Նամակ-էսսե Ռազմիկ Դավոյանի գրքի շնորհանդեսի տպավորություններով / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

 

«Այնտեղ, պատուհանի գոգին դրված էր մի անհայտ
ճանապարհի սկիզբը…»
Ռազմիկ Դավոյան
«Ռեքվիեմի» համար գրված
նախաբանից

Սիրելի՛ Անի, երեկ այդպես էլ չկարողացար գալ Ռազմիկ Դավոյանի գրքի շնորհանդեսին: Գիտեմ՝ որքան էիր ուզում: Գնացի ամուսնուս՝ Վահանի և մեր լավ բարեկամ, նկարիչ Արթուր Մանուկյանի հետ: Ուզում եմ մի քանի բառով պատմել՝ փորձելով քեզ փոխանցել ամբողջ մթնոլորտը Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում՝ խորհրդավոր ու վեհաշուք: Մեծ դահլիճ, որտեղ մոտավորապես երկու հարյուր տեղ էր զբաղված՝ ինձ համար շատ անհասկանալի: Զարմանալի է, բայց քչերին եմ ճանաչում, գուցե սերունդների խնդիր կա, իմ սերնդից հատուկենտ մարդկանց տեսա: Նկատում եմ մեր սիրելի Ռոբերտ Էլիբեկյանին, ում կտավները զարդարում են մասնաշենքի նախասրահի պատերը: Նման հավաքույթները, գաղտնիք չէ, որ նաև շատ թանկ են մտավորականների հանդիպման հաճելի պատեհությամբ ու առիթով: Ճերմակահեր գիտնականներ են ներկա, նկարիչներ: Շատ լավ է, որ լրագրողներ են եկել: Ցավալիորեն գրողները քիչ են: Ես ակնկալում էի այնտեղ շատերին տեսնել՝ գրողների տարբեր սերունդների: Առաջին կարգում Էդվարդ Միլիտոնյանն է՝ Շանթ Մկրտչյանի հետ, Հովիկ Հովեյանն էլ է եկել, հայացքս փնտրում է, չէ՛, կարծես թե այսքանը: Չարենցագետ Դավիթ Գասպարյանն է, Համազգայինի Լիլիթ Գալստյանն էլ եկավ: Հովեյանից զատ, մեր նախկին Մշակույթի նախարարներից մեկն էլ է ներկա՝ Հասմիկ Պողոսյանը, ավելի խաղաղված ու բաց հայացք ունի, քան երբևէ:
Անի, իսկապես, աննախադեպ իրադարձություն է սա, Դավոյանի «Ռեքվիեմը» թարգմանվել է անգլերեն և հրատարակվել Միացյալ Թագավորությունում՝ Arc Publications-ի կողմից: Այս հրատարակչատունը տպագրել է բացառիկ հատորյակ՝ «Երևելի պոետներ» խորագով, հատորներից մեկը ամբողջությամբ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործություններն է ներկայացնում: Դավոյանը միակն է հայերից, որ նման պատվի է արժանացել: Ի դեպ, «Ռեքվիեմը» հեղինակի երկրորդ գիրքն է՝ նրանց կողմից հրատարակված՝ իրենց առաջարկով, ամբողջությամբ նրանց ծախսերով: Իսկ որ ամենակարևորն է, ժամանել են երկու հրատարակիչները՝ Թոնի Ուորդն ու Անջելա Ջերմենը՝ պատվարժան և շատ առաքինի մարդիկ են՝ բավական պատկառելի տարիքում: Երեկոն թարգմանում է Դավոյանի կինը՝ Արմինե Թամրազյանը: Նա ծնունդով Թեհրանից է, մեծացել է հայ մտավորականների ընտանիքում, կրթվել երեք լեզուներով՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն: Նախ սովորել է Թեհրանի համալսարանի անգլերեն գրականության ֆակուլտետում, ապա ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում՝ 1994-ին ստանալով բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, հետազոտական աշխատանքներ է կատարել նաև Թորոնթոյի համալսարանում: Ինտելիգենտ, անհավակնոտ, վեհ, բնական պահվածքով Արմինեն կամուրջ է դարձել հրատարակիչների, գրողի ու հանրության միջև: Հրատարակիչները շատ բարձր են գնահատում «Ռեքվիեմի»՝ Արմինեի թարգմանությունը:
Դավոյանը թվում է ոգևորված, միշտ ժպտացող աչքերով ու չդադարող հումորով, բայց բոլորիս հայտնի պատճառով վշտից կքած է, մեջքը կռացել է: Միլիտոնյանին հուշում է՝ Էդիկ ջան, մի երկու բառով բացում արա, Միլիտոնյանը չի զլանում, անշուշտ, ներկայացնել: Արմինեն շարունակում է երեկոն՝ բեմ հրավիրելով հրատարակիչներին ու գրողին: Թոնի Ուորդի ելույթը տպավորիչ է, ներկաները հուզված են, նա ընդգծում է, որ ինքն այստեղ է՝ նաև ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մի քանի օրից կրկին և կրկին հարգելու է հայ ազգը, և խոնարհվում է Դավոյանի տաղանդի առջև, որ պոետական լեզվով խոսելով նման ոճրի ու եղեռնագործության մասին, ոչ մի վայրկյան չի չարացել, դառնացել է, բայց չի լցվել ոխով: Ի դեպ՝ գրքի շապիկին Ծիծեռնակաբերդի հուշարձանի պատկերն է, որը լուսանկարել է հենց պարոն Թոնին, երբ 2011-ին առաջին անգամ Հայաստան է եկել: Թոնի Ուորդի ճառը գրականության և ներքաղաքական հարաբերությունների, համամարդկային արժեքների ու չպատժվող նախճիրների մասին է, նրա խոսքը վայել է Նոբելյան բանախոսություն կոչվելու:
Անջելա Ջերմենն առաջին հերթին հատված է կարդում գործից՝ այսպիսով պատվելով բանաստեղծին: Ապա իր գնահատանքի խոսքն ամփոփում է իրական պատմությամբ: Մեծ Բրիտանիայում շուքով են նշում Առաջին աշխարհամարտի զինադադարի հիշատակի օրը. զորահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ: Ահա այդ միջոցառման ժամանակ էլ նա հատված է կարդացել «Ռեքվիեմից»՝ իբրև համամարդկային ողբերգության կոթող, և մարդիկ ընթերցումից հետո մեծ ոգևորությամբ շրջապատել են իրեն՝ հարցնելով՝ ով է այդ հեղինակը, և ինչպես նրան գտնենք: Տպաքանակի մի մեծ մաս վաճառվել է հենց այդ նույն օրը: Դավոյանը հետո մեկնաբանում է. «Տեսնում ե՞ք, բրիտանացի ընթերցողին «Ռեքվիեմս» բերկրանք է պարգևել, ինչի համար ուրախ եմ, այո՛, բերկրանք և ոչ թե վիշտ»: Այս արտասովոր նախադասությունը փիլիսոփայական հակադրամիասնություններով մտածող Դավոյանի էությունն է արտահայտում:
Մի այնպիսի՜ հպարտություն եմ ապրում, մտորում եմ. «Այս մարդիկ, որ իրենց կյանքում միշտ գործ են ունեցել լավագույն գրականության հետ, համաշխարհային պոեզիայի գոհարների հետ, որքան պարզ են իրենց վեհության և մեծության մեջ և որչափ գնահատել գիտեն բարձրը: Ճիշտ պահին արժևորել. հատկություն, որ միայն իսկական մեծերին է հատուկ: Նրանք աներկյուղ են իրերն ու երևույթները իրենց անուններով կոչում, նրանք աներկբա են իրենց ընտրության մեջ»: Ապա պարոն Թոնիի խնդրանքով Դավոյանն ընթերցում է «Ռեքվիեմից» «Տվեք ինձ իմ աչքերը» հատվածը, և դահլիճը մեկեն ալեկոծվում է, իսկ ես արցունքների միջից շոշափում եմ հավերժության հպումը… Այսպես պատահում է, երբ թանգարանում կանգնում ես Լեոնարդո դա Վինչիի կամ Ռաֆայելի գլուխգործոցների առջև, երբ հայտնվում ես հնագույն քաղաքակրթություններից մեզ հասած մշակութային կոթողների առջև, Փալմիրում, Ակրոպոլիսում… Պառնասից մուսաներն ասես թևածում են մթնոլորտում: Այսպես լինում է, երբ հոգիդ բաց է ու սավառնում է հավերժականի, գրի, աննյութեղենի ծիրում: Դա՛ է հենց արվեստի ուժը:
Հետո Արմինեն նույն հատվածը կարդում է անգլերեն: Այնքա՛ն ազնիվ թարգմանություն է, որ ինձ զգում եմ Մեծ Բրիտանիայում՝ թագավորական ընդունելության ժամանակ: Արմինեն վերծանել է Դավոյանի գրի առեղծվածը հայկական խաչքարի մանրանկարչական ասեղնագործությամբ, Հայոց վիշտն այդպիսի անգլերենով վերածել է համամարդկային աղոթքի ու համարձակորեն հանձնել բարձրաճաշակ, նրբաքիմք բրիտանացիների ու աշխարհի ընթերցողի դատին: Որքան ահռելի աշխատանք է կատարել թարգմանչուհին, մանկավարժ-գիտնականը՝ իր Եսը մի կողմ թողնելով:
Տարիներ առաջ գրքի նախաբանում (ձեռքիս 1997 թվականի վերահրատարակվածն է) Դավոյանն այսպես է գրում. «Այս «Ռեքվիեմը» ողջերի համար է», իսկ այսօր՝ երկու տասնամյակ անց, նա ասում է. «Ես ողբում եմ այն մարդկանց, ովքեր ողջ են, բայց տասնյակ անգամներ մեռել են և դեռ ամեն րոպե շարունակում են մահանալ»: Իր պատկառելի տարիքի խորքերից եկող Գրողի ահռելի ձայնը փիլիսոփայական է, նրա ամեն բառում ողբերգական նոտա կա, այսօր նա բարձր է կանգնած անգամ իր անձնական վշտից և հաղթահարելով ճակատագրի քամահրանքն՝ անկեղծանում է. «Փորձեցի «Ռեքվիեմը» հիսուն տարի անց շարունակել, զգացի, որ կարող եմ, որ զորում եմ, քանի որ վերանձնական վշտիս այժմ նաև անձնական վիշտս է գումարվել՝ որդուս՝ Մհերի կորուստը: Եվ ծնվեց «Մհեր» ստեղծագործությունը՝ ի հավելումն «Ռեքվիեմի», պոեմի հետագա վերահրատարակումներում գուցե մաս դառնալու միտումով»:
«Ես փորձեցի մարգարեանալ՝ պայծառ ապագա խոստանալ իմ ժողովրդին շատ տարիներ առաջ «Իմ Հայաստանը» բանաստեղծությամբ,- շարունակում է Դավոյանը՝ բանաստեղծությունը կարդալով,- բայց տասնամյակներ անցան, ու մարդկության ախտերն ու հիվանդությունները նվազելու փոխարեն բազմապատկվեցին: Մեր ազգը բարի մարգարեություն չի ընդունում, բայց սև մարգարեություն՝ որքան ուզես»: Անի, սարսռում եմ, չգիտեմ ուր փախչել, լսել չեմ ուզում, տեսնել չեմ ուզում ակնհայտը, բայց նա, ցավոք սրտի… չի սխալվում, ու դրանից սարսափով է լցվում սիրտս:
Մի անբացատրելի զուգադիպությամբ՝ գրքի հրատարակումը համընկել է «Ռեքվիեմի» առաջին տպագրության հիսունամյակի հետ (առաջին հրատարակությունը 1969-ին է եղել), իսկ գրքի շնորհանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի օրվան նախորդող շաբաթում կայացավ: Դարձյալ մտորումների մեջ եմ, ինչո՞ւ կես դար պահանջվեց, որ ի վերջո այս գլուխգործոցը գտներ համաշխարհային գրականության գանձարանում իր արժանի խորանը: Ցեղա­սպանության մասին գրված գործերից լավագույններից է, չէ՞, Անի, որպես գրականագետ՝ դու այդ բանն ավելի լավ կիմանաս, ես սրտի զգացողությամբ եմ դատում: Քսան տարեկան պատանու գրիչն այդ ի՜նչ տիեզերքների է հպվել, այդ ինչպես է երկնել նման զորեղությամբ: Եվ հետո՝ «երկաթե վարագույրը», լույս ընծայման արգելքը, միայն տարիներ անց հնարավոր եղավ գիրքը տպա­գրել՝ Սերո Խանզադյանի նախաբանով: Խանզադյանը, Հրանտ Մաթևոսյանը, Սարոյանը և էլի մի քանի մեծեր տեսան նրա գրչի հուժկու ուժը:
Դավոյանը, չեմ վախենա ասել, հայ գրականության կենդանի լեգենդներից է, և փառք Աստծու, որ գնահատվել է երկրի բարձրագույն պարգևներով, սակայն գրողի հայացքում մի թաքնված տագնապ եմ նշմարում. արդյոք ճանաչո՞ւմ են իրեն այսօր, կհիշե՞ն ապագայում եկող սերունդները: Ահա թե ինչն ինձ՝ ներքուստ վեհերոտիս, մղեց անսալ Դավոյանի հարցին՝ թե ներկաներից որևէ մեկը ոչինչ չի՞ ուզում ասել… Մի գերբնական ուժով ոտքի ելա, հաղթահարեցի ամֆիթատրոնի չվերջացող շարքերը, դահլիճում իշխող կարծրացած լռությունը, իմ ներքին անհամարձակությունը ու հայտնվելով բեմում՝ Տեր Հոր բարեմաղթանքների ու սպասվող «Հայր մերի» միջև, իմ խոսքում հավաստիացրի, հաստատեցի, որ մենք հենց այն սերունդն ենք, որ մեր հոգում կրելու ենք ազգային արժեքները, որ փոխանցելու ենք մեր զավակներին, իսկ իմ աչքերից գլորվող տաք ու անկեղծ արցունքը հենց դրա առհավատչյան է.
«Տվե՛ք ինձ իմ սիրտը.-
Եվ ես կհավաքեմ ձեր վշտերը բոլոր,
Կքամեմ ձեր թախիծը ձեր
աչքերի միջից
Եվ խնդության լույսեր
կցանեմ ձեր հոգում:
Տվե՛ք ինձ իմ շուրթեըը.-
Ես նրանցով հողից ծաղիկներ կհանեմ,
Կհամբուրեմ ժայռը,
և նա կդառնա վանք,
Կհամբուրեմ ձեր աչքերը,
Ձեր շուրթերը,
Ձայնը,
Կհպվեմ ջրերին-ջրերը կքրքջան,
Կհամբուրեմ լռությունը,
Եվ նա կբարբառի
հեքիաթային խոսքեր.-
Կհամբուրեմ
գույները-նրանք լաց կլինեն,
Երջանկության դողով
կըխառնըվեն իրար,
Եվ մենք կմոլորվենք գույների մեջ»:

4 thoughts on “Նամակ-էսսե Ռազմիկ Դավոյանի գրքի շնորհանդեսի տպավորություններով / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

  1. Արդեն քանի տարի, իմ հայացքի առջև, թատերագրության, թատերագիտության ու գրականության Բյուրակն անդաստանում մի Բրաբիոն ծաղիկ է աճում, անունը՝ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի…

  2. Անուշ ջան, շնորհակալություն այս աներևակայելի գեղեցիկ նամակ- էսսեի համար, որը գրված է նյութի հրաշալի մատուցմամբ, շատ խոր և տպավորիչ։ Մեծ բանաստեղծի ,,Ռեքվիեմ”-ը, նրա խոհա-փիլիսոփայական քնարերգությունը, որն իր հեղինակային ժանրն է, չափածո և արձակ նրա հսկայական ժառանգությունը կտրելու և անցնելու է դարերի միջով։ Այնքան ժամանակ
    քանի դեռ արևի տակ
    կհնչի Հայոց լեզուն, կապրի և կհնչի մեծ գրողի ոսկե ժառանգությունը։

    1. Շնորհակալ եմ հարգելի ու շատ սիրելի արձակագիր Պատրիկ Արտեմի

    2. Անչափ զգացված եմ, շնորհակալ՝ նման բարձր գնահատականի արժանացնելու համար, թանկագին Սամվել Խալաթյան։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.