Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 11-ին մոտ, մի կին զանգեց ինձ և պատմեց, որ երեկոյան ժամը
23-ի կողմերը իրենց տան դիմացի շենքի երկնքում մի մեծ լուսավոր խաչ էր հայտնվել, որ շատերը տեսան:
– Ի՞նչ էր դա,- հարցնում է կինը։
– Դա այն էր, ինչ այսօր առավոտյան 7-ն անց 10 րոպեին սկսվեց,- պատասխանում եմ ես։
Ոչ մի նշանակալից իրադարձություն այս աշխարհում տեղի չի ունենում առանց Աստծո նշանի։ Այդպես եղել է դարերի ընթացքում, այդպես է և հիմա։ Եվ ի՞նչ է խաչը, եթե ոչ խաչելություն, որը տալիս է մեզ Աստված։ Մի՞թե պարտադիր է խաչվելը, մի՞թե քիչ զոհեր ենք մենք տվել դարերի ընթացքում։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք քրիստոնեության անդրանկությունը կրող ժողովուրդն ենք, մենք հայտնի և շատերի համար ծածուկ առաքելություն ունենք, և Աստված մեր հանդեպ անտարբեր չէ։ Անտարբեր չէ, որովհետև խոստումներ է տվել մեր պապերին՝ սկսած Լուսավորչից, Ներսես և Սահակ Պարթևներից (կարդացեք Ագաթանգեղոսի «Պատմություն հայոց»-ը)։ Սեպուհ լեռան վրա ճգնելու տարիներին մի անգամ Սուրբ Գրիգորը հարցնում է Տիրոջը. «Տե՛ր, դու չես լքի չէ՞ այս ժողովրդին»։ «Ես երբեք չեմ լքի այս ժողովրդին, բայց սուրն ու սուգը միշտ պետք է կախված լինեն այս ժողովրդի գլխին, որպեսզի նա իմ ճանապարհից չշեղվի»,- պատասխանում է Տերը։
Միշտ պետք է հիշենք՝ մենք իրավունք չունենք մեր քրիստոնեական կեցվածքից շեղվելու։ Շեղվեցինք՝ փորձության մեջ ենք ընկնելու։ Այդպես սիրող հայրն է ապտակում իր որդուն, քանի որ անտարբեր չէ նրա հանդեպ, նրա ապագայի հանդեպ։ Հիշենք վերջին տարիների մեր դիրքորոշումը՝ անտարբերություն քրիստոնեությանը ոչ հարիր երևույթների հանդեպ, այլասերության, անբարոյականության ջատագովում և հիմնավորում, ստի և չարախոսության աննախադեպ տարածում… Այդպես չէր կարող շարունակվել: Ես գիտեի, ես զգում էի, որ ինչ-որ բան տեղի է ունենալու։ Եվ ուրեմն՝ խուսափելու համար ապագա նոր փորձություններից, հորդորում եմ բոլորին աչքի լույսի պես պահպանել և ողջ կրծքով միշտ պաշտպանել մեր հայրենիքը, եկեղեցին և մշակույթը` երեք սյուները, որոնց վրա դարերի ընթացքում կանգնած է եղել հայ ինքնությունը` Քրիստոսի ժողովուրդը:
Մենք դատապարտված ենք քրիստոնյա լինելուն, մենք դատապարտված ենք Քրիստոսի ճանապարհից չշեղվելուն և, ուրեմն, մենք դատապարտված ենք նաև հաղթանակի, քանի որ Քրիստոս հաղթելու է դատաստանի մեջ, որը սկսվել է ողջ աշխարհում արդեն երկու տասնյակ տարի, նրա հետ հաղթելու ենք և մենք` Քրիստոսի ժողովուրդս:
Վասն հավատոյ, վասն հայրենեաց, հայե՛ր, մի կամք լինենք, մի հոգի, մի բռունցք: Մենք հաղթելո՛ւ ենք: