Հունվարի 24-ին՝ ՀԳՄ կլոր սրահում, տեղի ունեցավ շախմատային հանդիպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Շախմատասերի ջոկատ»-ի (3-8-րդ դասարանի սովորողներ) և ժամանակակից շախմատասեր գրողների մասնակցությամբ։ Հանդիպումը կազմակերպել էին բանաստեղծուհի, կրթահամալիրի դասավանդող Քրիստինե Հովսեփյանը և կրթահամալիրի շախմատի դասավանդող Առնոլդ Միքայելյանը։ Սովորողները նախապես կարդացել էին Էդվարդ Միլիտոնյանի «Պատմության շախմատ, շախմատի պատմություն» գիրքը և շատ հարցեր էին առանձնացրել։
ՀԳՄ Կլոր սրահում սեբաստացիներին ողջունեցին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանը, բանաստեղծ Սերգեյ Վարոսյանը, բանաստեղծ և դրամատուրգ Սամվել Կոսյանը։
Հանդիպման սկզբում Էդվարդ Միլիտոնյանը սովորողների հետ զրուցեց շախմատի մասին, պատմեց հետաքրքիր պատմություններ իր շախմատային կյանքից և ընդգծեց շախմատային աշխարհընկալման կարևորության մասին.«Շատ կարևոր է շախմատի հայացքով դիտարկել աշխարհը։ Շախմատի հայացքը բարդ հայացք է։ Ամեն ֆիգուր ունի իր նշանակությունը, կարևորությունը, ձևը։ Դու տեսնում ես, թե ամեն քայլից հետո դիրքը ոնց է փոխվում… Մարդու ամեն քայլը պետք է մտածված լինի, պետք է գիտակցի, թե իր կատարած քայլից հետո որն է լինելու հաջորդ քայլը, այդ քայլից հետո էլ՝ մյուսը… Այսինքն՝ մարդը միշտ պիտի հաշվարկի իր քայլերի հաջորդականությունը։ Հենց այնպես, անորոշ շարժումներով ու քայլերով թե՛ կյանքում և թե՛ շախմատում չես հաջողի։ Այս իմաստով շախմատը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում, այն օգնում է հասկանալ, թե ինչպես պիտի ճիշտ քայլեր անել, ապրել օրը, ժամը, կյանքը… Վստահ եմ, եթե դուք ձեր ներսում ձևավորեք ձեր մտքերն ու ցանկությունները, ապա անպայման դրանց հասնելու եք…»,- նշեց էդվարդ Միլիտոնյանը։
Հետաքրքիր զրույց սկսվեց, գրողները սիրով պատասխանում էին սովորողների հարցերին։ Ջերմ մթնոլորտ էր Գրողների միության կլոր սրահում… Հետո սկսվեց երկար սպասված խաղը։ Բուռն խաղային վիճակ էր կլոր սրահում։ Բոլորը մտազբաղ էին, խաղում էին ինքնամոռաց ու մեծ հրճվանքով…
Հանդիպման վերջում սովորողները նվիրեցին կոմիտասագետ, խազագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի հինգհատորյակը և «Սեբաստացի» գինի։ Է. Միլիտոնյանն էլ սովորողներին նվիրեց իր «Պատմության շախմատ, շախմատի պատմություն» գիրքը։
Օրը հրաշալի էր և անմոռաց կմնա յուրաքաչյուրի սրտում, մտքում, հուշերում…
Սեփ. լրտ.
Շախմատային հանդիպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ
