Տերյանը ժամանակի
քննադատության գնահատմամբ
(1908-1920 թթ.)
Լրացավ Վահան Տերյանի` ամենաքնարական, ամենանուրբ, ամենաբանաստեղծ բանաստեղծի 140-ամյակը։ Տերյանը նոր գույն տվեց հայոց քնարին, այնպիսի գույն, որ միայն իրենն է, երաժշտություն հաղորդեց հայոց բառուբանին, այնպես հաղորդեց, ինչպես ոչ ոք, այնպես երգեց Տիրամոր պես խոցված, փյունիկի պես հառնող հայրենիքը՝ Երկիր Նաիրին, ինչպես ոչ ոք, այնպես երգեց սերը, թախիծը, մթնշաղը, աշունն ու գարունը, ինչպես ոչ ոք։ Այսօր էլ նա գնում է ժամանակին համընթաց և իր պոետական զարմանալի նրբության կատարելությամբ գեղարվեստական ճաշակ է ձևավորում։ Տերյանի քնարը իր մշտական տեղն ունի համաշխարհային գրականության խճանկարում՝ որպես ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնություն, որպես համաշխարհայինի արտացոլանքը ազգայինի մեջ։ Հայ գրականագիտությունը «պարտքեր» ունի Տերյանին։ Մինչ օրս Տերյանի երկերի լիակատար գիտական ժողովածուի աշխատանքներն անգամ չեն սկսվել։ Իհարկե, կան նաև հարգելի պատճառներ. արխիվն ամբողջական չէր, գաղտնիության շղարշ կար շատ վավերագրերի վրա և այլն, և այլն… Այնուամենայնիվ Տերյանի մասին ստեղծվել է գիտական ուշագրավ գրականություն։ Եվ տերյանագիտության ավելի քան մեկդարյա անցած ուղին՝ իր բացթողումներով ու ձեռքբերումներով, արժանի է համակողմանի ուսումնասիրության։ Այն կարող է վեր հանել նրա առաջնահերթ խնդիրները և ազդակ լինել Տերյանի կյանքի ու ստեղծագործության նորանոր բացահայտումների։
***
Գրական կյանք մուտք գործելու առաջին իսկ օրերից Վահան Տերյանը հայտնվեց իր ժամանակի անվանի գրողների ու քննադատների ուշադրության կենտրոնում։ Առաջին գրախոսներից էր XX դարասկզբի նշանավոր քննադատ Նիկոլ Աղբալյանը։ «Մթնշաղի անուրջների» մասին նրա 1908 թթ. գրած գրախոսության առաջին իսկ նախադասությունը խրախուսական էր. «Վ. Տէրեան անպայման բանաստեղծական տրամադրութիւններ և շնորհք ունի….»։ Եվ չնայած մի շարք հարցերում, մասնավորապես լեզվին վերաբերող, Աղբալյանը սխալվում էր, այնուամենայնիվ, Տերյանի մեջ նա նկատեց տաղանդավոր բանաստեղծին և ողջունեց նրա մուտքը հայ գրականություն։ Այն, որ այդ պահին Աղբալյանը չգիտակցեց Տերյանի պոեզիայի գրապատմական նշանակությունը և պոետիկայի առանձնահատկությունները, պայմանավորված էր նրանով, որ քննադատի գեղագիտական ըմբռնումները ձևավորվել էին տարբեր գաղափարական գործոնների, «արվեստի ժողովրդայնության ու քաղաքացիականության» սկզբունքների ազդեցության տակ։ Նա կարևոր տեղ էր տալիս միջավայրին և քննադատի ճաշակին ու ըմբռնումներին՝ իբրև երկը քննաբանելու միջոց։ Քննադատը «Տխրությունը» վերլուծում է որպես պատմագրական պրոցեսի մի օղակ և քննում է գեղարվեստական պատկերը՝ դրսևորելով յուրաքանչյուր բառի հանդեպ մեծ հետաքրքրություն։ Տարիներ անց՝ 1920 թ. հուլիսի 11-ին, Թիֆլիսի Կոնսերվատորիայի դահլիճում կարդացած իր դասախոսության մեջ Ն. Աղբալյանը Տերյանի պոեզիան քննեց ժամանակի պատմական իրադարձությունների համատեքստում, սակայն նրա կարևորագույն դերը տեսավ միայն նոր ձևերի կիրառման մեջ, գնահատեց բանաստեղծին՝ որպես «հանգաբանությանը նոր տեխնիկա տվող», անդրադարձավ հայ և օտարազգի գրողների ազդեցությունների խնդրին և այլն։
Առհասարակ Տերյանի քնարերգության առաջին գնահատականները հաճախ իրարամերժ էին ու հակասական։ «Մթնշաղի անուրջների» գրախոսներից էր Դավիթ Անանունը, որը գեղարվեստական երևույթները քննաբանում էր բացառապես պատմասոցիոլոգիական դիրքերից և շրջանցում էր գեղարվեստական վերլուծությունը։ Նրա խոսքերով՝ Տերյանը «Հայ բանաստեղծ է միայն հայերեն գրելու պատճառով»։ Գրախոսի մոտեցումը հեռու էր քննադատություն կոչվելուց, հոդվածն իրենից անհիմն ու մերկապարանոց հայտարարությունների մի փունջ էր ներկայացնում. «Վահան Տերյանն առհասարակ օժտված չէ բանաստեղծական ուժեղ տաղանդով։ Նրա ոտանավորները չափազանց աղքատ են բովանդակությամբ՝ զուրկ լինելով միևնույն ժամանակ արտաքին արվեստից, բայց չնայած այդ պակասություններին՝ Տերյանը կարողանում է ստեղծել տրամադրություն … որն արդեն բանաստեղծական շենք ու շնորհքի նշան է»։
Տերյանի պոեզիայի մասին նման տեսակետները մերժվեցին հենց ժամանակակիցների կողմից։ Այս առումով նշանակալից է բանաստեղծի մասին առաջին մենագրությունը, որը գրեց XX դարասկզբի ամենահայտնի քննադատներից մեկը՝ Արսեն Տերտերյանը։ Նա մեկ առ մեկ մերժեց Տերյանի քննադատների՝ Հ. Սոլովյանի, Ավ. Տեր-Հարությունյանի, Գր. Ենգիբարյանի մոտեցումները՝ նկատելով, որ նրանք «Մի սրտաշարժ ներդաշնակությամբ նահատակում են «Մթնշաղի անուրջները»»։
Ա. Տերտերյանը «Մթնշաղի անուրջների» վայ-գրախոսներին հակադարձում է. «Տերյանը իբրև բանաստեղծ ունի՛ յուր «ընդգծված ուղին», բայց հիշյալ պարոնները՝ իբրև քննադատներ, զուրկ են գեղարվեստական քննադատության «ընդգծված ուղուց»»։ Նկատենք, որ Տերտերյանը այդ շրջանում տուրք էր տալիս իդեալիստական փիլիսոփայությանը և «Արվեստը արվեստի համար» տեսությանը։ Նա միմյանցից տարանջատում էր «մաքուր գեղարվեստը» հրապարակախոսության մոտիվներով գրականությունից, «տիպականորեն պատկերացնող գեղարվեստը» «հուզական ապրումների գեղարվեստից»։ Գրականագետը պոետին ներկայացնում է իբրև «համակ սեր և գթություն», «անկռիվ ապրումների» երգիչ, որը ստեղծագործում է «անգիտակցորեն», և որը ձգտում է «անդորր հայեցողության» ու «հրճվանքի»։ Տերյանի ապրումները Տերտերյանին հիշեցնում են Դուրյանի հույզերը։ Մենագրության այն գլուխները, որոնցում վերլուծվում է «հուզական ապրումների մաքուր արտահայտիչ» բանաստեղծի պոեզիան, վերնագրված են «Ցնորքի», «Ծարավի» և «Հաշտության» հույզեր։ Քննադատի կարծիքով՝ բանաստեղծությունը «միշտ և անպայմանորեն արտահայտությունն է որևէ հույզի»: Տերտերյանը Տերյանի ստեղծագործությանը մոտեցավ հոգեբանական-գեղագիտական չափանիշներով և փորձեց հաղթահարել սահմանափակությունը, հակադրվեց գեղարվեստի մասին գռեհիկ ուտիլիտարիստական պատկերացումներին, մերժեց տերյանական գեղարվեստական պատկերի այն անբավարար վերլուծությունը, որը բնորոշ էր ժամանակի շատ քննադատների։ Նա «Մթնշաղի անուրջները» գնահատում է որպես մեր գրականությունը զգալիորեն հարստացնող մի նոր ու խոշոր երևույթ. «Վահան Տերյանը յուր «Մթնշաղի անուրջներով» մի երջանիկ բացառություն է կազմում … նա յուր նմանը չունի»։ Հետագայում Տերյանը գրականագետի գիտական հետաքրքրությունների ոլորտում ապահովեց իր մշտական ներկայությունը։ Տերտերյանի մի շարք գնահատականներ այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, թեև նրանց արժեքը հիմնականում գրապատմական է։
Տերյանի ստեղծագործության առաջին գնահատողներից էր նրա դասընկերը՝ ժամանակի հայտնի քննադատ Ցոլակ Խանզադյանը։ Նա վկայում է, որ Լազարյան ճեմարանում Տերյանը այդ շրջանի հայ «մտավորականության գլխավոր առաջնորդն էր»։ Քննադատը չհասցրեց տալ իր սիրելի ընկերոջ՝ Տերյանի բանաստեղծական ծավալուն բնութագիրը, թեև բարձր էր գնահատում նրա տաղանդը և տարբեր առիթներով ընդգծում էր, որ Տերյանի ստեղծած «եվրոպական» ուղղությունը մինչև օրս էլ հայ արվեստի վերջին խոսքն է, հայ բանաստեղծության «նորագույն դրվագը»։ Խանզադյանն առավել հանգամանորեն է անդրադառնում Տերյանի պոեզիային իր մեկ այլ՝ 1923 թ. գրախոսականում՝ նվիրված Սուրխաթյանի կազմած «Գրական գոհարներ – Էպոս, քնարերգություն, դրամա» ժողովածուին։ Նա համարձակորեն մեղադրում է գրականագետին մարքսիստական գաղափարաբանության դիրքերից գրողներին գնահատելու համար։ Նա քննադատում էր Սուրխաթյանին, որը Սիամանթոյին մեղադրում էր «մանր բուրժուական ագրեսիվ նացիոնալիզմի և… պաշտպանողական բարբարոսության» մեջ, Պ. Դուրյանին՝ «գեղարվեստական արժեքից զուրկ ազգասիրական երգեր» գրելու համար, Ալ. Ծատուրյանին՝ «բառի բուն իմաստով հայ քրիստոնյա լինելու մեջ», իսկ Հ. Թումանյանին գովերգում էր միայն գյուղական «իդիլլիկ» կյանք նկարագրելու համար։ Սուրխաթյանը, որի երկերը ժամանակի քննադատության մակարդակի ու գաղափարականացվածության հայելին են, շրջանցում էր Պատկանյանի ազգասիրական քնարը. ազգ ու ազգասիրություն բառերը երբեմն դնում չակերտների մեջ։ Գեղարվեստի՝ «իբր-մարքսիզմի» դիրքերից վերլուծության արդյունքում Տերյանը դառնում է «մենության խավար զնդանից»՝ հայացքը դեպի «կոլեկտիվիզմ սևեռող երգիչ», որի մենության զգացումները բխում են «բուրժուական տարտարոսից»։ Մտերիմ լինելով թե՛ Ալ. Մյասնիկյանի և թե՛ Տերյանի հետ՝ Խանզադյանը Մյասնիկյանի դիմանկարը կերտելիս տվել է երկու ընկերների համեմատական բնութագիրը։ Նրա բնորոշումով՝ բանաստեղծը ավելի անուրջի մարդ էր, որոնող ոգի, գրեթե «ցավագարության հասնող նուրբ նյարդային սիստեմով», իսկ Մյասնիկյանը՝ իրական։ «Մյասնիկյանի համար ամեն ինչ պարզ էր – Վահան Տերյանը՝ ընդհակառակը… կարծում էր, որ դեռևս աշխարհում շատ գաղտնիքներ կան, որոնց մասին իմաստունները չեն էլ երազել անգամ…»։ Երկու սիրող ընկերներ հաճախ են վիճել։ Խանզադյանը Տերյանին ներկայացրել է որպես Մյասնիկյանի հոգեբանական հակոտնյա, որի ապացույցը եղել է երկու ընկերների ամենամեծ վեճը՝ ծավալված սիրո շուրջ։ Մյասնիկյանը հայտարարել է, թե մարքսիստը չպետք է սիրի որևէ կնոջ ու ամուսնանա, այլ՝ պիտի նվիրվի միայն իր գործին։ Տերյանին հաջողվում է համոզել ընկերոջը հակառակում միայն այն պահին, երբ վկայակոչում է Մարքսին, որն իր կնոջը սիրել է և նույնիսկ բանաստեղծություններ է նվիրել։ Մյասնիկյանը սիրում էր Տերյանի սիրային բանաստեղծությունները ոչ պակաս քան ժամանակին յուրաքանչյուր ընթերցող։ Խանզադյանի վկայությամբ՝ Մյասնիկյանը՝ «այդ ամուր մարդը», Տերյանի տողերից ցնցված՝ արտասվել էր …
«Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…»։
Ճակատագրի հեգնանքով Մյասնիկյանը սիրահարվեց հենց Տերյանի կնոջը՝ Սուսաննային, և ամուսնացավ նրա հետ բանաստեղծի մահից հետո։
Նորարարության ու նաև տաղանդի դեմ միշտ լինում են քար նետողներ և պարզապես չընկալողներ։ Տերյանը բացառություն չէր։ Նրա պոեզիայում ոմանք տեսան «սեռական էքստազ», «պոռնոգրաֆիա» «մազոխիզմ», «սադիզմ», «ցինիզմ» «թեթևամտություն» «կրքի ռեալ պատկերներ», իսկ հեղինակին անվանեցին «անկոչ հիւր՝ եկած անծանօթ երկրներից»։ Թումանյանի բնորոշումով՝ տաղանդի դեմ «բթամտության» արշավի մասնակիցներն էին Հայրիկ Տեր Պողոսյանը, Իվան Գնունին, Ստ. Պշիբիշևսկին, Ստ. Կանայանը և այլք։ Սակայն նրանք տերյանագիտությանը կարող են հետաքրքրել միայն իբրև ուսումնասիրության նյութ, միայն իբրև Տերյանի շնորհիվ «անմահացած» անուններ և ոչ ավելին։
Դարասկզբի քննադատներից էր Հովակիմ Սոլովյանը, որն ավելի հաճախ հանդես էր գալիս գռեհիկ սոցիոլոգիզմի դիրքերից։ Նրա կարծիքով՝ գեղարվեստական այն պատկերները, որոնք չեն համապատասխանում գործարանային մոտիվներին, մտքի քաղցածության ու սահմանափակության արտահայտություն են։ Այս տրամաբանությունը գործում էր նաև Տերյանի ստեղծագործությունը գնահատելիս։ Սոլովյանը Տերյանին անվանում է «կյանքի ալեկոծումներից հեռու մի երգիչ», որի «Մթնշաղի անուրջներ» գիրքը «ընդարձակ օրհներգ է ընկած տրամադրությունների, «բուրժուական մտորումների արձագանք», որի ձգտումն է «միամիտներին հեռու պահել ժխորից և ոգևորել մի ինչ-որ հեքիաթական աշխարհով»։ Սոլովյանը Տերյանի պոեզիան համարում է անկեղծ, որը, սակայն, ժամանակակից հասարակության միակողմանի ցոլապատկերն է։
Տերյանի մասին Սուրխաթյանի ծավալուն գնահատականը տպագրվեց 1912 թ. «Մշակի» էջերում։ Առաջին անգամ բանաստեղծի քնարերգությունը դիտվեց հասարակական տեղաշարժերի ու տրամադրությունների տեսանկյունից, առաջին անգամ բանաստեղծի քնարը ներկայացվեց ոչ թե կյանքից կտրված, այլ՝ որպես հասարակական միջավայրի և «կյանքի ելևէջների» գեղարվեստական արտահայտություն։ Սուրխաթյանի տեսակետը, թե Տերյանը ռոմանտիզմից անցում կատարեց ռեալիզմին, հետագայում տարածվել ու պաշտպանվել է, ինչպես նաև մերժվել ու քննադատվել։ «Ռոմանտիզմ (սենտիմենտալիզմի և մասամբ միստիցիզմի տարրերով) – Ռեալիզմ» ուղղագիծ անցման դրույթը վկայում է գեղագիտական առումով միակողմանի ու անբավարար վերլուծության մասին։
Ուշագրավ է «Գեղարվեստի» էջերում Վարդգես Ահարոնյանի (Վ. Մենակ) «Վահան Տերյան. Քննական տեսությունը», ուր բանաստեղծը հռչակվում է «արյունատենչ ու մեղսական սիրո մեջ» մոռացում փնտրող, «Մարմնի կուլտ առաջ քաշող», ազգային ավանդներից կտրված։ Տերյանի ստեղծագործության հատուկ «թերություն» է ներկայացվում ձևի գերիշխանությունը բովանդակության՝ «մտքի խորության վրա»։ Վ. Ահարոնյանը Տերյանին համարում էր ֆրանսիական դեկադենտական դպրոցի, մասնավորապես՝ Պոլ Վերլենի հարազատ աշակերտը։ Ըստ քննադատի՝ քանի որ Տերյանի պոեզիան անձնական բնույթ ունի, ապա դրանից թուլանում է բովանդակային կողմը։ Ի վերջո, քննադատը եզրակացնում է. «Տերյանը ինտելիգենտ բանաստեղծ է՝ շատ նուրբ գեղարվեստական ճաշակով… Տերյանի պոեզիայում չկա ոչ մի կոպտություն, ոչ մի ճչացող գիծ»։ Հայ գրողների ընկերության ամբիոնից Ահարոնյանի դասախոսությունը քննադատվել է անձամբ Թումանյանի կողմից։
Անկախ նշված գնահատականներից` Տերյանի ժամանակակիցները չէին կարող չընդունել նրա վիթխարի ազդեցությունը ժամանակի գրական կյանքում ու հատկապես սկսնակների շրջանում։ Նմանակողների թիվը հսկայական էր, ինչն անհանգստացնում էր շատերին։ Այդ մասին է «Բաքվի ձայն» թերթի 1913 թ. անստորագիր «Մթնշաղի մղձավանջը» հոդվածը. «Վահան Տերյանն է այժմ մեր բանաստեղծության պաշտամունքը։ Մեր բանաստեղծներից քչերին է վիճակվել այն բուռն համակրությունն ու ցայտուն հաջողությունը, որոնց արժանացավ Տերյանը… Եվ զարմանալի չէ, իհարկե, որ «քաղաքի բանաստեղծը» – ինչպես ճիշտ կերպով նկատել են քննադատները, այնպիսի նոր ու նրբին արտահայտություն է տալիս իր քնքույշ ապրումներին, այնպիսի ձևի մեջ է դնում իր զգացմունքները, որի նմանը չի եղել մեր քնարերգության մեջ մինչև Տերյանը»։ Դիմելով սկսնակներին՝ հոդվածագիրն ասում է. «Տերյանը տվել է ձեր ձեռքը խոսքի կախարդական զենքը: Բավական է որքան աշակերտեցիք, ժամանակն է, որ ձեր ասելիքն ասեք մեզ։ Տերյանի գեղեցիկ բանաստեղծությունները «ինքնուրոյնօրէն» կրկնելը խիստ անշնորհակալ գործ է։ Փորձեցեք ձեր ապրումները տալ։ Մթնշաղին հետևում են լուսավոր առավոտը, արևը, խինդն ու ծիծաղը»։
Տերյանի մասին տարաբևեռ կարծիքները հայտնվում էին ոչ միայն պարբերական մամուլում տպագրվող գրախոսականներում, հոդվածներում, հատուկ ուսումնասիրություններում, այլև 1910-ական թթ. Տերյանին նվիրված դասախոսություններում, բանավոր ելույթներում և դրանց՝ մամուլում տպագրված սղագրություններում։ Բովանդակային առումով դրանցում գերիշխում էին հայ գրականության շղթայում Տերյանի գրապատմական դերի, նրա բանաստեղծական տաղանդի, հայ և օտար ազդեցությունների, ազգային ավանդներին հարազատության, նորարարության, գրականություն նրա «շռնդալից» մուտքի և այլնի մասին թեմաները։ Անկախ Տերյանի արվեստի թյուր ընկալումներից՝ տերյանագիտությունը իր ձևավորման ակունքներում՝ սկսած 1908 թ. արձանագրեց Տերյանի անուրանալի տաղանդն ու ինքնատիպությունը, նկատեց տերյանական դպրոցի ու գրական նոր շրջափուլի սկզբնավորումը։
