Ի՞նչ տվեց մեզ մեր անկախությունը: Պետականության վերահաստատում, միջազգային կապեր, անդամակցություն ՄԱԿ-ում, անկախության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան, դեսպանություններ արտասահմանում, օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ Հայաստանում և այլն: Ստեղծվեց մարտունակ բանակ: Այս ամենը պետք է գնահատել: Ամենից ավելի պետք է գնահատել Արցախի անկախությունը: Դա միանգամայն իրական, շոշափելի նվաճում էր Հայաստանի և հայության համար: Աստված տա՝ այլևս արյուն չթափվի Արցախում և Արցախի համար: Բայց Արցախն այլևս ադրբեջանական հսկողության տակ չի լինի: Խորհրդային տարիներին Արցախում ես շատ սուր եմ զգացել Ադրբեջանի ծանր թաթը մեր հայրենակիցների վրա:
Այս ամենի մասին այսօր չենք կարող մոռանալ: Չենք կարող մոռանալ նաև Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները, Հռոմի պապի այցելությունը Հայաստան: Բայց երբ հարց ենք տալիս՝ անկախությունը մեր ժողովրդին տվե՞ց այն, ինչ պիտի տար, պատասխանը շատ է դժվարանում: Առաջինը պետք է լիներ իր երկրի հանդեպ տիրոջ զգացողությունը: Բայց դա չեղավ: Այլապես չէր լինի անտարբերությունը ընտրությունների հանդեպ և չդադարող արտագաղթը: Անմշակ չէին մնա մեր, առանց այն էլ քիչ, հողերը…
Այս ամենը լաց լինելու համար չի ասվում: Հայ ժողովուրդը իր պատմական ճանապարհը շարունակելու համար ունի գլխավոր զենքը՝ պետականությունը: Չի պակասել նաև ժողովրդի ներուժը, ինչն ապացուցեցին ապրիլյան չորս օրերը: Շարքային քաղաքացուց մինչև երկրի նախագահը պետք է մտածեն այդ զենքը և այդ ներուժը հանուն մեր ժողովրդի օգտագործելու մասին:
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
