Այս տարվա մայիս ամսին պատմական Հայաստանի Գարդման գավառի Գետաշեն բնակավայրի հայաթափման 20-րդ տարելիցն է. իրադարձություն, որ թերևս կարիք ունի բազմակողմանի լուսաբանման ու անդրադարձի: Մեր օրերում արևելյան և արևմտյան մասերի երկփեղկված Մայր Հայաստանի սրտից պոկված յուրաքանչյուր փերթ, յուրաքանչյուր կտոր ցավագին է ցանկացած հայորդու համար: Այս առումով առավել արժևորվում են այն ուսումնասիրությունները, որոնք ուղղված են Մայր հայրենիքից օտարված տեղանքների փաստացի ուսումնասիրությանը` դրանով ապահովագրելով նրանց պատմական խեղաթյուրումներից ու ձևավորելով այն կամուրջը, որ պետք է ամրագրի անցյալն ու ապագան մեկ ամբողջական միասնության մեջ, որի անունն է Հայաստան աշխարհ: Նույն ելակետով անչափ կարևորվում է «Գետաշեն» պատմաաշխարհագրական գրքի լույս ընծայումը` սկսած Գետաշենի պատմության վաղնջական ժամանակաշրջանից մինչև 1991թ.մայիսը` նրա բռնազավթումը: Այս աշխատանքի նախաձեռնողն է արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից, Գետաշենի ինքնապաշտպանության նվիրյալ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Բենիամին Սիսյանը, որն իր ազգանվեր գործունեության համար դեռևս 1988-ին ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից բանտարկվեց (որպես«հայ էքստրեմիստ») և նետվեց Կիրովաբանդի բանտ` Իգոր Մուրադյանի հետ միասին: (Այդ մասին գրվեց «Պրավդա» թերթում և «Մարդը և օրենքը» հանդեսում): Բանտից դուրս գալուց հետո նա առավել անձնվիրաբար լծվեց Գետաշենի և շրջական բնակավայրերի տեղահանման կանխման ու ինքնապաշտպանության գործին. բազմիցս գլխավորել է Գետաշենի պատվիրակությունը` բանակցություններ վարելու պետական բարձր ատյանների, Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, գործի դրել մաուլը, հեռուստատեսությունը, ռադիոն` ստանալու միութենական և հայաստանյան իշխանությունների գործնական աջակցությունը` փրկելու հինավուրց Գարդմանքն ու Գետաշենը, համագործակցել է «Սասունցի Դավիթ», «Տիգրան Մեծ» ջոկատների, մասնավորապես Գետաշենի ինքնապաշտպանության գլխավոր հրամանատար` Թաթուլ Կրպեյանի հետ: Մահն ընդհատեց աշխատանքը գրքի վրա: Մահից առաջ խնդրեց կնոջը շարունակել կիսատ գործը.
-Կորցրեցինք հողերը, չկորցնենք մեր գործը. կշարունակես գիրքը…
Ամուսնուն տված երդմանը հավատարիմ` Բ. Սիսյանի այրին` ներկայիս «Գետաշեն» հայրենակցական միության նախագահ, Ազատամարտի վետերանների միության պատվավոր անդամ Ռիտա Չիլինգարյանը, ով իր ամուսնու գաղափարակիցն էր և նրան սատարողը, 3 տարի օր ու գիշեր տքնաջան աշխատելուց հետո ավարտին հասցրեց ծավալուն գործը:
Գիրքը բաղկացած է 3մասից. 1-ին մասն ընդգրկում է Գետաշենի պատմության հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը. հանգամանալից ներկայացված են աշխարհագրական դիրքը,պատմաճարտարապետական հուշարձանները, բնակչությանը վերաբերող տեղեկությունները,արհեստները,տոհմերը: Արժեքավոր տեղեկություններ է պարունակում «Գետաշենը արցախյան գոյամարտի շրջանում» ենթաբաժինը` հերոսական պաշտպանությանն ու բռնագազթին վերաբերող տեղեկություններով: Գրքի 2-րդ մասում ներկայացված են գիտության, մշակույթի, պետական և զինվորական գործիչների մասին տեղեկություններ: Ի դեպ, Գետաշենը տվել է Խորհրդային միության 5 հերոս: .3-րդ մասում ընդգրկված են ժողովրդական ծեսերի, ավանդույթների, առած-ասացվածքների, ճաշատեսակների, խոսվածքի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև հետաքրքրաշարժ հուշագրություններ և հավելվածներ:
Գետաշենի ուսումնասիրության հին շրջանը հիմնված է Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի, Էջմիածնի Մայր տաճարին կից մատենադարանի, Արցախին վերաբերող նյութերի ուսումնասիրության հիման վրա: Ի մի են բերված նաև բանավոր խոսքի ճանապարհով մեր օրերը հասած բազմաթիվ հիշատակություններն ու զրույցները, որոնց արդյունքում հավաքված փաստական նյութն էլ հենց գրքի հենքն է կազմում: Գետաշենի վաղեմության 1-ին կենդանի վկայությունը` հին գերեզմաններում անվթար պահպանված մի քանի խաչքարերը, վերաբերում են ՃՂԱ թվականին: (191+551=742թ.) 1991թ. մայիսից հետո դրանք ավերվել են ազերիների կողմից, սակայն դրանց տեսագրությունը և Սիսյանի կողմից հանգամանալից մեկնաբանությունը պահվում են հեղինակների արխիվում: Խաչքարերից մեկի վրա գրված է.«Ի խաչս յիշատակ հայրն ի մոյ Խունին և մայրն իմոյ Գուլին. թիւՃՂԱ»: Սրան կից խաչքարի վրա գրված է «Ես Ետկար աղես կանգնեցուցի.ես մեղավորս Ազարիա»: Հնությամբ 2-րդ գրավոր փաստը նշված է Կիրակոս Գանձակեցու պատմության (Կ.Գանձակեցի, պատմութիւն հայոց, Եր.ՀՍՍՀ ԳԱ 1961, էջ 117) մեջ, որը վերաբերում է 1139թ.-ին տեղի ունեցած մեծ երկրաշարժին: Այդ ժամանակ հարակից շրջանների շատ բնակիչներ ապաստան են գտել Գետաշենում: Այդ մասին գրել է նաև Մ. Գոշը: (Ժաժ Գանձակայ, Երևան 1978, էջ 381): Անդրկովկասը Ռուսաստանին միացվելուց հետո որոշ աղբյուրներում Գետաշենը հանիրավի նշվում է որպես «Չայքենդ», որը գյուղի անվան թաթարերեն (հետագայում` ադրբեջաներեն թարգմանությունն է. չայ նշ. է` գետ, քենդ` շեն, գյուղ): Այդ անվան դեմ ժամանակին շատերն են վրդովվել, այդ թվում և` Րաֆֆին: 1881թ.-ին նա գրում է. «Ելիզավետպոլի գավառի քարտեզը դրի առջևս. կամենում էի մի մարշրուտ պատրաստել, որի համեմատ սկսեի ճանապորհորդությունս: Նայում եմ, նայում եմ, իմ ցանկացած տեղերից ոչ մեկը նշանակված չկա քարտեզի մեջ: Բարեբախտաբար ինձ մոտ էր գանձակեցի մի պարոն, որին ես դարձա, խնդրելով բացատրել այս գաղտնիքը:
-Ո՞ր գյուղն եք ուզում,-հարցրեց նա:
-Օրինակ, ես ուզում եմ տեսնել Գետաշեն գյուղը:
-Ահա այդ Չայքենդը հայոց Գետաշենն է:
Հիմա հասկացա. քարտեզ պատրաստողները հայոց անունները թարգմանել են, ոչ միայն հայոց գյուղերը, այլև մինչև անգամ հայոց վանքերը թուրքերեն անուններով էին նշանակված»… Այդ խորթ անվանումը գետաշենցին երբեք չի ընդունել:
Ուշագրավ մի փաստ. 1991թ. Գետաշենի հերոսական ինքնապաշտպանութան անկումից առաջ արգելվել էր արտաքին աշխարհի հետ ունեցած միակ կապի` ուղղաթիռների վայրէջքը Գետաշեն: Դժվարին բանակցությունների արդյունքում միայն սանիտարական նպատակներով ուղղաթիռների մուտքի թույլտվություն ձեռք բերելուց հետո ԽՍՀՄ զինված ուժերի մինիստր Յազովը և ՆԳ մինիստր Բակարինը ուղղաթիռով ժամանում են Գետաշեն: Ժողովրդի հետ ունեցած զրույցի ընթացքում կեղծ պատճառաբանությունից հետո, թե, իբր ուղղաթիռների մուտքն արգելված էր վայրէջքի համար համապատասխան տեղանք չունենալու պատճառով, Յազովն ասում է. «Ես կզեկուցեմ Միխայիլ Սերգեյիչին, որ եղել եմ Չայքենդում», գյուղացիները միաբերան գոչում են. «Գետաշենո՛ւմ, Գետաշենո՛ւմ, ո՛չ թե Չայքենդում»: (Ձայնագրված տեսաժապավենը «Գետաշեն» գրքի հեղինակներ Բ. Սիսյանի և Ռ. Չիլինգարյանի արխիվում է): Պատմականորեն կարևորվում է թե՛ բռնագաղթին նախորդող, թե՛ բուն հերոսական դիմադրության օրերի հանգամանալի անդրադարձը. (մայիսի1-7): Պարզ է մեկ իրողություն. թե չլիներ մեր խորհրդային դաշնակցի զինված ուժերի միջամտությունը`«Կոլցո» օպերացիայով, Գետաշենը երբևէ չէր հանձնվի:
«1991թ.-ի ապրիլից իրավիճակը ծայրահեղ բարդանում է: Երևանից ակնկալվող, սակայն հապաղող օգնությունը անհասկանալի է դառնում: Գետաշենից ուղարկվում է տագնապալի հաղորդագրություն.
ՀՀ նախագահ` Լ.Տ.-Պետրոսյանին,Հատուկ ծրագրերի իրագործման պետկոմիտեի նախագահ` Գ. Հարությունյանին,Գերագույն խորհրդի «Արցախի մշտական հանձնաժողովի» նախագահ` Ս. Բաղդասարյանին, «Արմենպրեսին».
Գետաշենում դրությունը ծայրահեղ լարված է: Ժողովուրդը ղեկավարությանը չի ենթարկվում: Տիրում է անիշխանություն: 10 օրվա ընթացքում Գետաշենի և Մարտունաշենի վրա ավելի շատ պետական հրազենով փամփուշտ է արձակվել,քան 3 տարում Ղարաբաղում և այժմ Ցխենվալիում: Ինձ արգելված է դուրս գալ Գետաշենից: Պահանջվում է կառավարական միջամտություն: Դրված է Գետաշենի և Մարտունաշենի լինել-չլինելու հարցը: Գետաշենի և Մարտունաշենի կորուստը ամբողջ Արցախ աշխարհի կորուստն է: Եթե այդ եղեռնը կատարվի, պատասխանատվությունը ընկնում և ծանրանում է Ձեր խղճին: Պատմությունը Ձեզ չի ների:
«Գետաշեն» հայրենակցականի նախագահ` Բ.Սիսյան
28 ապրիլի,1991թ.,Գետաշեն
Ապրիլի 29-ին սկսվում է Գետաշենի վրա ուղիղ գրոհը: Անբավարար էր ռազմամթերքը. ընդամենը 1 գնդացիր, 4-5 ավտոմատ, 150 որսորդական հրացան, ինքնաշեն նռնակներ: Զենք կարող էր վերցնել ընդամենը 200 մարդ: Ռազմական տեխնիկային դիմակայելու համար դա ոչինչ էր: Ապրիլի 30-ին ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Թաթուլ Կրպեյանը դիմում է հուսահատ քայլի. արագորեն մագլցում է գյուղամիջում գտնվող զրահամեքենայի վրա, կանգնում բաց անցքի վրա, մի ձեռքով պահելով նռնակը, իսկ մյուսով բռնելով գնդապետ Մաշկովի օձիքը` բղավում է…«Եթե չհանձնվեք և զորքերը դուրս չբերեք գյուղից, կպայթեցնեմ»: Մյուս պաշտպանները 14 զինվորի պատանդ են վերցնում: Մաշկովի մոտ բանակցությունների գնալիս` վերջինս նշանով թիկունքից կրակում են Թաթուլին, նրա զինակիցներ Հրաչին/Զարազանդ/, Արթուրին: Մարտի արդյունքում գետաշենցիները առգրավում են «Կոլցո» կոչվող գործողության կոդավորված պլանը, որը հետագայում տարածվում է լրատվամիջոցներով: Մայիսի 1-ին իրադրությունը վերահսկվում է միայն հետ վերցված 14 պատանդների շնորհիվ: Նրանց փոխանակում են 27 հայ գերիների հետ, որոնք խոշտանգվել էին, գանգամաշկ արվել, ծեծվել: Վիրավորներ են բերվում նաև Մարտունաշենից, որտեղ զոհվում է նաև քաջարի ազատամարտիկ Սիմոն Աչիքգյոզյանը/Դեդ/: Մայիսի 3-ին, տեսնելով, որ պատանդների ետ ստանալուց հետո ավելի են ուժեղանում ճնշումները, գյուղի բնակիչները ստիպված են լինում համաձայնել լքելու գյուղը: Գետաշենի ռադիոկապից հղվում է վերջին հուսահատ ռադիոգիրը.
Խորհրդային բանակը ոչնչացնում է մեզ` խորհրդային քաղաքացիներիս: Մեզ վրա կրակում են թնդանոթներից, գնդացիրներներից: Տանկերով տրորում են մեզ` մեր իսկ բակերում: Ադրբեջանական օմոնականները երեխաներին, կանանց, ծերունիներին պատանդ են վերցնում, ջարդում են ձեռքերը, ոտքերը, կողերը, արյունլվա անում դեմքերը, պատին հարվածելով` վնասում երիկամները, գանգամաշկում են, մերկ վիճակում վազեցնում են փողոցով, դանակներով ծակծկում են: Մենք 3 տարի դիմադրում էինք, սակայն բանակի դեմ անզոր ենք: Մենք պատսպարվելու տեղ չունենք:Աշխարհի մարդի՛կ, փրկե՛ք, գոնե երեխաների’ն փրկեք: Մենք զոհվում ենք տանկերի շրջապատման մեջ և արտաքին աշխարհից կտրված ենք:Փրկե՛ք մեզ:»
3 մայիսի 1991թ.
Գիրքը մի ուրույն հուշարձան-կոթող է Գետաշենին` միաժամանակ հայացք-հիշեցում դեպի գալիքը` այն վերգտնելու արդարացի ակնկալիքով:
*Րաֆֆի, Երկերի ժողովածու:Հ.8, Եր.1963, էջ568-569