ԱՐՓԻ ԼԻՃ, «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԵՎ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Շիրակ» թերթի գլխավոր խմբագիր
Մեծ Հայքի՝ մեր պատմական Հայաստանի Կապուտան (Ուրմիա-Ռեզայե, որն այժմ գտնվում է Իրանի տարածքում), Վան (Տոսպա լիճ, Ռշտունյաց ծով, Բզնունյաց ծով), Սևան, Ծովակն Հյուսիսո (Չլդր, գտնվում է Արևմտյան Հայաստանում), Փարվանա (Ջավախք) և Նազիկ (Արևմտյան Հայաստան) լճերից հետո, տարածքով 7-րդ խոշոր լիճն է Արփին:
Գեղատեսիլ այս լիճը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի ենթաշրջանի հյուսիս- արևմուտքում, ծովի մակերևույթից 2025 մետր բարձրության վրա: Մակերեսը 22,5 ք. կմ է, առավելագույն խորությունը՝ ավելի քան 10 մետր: Լճից սկիզբ է առնում ՀՀ ամենաերկար գետը՝ Ախուրյանը: 1951-ին կառուցվեց լճի պատվարը: Արփիի ջրերը կուտակվեցին, ամբարվեցին: Ստեղծվեց Արփի լճի ջրամբարը:
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ
Լճի արևելյան բարձրադիր ափին «Արփի լիճ» ազգային պարկի գեղեցկակերտ շենքն է: Հանդիպում ենք և զրուցում տնօրեն Հովսեփ Սիմոնյանի, տնօրենի գիտական գծով տեղակալ Արտակ Ֆարզադյանի հետ, ծանոթանում կատարված աշխատանքներին, ազգային պարկի զարգացման հեռանկարներին ու հիմնահարցերին:
Լճի ավազանի, տարածաշրջանի գեղահրաշ բնությունը, կենդանական աշխարհը, թռչնաշխարհը պահպանելու, հարստացնելու, բնական զարգացումը, վերաճը ապահովելու, տարածաշրջանի բնակչության կենսական մակարդակը բարձրացնելու, զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով՝ Գերմանիայի Դաշնության աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, 2009 թ. ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը: Այն զբաղեցնում է 21 հազար 39 հեկտար տարածք, ուր գտնվում են 15 բնակավայրեր: Ազգային պարկում են գտնվում հայկական և միջազգային «Կարմիր» գրքերում գրանցված հազվագյուտ բույսեր, թռչուններ, կենդանիներ ու սողուններ, որպիսիք են՝ վարդագույն հավալուսնը, սև արագիլը, մոխրագույն կռունկը, ջրասամույրը, Դարևսկու իժը, մոխրագույն սագը, կովկասյան թրաշուշանը, դեղին կոգոռը…
Պարկի ղեկավարության, գիտաշխատողների, բնության պահապանների ջանքերով վերջին տարիներին զգալիորեն աճել է վայրի բադերի, սագերի, ջրլող և այլ թռչունների, գազանների թվաքանակը, աճել է լճում ծածան ձկնատեսակի քանակը: Նվազագույնի են հասցվել որսագողության և ձկնագողության դեպքերը: 160 ք.մ տարածքի վրա կառուցվել է ջերմոցային տնտեսություն, ուր նախատեսվում է աճեցնել լոլիկ և կանաչեղեն:
Տարեցտարի ավելանում է այցելուների և զբոսաշրջիկների թիվը: 2017-ին «Արփի լիճ» են այցելել 1200, 2018-ին՝ 3300 զբոսաշրջիկներ: Ընթացիկ տարում զբոսաշրջիկների մոտ 100 հոգանոց խումբ ժամանեց Ֆրանսիայից:
ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔԸ
«Արփի լիճ» ազգային պարկի լեռնային գեղեցիկ հովիտներում են գտնվում Արփի համայնքի Աղվորիկ, Արդենիս, Ալվար, Զարեշատ, Բերդաշեն, Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ բնակավայրերը (բնակչությունը՝ 2035 մարդ): Բնակիչների մեծ մասը Ջավախքից գաղթած մեր հայրենակիցներն են, որոնք զբաղված են հիմնականում անասնապահությամբ: Արփի համայնքը ղեկավարում է երիտասարդ գործարար Մերգել Ղարիբյանը: Նրա ղեկավարած ֆերմերային տնտեսությունում գործում է կաթնամթերքի արտադրամաս, ուր շուրջ 50 մարդ ապահովված է աշխատանքով: Վերջին երկու տարիներին համայնքում կատարվել են ճանապարհների, խմելու ջրագծերի նորոգման, առանձին բնակավայրերում՝ գիշերային լուսավորության ապահովման և այլ աշխատանքներ: Երկու բնակավայրերում ստեղծվել են հանդիսությունների սրահներ: Ձեռք է բերվել նոր գյուղտեխնիկա: Արփի համայնքում, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկում կան դժվարին հիմնախնդիրներ, իսկ դրանց լուծման գործում անհրաժեշտ է Շիրակի մարզպետարանի և ՀՀ կառավարության մշտատև աջակցությունը:
Որոնք են հիմնախնդիրները
Գյումրի-Ամասիա-Բերդաշեն տանող մայրուղին և Արփի համայնքի բնակավայրեր տանող հաղորդակցության ուղիները բարեկարգման, ասֆալտապատման կարիք ունեն: Հիմնանորոգման կարիք ունեն համայնքի բոլոր դպրոցները, ուր տարեցտարի նվազում է աշակերտների թվաքանակը: Ոչ մի ավտոբուս, ուղևորատար ոչ մի հասարակական տրանսպորտի միջոց մուտք չի գործում Արփի համայնք և ազգային պարկ: Կան բնակավայրեր, որ ապահովված չեն խմելու ջրով: Չքավոր գյուղացիական տնտեսություններ կան, որ մեծ դժվարությամբ են հայթայթում օրվա ապրուստը: Ձմռան ամիսներին առանձին բնակավայրեր կտրվում են աշխարհից: Ցավոք, կան նաև լքված բնակավայրեր:
Առաջարկություններ
«Արփի լիճ» ազգային պարկում և Արփի համայնքում բոլոր նպաստավոր պայմանները կան զարգացնելու բնասիրական, առողջարարական, մարզական, ազգագրական, որսորդական զբոսաշրջությունը, անասնապահությունը, ձկնաբուծությունն ու մեղվաբուծությունը, ըստ այդմ՝ նպաստելու համայնքի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, արտագաղթի կանխմանը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք.
ա) Արփի լճին մերձակա Բերդաշեն գյուղի տարածքում կառուցել հանգստի համալիր-առողջարան, ուր գործելու են հյուրանոցը, սրճարան-ռեստորանը, լճափին մերձ՝ մանկական և մեծահասակների արհեստական լողավազաններ,
բ) պետական դրամական աջակցություն ցուցաբերել լճափերի բնակավայրերի այն բնակիչներին, ովքեր ցանկանում են իրենց առանձնատներում ստեղծել հարմարավետ կենցաղային պայմաններ զբոսաշրջիկների համար կամ կառուցել քոթեջային տներ՝ զբաղվելու ընտանեկան զբոսաշրջությամբ,
գ) Արփի լճին մերձ Սլիկ սարի լանջերին ստեղծել դահուկավազքի և դահուկացատկի ուղիներ՝ ներգրավելով ձմեռային սպորտաձևերի սիրահար զբոսաշրջիկներին,
դ) «Արփի լիճ» ազգային պարկում ստեղծել ձիաբուծական, որսորդական տնտեսություններ, կազմակերպել զբոսաշրջիկների՝ ձիերով զբոսանք, լքված բնակավայրերի և նպաստավոր այլ տարածքներում ստեղծել լորերի, կաքավների, կտցարների, նապաստակների որսահանդակներ, զարգացնել որսորդական վճարովի տուրիզմը (ի դեպ, Վրաստանում այդ տուրիզմը մեծ հաջողության է հասել),
ե) «Արփի լիճ» ազգային պարկում լեռնային ջինջ վտակների ջրերը ամբարելով՝ ձորերում ստեղծել լճակային տնտեսություններ՝ կարմրախայտ, իշխան, արժեքավոր ձկներ աճեցնելու համար,
զ) Արփի, Ամասիա, Աշոցք համայնքում դարերով, հազարամյակներով չմշակված բերրի, արգավանդ հողեր կան՝ ջերմոցային տնտեսություններ ստեղծելու, արժեքավոր կուլտուրաներ աճեցնելու համար, ավելացնել վարելահողերի տարածքները,
է) նպատակահարմար է համայնքում կազմակերպել գյուղացիական կոոպերատիվ կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, ստեղծել մեքենատրակտորային կայան, բնական, կենարար աղբյուրների խմելու ջրի շշալցման արտադրություն,
ը) Հայաստանում ամեն սար իր ծոցում գանձեր ունի թաքնված, երկրաբաններ հրավիրել, ուսումնասիրություններ կատարել՝ Արփի լճի մերձակա սարերի ընդերքի հարստությունները հայտնաբերելու համար:
թ) Հրավիրել արտասահմանցի մեծահարուստ գործարարների, որ գան, համապատասխան ներդրումներ կատարեն՝ «Հարստանան և հարստացնեն մեր հայրենակիցներին»:
Որպես վերջաբան
Վերջին 28 տարիներին «Շիրակ» թերթը իր հրապարակումներով, ՀՀ վերադաս մարմիններին ուղղված բաց նամակներով նպաստել է «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծմանը, լճի, Ախուրյան գետի, Ախուրյանի ջրամբարի բնապահպանական հիմնահարցերի լուծմանը: «Արփի լիճ» ազգային պարկը, Արփի համայնքը ունեն զարգացման գեղեցիկ հեռանկարներ: Սպասում ենք Շիրակի մարզպետարանի և ՀՀ կառավարության համապատասխան աջակցությանը, որոշումներին: