Լիտվացի բանաստեղծ Յուրգիս Բալտրուշայտիսը (1873-1944) ծնվել է Լիտվայի Յուրբարկասի շրջանի Պանտվարջյայ գյուղում: Կաունասի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի համալսարանում: Այդ տարիներին նույն համալսարանում ուսանում էր մեր հայրենակից, հետագայում ճանաչված թարգմանիչ Նիկիտա Կարա-Մուրզան: Հիշելով Յուրգիս Բալտրուշայտիսին՝ նա գրել է. «Ես սովորում էի Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, երբ ուսանողների շրջանում և ոչ միայն ուսանողների, այլև պրոֆեսորների, լուր տարածվեց, որ համալսարանում հայտնվել է հանճարեղ լեզվաբան, ուսանող, որը աներևակայելի, անսովոր ընդունակություններ ունի դեպի լեզուները, և ինչն է հատկապես զարմանալի, որ նա, ինչպես կարելի էր ենթադրել, ոչ թե բանասիրական ֆակուլտետի ուսանող էր, այլ մաթեմատիկականի: Շուտով ես իմացա նրա ազգանունը, որը հարյուրավոր իվանովների և պետրովների մեջ ինձ համար հնչում էր անչափ տարօրինակ՝ Բալտրուշայտիս»:
1916 թ. Մոսկվայում հրատարակված բրյուսովյան «Հայ պոեզիայի անթոլոգիայի» աշխատանքներին Վալերի Բրյուսովի, Ալեքսանդր Բլոկի և ռուս այլ թարգմանիչների հետ միասին մասնակցել է նաև Յուրգիս Բալտրուշայտիսը, որը ստեղծագործում էր թե՛ մայրենի լիտվերենով և թե՛ ռուսերենով: Անթոլոգիայի համար նա թարգմանել է Ալեքսանդր Ծատուրյանի և Վահան Թեքեյանի բանաստեղծությունները (Պողոս Մակինցյանի տողացիների հիման վրա): Բրյուսովյան անթոլոգիայից բացի, Պետրոգրադում նմանատիպ մի հրատարակություն էլ կազմակերպվել էր Մաքսիմ Գորկու կողմից: Այս գրքի համար էլ Յուրգիս Բալտրուշայտիսը թարգմանել էր Վահան Տերյանի բանաստեղծությունները: Յուրգիս Բալտրուշայտիսի թարգմանությունները հայ պոեզիային նվիրված այս երկու ժողովածուներում նրա կենսագրությունում նշանակալի երևույթ են: «Հայ քնարերգությունը» պատերազմի արյունոտ տարիներին ծնված երկու ժողովուրդների մշակութային կապերի գեղեցիկ էջերից են»,- նշում է «Յուրգիս Բալտրուշայտիս» մենագրության հեղինակ, պրոֆեսոր Վիկտորյա Դայոտիտե-Պակյարենեն: Հեղինակը վախեցել է օգտագործել «Եղեռն» եզրույթը, սակայն, հուսով ենք, որ երկրորդ հրատարակության մեջ կհամարձակվի օգտագործել, որովհետև տակավին 2005 թ. դեկտեմբերի 15-ին Լիտվայի Հանրապետության Սեյմը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Յուրգիս Բալտրուշայտիսը նաև բանաստեղծություն է նվիրել իր հայ գրչեղբայր Ալեքսանդր Ծատուրյանի հիշատակին.
Ապրում էր մեզ հետ՝ ջերմ իր սրտում պահած
Սուրբ բոցը երգի, որի թախծի մեջ
Հյուսվածքի պես ձույլ հյուսվել էին իրար
Քույրերն այդ երկրային՝ ցավը և հույսը,
Ղողանջն իրիկվա և արշալույսը…
Նա, դառնության զավակ, գնաց ջինջ սրտով,
Նախազգաց, մեղմեց ցավն իր ճամփեքի,
Եվ հոգին, փռվող ճշմարտության համար,
Պահում էր վախով հավատն իր՝ կյանքին:
Ահա թե ինչու գերեզմանին անհայտ,
Սերմնացան որպես, իր երկրի դաշտից
Հեզ բերեց նա ողջ մարդկության սեղանին
Որպես պարգև խաչբառն իր ծանրաքիստ:
Դաժան բախտը դրեց շվիի մեջ նրա
Թախիծը հայոց դարավոր ցավի,
Եվ ոգին նրա կելնի ծաղկի պես
Այնժամ՝ երբ նորեն ելնի իր մոխրից
Հայաստանը՝ զոհարան, որի սև ծխում
Նա զոհ բերեց իր սիրավառ հոգին
Եվ իր մեղեդու ղողանջը տխուր:
(Թարգմ.՝ Ֆրունզիկ Կիրակոսյանի)
Եվ բացարձակապես զարմանալի չէ, որ ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ, հայտնի դիվանագետ, հայ ժողովրդի բարեկամ Յուրգիս Բալտրուշայտիսի ընտանիքում է ծնվել հայ ճարտարապետության մեծ գիտակ Յուրգիս Յուրգիսի Բալտրուշայտիսը:
Հենց իր հոր դիվանագիտական կապերի շնորհիվ նա կարողացավ մեկտեղել հարուստ լուսանկարներ և գեղանկարներ, որոնցում ընդգծեց հայկական ճարտարապետական հուշարձանների, քանդակների, գերեզմանատների, զարդանախշերի և գեղանկարների թեմատիկան: Նա ոչ միայն առաջիններից մեկն էր, որ Արևմուտքը քրիստոնեական Ասիայի մշակույթին ներկայացրեց, այլ նաև համեմատական ուսումնասիրություններ սկսեց: Նա նաև բացահայտեց Հայաստանում պարսկական արվեստի արտացոլումը, Անդրկովկասի միջով Արևմուտքի վրա թողած որոշ ազդեցությունների ճանապարհը:
20-րդ դարասկզբին կովկասյան տարածաշրջանը Արևմուտքի համար անհայտ աշխարհ էր՝ «terra incognita»: Այսպիսով, արևելաեվրոպացիները, ովքեր սկսում են ուսումնասիրել միջնադարյան արվեստը, ձգտում են բացահայտել այդ տարածքների տեղը քրիստոնեական մշակույթի պատմության մեջ: 1927 և 1928 թթ. ճանապարհորդելով Հայաստանում և Վրաստանում՝ Բալտրուշայտիս Կրտսերը լուսանկարներում և նկարներում պատկերում է Քրիստոնեական եկեղեցիների ճարտարապետությունն ու մոնումենտալ ճկունությունը, հետազոտում զարդանախշերի կառուցվածքը, հնագիտական, առասպելական փորձի ձևերը: Արևելքի և Արևմուտքի միջև կապեր է հայտնաբերում՝ որպես աշխարհի մշակույթների հետազոտող-ուխտագնաց:
Յուրգիս Բալտրուշայտիսը հրատարակել է մի շարք մենագրություններ հայ ճարտարապետության մասին (1)Études sur l’art médiéval en Géorgie et en Arménie, Paris: E. Leroux, 1929, 2)Le Problème de l’Ogive et l’Arménie, Paris: E. Leroux, 1936): Իսկ 2015-ին Հայաստանում, Լիտվայի դեսպանության նախաձեռնությամբ, հայերեն հրատարակվեց Յուրգիս Բալտրուշայտիսի և Տիգրան Քույմջյանի «Ջուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները» աշխատությունը: