Բուխարեստի «Արարատ» ամսագրի թղթակից, Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Արզումանյանի «Ստրունգայի հայկական որբանոցը. բեկված ճակատագրերի վկայություններ» գիրքը հեղինակի ծավալուն ուսումնասիրությունն է Ռումինիայի Ստրունգա գյուղի հայկական որբանոցի ուշագրավ պատմության վերաբերյալ։
Գրքի ռումիներեն և հայերեն տարբերակները լույս են տեսել Բուխարեստում, 2023 թ., որբանոցի 100-ամյակի կապակցությամբ։ Աշխատությունը բացառիկ է իր ուսումնասիրության աղբյուրներով. առաջին անգամ ուսումնասիրվել և վերլուծվել են որբանոցի արխիվներն ու Բուխարեստում լույս տեսած հայկական պարբերականների հարյուրավոր հոդվածներ, որոնք անդրադարձել են որբանոցի հիմնադրմանը, կայացմանը և լուծարմանը։ Այդ պարբերականների մեծ մասը միայն Ռումինիայում է հաջողվել գտնել և մոռացումից փրկել։
Ռումինիայի Յաշի մարզում գտնվող Ստրունգա գյուղը՝ երիզված սաղարթախիտ անտառներով ու մաքրամաքուր աղբյուրներով, ռումինահայ համայնքում խոր հուզական ապրումներ է արթնացնում: Ռումինիայի կառավարության և ռումինահայ համայնքի մեծ ջանքերի շնորհիվ այդ խաղաղ անկյունում 1923 թ. ապրիլ ամսին իր դռներն է բացում Ստրունգայի հայկական որբանոցը, որտեղ ապաստան են գտնում Հայոց ցեղասպանությունից փրկված 200 երեխա՝ 150 տղա, 50 աղջիկ: Ջարդերի ժամանակ նրանք կա՛մ կորցրել էին ծնողներին, կա՛մ խզվել էր նրանց կապը ծնողների հետ: Որոշ դեպքերում էլ անելանելի դրության մեջ գտնվելով՝ ծնողները կամ հարազատներն էին երեխաներին հանձնել որբանոցի խնամքին: Սույն աշխատության մեջ ներկայացված է որբանոցի գրանցամատյանը՝ երեխաների լուսանկարներով և անձնական տվյալներով: Հեղինակին հաջողվել է պարզել, թե ինչ ընթացք ունեցավ նրանցից մի քանիսի կյանքը որբանոցին հաջորդած ժամանակահատվածում:
Հետազոտված նյութերում արժեքավոր տեղեկություններ են հայտնաբերվել նաև որբանոցի շրջակայքում գոյություն ունեցած, կարելի է ասել, մինչև այդ «անհայտ» հայկական դամբարան-մատուռի վերաբերյալ, որի կապը որբանոցի և նրա բնակիչների հետ գրքում ներկայացված է ուշագրավ դրվագներով։ Խոսքն այդ շրջանում հայազգի հայտնի կալվածատեր, Ստրունգա գյուղի հիմնադիրներից մեկի՝ Ինջե Հակոբի ընտանիքի դամբարանի մասին է, որը 1923 թ. դառնալու էր Սբ. Նահատակաց մատուռ։
Թեև Ստրունգայի հայկական որբանոցը կարճ կյանք է ունեցել, այն խոր հետք է թողել ռումինահայերի հիշողության մեջ:
Սեփ. լրտ.
ՍՏՐՈՒՆԳԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐԲԱՆՈՑԸ
