Լևոն Խեչոյանի հետ կամ Թռիչքի փոխարեն, մեր փայ Երկնքում / Գոհար ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

«Ես քայլում էի մեռնելու համար հարմար հագնված» (իմ արձակ բանաստեղծությունն է): Ա՜խ, այնպես կփոխեի վերնագիրը, բայց սկզբից ևեթ էի զգում, որ կորուստ է լինելու: Մտքիս մկնիկը սկզբում իմ անձի շուրջ էր պտտվում, ինձ հասնում, ինձ մատնանշում: Դե ամենքս գիտեինք` պետք է վիրահատվեմ, բայց արդյո՞ք կապրեմ երկար: Երկար թե կարճ, կարևորը որ` կապրեմ. այս լավատեսությունը ինձ չէր լքում և ո՜չ մի վայրկյան: Վա՜յ, հանկարծ չշրջանցվի՜ կյանքը: Ունայնությո՜ւնը չզգացվի: Ու ես խոստովանեցի, որ սիրում եմ իր տեսակը:

***
Լևոնը պաշտելի է Համալսարանում, Միությունում, Հրազդանում, Երևանում, Ծաղկաձորում, ջահելների, ահելների կամ ավագ սերնդի, տարեկիցների, հասուն-մեծ գրողների, մշակների ու նորարարների, գրաքննադատների ու գրախոսների շրջանակներում: Նրան անվերապահորեն էին ընդունում բոլորը և՛ կենդանության օրոք, և՛ հիմա՝ ետմահու… Անունը տալիս են սրբություն որպես: (Եվ գուցե կան քննադատողներ էլ, բայց միայն նրա անկեղծ քննադատությանը արժանացածները կամ նրան չկարդացածները՝ ինքնակռիվ որպես):

Մեր ծանոթության հենց առաջին օրը, երբ Լևոնը նստում էր ՀԳՄ-ի 4-րդ հարկում, ինձ մի բան ասաց. «Հնարավոր է, որ կինը իր ամուսնու հետ շնանա, բայց դրսում ուրիշ մեկի հետ լինի կատարյալ անմեղ ու իսկապես երջանիկ: Ու միշտ չէ, որ ընտանիքը մաքուր է ներսից»: Ոսկի խոսքեր ուներ Լևոնը: Ես նայեցի-նայեցի նրա զինվորական շինելին: Խոստովանեց` առաջին գծում, թեժ մարտերում է թրծվել: Կինը ուսուցչուհի է Հրազդանում: Է՜, ե՜րբ էր… ես էլ էի ուսուցչուհի:

Իմ ուսանողական տարիների լավագույն ընկերներից մեկի, զոհված զինվորի մասին գրածս տեքստը` մեծ պատմվածք կամ փոքրիկ վիպակ, նա շատ հավանեց, անունը` «Իմ Զավակ», ու մեկ էլ իմ երախայրիք-երկու տեքստերից մեկը` Առնետի հետ ունեցածս ակնարկ-բանակցությունը` տպագրված «Գրական թերթում»: Ասաց` այո՛, ճիշտ կողմից ես մոտեցել հարցին: Ամեն դեպքում հայրենիքը սրբություն ա, ինքնապաշտպանությունը` հասկացողություն, թասիբ, բայց… չարիք ա պատերազմը որպես երևույթ, և ափսոս էր ընկերդ, որ – զոհվեց:

Իսկ Առնետի ու իմ զրույցի համար ասաց` տուժում է մարդասիրությունը սիրո պակասից, որը կարող է մարդն ունենալ բնության, կենդանիների նկատմամբ: Կեցցես: Առնետին չսիրողը իր արժանիքներով հանդերձ չի կարող լինել մարդասեր, քանզի մարդկանց մեջ էլ քիչ չեն… առնետները…

***
Մի օր ծնողներիս մոտ, Հրազդանի շրջանի Լեռնանիստ գյուղ գնալիս կորցրել էի ուսանողական-միակ-հարմար, ժ. 13.00-ին մեկնարկելիք ավտոբուսի ճիշտ կանգառը: Հասել Դրամատիկական թատրոնի մոտ ու մոլորվել էի: Ես այդպիսին եմ` մի տեղ մի ամիս չգնամ` հարցուփորձով եմ գտնում, եթե անգամ փնտրածս իմ տունը լինի:

Միամիտ հանդիպեցինք իրար ես ու Լևոնը (նա Պապլավոկի (Առագաստի) բացօթյայից ինձ տեսել, սուրճը կիսատ թողել և…): Ես շողշողում էի երջանկությունից, որ նրան տեսա… Իսկ նա բարեսրտորեն, հարազատ եղբոր և միաժամանակ Մեծ Սիրահարի շնչառությամբ ու սրտացավությամբ ինձ ցույց տվեց ճիշտ ճամփես, ու ես գնացի:

***
Եկան ՀԳՄ մեր նախագահին ընտրելու գարնանային օրերը: Ես ու Սաթիկը (Սեյրանյան) մենացանք մեր բացօթյա սրճարանում: Մի հանգի գովեցի Խեչոյան Լևոնին, ասես Ջան Գյուլումի կամ Համբարձում-Յայլայի օրն էր հենց, շեշտելով, որ նախագահի միակ թեկնածուն, ըստ իս, ինքն է: Իսկ եթե… հենց` Լևոնը չցանկանա, նո՜ր… մեր մյուս Լևոնին` Անանյանին կընտրենք, ում ես անսահման շատ էի հարգում: (Մեծն Հրանտից հետո էր, ու առաջին ընտրվելն էր մեր Անանյանի):
Հետո ևս մեկ, երկրորդ ընտրություն` չորս տարվա «դասամիջոցը»: Անանյանը միաձայն անցավ… Մահացավ մեր ՀԳՄ նախագահը երրորդ անգամ վերընտրվելուն պես: Ինձ համար պաշտելի դարձած իմ հոգևոր հայրը: Արդեն գիտեի, որ… Խեչոյանը ծանր հիվանդ է: Ստամոքսի քաղցկեղ: Պետք է Գերմանիա գնա, հնարավորինս շուտ:

***
Նախորդ ամառ էր, որ հանդիպեցինք: Խնդրեցի մեր Մովսեսին, ով մոտ ընկերն է Լևոնի, որ իմաց անի, Լևոնը Միկրոյից գա: Բայց առանց իմ խնդրելու էլ, ե՜րբ էլ որ Ծաղկաձորում լինեի, Խեչոյանն էլ էր գալիս, ու գեթ ջերմորեն բարևում էինք: (Շատ է այդպես եղել): Չիմացա էլ, թե ինչո՞ւ, չիմացա՜ էլ, թե ինչպես ես այնպես ուժգին փարվեցի նրան (նույնիսկ գրկեցի). շա՜տ էր նիհարել, որ ստամոքսը բարձրաձայն տնքաց, փոթոթվեց, իսկ ես լսեցի մարմնավոր ցավը: Ա՜խ, ինչ անզգույշն եմ: Ի՜նչ անեմ հիմա…

…Երկար զրուցեցինք Մովսեսի սենյակում: Հյուծված էր, դալկադեմ` Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի նման: Խոսքի կեսից հայացքս հա՜ փախցնում-գցում էի դուրս, բարդիներին, որոնց կլորաձև տերևները պուտ-պուտ, սպիտակ ու կանաչ, բազմակետերի պես էին փողփողում, շողշողում, շարժվում: Մի քանի ժողովրդական միջոց ասացի Լևոնին: Լևո՜նը… բարի, Լևոնը քչախոս, բայց պայծառ էր էլի: Քիմիա է ընդունում, էլ ի՞նչ բուսաբուժություն: Ուզում էի ասել. «Կարդացի «Արշակ Երկրորդ և Դրաստամատը», շա՜տ հզոր պատմավեպ է, շատ-շատ»,- բայց չէի կարողանում: Ասես կտուցս, կռունկի թե լորի, առողջ էր, անբարբառ: Նրան առերես գովաբանելը պարզապես անհնարին էր: Էդ էլ կա:

Մի-մի հեռու-հանդիպակաց ժայռի վրա մի-մի ոտքի վրա մնացած թռչունների նման մենք իրարու գուրգուրում էինք հայացքով, լռությամբ: Նունեն սուրճ բերեց: Հարգանք էր կաթկթում սենյակով մեկ: Հետո Սուսաննան թեյ բերեց, տխրորեն հետը տարավ, հավաքված բաժակների հետ, Մենություն-Չորանձրևի անցողիկ թախիծը: Ես նրբորեն էի նայում, թե ի՛նչ հարգանքով են Լևոնին վերաբերվում Ստեղծագործական տանը, և ինքը` փոխադարձաբար, ինչ մեծարանքով, բարեկրթորեն, համեստ:

***
Իրար ցտեսություն չասացինք: Գնալը չիմացա: Հետո… իմ ընթրիքից առաջ բակում խաղացի կարճ աղջկական փեշով, ուրախ-զվարթ, «47-ամյա» մի մատ երեխա որպես, ու Մովսեսը անցնելիս խեթեց (թե՞ ինձ թվաց): Ուշ երեկոյան գնացի-գնացի-գնացի և նստեցի գազարագույն ներկված ճոճանակին, և լավագույն արծաթաթեփուկ ջինսերս լավ նախշվեցին (լավ ճոճորվելուց հետո դժվար պոկվեցի): Ինձ տեղն է, երբ տխուր եմ, ինչի՞ եմ ուրախ խաղում:
Մովսեսը … շա՜տ նվիրված էր Լևոնին. լավ ընկերներ էին:

***
Լևոն Անանյանի հուղարկավորության օրը ժողովրդի 90%-ը նախշուն գույներ էր հագել: Ես սև շորերով էի, բայց «չի կարելի» բաց ոտքերով: Մանավանդ եթե հաշվի առնեմ, որ երբեմն-երբեմն Սարդ եմ, ուրեմն` հոլանի ոտքերով… Կարճ փեշս ավելի էր ընդգծում ոտքերիս մարմնագույնը…
Նայում էի, նայում ծանոթ-անծանոթին: Տեսնես… չորրորդ գիրքս կարդա՞ց Խեչոյանը: Չեմ խիզախում զանգել: Թեև քննադատության դիմանում եմ, բայց եթե ինքը գովի, հաստատ չեմ դիմանա: Կամ եթե… խիստ քննադատի, քանզի վիճելի գիրք է, էլի չեմ դիմանա: Սիրելի Լևոն Անանյանի օգնություն-օրհնությամբ պարգևվեց ինձ (ու մեկ էլ Պետություն պապայիս) իմ «Լրջացող խաղը»՝ որպես պարգև ու պարադոքս, խնդիր ու լուծում: …Մեծ դահլիճում ես մոտեցել-համբուրել էի մեծ մարդու ճակատը, ով իրենից հետո հարգանք ու բարյացակամություն թողեց առատորեն-առատորեն: Համոզված եմ, որ ոմանց դուր չէր եկել իմ արարքը կամ էլ դարձել էր շոկային հայացքի պատճառ: Վաղուց է` ուշադրության կենտրոնում լինելս ատում եմ, բայց… տեղ կա էս Կյանքում, ուր լավն ու վատը զանց են լինում, և ուրիշ-ուրիշ երևույթ-կարգախոսներ, դիպվածներ են մեզ ու մեր Կյանքը ղեկավարում:

Ես մենակ էի, միայնակ էի` էդքան շատ գրչընկերների, ծանոթների, մտերիմների ու ներկաների մեջ, ու բոլորը զրուցընկեր ունեին: Նույնիսկ ժպտացողներ և բարձրաձայն ծիծաղողներ կային դրսում էն պահին, երբ Լևոնին հանում էին: Հանեցին: Չէի զարմանում ուրախ շորերի կամ դեմքերի, կամ լավ տրամադրության վրա, առավել ևս` արտասվածների ու տխուրների: Լացն ու ծիծաղը վաղո՜ւց է` անբաժան են իմ բջիջում, բայց ակամա տեսա սպիտակ կեպիով, սպիտակ վերնաշորով շատ հարազատ մեկին, ում դեմքը անճանաչելիորեն փոխվել էր: Ասես նրան իր համբերատար կտուցից ու արծվենի հայացքից ճանաչեցի: Քիմիայից է փոխված ու հենց կողքի՜ս է: Մոտ գնացի, շատ մոտ, ու բարևեցինք իրար, ու արդեն գիտեի` հիմա էլ Գերմանիա է գնալու… Բայց իր հիվանդության մասին էլ ոչինչ և ոչ մի բառ, նույնիսկ լռության լեզվով չասացի իրեն: Ջերմ ու մեղավոր ժպտացի: – Ես ռիսկ չեմ անում (չեմ խիզախում) քեզ զանգել: Լևոնը մթնեց: «Ինչի՞: Գիտեիր թե… արդեն մեռե՞լ եմ»: Ես դաշունահարված Իզոլդայի պես մի պահ ընկրկեցի (մտովի թպրտացի ու պապանձվեցի), ապա գլխիկոր շարժվեցի, հեշտ տեղահանվող ու տեղափոխվող արձանի պես, մյուս Լևոնի հետքով, մինչև որ նրան մեքենան դրեցին: Ապա հոգեպես արնաքամ լինելով, թևակոտոր` ես ի ներս աղոթեցի, ասես ինքս ինձ:
– Ուզում եմ, որ լավանաս: Ապաքինվես: Լրիվ: Լիարժեք: Թեկուզ ատես ինձ կամ մոռանաս: Թեկուզ` ե՛ս մեռնեմ առաջինը (կամ ջախջախվեմ) ակամա պարզելով, որ էդքան երկար ժամանակ իմ փայ ժեռի վրա
ես
մի ոտքի վրա կեցածս,
ես
Թռչունս,
չէի կարող քեզ հավերժ սիրել…
Թեկուզ հենց նրա համար, որ Հավերժը մարդու համար չէր, Աստծո փայ վայելքն էր միայն… Քո՛ երջանկության համար Աղոթողս, ես… որ միայն ինքս չեմ միգուցե, այլ մի աղջնակ՝ մայրական-հայրական հերթական քաջալացումից կամ բժշկական սրսկումից փախած: Եթե իմ մահը գա, այնքան չեմ կոտրվի, որքան որ` քոնից, Լևո՛ն: Անզոր ենք: Անզոր: Ասել Հրանտի` խե՛ղճ ենք, խե՜ղճ: Մարդ փրկել չենք կարողանում: Ո՛չ մեզ, ո՛չ ուրիշներին: Ավա՜ղ:

***
Էլ չզանգեցի Լևոնին: Մայրս կաթված ստացավ: Խնամողը ես դարձա: Գալիս էի Երևան աշուն-աշուն, տեղս հանգիստ նստել չէի կարողանում, դարձյալ վազում շրջան՝ մորս մոտ: Կաթվածը խփել էր ուղեղով, ողնաշարով, բայց ապրեց: Ամեն օր տակն էր միզում: Էն մաքրասեր-աշխատասեր կնկանից բան չէր մնացել: Ու այդ… այդպես թաց-անտիրական այնքան երկար էր ցրտահարվում, մինչև որ կհասնեի Հրազդան, գյուղ Լեռնանիստ: Վեց տարի է՝ հայրս մեզ հետ չէ:
Տեսա` անընդմեջ խնամող է պետք, նրան մենակ թողնել չի կարելի: Ամիսներով մոտը մնացի, ստույգ` երկու ամիս ու կես: Թռել էի Երևան-քարափից Լեռնանիստ, հատել իմ «Կարոտ» ընդունայն ճամփեն: Բազմոցի կողքին մորս համար գարշոկ էի դնում ու թևից քաշելով, ասես մի ծանր հանցագործի, նստեցնում: Ես չգիտեի, որ չի կարող, չի կարելի: Մյուս կողքին աթոռ էի դնում ու ստիպում, որ բռնվի: Ստիպում-պահանջում էի, որ գիշերները խելոք քնի, որ միզի ոչ թե տակը, այլ դույլի մեջ, որ կեղտոտելուց հետո գիշերանոթի բերանը փակ պահի, որ իրեն չկորցնի, որ չստերը թարս չհագնի, որ ժակետի ու ժիլետի կոճակները սխալ չկոճկի, որ կիսածամած ուտելիքը սեղանին կամ հատակին չթափի, ո՛ր, որ, որ… Մայրս դարձել Մայր Բնություն, բաց գիրք, տանջվում էր իմ ձեռքը, ու ես էլ` նրա:

Ամենամեծ Սերս դարձել էր Ծնողի սխալը բռնելը, ուղղելը, իսկ ամենափոքր ատելություն-սերս` մերձավորիդ (ասես սեփական ես-դ) մահվան ճիրաններից գազանաբար, ցավոտ պոկելը: Հա՜ հիշում էի Ջիվանու «Սուրբ տաճար մայրիկը», ինձ ուժ էր տալիս, բայց բռնակալի նման էի փրկում մայրիկիս, բուժում գազանաբար: Ջիվանին էլ է Ջավախք աշխարհից ու մի տեղ ասում է` մայրական ծեծը վատ բան չի:
Ասում են, թե նա, ով մայր չի տեսել
Եվ մայրական ծեծից չի լացել,
Նա որբ է մեծացել:
Լևոնն էլ է Ջավախքից: Լավ հիշեցի` նրան ծեծել են համագյուղացիները: Իր պատմվածքների համար: (Մեր մասին էս ինչեր ես գրել քո «Խնկի ծառերում»): Մի տասը տարի առաջ ինձ ուզում էր ծեծել մորքուրս, որ գրել եմ` մեծ քիթը սրբեց: «Որ քիթս մեծ ա, պըտի մեծ էլ մնե՞ր գրուկիդ (մնա՞ր գրածիդ) մեջ»: Հայրս կար էդ Նոր տարուն, չթողեց, որ բանը ծեծի հասնի, թե չէ` հենց քթով էլ կծեծեր մորքուրս ինձ:

Հայրս մորքուրիս գոհ ճանապարհեց, նրա ներկայությամբ խրատելով ինձ: Ասաց` բալես, ուրիշ գրողական հնարքներ բանեցնեիր էլի՜, մեծ քթի մասին գրելիս: Ու պարտադիր չէր շեշտելը (շեշտված-պրծած է` մեծ քիթ, էլ ի՞նչը շեշտես), նույնը կարող էիր ուրիշ ձևով ասել, օրինակ` ալյուրոտ քիթ, բայց ցայսօր ես դողում եմ, երբ հիշում եմ մորքուրիս բարևը: Ցայսօր իմ հարազատները, զարմիկները, համագյուղացիներն ու համաքաղաքացիները, ծանոթ ու անծանոթ ինձ չեն ծեծել, թեև երբեմն այնպես մերկ եմ գրել մեր ու ձեր մասին առկա իրականությունը, որ ծեծ չէ, սպանություն էլ կարար լիներ:

Ես ու Լևո՜նը շատ էինք հարազատ մեր տեսակով: Եվ այնպիսի տպավորություն է, ասես մեծ Եղբորս եմ հրաժեշտ տալիս հիմա էլ, ցմահ: Կարոտից, կորստից կռկվելով ու մարելով:

***
Մայրս լավացավ, հաբրգեց: Ավելի ճիշտ` ջարդուփշուր արեց ինձ լալա-ծառա մնալու և իրենից փոքրիս ենթարկվելու կապանքները: Թեկուզ` իր օգտի (օգուտի) համար եմ ասում, նշանակութեն (նշանակություն) չունի: Չեմուչեմ էր անում ողջ օրը: Էլ չէր ուզում իմ պարտադրած դիետան: (Սիրտն էլի օղի էր ուզում, որ Դարդին Հարբածը հաղթի): Ինքը` շաքարով հիվանդ (շաքարով հիվանդ մեծ քույրս անհրաժեշտ դեղորայքը հասցրեց ու ալոճ), բայց` շաքարաջուր, նուռ, խաղող, օղին ասացի, կարալյոկ էր ուզում: Էն ամենը, ինչ հակացուցված է նման հիվանդին, ո՜չ միայն սիրտը, ինքն էլ էր ուզում:
Ինքը` կարիքի մեջ (թոշակը ինչքա՞ն ա, որ), (միջնեկ քույրս Երևանից իր մանկապարտեզի աշխատավարձը, եղբայրս Մոսկվայից վառելիքի, Ամանոր նշելու կլորիկ և պարկով շաքարավազի, ալյուրի գումարը ուղարկեց, բայց մաման էլի դժգոհ էր)… Ազատություն էր ուզում, սեփական ոտքով հարևանի տներով, խանութներով գնալ, բարեկամություն անել, հարևանություն անել ու առևտուր անել խանութներում: «Վե՜րջ, վե՜րջ գերությանը»,- թախծում էր նա:
Ինքը` երեխա դարձած (փոքր քույրս փող, մթերք ու հանապազօրյա ալո-բլո ուղարկեց առատորեն-առատորեն: Ողջ օրը հեռախոսը նրա ու մեր ականջներին, որ մենք մեզ մենակ չզգանք), բայց մաման էլի ու էլի էր ուզում միակը մնացած Ծնողի իր գահավորակին պինդ կենալ և ի՛նքը հրամայել, ինձ վերադարձնելով հնազանդ աղջկա-իմ կարգավիճակին: (Երկու ամիս անընդմեջ չքնելով, ցերեկը ցերեկ պահած ու գիշերը` ցերեկ, ես ներվային ծնողասեր գիժ էի դարձել): Հա՛: Ուզում էր գյուղը չափչփել սրտի ուզածի պես, ինչպես որ ամիս առաջ էր ու հանդիպածին… Է՜լ` չբողոքել մինուճար հարսից, այլ` հենց ինձանից: (Դե հիվանդատեսի եկածների մոտ կիսվել չէր կարողանում. ես դաժան պահակի պես հա՜ կողքին էի ցցված): Ճիշտն ասած` անկեղծանամ` շատ խիստ ռեժիմ էի սահմանել. գիշերը չքնե՛լ, ցերեկը քնել: Շա՜տ բան էր ուզում, բայց արդեն լավ էր: Սկզբունքորեն մորս հնարավոր էր մենակ թողնել, բայց պայմանով. չչարաշահի օղին, շաքարեղենը: Եվ եթե-զգույշ քայլի: (Ավա՛ղ, չարաշահելու և մեկ անգամ ևս, վաղ գարնանը ընկնելու էր իմ բռնակալ ռեժիմի ներքո, ընկնելուց և անկողին ընկնելուց զատ: Ու իրեն այնքան խելոք էր պահելու, որ շաբաթ չտևած` լավանալու էր: Ու ես դարձյալ Երևան էի վերադառնալու):

***
Նախանցած ամառ, երբ Լևոնի հետ նստած էինք Մովսեսի սենյակում, հիշեցի Արայի (Արա Արթյան, Գյումրեցի բանաստեղծ) մի խոսքը. «Սպիտակ բամբակը (բայց այնքան էլ սպիտակ չէր) Բարդու էրեկցիան է, սերմը» (Ծանոթագրություն – Առաջին սերս կորցնելուց հետո, 22 տարեկանում եմ գրել «Բարդի կամ աբսուրդ» պոեմը): Հիշեցի նաև դատախազ Անահիտի բարի հորդորը` զգույշ եղիր, եթե աչքիդ մեջ ընկնի այս բամբակից թեկուզ մի ծեղ, ու տրորես, բորբոքային շատ երևույթներ կառաջանան: Ահա թե ինչի ծաղկաձորցիներից շատերի աչքերը հմայիչ են շատ, խոշոր են, բայց տակներին աղբյուրակի կողմից ծալք կա (տե՛ս էսկիմոսների աչքերը), և դա ինքնապաշտպանական է: (Իսկ Օրբելի եղբայրների դեմքերը այդ բամբակով է «հավաքել» այն Հանճարը Սիբիրում):
… (Եվ ցորենամորթ են ծաղկաձորցիները)…
Ես դիտավորյալ թույլ տվեցի, որ աչքերիս մեջ ընկնի էդ բամբակից, տրորեցի, բան, ու լուսամուտներս թարախ էին լացում մի քանի օր: Ուզում էի, որ Լևոնը ապրի (ստեղծագործի), ինձ չէի ներում, որ ուժեղ սեղմել եմ նրա ստամոքսին ողջագուրվելիս, ցավեցրել, տանջել: Իսկ նա ինձ ոչինչ չի ասել ի պատասխան: Ցավից ժպտացել և անցել է ուրիշ թեմաների:
Տղուս ու աղջկաս լավ լինելուց է հարցրել:

***
Խեչոյան Լևոնի մահից յոթ օր առաջ էր, Ամանորի նախաշեմին: Մթով ելա, որ շեմին մոխիր ցանեմ տեղ-տեղ կուկլա դարձած շուշա սառույցին, ու հանկարծ քամին գյուղով մեկ հողմաբանեց, մոխիրը փչեց դեմքիս, աչքերիս մեջ ահագին մրուր լցվեց: Ես քոռացա: Լալով սեղմեցի եղբորս Մոսկվայի համարը, ասացի` է՞ս էիք ուզում, կուրացա: Չեմ տեսնում, ըսենց-ըսենց, մոխիրը լցվավ աչքերս: Եղբայրս ներողամիտ ծիծաղեց. «Բա Վերին Ախտայում ուզում էիր, որ աչքերդ լա՞վ մնան, մեր քոռ ախտեցիների մեջ ես, մի՛ նեղվի, սառը ջրով լվացվի, կանցնի»: Մի քիչ փափկեցի: Մայրս զգում էր, որ հետս վատ բան է եղել, զարմացած թռչնակի նման կլոր-կլոր էր նայում: Չգոհացա: Հմուտ նկարչի պես աչքերս լավ կկոցելով զանգեցի երեք քույրերիս` մեծից պուճուր: Վայ-վույ արեցինք ալո-բլոյով, ու փոքր քույրս կոնկրետ խորհուրդ տվեց ինձ բժշկագիտական, ասաց` թասով գոլ ջուր բռնի, աչքերդ մեկիկ-մեկիկ մեջը վաննա դիր, հանի: Երեք անգամ նույն կողմի ձեռքի ափով աջ տրորի, երեք անգամ էլ` ձախ: Հետո` մյուս աչքդ, ու լրիվ կլավանա: Այդպես էլ արեցի ու լավացա ու ընդամենը` չորս օրում: Իսկ Նոր տարվա օրն արդեն լավ-լավ էինք, ես էլ, մայրս էլ: Մորս զգացմունքներն էլ` էգոյի, փողահաշվարկի, համի զգացողության ու քմահաճույքների հետ սկսել էին աշխատել: Ու պարտվել էր ցավը նրա մեջ: Վերջացել:

***
(((…Ես վերջացա Լևոնի համար այն օրը, վերջացա խաղի նման, երբ ու որովհետև այդպես էլ չբացատրեցի` ռիսկ չեմ արել (չեմ խիզախել) զանգել քեզ, ինչո՞ւ))):

***
…Մայրս ինձ խփեց, ու ես նրան քաշքշեցի: Նոր տարին նոր էր սկսվել, մայրս ինձ վռնդեց: Դուռ-լուսամուտ բացեց (հարևանուհու հետ պայմանավորվեց` նա՞ էր գալու առաջինը իրեն հյուր, թե՞ ինքը նրան) ու ինձ ասաց` ռադը՛դ քաշի-գնա, ես ուզում եմ մենակ ապրեմ:
Գիշերը հեռուստացույցը հաղորդել էր արդեն. վախճանվե՞լ են, թե՞ մահացել, թե՞ մարել, թե՞ հեռացել, թե՞ գնացել գրող Լևոն Խեչոյանը և ռեժիսոր, ռեկտոր Արմեն Մազմանյանը (երկուսն էլ… նո՞ւյն հիվանդությամբ): Մեկը մյուսից ծանր բոթ: Ա՜խ, մայրս բարիլույսին քշում էր ինձ իրենից, իսկ ես… ենթարկվեցի…

***
… Էն ամառ, Լևո՜ն, երբ դու եկար Մովսեսի սենյակ, իրերս շատ-շատ էին, ինչպես միշտ (շորեր ու թղթեր): Երբ բարդիների հետ կենակցում էի ես, դու արդեն քո տուն, Հրազդան էիր հասել: (Սենյակում ավելի շատ` լռել, մենք լռե՛լ էինք միասին: Եվ այդ լռությունն էլ մեզնից յուրաքանչյուրը շալակած էր պահում ու տանում. այնքան-այնքան մեծ էր: Եվ Նա էր ամենածանրը` Մեծն Լռությունը): Չորս մեծ, շատ մեծ պայուսակներով էի: Պատմվածքներ, նաև նոր:

Մի բարեդեմ վրաստանցի կին և իր ամուսինը ինձ հետ բարձրացան Երևան մեկնող գազելը: Նրանք այնքա՛ն-այնքա՛ն շատ օգնեցին ինձ, որ չզգացի էլ` ծա՜նր էր բեռս: Կապույտի բեռը նույնպես ծանր է: Քո քույրն էր, չէ՞, այնքան նման էր նա քեզ: Իր ամուսնու հետ էր: Ի՛ր: Ե՛ս այդպես որոշեցի, որ նա իմ և քո քույրն է: Մեզ միացնողը: Ջավախեցիներ` ինձ ու իմ երեխաներին չբաժանողներ… (Սիրտս վկայում էր էդ ամառ, որ հաջորդին, Անանյանի հուղարկավորության օրը, մեր մեկ կիսատ խոսքի, վիրավոր ողջույնի պատճառով ես որպես թռչուն գահավիժելու, ջախջախվելու, եսազրկվելու ու տառապելու եմ ինքնակորստից, մեր մեծ Կարոտից): Լավ: Նա մեր Քույրն է: Որոշեցինք, ու Ջավախքում է հիմա:

Երեխաներս էլ հոր կողմից ջավախեցի են, մի տղա, մի աղջիկ: (Արդեն գիտենք, որ տեղ կա, մարմնավորն է փրկում, իսկ հոգևորը, Երկնայինը, Հավերժականը ցավեցնում են մարմնավորից էլ շատ: Ու տեղ կա` հակառակը):
Երեք կորուստ`
զավակ լինելուս,
Գրողի,
Ռեժիսորի
կորուստները…
(Շատ չե՞ն մեկ օրվա համար)

***
Մայրս վռնդե՞՜ց ինձ: Ես արագ հավաքվեցի հանգիստ խղճով: (Կարելի է ասել, որ խիղճս դարձել հաճույք և դադարել էր պարտականություն լինելուց): Հանգիստ էի, որ արդեն լավ է մեր մայր-որբուկը, մնում է` չխմի (բայց արդյո՞ք) ու շաքարեղենը չչարաշահի (բայց…), ու սլացա Երևան, ինքնախաբեությամբ, թե ամեն բան շատ լավ է լինելու (հեռուստացույցը կրկնել-երրորդել էր` Լևոնն ու Մազը մահացել են, բայց ես… չէի ընկալում և ոչ մի դաժան կրկնություն):
Եթե շատ ուզենամ՝ քո թաղմանը կարող եմ մասնակցել, Լևոն: Քոնինն էլ, Մազինն էլ, բայց ինչի՞ համար: Եթե քեզ հանդիպեի մեռած վիճակում, կուզենայի համբուրել հայացքդ (Հիմա էլ եմ համբուրում, ու – Երկինքն է): Նայեցի Երկինք: Ցավում էր սիրտս: Թվում էր, թե էլ
երբեք
երբեք
երբեք մորս չեմ հանդիպի, չենք տեսնի էլ մենք իրար, քեզ կորցրի: Արմենի հետ էլ հույս ունեի նոր-նոր հանդիպել (էս աշուն էի նոր գիրքս նրան նվիրել): Եվ հետո-հետո խնդրելու էի, որ կարդա «Դատավարությունն Մանկանց» իմ պիեսը, բեմադրեցինք միասին… Երեք կորուստ, մեկը մեկից` կորուստ (շատ չէ՞, հարցնում եմ, շատ չէ՞ մեկ օրվա համար): Կորուստներ-մացառներ, ու խճճվեցի:
Ուզում էի լալ, չէի կարողանում: Գալիս էի: Գալիս էի որդուս, աղջկաս, քույրերիս և իմ տան գրկում ծվարելու, վերականգնվելու, ընկերուհիներիս և մյուս մերձավորներիս էլ հանդիպելու: Այդ` ես էի գալիս:
Այնպես ստացվեց, որ ժամը համընկնում էր, ու երթուղայինն էլ, որը պատահական ընտրեցի Զեյթունում, անցնելու էր Գրողների միությունով: Ես չէի ամաչի իմ շատ իրերից, կգայի ու ամենաշատը կլացեի, կսգայի քո մահը: Շատերը կհարցնեին` ո՞վ է էս աղջիկը, բայց… Չէի կենտրոնացած էն բանի վրա, որ… որ դու մեռել ես, այլ էն, որ Դու Ապրեցիր: (Կաս ու Կլինես): Կարող էի ի վերջո իջնել դեռ Հրազդանում, ապա Ծաղկաձոր հասնել և սպասել քեզ Հորդ գերեզմանի կողքին: Այդ էլ չարեցի: Զայրացա-փրփրեցի մորս,
Ջավախեցիների վրա, որ
գրող են վռնդում,
գրող են ծեծում,
գրող խեղճացնում: Դրա՜նց նայի ու խելքի՜ աշեցեք (ասել Ջիվանու):
(Հետո երկար ժամանակ
ոտքս
Եկեղեցի
չմտավ):
Քեզ պինդ պահած սրտիս մեջ քո բարձր ժեռին մի ոտքիդ վրա, արծիվ ես թե բազե, մեկնարկա՜ծըդ իմ: Կարևորը, որ դու էլի Երկրում ես, Երկրի մեր փայ* Երկնքում (*** դարձվածը, կրկնում եմ, Լևոն Խեչոյանինն է) տառեր հիշեցնող մարդկանց ու բառեր հիշեցնող մարդախմբերի, խզբզանքներ հիշեցնող հանդիպումների ու սևագրեր հիշեցնող կորուստների
ու
տողատակեր հիշեցնող Լռությունների միջև են թևածում, սավառնում: Էլի ու էլի: Ու այնպե՜ս ցավոտ է բարդիներից այն կողմը` ա՛յս կողմը հիշելը բազմակետերով է լցված վիհս, և եթե շատ ուզենամ, կարող եմ քայլել այդ հողի վրայով:
Սերմ է ու մրուր ու փոշի ու այս արցունքներս, որոնք գրավոր արտահայտվեցին
(Անսկիզբ են և անավարտ):

Ինքնագրախոսական
Տեղ-տեղ անկապություն թվացող ոճավորումը հատուկ չեմ արել: Պատմվածքը այդպես ծնվեց` խուսափում եմ մնալ նույն կետում, նույն ասելիքի կամ իրականության շրջանակում, թախծում եմ, թևթևում, մեկնարկում, փախչում ինքս ինձնից, մերձավորի մեջ հեռավոր գտնում, հեռավորի մեջ արթուն մերձավորին ոգեկոչում: Աղոթում ինքս ինձ, իմ մեջ եղած (պահպանված) Երկնայինին: Տեքստը ինֆորմացիոն-զգացմունքային է: Ոճական թերությունների համար էլ մեղավոր չեմ, արժանիքների համար էլ: Ես անմեղ եմ, իմ աչքերն են մեղավոր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։