Այս խորագրի ներքո «ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ» (MAGYAR KURÍR) կաթոլիկական հանդեսի մշակութային հավելվածը անդրադարձել է Գագիկ Դավթյանի «Անգլուխ ձիավորը» («A fej nélküli lovas») հատորյակին: Գիրքը «Պոեզիա բոլորի համար» («Lyra omnis») մատենաշարով թողարկել է հունգարական AB ART հեղինակավոր հրատարակչությունը: Թարգմանիչն է հունգար անվանի բանաստեղծ Աթթիլա Ֆ. Բալաժը: «Հայ բանաստեղծը հիանալի է պատկերում լռությունը, այնքան գեղեցիկ ու խոսուն, որ կարող ես լսել այն հեռուներից: Նա գիտի, որ լռության մեջ են ծնվում հիրավի մեծ խորաթափանցությունները, ուստի և թույլ չի տալիս ավելորդ բառեր խառնել բանաստեղծություններին՝ ժամանակ թողնելով լռությունը վերծանելու համար, քանզի լռությունից ավելին կարելի է սովորել, քան խոսքից»,- մասնավորապես գրում է հավելվածի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Տամաս Հալմային՝ երկրորդելով գրքի վերջաբանի հեղինակ, գրականության տեսաբան Կեգլ Իլդիկոյին:
«Անգլուխ ձիավորը» Գագիկ Դավթյանի հունգարերեն երկրորդ և արտասահմանում հրատարակված տասներորդ գիրքն է:
Սեփ. լրտ.
