ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. անհրաժեշտությո՞ւն, թե՞…

g_imageՆորայր ԱԴԱԼՅԱՆ
Ինձ թվում է՝ ավելի կարևոր հարցեր ունենք. արտագաղթ, բարոյականություն, մշակութային դաշտի ամլացում…

«Ի՞նչ է պատահել, պարոնա՛յք…»
Վառլեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ամեն անգամ «Սահմանադրություն» բառը լսելիս առաջինը հիշում եմ, որ երբ Նապոլեոն Բոնապարտին հարցնում են, թե ինչ կերպ շարադրեն սահմանադրությունը, անհապաղ և անվարան պատասխանում է. «Կա՛րճ և անորո՛շ»: Գրողի զգացմունքային հայացքը մի կողմ դնելով՝ պատմաբանի սթափ բանականությամբ ասեմ՝ միանգամայն տրամաբանական պատասխան տիրակալի համար՝ հետագա հնարավոր իրավիճակների հաշվառմամբ:
Սա՝ ի դեպ, իսկ այժմ՝ ըստ էության: Եթե որևէ մեկն ինձ կարողանա համոզել, որ մեր կյանքի բոլոր, լա՛վ՝ ո՛չ բոլոր, թերությունները, լա՛վ, դրանց աննշան մասը, լա՛վ, դրանցից գոնե մեկը մինչև հիմա կապված է եղել անկատար սահմանադրություն ունենալու հետ, իսկ առաջարկվելիք փոփոխությունները կախարդական փայտիկի շարժումով կվերացնեն դրանցից առնվազն մեկը, ամենաանարժան մարդը պիտի լինեմ, եթե չլծվեմ այդ «սրբազան» գործի քարոզչությանը:
Բայց արի ուտես, որ հազարամյակների փորձը մեկընդմիշտ յուրացրած ներքին ձայնս կասկածանքով հարցնում է. «Տեսնես՝ ի՞նչ է պատահել»: Մանավանդ, երբ սովորաբար վատ օրենքներ չեն լինում, և, դարձյալ սովորաբար, լինում են միայն օրենքները վատ, թերի կատարողներ կամ ընդհանրապես չկատարողներ և, որպես օրենք, դրանց ձեռքը չբռնողներ: Մանավանդ, երբ այդ «մե՜ծ» օրենքի ոգով ձևակերպված քաղաքացիական, քրեական, տնտեսական և այլ կարգի օրենքները կիրառելիս, նորից սովորաբար, իրավասու անձը հազիվ մտածի, թե տեսնես Սահմանադրությունն ի՞նչ կասի: Իսկ նա, համոզված եմ, ոչինչ չի ասի, քանի որ ձեռքը բռնելու իրավունքից «մե՜ծ» օրենքներն օգտվում են միայն այն ժամանակ, երբ նրանց հրամայում են՝ զգա՛ստ, իսկ «փո՜քր» կամ «փոքրի՜կ» օրենքներն այդ ընթացքում հասցնում են ևս մի քանի հազար մարդ հիասթափեցնել «մե՜ծ» ու «փո՜քր» օրենքներից էլ, «մե՜ծ» ու «փո՜քր» օրենսդիրներից էլ ու կա՛մ երկրից հեռանալու ճամփան բռնել տալ, կա՛մ…:
Բայց գուցե ճիշտն ամեն օր մի քանի անգամ «Հայաստանի Հանրապետությունը… սոցիալական պետություն է», «Իշխանությունը պատկանում է…», «Մարդը, նրա արժանապատվությունը…» և էլի բազմաթիվ նման հուսադրող բաներ կարդանք և երջանկությունից ու զարմանքից թմրած ուղեղով մտածենք, թե սահմանադրական փոփոխություններից բացի, մեզ էլ ի՞նչ է պետք:
Սա էլ՝ ի միջի այլոց, իսկ այժմ՝ դարձյալ ըստ էության: Մենք ոչինչ, մի կերպ կդիմանանք: Մտահոգությունս վաղուց ի վեր աշխարհի՝ նախագահական կառավարմամբ առաջնորդվող մյուս երկրներն են, ասենք՝ Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան: Բա որ խորհրդարանական կառավարման մեր անցնելուց և աննախադեպ տնտեսական զարգացումից հետո իրենք էլ մեր փորձն ընդօրինակեն և դարձյալ մեզ հետևում թողնե՞ն: Ախր մենք ստեղծելու և ուրիշներին տալու հնամենի սովորություն ունենք:
Ճիշտն ասած՝ փոփոխություններին միշտ էլ կողմնակից եմ, միայն թե դրանցից առաջ սովորաբար մի քանի հարց եմ տալիս, իհարկե, ոչ մեկին: Հիմա էլ, իմ համաձայնությունը, որ դարձյալ սովորաբար ոչ ոք չի հարցնում, ստանալու համար, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի. «Դրանից հետո ավելի լա՞վ ենք ապրելու», «Ավելի «սոցիալակա՞ն» ենք դառնալու», «Մեր արժանապատվությունն այլևս չի՞ նվաստանալու», «Երկրից այդուհետ չե՞նք հեռանալու», «Չլինի՞ արդարություն է տիրելու մեր երկրում»…: Հարցերը շատ են, թեև, էլի ու էլի սովորաբար, ոչ ոք չի պատասխանելու:
Եվ վերջին հարցը, դարձյալ ոչ մեկին, չնայած ներքին աղոտ հույս ունեմ, թե ինչ-որ մեկն իր վրա կվերցնի պատասխանելու քաջությունը.«Ի՞նչ է պատահել, պարոնա՛յք…»:

Փոփոխված – փողփողէջ
Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

Մեր համայնքաթերթի խմբագրությունը խնդրել է պատասխանել սահմանադրական փոփոխության անհրաժեշտության մասին հարցին: Լուրջ խնդիր է, կասեին ամերիկացիները: Ուրեմն, պետք է լավ մտածել: Իսկ ես, չգիտես ինչու, առանց ծխելու չեմ կարողանում մտածել: Ուստի, դուրս եմ գալիս պատշգամբ:
Նայում եմ մայթով անցնող ՄՌԱՅԼ դեմքերին, ԽՑԱՆՄԱՆ մեջ անհուսորեն տանջվող վարորդներին, կարմիր գծերում ԲԱՆՏՎԱԾ հատուկենտ մեքենաներին, առանց բացառության բոլոր շենքերի՝ ժամանակին ոսկու գին ունեցող առաջին հարկերի ցուցափեղկերին փակցված «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» ցուցանակներին, հիշում եմ երկու օր առաջ ոսկու շուկայի մանր առևտրականների դեմ կիրառված ԽՈՇՈՐ բարբարոսությունը, երեք օր առաջ վերանշանակված ՓՈՂՓՈՂՈՒՆ պաշտոնյայի լկտի հայտարարությունը` երկիրը կլոր ա, կենտրոնում էլ ես եմ, կենսաթոշակների համակարգի բարեփոխումների բազմաքայլ շախՄԱՏային կոմբինացիան…
Եվ մտածում եմ` գուցե այս ամենի համար Սահմանադրությո՞ւնն է մեղավոր կամ Սահմանադրական դատարա՞նը: Դրանց փոփոխությունից մարդկանց կյանքը կփոխվի՞:
Տվայտանքս ընդհատեց ՃՈ աշխատակցի զիլ ձայնը` «Աջ ընդունեք և կանգնեք»: Ճիշտ ասաց, որովհետև փոփոխված ոստիկանապետն արգելել է երկրորդ շարքում կայանել նույնիսկ ՃՈ մեքենաները: Բայց հենց երկրորդ շարքում էլ «կանգնեցին»: Երկու երիտասարդ տղա իջան կիսամիջին քաշային ավտոմեքենայից, իսկ ոստիկանը փոփոխված համազգեստով էր` ԳԼԽարկը թեթև, թևքերը ՓՈՂՓՈՂէջ, դեմքը ԽԻստ: Տղաները շատ խնդրեցին, աղաչեցին-պաղատեցին, դեմքերը ՓՈՓՈԽեցին ու ձեռքերը ՓՈՂՓՈՂեցին, բայց ոչինչ չստացվեց: Եվ սկսեցին զանգել: Գուցե երեսուներորդ անունը լսելուց հետո ՈՍՏԻԿանը վերցրեց հեռախոսն ու կարճ կապեց: Տղաներից մեկը վազելով գումարը գցեց ՃՈ մեքենայի նստատեղին, վերցրեց վարորդական իրավունքն ու ճողոպրեց: Չէ՛, երկրից չէ, ՃՈ-ի տեսադաշտից:
Հիմա դուք ասեք` փոփոխե՞նք, թե՞ փողփողենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։