Վերջերս է լույս աշխարհ եկել երգիծաբան Գրիգոր Մելիք-Սարգսյանի «Դիմաքանդակ» երգիծական ծավալուն ժողովածուն: Ամեն մի պատմվածքի մեջ ընթերցողը կտեսնի կյանքում կերպարանափոխված մարդու ծիծաղ առաջացնող կերպարը: Երգիծաբանը հարազատ մնալով իր մտքերին` գրչի շոյող շշուկով յուրաքանչյուր պատմվածքի մեջ ներկայացրել է առանձնահատուկ կերպարներ: Հեղինակը ժամանակի ֆոնի վրա տեսանելի է դարձրել այնպիսի միջավայր, կարծես թե բոլոր գործողությունները կատարվում են մեր աչքի առաջ: Երգիծողի բառն ու բանը ներդաշնակ են ծիծաղ առաջացնող դեպքերի ու դեմքերի հետ, որոնց հյուսվածքը նա ստեղծել է իրեն հատուկ ոճով և մեր ժողովրդի խոսակցական լեզվից քաղել այնպիսի բառեր, որոնք ինքնըստինքյան առաջացնում են ծիծաղաշարժ տեսարաններ: Հատուկ ձևով ծաղրում և ծանակում է մեր օրերի իշխանավորներին, օլիգարխներին, սափրագլուխներին, թալանչիներին և խաբեբաներին, գրող – մրողներին, որոնք թերացել են իրենց աշխատանքի ընթացքում, ստեղծել ծիծաղելի վիճակներ: Գրիգոր Մելիք-Սարգսյանը իրեն հատուկ ոճով ծաղր ու ծանակի է ենթարկել մեր օրերում իշխող հոռի բարքերն ու երևույթները: Նրա երգիծանքի աշխարհը ուրիշ է, պատմվածքներում ակնառու է նրա մարդասիրությունն ու անկեղծությունը: Գրել է այն, ինչ տեսել է կյանքում, որ մարդը ազատվի և հեռանա ագահությունից, բամբասանքից ու շահամոլությունից և այն մոլություններից, որոնք կան իսկապես այս անհավասար կյանքում ապրող մարդկանց մեջ: Նրա երգիծանքի մեջ կան այնպիսի տողեր, որոնք թևավոր խոսքեր են: Երգիծաբանի հումորը վարակիչ է` զուսպ, համեմված ժողովրդական բառամթերքով: Ծաղրել է նաև տարբեր բնագավառների գործիչների, պարզամիտների և կամքից թույլ մարդկանց: Գրքում առանձնանում են «Գիժ Համլետի կյանքն ու վախճանը» և «Ուստա Սանոյի արկածները» պատմվածաշարերը: Ոճական առումով ուրույն տեղ ունի «Հիմարության և խենթության անթոլոգիա» բաժինը: Չծավալվելու համար ասենք. Գրիգոր Մելիք-Սարգսյանը մեկ տասնյակից ավելի երգիծական ժողովածուների հեղինակ է` ճանաչված անուն մեր օրերի երգիծական գրականության մեջ:
Կարդալ նաեւ․․․
ՆՐԱ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ԷԻՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ
1970 թ. Պետհամալսարանի շրջանավարտներից երևի միայն Հովհաննես Գրիգորյանը ծառայեց Խորհրդային…
ՎԱՎԵՐԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄՆԵՐ / Հենրիկ ԳԱԼՍՏՅԱՆ
Հերոսապատումի արդեն ո՞րերորդ պարունակն է գրում Գոհար Մարտիկյանը: Եվ ո՞րերորդ…
ՑՆՈՐՔ / Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Երբ ջերմությունս դարձավ 37 ու կես, զանգեցի Մարիին: Մարին…