Հայոց ցեղասպանության թեման շարունակում է մնալ միջազգային մամուլի, իրավապաշտպան կազմակերպությունների, կառավարական որոշակի շրջանակների ուշադրության կենտրոնում: Բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ, որոնք դեպքից դեպք էին անդրադառնում Հայաստանին ու հայերին, այս օրերին զարմանալիորեն շռայլ են իրենց հրապարակումներում՝ հանդես գալով ծավալուն վերլուծականներով, հայտարարություններով ու պատմական ակնարկներով: Հիմնական թեման թուրքական ժխտողականության քաղաքականությունն է, արդեն ակնհայտ փաստերի առկայությամբ, որ 1915 թվականին հայերի դեմ բռնություններն ամբողջովին համապատասխանում են ցեղասպանություն եզրույթին: Այդուհանդերձ, ինչպես գրում է բրիտանական The Guardian թերթը, թեև «ցեղասպանություն բառի շուրջ պայքարը հաղթանակած է, սակայն պաշտոնական Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ մերժողականությանը»: Ըստ պարբերականի՝ «Աշխարհը հանցակից է եղել, հետևելով Թուրքիայի ասածներին, իբր, ճիշտ չէ 1915 թ. դեպքերը «ցեղասպանություն» որակել»: Մինչդեռ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը կարծում է, որ «ինչպես չարի բոլոր մեծ գործողություններին, սրան էլ դժվար է առերեսվելը, բայց դա պետք է արվի: Չարիքը մեծանում է, երբ մենք խուսափում ենք դրանից ու հրաժարվում ենք ճանաչել այն»: Թուրքական «Ակօսը» համոզված է, որ «անվերջանալի ժխտումն ամենաերկար ցեղասպանությունն է»: Պաշտոնական Թուրքիան, հավատարիմ իր սնամեջ առասպելին, «ցեղասպանություն» եզրույթը լսելիս շարունակում է դեպրեսիայի և հիստերիայի բռնկումներ ունենալ, ամեն անգամ դրսևորելով իր վայրենի էությունը` սպառնալիքներ տեղալով և դեսպաններին հետ կանչելով: Մինչդեռ, ինչպես նկատում է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը. «Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»: Անպատժելիությունը հանցագործության վերարտադրության և խրախուսման հատկությունն ունի: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հնչեցված շատ հայտարարությունների հիմնական թիրախը հենց անպատժելիություն էր, որով էլ պայմանավորված է մարդկության դեմ իրականացվող նոր և առավել սարսափելի հանցագործությունների հեռանկարը: Սակայն պաշտոնական Թուրքիան սթափվելու, իրերն իրենց անուններով կոչելու, ապաշխարելով նախնիների հանցագործ ժառանգությունից ազատվելու փոխարեն շարունակում է ընդդիմանալ՝ հաճախ հայտնվելով անհեթեթ իրավիճակների մեջ: Մանավանդ այս օրերին, երբ Հայոց ցեղասպանության թեման առավել քան օրակարգային է, թուրքական անհանդուրժողականությունն ու պնդաճակատությունն ավելի խղճահարության զգացումներ են առաջացնում: Եթե աշխարհի մեծամասնությունն արձանագրում է, որ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է եղել, պարզապես անհասկանալի է աշխարհին դեմ գնալու թուրքերի վարքագիծը: Հատկապես վերջին շրջանում հայերի նկատմամբ բարիկամեցողության դրսևորման թուրքերի ջանքերն ավելի ինքնագործ թատրոնի տպավորություն են թողնում: Թուրքերի գիտակցությանն այդպես էլ չի հասնում, որ հաշտությունը երկկողմանի երթևեկություն է, որ ճշմարտությանն ու արդարությանը հակառակ ընթացքը անջրպետն ավելի է խորացնում: Թուրք գրող Ռեջեփ Մարաշլը գտնում է. «Եթե առաջադեմ թուրքերը կարողանան Թուրքիայում զարգացնել այն գաղափարը, որ ցեղասպանությունը մարդկության դեմ իրագործված հանցագործություն է, ապա Թուրքիայի իշխանությունների խնդիրը մեզ հետ է լինելու, ոչ թե հայերի, մեր իշխանությունները մեր դեմ են պայքարելու»: Սակայն թուրք մտավորականներից և ոչ մեկը չի կարծում, թե այսօրվա Անկարան ի վիճակի է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. «Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա,- Երևանում հայտարարեցին նրանք,- Թուրքիան ստի, կեղծիքի քաղաքականությունը կշարունակի, քանի որ իշխանությունը նստել է հենց այդ մեռելների ունեցվածքի վրա և դրանից չի հրաժարվի»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երևանյան իր ելույթում, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի միջոցառումը խաղաղության ակտ համարելով, կոչ արեց հաշտության ճանապարհը գտնել, հույս հայտնելով, որ Թուրքիան մի օր կհամարձակվի իր անցյալի հետ առերեսվել: Համարյա ամենուր կարելի է լսել, որ վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու և ընդունելու է իր նախնյաց բարբարոսությունները: Առայժմ այդ վաղ թե ուշի սահմանը չի երևում: Նրանց 100 տարի էր պետք մի լղոզված, կասկածելի հանգույցներով ցավակցության համար: Ոչ մեկը չի կարող ասել, թե այդ ուղղությամբ հաջորդ քայլի համար էլի քանի տարի է պետք: Սակայն հայերի կարգախոսը` հիշում ենք և պահանջում, անսահման համբերություն է ենթադրում:
Կարդալ նաեւ․․․
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
Անկախության 25 տարիները ափեափ լցված են Ղարաբաղով, մեր համազգային հոգածության…
ՍԱ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է / Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախում սկսված լայնածավալ ռազմական գործողությունները սպասված…
Ֆանտաստիկ պատմություններ – 12 / Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Այն մասին, թե ինչպես Հայաստանը դիմեց ՄԱԿ՝ միջուկային զենք…