ կգանք: Կամ չենք գա: Էս երկիրը երկիր չի դառնա: Քանի՜ անգամ եմ այս նախադասությունը լսել տանտիկիններից, շատ թե քիչ ապահով մարդկանցից, մտավորականներից: Եվ միշտ մտածում ենք՝ դրսից մեկը պիտի գա և էս երկիրը երկիր դարձնի: Դա մեր գործը չէ: Մերը օտար ճանապարհներն են:
Ամեն անգամ, երբ որևէ կոնկրետ ընտանիք կամ անհատ հեռանում է Հայաստանից, նրանց հանդիմանելու խոսքեր չեմ գտնում: Ամեն մեկը մի կյանք ունի և ուզում է այդ կյանքը լավ ապրել: Ու փնտրում է այդ լավը: Բայց երբ Հայաստանից հեռանալը դառնում է համազգային աղետ, չես կարող երկյուղ չզգալ, չես կարող նորից ու նորից չմտածել՝ վե՞րջը: Արդեն երկու հազարամյակ փորձում ենք երկիր ստեղծել, որն իսկապես հայրենիք դառնա մեզ համար, և դարձյալ հազիվ մի կերպ հավաքված այդ երկիրը նորից սկսում է դատարկվել: Զարմանալի համառությամբ մենք ապացուցում ենք մեզ և ուրիշներին, որ ահա ԱՄՆ-ում կամ Ռուսաստանի որևէ հեռավոր քաղաքում ապրելն ավելի լավ է, քան մեր սեփական երկրում, մեր սեփական հողի վրա: Մենք կարող ենք Իսահակյանի Աբու-լալա Մահարիի հետ կրկնել՝ «Ատում եմ, ավաղ, և հայրենիքը՝ պերճ արոտավայր հարուստների ցոփ»: Այսօր էլ և՛ հայրենիքն է պերճ, և՛ հարուստները՝ ցոփ: Սակայն այսպես կարող է ասել հուսահատված անհատը: Հազարամյակներ իր հողի վրա ապրած, քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդը չի կարող այդպես ասել: Ժողովուրդը չի կարող ատել իր երկիրը: Հենց դա եղավ, ուրեմն այդ ժողովուրդը այլևս ճանապարհ չունի գնալու: Բայց մենք կարծես թե դեռ չենք հասել մեր ճանապարհի վերջին: Միայն 20-րդ դարում ի՜նչ մշակույթ ստեղծվեց, ի՜նչ երկիր կառուցվեց: Եվ ինչպես ազատագրվեց Արցախը, քանի՜ երիտասարդ մարդ զոհվեց հանուն դրա: Մի՞թե այդ բոլորն արվեց նրա համար, որ այսօր ասենք՝ այս երկիրը երկիր չի դառնա, հավաքենք ճամպրուկները և գնանք…

***
Եթե ընթերցողներին թվա, որ սա հերթական քարոզն է, շատ կափսոսամ: Սա մի խնդիր է, որ տարիներ շարունակ հանգիստ չի տալիս ինձ, և ես հիմա փորձում եմ իմ երկյուղներն ու տարակուսանքները կիսել իմ հայրենակիցների հետ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։