Մեկ տարի առաջ խաթարված՝ ասես մեկ տարով երկարած նույն օրվա ստվերում, ցա՛վի ու ցա՛վի մեջ փորձված՝ հարյուր տարով մեծացա… և միայն սեր ու կյանքի հավատ փնտրեցի՝ խելահեղ դադարների միջև մեռնել-հառնելով, ինքս ինձ հարցում անելով՝ «ախր որտեղի՞ց սեր՝ այսքան ատելության մեջ», կամ՝ «որտեղի՞ց կյանքի հավատ՝ այսքան մահերի ու կորուստների մեջ»։
– Մեր սրտերի՛ց,- եղավ պատասխանս.- մեր վիրավոր ու արնաքամ սրտերից, որտեղ տիեզերաչափ սեր կա, նաև՝ թվացյալ անսեր ու վշտից կծիկ՝ դեռ փակ սրտերում։ Ո՜վ է մեզ իրավունք տվել կասկածելու։
2021-ը ձյան սառնության չափ անտարբեր, ձյան փաթիլի պես՝ իբր զգույշ, իջավ մեր գլխին, և արդեն սառցակալած-սառույցե դաշույնների տակով մեզ գլխաբաց հորդորեց առաջ ընթանալ՝ սառցապատ բոլոր ճանապարհների գայթումներում մեզնից պահանջելո՛վ միայն՝ չկոտրվել…
Հետպատերազմյա՞ն արդյոք, թե՞ հենց շարունակվո՛ղ պատերազմի տարի, անցնող 21-ն այնպե՛ս ծանոթ էր մեկ տարում հարյուրը բոլորածիս, որ իմաստուն ծերի խաղաղ սրտով պիտի ասեմ.- «Սա մեզ հետ միշտ կատարվել է սիրո պակասից։ Ետ բերեք մեր աշխարհի լավագույն ժամանակներում թևածող Սերը (այդպես էլ է եղել, մի՛ վիճեք), ու կտեսնեք մեր ինքնության լավագույն պատկերը։ Բացեք ձեր սրտերը Ազգի ստեղծած իսկական արժեքների առաջ, ձեզ դրանցո՛վ ճանաչեք (կեղծիքն իսկույն կընկրկի), ու՝ բացահայտելով ձեր մեջ ավելին, վեր հանելով աստվածայինը, անկաշկանդ ու անմնացորդ սիրեք իրար…»։
Մեզ այսօր սրտի մասնակցություն է պետք՝ մեր խելքին ու մտքին, մեր բազկին ու պետականությանը, որի հիմքերում է՛լի մեր սերն է, ու այն խարխլվել է միշտ՝ երբ սերը պակասել է, զորանալով զորացել է՝ սիրո շատանալու հետ։
2022-ի մաղթանքս դարձյալ մեր սրտին է։ Երբ սիրտը՝ մասնագիտական մտքին ու վարպետությանը համազոր, նաև սիրո համար լինի բաց, ու նրա մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում որոշիչ լինի, երբ մոռացված «բարեխղճություն» բառն իր բուն իմաստով ամրանա ամենուրեք, կհամոզվենք՝ որ վստահությունը վստահելի է, որ ո՛չ մեկս մենակ չենք, որ շարունակելո՛ւ ենք ապրել իրար ուժ տալով, որ հաստատելով՝ հաստատուն ենք լինելու, ամրացնելով՝ ամրանալու ենք, բարձրացնելով՝ բարձրանալու ենք, աճեցնելով՝ աճելու ենք, աճելով՝ մեծանալու ենք ինքներս մեզնից, և մեր երկիրն էլ այլևս չի փոքրանալու…
Ա՛յս տարին թող այսքանը ամրագրի, ավելին՝ տրվելու է ավելիով…
ԵՎ ԵՂԱՎ, ՈՐ ԷԼ ԲԱՌ ՉԿԱՐ ԻՄ ՄԵՋ… / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
