Գրիգոր Նարեկացու «Հարության» տաղի «Այն ճորտն ճոճ էր և ճապուկ, Ուռամիջակ, հաստաբազուկ» տողերը շատերս անգիր գիտենք հենց գրաբարյան բնագրով: Եվ մեր մտքով չի էլ անցել կասկածել դրանց ստուգությանը, քանի որ բոլոր` հին ու նոր հրատարակություններում դրանք անփոփոխ են:
Եվ այդուհանդերձ…
Հայկազյան բառարանը1 թերթելիս «Ճապուկ» բառահոդվածում հանդիպում եմ` «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ»… Ինչպե՞ս թե. «ճոճի» փոխարեն «ճո՞խ»: Նույնը տեսնում եմ «Ճորտ» բառահոդվածում: Կնշանակի` վրիպակ լինել չի կարող: Վերջապես այն գտնում եմ նաև Աճառյանի Արմատականում` դարձյալ «Ճապուկ»-ի տակ. «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ», որին հետևում է հղումը` «Նար, տաղ, էջ 473»: Այսինքն` նկատի ունի Նարեկացու ամբողջական գործերի 1840 թ. Վենետիկում տպագրված «Մատենագրութիւնքը», որի 473 էջում է զետեղված «Յարութեան» տաղը: Միայն թե… այստեղ էլ ոչ թե «ճոխ», այլ «ճոճ» է: Ինչո՞ւ ճշգրիտ չէ Աճառյանի էջանշումը… Մնում է ենթադրել, որ մեծ լեզվաբանը այնքան վստահ է եղել ճոխ-ի ստուգության մեջ, որ եթե անգամ բացել է այդ էջը (կասկածիս մասին` հետո), ապա, միևնույն է, աչքին «ճոճը» «ճոխ» է կարդացվել:
Ինչո՞ւ: Շատ պարզ. որովհետև ճոճ բառաձև` իբրև թե «ճարպիկ, դյուրաշարժ, ճկուն» իմաստներով (ինչը տողում միայն «ճապուկի» հոմանիշներն է), չենք գտնի գրաբարի ոչ մի բառարանում` ո՛չ Հայկազյան բառարաններում, ո՛չ Աճառյանի Արմատականում, ո՛չ Մալխասյանցի Բացատրականում, ո՛չ էլ մյուս` հին ու նոր բառարաններում2:
Այնինչ տասնամյակներ շարունակ (փաստորեն` 1840-ից ի վեր) «ճոճը» (ճօճ-ի փոխարեն) զուգորդվել է «ճոճելի, ճոճումի» հետ, որից էլ արհեստականորեն, բռնաձգվելով մոտեցվել է դարձյալ նույն ճապուկ-ի «դյուրաշարժ, ճարպիկ, ճկուն» իմաստներին3: Սա պարզորոշ է մանավանդ մերօրյա ժողովածուներում4, նաև աշխարհաբարի փոխադրություններում. Արշ. Մխիթարյանի` «Ճկուն էր նա, հաստաբազուկ», Վ. Գևորգյանի` «Ճկուն էր ճորտն այն ու ճապուկ»: Եթե նույնիսկ հնարավոր համարեինք «ճոճի» իմաստային նման փոխանցումները, ապա այն գրաբարյան ուղղագրությամբ միայն ճօճ (ճաւճ) գրելաձևը պիտի ունենար, ինչը չկա ոչ միայն տպագիր հրատարակություններում5, այլև ձեռագրերում:
Իրոք, ի՞նչ են վկայում ձեռագրերը: Օգտվենք 1981-ին լույս տեսած «Գրիգոր Նարեկացի. տաղեր և գանձեր» գրքի գիտական հրատարակությունից: Այստեղ` «Տաղ Յարութեան»-ի քննական բնագրում, խնդրո առարկա «ճոճը», հակառակ մեր սպասումների, անփոփոխ է: Այսինքն` ժողովածուն աշխատասիրած Արմինե Քյոշկերյանը, «Յարութեան» տաղի համար իբրև սկզբնաղբյուրներ ունենալով 11 ձեռագիր և 1 տպագիր, այն է` վերոհիշյալ «Մատենագրութիւնքը» (1840 թ.), ստույգ է համարել հենց վերջինիս տարբերակը` «Այն ճորտն ճոճ էր»:
Բայց ի՞նչն է հետաքրքիր: Այն, որ (ինչպես ինքն է ասում` «միայն հիմքային նշանակություն ունեցող») 11 ձեռագիր աղբյուրներից սոսկ երկուսում է «ճոճ» («ճօճ-ճաւճ» առհասարակ չկա), իսկ մնացած իննի մեջ ճոխ է (սրանցից միայն մեկն է աղճատ գրչությամբ` «ջողխ»): Ահա՛ թե ինչ: Եվ, այսուհանդերձ, տաղիս քննական բնագիրը կազմողը, չկարևորելով ձեռագրերում առկա «ճոխի» գերակայությունը, նախապատվությունը տվել է «Մատենագրութիւնքի» տպագիր տարբերակին… Մի՞թե նրա մոտ հարց չի ծագել. որտեղի՞ց և մանավանդ` ինչո՞ւ են, հապա, Հայկազյան բառարանագիրները առանձնացրել «Այն ճորտն ճոխ էր…» փոփոխակը: Առանձնապես դժվար չէ կռահել` ձեռագրերից և… նույն «Մատենագրութիւնքից». միայն թե ոչ թե 1840 թվականի, այլ նախորդ` 1827 թ. հրատարակությունից: Այստեղի՛ց է «Յարութեանը» գրեթե նույնությամբ փոխանցվել «Մատենագրութիւնքի» երկրորդ (1840 թ.) հրատարակությանը: Գրեթե, քանի որ, ըստ էության, միակ (կուզեի ասել նաև` չարաբաստիկ) տարբերությունը6 ճոխ-ի փոխակերպումն է ճոճ-ի: Զուտ տպագրական-սրբագրակա՞ն սխալմունք7 էր, թե՞ մի այլ կարգի միջամտության հետևանք այդ մե՛կ տառի փոփոխությունը` հիմա արդեն անկարևոր բան է: Բայց որ դա ճակատագրական է դառնում տաղի հետագա բոլոր հրատարակությունների, ուստի և արհեստածին «ճոճի» բացատրությունների, փոխադրություն-թարգմանությունների ու բովանդակային մեկնությունների համար, անկասկած է: Սպասելի էր, որ գոնե քննական բնագիրը կազմելու ընթացքում վեր հանվեր գրաբարյան բառապաշարում բացակայող «ճոճի» անստուգությունը` այդուհետ կանխելով հետագա թյուրիմացությունները:
Եվ այսպես, ճիշտը սա է` «Այն ճորտն ճոխ էր ու ճապուկ»: Միայն` ճոխ: Որովհետև գրաբարում (դարձյալ սովորեցնում են մխիթարյան բառարանագիրները) ճոխ-ը, շատ բառերի նման բազմիմաստ լինելով, իր երկրորդ հիմնական դերով նշանակել է «հզօր, մեծ, զօրաւոր, փառաւոր», նաև` «կարող, երևելի»: Սրանցից որն էլ հասկանանք, միանգամայն հասկանալի կլինի և ամբողջ տողը` «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ»:
Իսկ ճո՞րտ-ը. սա մի՞թե մեկնաբանման կարիք չունի: Չէ՞ որ արդի լեզվամտածողությամբ բառս «կալվածատիրոջը պատկանող ազատ մարդ» է հասկացվում: Այնինչ գրաբարյան ճորտը բավականաչափ տարբեր է, այն է` «սպասաւոր, փոքրաւոր, պաշտօնեայ» (ՆՀԲ), պարզապես «մանչ, տղա» (Առձեռն բառարան): Ավելին, Մալխասյանցի բառարանը ունի (ըստ իս` Նարեկյան տաղի ճորտին առավել հարիր) գրաբարյան մյուս նշանակությունը` «աւատառու ազնուական, վասալ` իբրև թագաւորին ծառայելու պարտական»:
(Չմոռանանք, որ ճորտը տաղում այլաբանորեն հիշատակում է Հովհաննես Մկրտչին, որ պաշտոն ունի ծառայելու «թագավորին»` Քրիստոսին):
Հիմա խնդրահարույց մյուս` ուռամիջակ բառի մասին: Սա Նարեկացու կերտած այն բառերից է, որ միայն «Հարության» տաղում է առկա և չի էլ հանդիպում հետագա մատենագիրների կամ ստեղծագործողների մոտ8: Բացատրական բառարաններում դրա երկու տարբեր ընկալումը կա` «միջահասակ» (ըստ Հայկազյան բառարանների) և «մեջքը ուռի նման բարակ` ճկուն» (ըստ գրաբարյան հետագա բառարանների): Ընդունված է վերջին բացատրությունը, և աշխարհաբարի վերոհիշյալ թարգմանություններն էլ դա են հաստատում` «Ճորտն այն դալար էր և ճարպիկ» (թարգմ.՝ Արշ. Մխիթարյանի), «Դալարամեջք, հաստաբազուկ», (թարգմ.՝ Վ. Գևորգյանի): Այո, արդի հայերենում «դալարի» փոխաբերական իմաստներից մեկն էլ «ճկունն» է: Եվ դուրս է գալիս, որ և՛ «ճոճը», և՛ «ճապուկը», և՛ «ուռամիջակը» պիտի ճկուն հասկանանք… Ընդամենը երկու տող, և երեք «ճկո՞ւն»: Այն էլ բառաշխարհի տիրակալի՞ տաղում…
Սա, ինչպես ասում են, չլինելու բան է9:
Վերջապես, ուռամիջակ-ը Արմատականում հիշատակվում է ուռ արմատի տակ և դարձյալ… նույն մեկնաբանությամբ: Բայց Աճառյանը միաժամանակ արձանագրում է, որ բառի վերոբերյալ մեկնությունը պատկանում է Նորայր Բյուզանդացուն: Ճիշտն ասած, շատ զարմանալի է, որ ամենատես Աճառյանը այս դեպքում (գուցե ահռելի ու լարված աշխատանքի պատճառով) անտեսել է Հայկազյան բառարանագիրների շատ ավելի փաստարկված բացատրությունը: (Ի վերջո, Աճառյանը բուն արմատաբառերն է քննել, այնինչ Մալխասյանցը, նրանից առաջ էլ Ս. Գաբամաճյանը, ըստ իս, պարտավոր էին գոնե հիշատակել այն)10:
Ինչևէ: Դառնանք Նորայր Բյուզանդացու բառազննությանը` գրեթե լրիվությամբ միջաբերելով մեզ հետաքրքրող հատվածը:
«Ուռամիջակ: Նոր Հայկազեանն կը մեկնէ զայս բառ. «որոյ ուռքն նմանականք են միջակ. միջասահման ըստ անդամոց ձեռաց և ոտից. կամ պարարակ միջով.
Այն ճորտն ճոխ էր և ճապուկ,
Ուռամիջակ հաստաբազուկ:
Գր. Նարեկացի, Տաղ Սայլին, էջ 47311
Իսկ Առձեռն բառարանն կը մեկնէ. «միջին հասակով»:
Ըստ իս` Ուռամիջակ կը նշանակէ` ուռւոյ պէս բարակ կամ ճկուն մէջք ունեցող: Հետագա վկայութիւնք կարծեմ բաւականապէս կ’արդարացնեն կարծիքս»12:
Եվ բերվում են Թլկուրանցու, Աղթամարցու, Ղազարի «Սիրոյ տաղ»-երից մի քանի տողեր` «Ով ուռ մըջ կացըդ գիրկ ածէ», «Քո մէջքդ է բարակ քան զուռի», «Միջկունքդ13 է ուռի» (ընդգծումները Բյուզանդացունն են):
Այդ «վկայակոչումները», կարծում եմ, անհամոզիչ են: Նախ` միջնադարյան տաղերգուները գեղակազմ կնոջ (և ոչ թե «հաստաբազուկ, լայնաթիկունք ճորտի») իրանն են նմանեցրել ճկուն ու հեզանազ ուռենուն: Ապա` այս պատկերային համակարգում հստակ է ուռի և մէջ(ք) պարզ բառերի համադրումը, ինչը դժվար է տեսնել «ուռամիջակ» բաղադրությունում:
Վերջապես հարց պիտի տանք. մէջ(ք)-ը կարո՞ղ է միջակ ձևափոխությանը ենթարկվել: Չկա՛ այդպիսի վկայություն: Միջակ-ը գրաբարում հենց նույն միջին իմաստն է ունեցել. «միջին ընդ մեծ և ընդ փոքր, միջասահման, չափաւոր», նաև` «միջավայր» (ՆՀԲ):
Ավելորդ չլինի նշել, որ Աճառյանի բերած բառաքաղումներում վերջնաբաղադրիչ մէջ (ք)-ը հենց միայն «մեջ, միջին, միջավայր» իմաստներն է ունեցել` բանակամէջ, բերդամէջ, աչամէջք, թիկնամէջք (որ էլի նշանակում է «թիկունքի միջավայրը, մէջտեղը»), գետամէջք, երկնամիջակ (= հասարակած) և այլն, և այլն: Այդպես էլ Հայկազյան բառարանագիրների` ուռամիջակ բառի մեկնությունն է հա վաստի. միջակ-ը միջին-ն է:
Դիտարկենք նաև առաջին բաղադրիչը` ուռ-ը, որ ծագմամբ և հիմնական գործածությամբ ճյուղ, ամենից առաջ` «բարունակ որթոյ ընձիւղ» (ՆՀԲ) է նշանակել, և հետո միայն իմաստի զարգացմամբ, առավելապես արդեն «ուռի, ուռենի» ձևով, ծառն է հասկացվել14:
Ուղիղ բառիմաստից զատ, ուռ-ը շատ դեպքերում փոխաբերական իմաստով է գործածվել` «հանդերձ ուռովքն և արմատն կորեաւ» (տե՛ս ՆՀԲ), «Զի յորթոյ Սոդոմայ է որթ նոցա և ուռ նոցա ի Գոմորայ» (ՍԳր, 2-րդ օրինաց ԼԲ. 32), «մի՛ մնասցէ նոցա արմատ եւ մի՛ ուռ» (ՍԳր, Մաղաքիա Դ. 2) և այլն: Աստվածաշնչում շատ սովորական է պատկերավոր այս ոճը, երբ խաղողի այգին, որթատունկը խորհրդանշում է Աստծո ժողովրդին (տե՛ս Եսայի Ե. 1-7, Երեմիա Բ. 21), Հիսուսն էլ ներկայացնում է արդար հավատավոր ժողովրդին, որթատունկի ուռք-ճյուղերը` անձանց: Ասում է. «Ես եմ որթն ճշմարիտ, եւ Հայր իմ մշակ է: Ամենայն ուռ որ յիս է եւ ոչ բերէ պտուղ` սրբէ զնա…: Ես եմ որթ եւ դուք ուռ» (Ավետարան Յովհաննու, ԺԵ. 1-2, 5):
Այսպես և Նարեկացու «Յարութեան» տաղի ճորտը (այլաբանորեն` Հովհաննես Մկրտիչը) որթատունկի (այլաբանորեն` Քրիստոսը Աստծո ճշմարիտ ժողովրդով) ճյուղն է` ուռը: Ուստի և` ուռամիջակ բառացի պիտի նշանակի «ուռը (ճյուղը) միջակ` միջին չափով»: Եվ ահա Մկրտիչ Ավգերյանը, արդեն մի կողմ թողնելով իր իսկ կողմից տրված15 երկար բացատրությունը (տե՛ս վերևում), իր հեղինակած Առձեռն բառարանում ուղղակի համառոտում է. «Ուռամիջակ-միջակ հասակով», այն է` միջահասակ: Ինչ խոսք, միջահասակ տղան էլ կարող էր լինել «հաստաբազուկ, լայնաթիկունք», բայց այ` «դալարամէջք», «մեջքը ուռիի նման բարակ», հազի՛վ թե:
Միով բանիվ` Նարեկացու «Յայտնութեան» տաղի երկու տողի առիթով արված այս անդրադարձը, կարծում եմ, հանգում է հետևյալին:
ա) «Ճոճ» բառաձևը թե՛ գրության, թե՛ բովանդակային առումով քննություն չի բռնում. տաղում այն պիտի լինի ճոխ, ինչպես կա տաղի ձեռագիր աղբյուրների մեծագույն մասում, 1827թ. լույս տեսած «Մատենագրութիւնքում» և ինչպես ամրագրված է Հայկազյան բառարանագիրների և Աճառյանի կողմից. «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ»:
բ) Նորայր Բյուզանդացու` ուռամիջակ բառի իմաստային նշանակության վերաբերյալ հայտնած կարծիքը հանիրավի մոռացության է մատնել Հայկազյան բառարանների շատ ավելի փաստարկված և ընդունելի բացատրությունը` «միջին հասակով»:
գ) Անհրաժեշտ է կարևորել ճորտ բառի հին և նոր նշանակությունների էական տարբերությունները:
Ծանոթագրություններ
1. Նոր բառգիրք հայկազեան լեզուի (կրճատ` ՆՀԲ), Վենետիկ, 1836-37:
2. Ճոճ բառաձև չի գրանցված նաև Ս. Գաբամաճեանի «Նոր բառագիրք»-ում (Պոլիս, 1910):
3. Օրինակ, անվանի լեզվաբան Վարագ Առաքելյանը համոզված է, որ «Ճոճ նշանակում է ճկուն. բարբառներում ունենք ճոճկտալ (ճիշտը` ճօճ, ճօճկտալ-Հ.Գ.)», որ նշանակում է «նազել, մարմինը կոտրտելով քայլել» («Նարեկացու լեզուն և ոճը», Ե., 1975, էջ 255): Սա այդպես է, բայց այդ «ճոճվելը, ճոճկլտալ-նազելը» ի՞նչ առնչություն ունեն «հաստաբազուկ, ահեղագոչ» ճորտի առնացի, զորեղ կերպարի հետ:
4. Անգամ աշակերտների համար նախատեսած քրեստոմատիաներում հարկ չի համարվում (իբրև թե միանգամայն հասկանալի) «ճոճի» բացատրությունը տալ (տե՛ս, օրինակ` «Հայ հին և միջնադարյան քնարերգություն», Ե., 1987, էջ 104):
5. Միակ բացառությունը գտնում ենք 1513թ. Վենետիկում լույս տեսած «Տաղարանում», ուր «Հարության» տաղը` «Սեալքն» խորագրով (ի դեպ, միակ նմուշն է Նարեկացուց, այն էլ առանց հեղինակի անվան հիշատակության) զետեղվել է գրչական բավականաչափ շեղումներով («Սեալքն իջանէին ի լեառնէն ի մասանց»…), և մեզ հետաքրքրող բառը ունի ճաւճ գրությունը:
6. Մի աննշան վրիպանք էլ «վեցթևեան» բառի «վեցթևան» սխալաձևության անցումն է, որը ավելի ուշ տպագրություններում շտկվել է:
7. Հաստատապես սրբագրական սպրդում է, այլապես այն պիտի ունենար ճօճ գրությունը:
8. Տե՛ս Հ.Ղ. Միրզոյան, Նարեկացիագիտական հետազոտություններ, Ե., 2010, էջ 289:
9. Վ. Առաքելյանը ճիշտ այդպես է կարծում. «Ճոճ նշանակում է ճկուն…, ճապուկ պիտի հասկանալ նույնպես ճկուն,… եթե ուռամիջակ բառը հասկանանք «մեջքը ուռիի նման բարակ, ճկուն», ինչպես թարգմանում է Մալխասյանը, իսկ իրականում նշանակում է` «ուռիամեջք, որ է ուռիի նման ճկուն մեջք» (տե՛ս նշված աշխատության նույն էջը): Իհարկե, Մալխասյանցը ինքը չի թարգմանել. «ուռամիջակի» հարանման բացատրությունը` «ուռւոյ պէս ճկուն մէջք ունեցող», շատ ավելի առաջ տեսնում ենք Ս. Գաբամաճեանի «Նոր բառագիրք հայերէն լեզուի» մեջ (Պոլիս, 1910թ.): Վերջինս Մալխասյանցը իր օգտագործած աղբյուր-բառարանների ցանկում հավանաբար մոռացել է նշել (տե՛ս «Հայերեն բացատրական բառարան», հ. I, Ե., 1944, էջ Ժ-ԺԱ):
10. Նույնը` գրաբարի մերօրյա բառարաններում. տե՛ս, օրինակ` Ռ. Ղազարյան, Գրաբարի բառարան, հ. Բ, Ե., 2000:
11. Ն. Բյուզանդացին նույնպես չի կասկածել, որ «ճորտն ճոխ էր» (ոչ թե սխալագիր ճոճ), սակայն, ինչպես վերը մատնանշվել է, նշված 473 էջում (1840թ. «Մատենագրութիւնքի») «ճոճ» է: Հավանաբար, հենց Բյուզանդացու սրբագրած տողն է նույն էջանշումով փոխառել Աճառյանը իր Արմատականում: Նկատենք նաև, որ հիշյալ էջում տաղի խորագիրը «Յայտնութեան» է, ոչ թե «Տաղ Սայլին»):
12. Նորայր Բիւզանդացի, Հայկական բառաքննութիւն, Կ. Պոլիս, 1880, էջ 122:
13. Միջկունք կամ մէջկունք, նույնն է` «մեջք, իրան», շատ գործածական է միջին հայերենի համար. «Մէջկունքդ աղեղան նման», «բարակ միջկունք ունիս, եա՛ր», «Միջկունքն ա զարկեր չալապու պես» (Տե՛ս միջին հայերենի և բարբառային բառարանները): Նարեկացին, եթե «մեջք-իրանը» նկատի ունենար, երևի կասեր` «ուռեմիջկունք»… կամ «ուռիամէջք» (Վ. Առաքելյան):
14. Տե՛ս Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. Գ, Ե., 1977, էջ 607:
15. Մ. Ավգերյանն է կազմել ու խմբագրել «Նոր հայկազյան բառարանի» Է-Ֆ տառերի հոդվածները: