Գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավիկ Իսահակյանը գրել է հետազոտություն-էսսե «Երթալը ճի՞շտ է» վերնագրով: Այն անդրադառնում է թերևս մեր հասարակության ամենացավոտ հարցերից մեկին՝ հայրենիքը լքելու խնդրին: Այդ գործից տպագրում ենք մի փոքրիկ հատված՝ «Լքել՝ նշանակում է թիկունքից հարվածել քո երկրին» վերնագրով:
Ի՞նչ է Սփյուռքը: Լավ, ասենք կային հայաշատ գաղութներ, որոնք ստեղծվել էին դեռևս մինչև 19-րդ դարավերջի հայկական կոտորածները, մինչև Մեծ եղեռնը: Օրինակ, Պարսկաստանում, Սի- րիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Ֆրանսիայում և հատուկենտ գաղթականներով ԱՄՆ-ում: Բայց ԱՄՆ-ի գաղութը արդեն հիմնականում կազմավորվեց
20-րդ դարում, մեր օրերում, կարող ենք ասել, որ այդ գաղութի կազմավորման վկան ենք եղել: Ահա դասական մի օրինակ, ազգային մի մեծ զանգված հավաքվում է ուրիշ հողում, Եվրոպայից և Ասիայից շա՛տ հեռու անդրօվկիանոսյան մի երկրում: Ի՞նչ է, մագնիսական ձգողություն ունե՞ր Ամերիկան, որ մեզ՝ հայերիս, կարողացավ տանել իր ափերը: Թե՞ ինչ-որ վերին ուժեր թելադրեցին հայերիս՝ գնալ Ամերիկա: Ախր, ամեն ինչ շատ պարզ էր: Մի հանցագործ պետություն քանդեց մեր պատմական հայրենիքը, բնաջնջեց ժողովրդին, և ժողովուրդն էլ, ով ուր հասավ, հանգրվանեց: Հետո նոր սկսեց մտածել՝ ուր է ինքը, ում երկնքի տակ: Լա՞վ է, թե՞ վատ, ցո՞ւրտ է, թե՞ տաք, կո՞ւշտ է, թե՞ սոված: Պատերազմ կա՞, թե՞ խաղաղություն է, տեղացի բնակիչները քրիստոնյա՞ են, թե՞ մահմեդական: Այլ ազգի հանդուրժո՞ղ են, թե՞ մոլի ազգայնական: Եվ վերջապես, երկիրը հարո՞ւստ է, թե՞ աղքատ: Բոլոր այս խնդիրներին, կասկածներին ու գուշակումներին ամենից շատ համապատասխանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները: Եվ հայերս էլ, լինելով թե՛ պրագմատիկ, թե՛ պրակտիկ ժողովուրդ, աներկբայորեն որոշում ընդունեցինք՝ Էլիա Կազանի հերոսի նմանողությամբ, բացականչել. «Ամերիկա՛, Ամերիկա՛», և հայացքներն ու հույսերը, հոգիներն ու սրտերը ուղղել դեպի այդ երկիրը: «Ամերիկա» բառը ոչ միայն լավ էր հնչում, այլև հավատ ու հույս էր ներշնչում:
Կարճ ասած՝ հետադիմական ու ոչ քրիստոնեական Արևելքից հեռացանք դեպի Ամերիկա, որի նշանաբան խոսքերը՝ «GOD BLESS AMERICA», գրված են անգամ դոլարի վրա:
Այն, որ 19 և 20-րդ դարերում գնացին և դեռ գնում են Արևելքի հայերը, թերևս հասկանալի է: Բայց ահա մի անկյունադարձային հարց՝ ինչո՞ւ են հայերը Ամերիկա գնում Հայաստանից: Եթե առաջին օվկիանոսային նավերը և մոտորային ինքնաթիռները տարան մեր «ախպարներին», և «ախպարազուրկ» եղավ մեր Հայաստանը (իմա և 0.5 միլիոն բնակչից էլ զրկվեց), ապա ինչո՞ւ են գնում տեղացի հայերը, մանավանդ 1991 թվականից սկսած: Մի՞թե այնքան բացասական է այս երկիրը, որ այստեղ այլևս հայը չի կարող ապրել: Մի՞թե դանակը հասել է ոսկորին: Մի՞թե օդի մեջ թթվածին այլևս չի մնացել… Միթեները այսպես կարող են հազար ու մի օղակ կազմել, բայց պահել մարդուն իր հայրենի հողի վրա շատ ավելի դժվար հարց է: Ժողովուրդն ասում է. «Կովն անգամ չի լքում այն արոտավայրը, որն իրեն լավ կերակրում է»: Հայտնի է, որ մարդը կվարժվի նեղ օրին, բայց ոչ երբեք անարդարությանն ու ստին: Ամենամռայլ օրերին մարդու հոգում չի հանգչում հույսի ու հավատի ճրագը: Վերջա- պես, Սփյուռքը հո չստեղծվե՞ց Հայաստանը հայաթափ անելու համար…
Չլիներ Սփյուռքը, արդյո՞ք հայը չէր մնա իր տանը: Եվ ինչպես կարող էր չլինել, մենք այդ դեպքում ո՞ւմ վրա պետք է հույս դնեինք: Օտար երկնքի տակ ո՞ւմ դուռը պիտի թակեինք, մեր երեխաներին Բոստոնում կամ Լոս Անջելեսում ո՞ւմ դպրոցը պիտի տանեինք, եթե չլիներ Սփյուռքը, ո՞ւմ եկեղեցում պիտի աղոթեինք, խաչակնքեինք, մոմ վառեինք, մկրտեինք մեր երեխաներին և պսակադրեինք մեր ջահելներին: Այո՛, մենք այսօր շնորհակալ ենք այն հայորդիներին, ովքեր ստեղծեցին, կառուցեցին և պահպանեցին այս հայապահպան կենտրոնները: Եվ ո՞ր սփյուռքահայի մտքով կանցներ, որ եկեղեցին Բոստոնում, դպրոցը Սան Ֆրանցիսկոյում և հայի տունը Միլանում նա կառուցում է ոչ թե իր նման պանդուխտ հայի, այլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար (որոնց թիվն, ի դեպ, այսօր Սփյուռքում երկու անգամ գերազանցում է դասական սփյուռքահայերի թվին): Այնքան էլ շուտ են հարմարվում, սովորում անգլերենը, ամերիկյան անկախության հռչակագիրը և նահանգի օրենքները, մանավանդ՝ աշխատանքային կոդեքսը և թոշակառուի սոցիալական ապահովագրության կանոնակարգը: Թաղեր կան, որտեղ այսօր միայն նախկին երևանցիներն են ապրում. Լոս Անջելեսում՝ Հոլիվուդում ու Գլենդելում, Փարիզում՝ Ալֆորվիլում, իսկ գյումրեցիք սիրում են ԱՄՆ-ում Մոնթեբելլոն ու Փասադենան, Գերմանիայում՝ Լայպցիգը, Հանովերն ու Վիտենբերգը…
ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում այնպիսի տպավորություն է, թե նախկին ԽՍՀՄ-ում ապրում էին տասնյակ միլիոն հայեր, որոնց մի փոքր մասն էլ նախընտրել է ապրել իր «նոր հայրենիքում»:
Սփյուռք, սփյուռքահայ, արևմտահայերեն լեզու և գրականություն, դասական ուղղագրություն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն և եկեղեցիներ, կուսակցություններ, գաղթական, հայրենադարձ, եկվոր և «ախպար»՝ հասկացու- թյուններ են, որ պատկանում են միայն հայ ժողովրդին: Այս զարմանալի ժողովրդի մոտ ամեն ինչ զույգ-զույգ է: Սուրբ Պետրոսի կաթոլիկ տաճարը իշխում է ողջ Իտալիայի և ողջ կաթոլիկ աշխարհի վրա: Վեստմիստերյան Աբբայությունը միակ հոգևոր տանիքն է համայն Անգլիո:
Իսկ մենք՝ հայերս, ամեն ինչ սիրում ենք, որ լինի կրկնօրինակված ձևով՝ ասոնք և անոնք, հոս և հոն, Հայրենիք և Սփյուռք: Ինչի՞ց է սա, գուցե մեր ազգային խառնվածքի՞ց: Ես կասեմ՝ ո՛չ, մեր դառը ճակատագրից, մահմեդական օվկիանոսում քրիստոնեական կղզյակ լինելու մեր դառը ճակատագրից… Հայերն ի՞նչ կարող էին անել, հո չէ՞ին կարող փոխել իրենց երկրի աշխարհագրական դիրքը, ուստիև կռվում էին ու մաքառում ի հեճուկս դառը ճակատագրի: Սակայն մեր օրերում, երբ փոխվեց խորհրդային վարչակարգը և բացվեց երկաթյա վարագույրը, երբ կյանք մտան այնպիսի հասկա- ցություններ, ինչպիսիք են՝ միջազգային տուրիզմ, ուղիղ չվերթներ Երևանից Ամերիկա, OVIR, ամերիկյան դեսպանատուն Երևանում, գրին քարտ, ընտանիքների վերամիավորում, ուսում օտար երկրներում, ամուսնություն այլ երկրի քաղաքացու հետ, աշխատանքային վիզա և այլն, և այլն:
Սկզբում մեր «ախպարները» 1956-1986 թթ., իսկ հետո և մերոնք՝ 1986-ից մինչ օրս ներառյալ, եկան այն պարզ համոզման, որ «Երթալը ճիշտ է»: Դե արի այս ճամփի բերանը փակիր կամ պոչը բռնիր: Սրան հակադարձ քայլ դեռ ոչ ոք չի կարողացել իրականացնել, ժողովուրդը ինքը պիտի հասկանա, առավել ևս գիտակցի, թե ինքը որտեղ պիտի ապրի…
Հեռանալ Հայաստանից՝ նույնը չէ, ինչ լքում էին Հայաստանը մինչ հեղափոխությունը, երբ կար ռուսական կայսրությունը: Ինչպես և 1965-1985 թթ., երբ կար զորեղ Խորհրդային Միությունը: Այսօր լքել Հայաստանը՝ նշանակում է լքել ռազմաճակատային գիծը, նշանակում է թիկունքից հարվածել քո երկրին…
Նշանակում է լինել դասալիք…