ՄԵԾ ՀԱՅՔԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐՆ՝ ԸՍՏ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՄԵԾԱՐԺԵՔ ԳՐՔԻ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 

2025-ին լույս կտեսնի Սերգեյ Վարդանյանի գրվածքների «Ընդարձակ մատենագիտությունը» (1974-2024), այն բաղկացած է 342 մեծադիր էջերից: Նրանում բանասեր, պատմաբան, բանագետ, բանահավաք, բարբառագետ, արձակագիր, մանկագիր, հրապարակախոս Սերգեյ Վարդանյանի գործերն են, որոնց հեղինակին ճանաչում եմ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ընդունելության քննություններից՝ հայոց լեզու գրավոր, նաև բանավոր առարկաներից: Գրավորի քննության ժամանակ ուշադրությունս գրավեց եվրոպական արտաքինով մի գեղեցիկ տղա, որ հանգիստ գրեց իր շարադրությունը: Որքան մեծ եղավ ուրախությունս, որ այդ տպավորիչ տղան ընկել էր բանավորի քննության այն լսարանը, ուր ես գտնվում էի վիճակահանությամբ: Պարզվեց՝ գրավորից «4» գնահատական էր ստացել, սա արդեն մեծ նվաճում էր, որովհետև մանկավարժականում «4» կամ «5» գնահատականները խստորեն հսկվում էին, իսկ «5»-եր գրեթե չէին լինում: Տղան փայլուն գիտեր հարցերը, պատասխանեց նաև լրացուցիչ հարցերի. ես հիացած էի, սակայն հայոց լեզվից նրա գիտելիքները «4»-ի էին: Քննական հանձնաժողովի նախագահը հայտնի լեզվաբան Աշոտ Աբրահամյանն էր, և նա պետք է որոշեր՝ «5» կամ «4»: Ես կանչեցի Աշոտ Աբրահամյանին, ներկայացրի իրավիճակը և խնդրեցի, որ դիմորդը «5» ստանա: Նա քննեց տղային, ասաց, որ գիտելիքները գրականությունից փայլուն են և կանչեց ռեկտորին՝ Մուսայել Քոչարյանին՝ «5»-ի թույլտվություն ստանալու: Երբ ռեկտորը եկավ, ասացի՝ տղան ուսանողի գիտելիքներ ունի: Սա դարձավ զավեշտալի պատմություն. կասկածեցին, թե մեկ ուրիշն է եկել Սերգեյ Վարդանյանի փոխարեն քննություն հանձնելու: Փակեցին մեզ քննասենյակում, ստուգեցին նրա գործերը. լուսանկարը համապատասխանում էր դիմորդին: Ռեկտորը հարցրեց. «Տղա՛ ջան, դու եղբայր ունե՞ս»: Սերգեյը ժպտալով պատասխանեց. «Ես մի ծին եմ, մինուճար»: Բոլորը ծիծաղեցին, և նա ստացավ իր «գերազանց» գնահատականը: Որքան ճիշտ էր հասկացվել պատանի Սերգեյի օժտվածությունը, երբ նա բուհ էր ընդունվում: Եվ ահա արդյունքը՝ ծանրաբեռ ու մեծարժեք մատենագիտություն, հրաշալի գրքեր և դրանց մեջ ամենահիշարժանը՝ «Հայաստանի մայրաքաղաքները», որն առաջին անգամ լույս է տեսել 1985-ին՝ «Հայոց մայրաքաղաքները» վերնագրով: Պատմական առումով գիտական ու ճշգրիտ հետազոտություն, բոլորովին զուրկ ազգային սնապարծությունից:
Բոլորը գիտեն Կիլիկյան Հայաստանի նշանավոր Սիս մայրաքաղաքի մասին: Սերգեյն այն չի ներառել գրքում՝ չնայած Կիլիկիայի արքաներն իրենց համարում էին նաև Հայաստանի տերեր, և կաթողիկոսը նաև Մեծ Հայքի հայրապետն էր: Այսօր էլ Կիպրոսի շատ վանքեր ու ամրոցներ իրենց վրա կրում են Կիլիկիայի հայկական թագավորությանը պատկանելու ցուցանակները: Դրանք կան Լառնակայում ու Կիպրոսի այլ վայրերում:
Գրքի ամենածավալուն հատվածները նվիրված են Վանին, Անիին ու Երևանին: Գրքի վերջում դրված է անգլերեն համառոտ ամփոփում, գունավոր ներդիր նկարներ և տողատակային գրականության ցանկ:
Սերգեյ Վարդանյանը Վան քաղաքի պատմությունը համեմատում է դարեր շարունակ Վանի բարձունքում գտնվող Մհերի փակ դռան հետ: Մեր օրերի նշանավոր հայագետ Ժան-Պիեռ Մահեն 2012 թվականին Փարիզում լույս տեսած “Histoire de l’Arménie” գրքում (745 էջ), ներկայացնելով Հայաստանի պատմությունը, նկատում է, որ դժվար է նկարագրել մի երկրի պատմություն, որի պատմական տարածքի ինը տասներորդ մասը օտար երկրներում է: Հայ գիտնականները չեն կարող այնտեղ հնագիտական պեղումներ անել և վերականգնել Հայաստանի պատմությունը: Այդ դժվարությունները չունեն Ֆրանսիայի, Ռուսաստանի կամ Իսպանիայի պատմաբանները: Բացի այդ, հայտնի է, որ թուրք-ադրբեջանական պատմաբաններն ամեն հայկականը վերագրում են իրենց: Աղվանաադրբեջանական և թուրքական են դառնում միջնադարի հայ գրողները, Դադիվանքը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, հայ Բագրատունիների Անի մայրաքաղաքը, Ուրարտուն, Էրեբունի-Երևանը, և՛ այլն, և՛ այլն:
Այս առումով Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գիրքը վերժամանակյա երևույթ է և արժանի՝ եվրոպական լեզուներով թարգմանվելու: Հայտնի է, որ Վանում պահպանվել են մեծ քանակի ուրարտական սեպագրեր: Դրանք կան նաև Մհերի դռան վրա: Վարդանյանը քաջատեղյակ է, որ առաջին եվրոպացի գիտնականը, որը Վանից սեպագրերի նկարներն ուղարկեց Փարիզ՝ Ա. Ժ. Սեն-Մարտենին, նշեց, որ դրանք նման չեն հին մյուս ազգերի սեպագրերին: Սա դարձավ ուրարտագիտության սկիզբը: Սակայն երիտասարդ եվրոպացի գիտնականը չվերադարձավ Փարիզ՝ քրդերը նրան սպանեցին: Վարդանյանը թվարկում է եվրոպացի այն գիտնականների անունները, որոնք զբաղվել են ուրարտական սեպագրերով: 1984 և 1995 թվականներին, երբ Սերգեյ Վարդանյանը հրատարակում էր իր կոթողային գործը, դեռ Նիկողայոս Ադոնցի «Քննական պատմություն Հայոց» աշխատության հայերեն թարգմանությունը չկար: Մեծ բյուզանդագետն ու հայագետը գիտակցաբար Հայոց պատմության հատորները գրում էր ֆրանսերեն՝ աշխարհին հայերի ճշգրիտ պատմությունը ներկայացնելու համար: Նա իր գրքի երրորդ գլուխը անվանեց «Ուրարտու պետությունը»՝ զետեղելով 163 ուրարտական սեպագիր արձանագրություններից կատարած իր թարգմանությունները, որոնք ապացուցեցին, որ Ուրարտուն նույն Հայաստանն է, և ինչպես Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Ռընե Գրուսեն է ասում, Ադոնցը հայ ժողովրդի պատմության մեջ մտցրեց Ուրարտուն՝ Նաիրի ցեղերի նոր և հզոր միավորումը. «Դեռ ավելին, Ուրարտուի առաջին թագավորը, որի անունը հասել է մեզ, հենց այն նույն Արամեն է, որը դարերի անջրպետի և ցեղերի միջով կարողացել է դառնալ հայ ազգի հերոսական էպոնիմը» (Ն. Ադոնց, Երկեր, հ. Դ, Երևան, 2009, էջ 27): Իհարկե, Ն. Ադոնցից հետո բազմաթիվ նոր փաստեր են հայտնաբերվել, որոնք առավել հիմնավորում են նրա կարծիքը:
Ըստ տարբեր ու տարալեզու աղբյուրների՝ Ս. Վարդանյանը ներկայացնում է Վանի պատմության տարբեր դարերը, մշակութային ձեռքբերումները, նշանավոր պատմական հուշարձանները, Գագիկ Արծրունու ժամանակ կառուցված ճարտարապետական հրաշք կառույցները, որոնցից միայն «Սուրբ խաչ» եկեղեցին է պահպանվել: Մանրամասն պատկերված են Վանի բնակիչների հերոսամարտերը 1895-96 թթ. Համիդյան ջարդերի և 1915 թվականի Հայոց մեծ ցեղասպանության ժամանակ:
Գրքում կան Վանի տեսարժան վայրերի նկարները՝ ըստ ֆրանսիացի Շառլ Տեքսիեի, Ժյուլ Լորանսի և հին շրջանի եվրոպացի ճանապարհորդների: Գրքի հեղինակը փաստում է. «Այո՛, Վան-Վասպուրականում պահպանվել էին հայկական իշխանական տները, որոնց մի մասը նույնիսկ հեծելազոր ուներ» (էջ 21): Ներկայացվում են Աղթամարի կաթողիկոսության գործունեությունը, դպրոցները, մամուլը, հասարակական կյանքը, Վարագա վանքը, պատանի Րաֆֆին՝ «Ձա՛յն տուր, ով ծովակ» ազդեցիկ բանաստեղծությամբ, և, իհարկե, Խրիմյան հայրիկն իր ազգանվեր գործունեությամբ: Տեսնում ենք Արամ Մանուկյանին և նրա նվիրվածությունը Վանի ինքնապաշտպանության օրերին: Գրքում կան փաստացի հատվածներ, որոնք ճշգրիտ դասեր են այսօրվա Հայաստանի համար. ամեն ազգ պետք է հույսն իր վրա դնի. «Օտարերկրյա հյուպատոսները բանակցելու պատրվակով քանիցս ինքնապաշտպանների մոտ գալով՝ ուսումնասիրում են նրանց դիրքերը և հայտնում թուրքերին, իսկ անգլիական հյուպատոս Մ. Ուլիամը ճշտում է թուրքերի թնդանոթների դիրքը և ուղղում հայկական պաշտպանական գծի խոցելի տեղերի վրա» (էջ 27): Մեջբերվում են նշանավոր արևելագետ, լեզվաբան, պրոֆեսոր Պիեռ Ամեդե Ժոբերի գնահատականները՝ տրված Վանին ու վանեցիներին: Հայտնի այն ասացվածքը, թե՝ «Դրախտը երկնքում, Վանը երկրի վրա», հաստատված է գրքի համապատասխան մասի շարադրանքից: Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից է մեծատաղանդ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, որի ուշագրավ հուշերից հատվածներ կան գրքում: Վանն ուներ խնամված այգեստաններ, որոնք աչքի էին ընկնում պտուղների տեսակների բազմազանությամբ: Վանեցիները XIX դարի վերջին և XX դարում անցել էին եվրոպական տիպի զգեստներին և կրթվում էին Եվրոպայում: 1915-ի ցեղապանության հետևանքով Վանը դատարկվեց, և վանեցիները բոլշևիկյան ռուսական կառավարության հրամանով ռուսական զորքի հետ լքեցին Վանը: Դատարկված Վանը տեսել է Ե. Չարենցը և այն ցնցող ձևով պատկերել «Դանթեական առասպել» պոեմում:
Իրավացի է Վարդանյանը՝ արձանագրելով. «Անիի մասին գրվել են բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, վեպեր ու պատմվածքներ, պոեմներ ու երգեր: Երևի հայոց ոչ մի մայրաքաղաք այդքան չի ուսումնասիրվել, որքան Անին» (էջ 157): Նա մանրամասն անդրադառնում է Անին ուսումնասիրած օտարազգի ճանապարհորդների ու գիտնականների հաղորդած փաստերին: Իհարկե, Անիի մեծագույն հետազոտողը դարձավ Նիկողայոս Մառը, որը 1892-ից մինչև 1916 թվականը հնագիտական պեղումներ կատարեց Անիում, գրեց բազմաթիվ աշխատություններ և նպատակադրված շեշտեց. «Անին եղել է զտարյուն հայ բնակչության քաղաք, հայերի արքայանիստ քաղաք և ընդհանրապես միայն հայկական քաղաք»: Ս. Վարդանյանը նշում է, թե Ն. Մառի հնագիտական պեղումներին մասնակցել են այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են՝ Հ. Օրբելին, Թ. Թորամանյանը, Ն. Ադոնցը, Գ. Հովսեփյանը, Գ. Ղափանցյանը, Աշխ. Քալանթարը: Գրքում նկարագրվում է Անիի Մայր տաճարն իր ողջ վեհությամբ: Հիշենք, որ երկրաբան Աբիխը այդ տաճարը համարել է X դարի համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց, իսկ ծագումով շոտլանդացի Սըր Ռոբերտ Քեր Պորթերը՝ անգլիացի նկարիչ, դիվանագետ, գրող, ճանապարհորդ, որ ճանապարհորդել էր Եվրոպայում, Արևելքում, եղել Անգլիայի դեսպանը Վենեսուելայում, Անիի մասին թողել է եզակի վկայություններ: 1821 թվականին Լոնդոնում լույս է տեսել Պորթերի «Ճանապարհորդություններ Վրաստանում, Հայաստանում, Հին Բաբելոնիայում» գիրքը, որում բացառիկ տպավորություններ կան Անիի, Երևանի, Էջմիածնի ու Արտաշատի մասին: Պորթերը, հիացած Անիի ճարտարապետությամբ, նշում է, թե ինքը երբևէ չի տեսել արտասահմանում կամ Անգլիայի ամենահռչակավոր տաճարներում նման քարագործական կատարելություն: Ճանապարհորդը նշում է ութանկյուն աշտարակների խճանկարները, որոնք կարմիր, սև, դեղին գույներով էին ու գեղեցիկ՝ ճիշտ էտրուսկյան ոճի (Sir Robert Ker Porter, Travels in Georgia, Armenia, Ancien Babilonia, during the years 1817, 1818, 1819 and 1820, vol. I, 1821, p. 173): Գրքում ներկայացվում են Անիի հիմնական կառույցները, միջազգային հռչակը, բարձրարվեստ ճարտարապետությունը, արհեստները, պաշտպանական պարիսպների հզորությունը, նաև ստորերկրյա Անին, որն ուներ ռազմական, պաշտպանական նշանակություն. «Նրա սրահներն ու գաղտնարանները, խոռոչներն ու խորշերը հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին» (էջ 165): Նկարագրվում է եկեղեցապաշտ Անին իր բազմաթիվ եկեղեցիներով, նաև Տրդատ ճարտարապետի գործերով: Վերջինիս է պատկանում նաև Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթի վերաշինումը, որն այսօր էլ հիացմունք է պատճառում դիտողին իր հսկա չափերով և կատարելությամբ: Ներկայացվում է Անիի մշակութային կյանքի, բարձրագույն դպրոցի, արվեստների ու արհեստների ծաղկուն իրողությունը: Անիում եղած արձանագործության խոսուն վկան Գագիկ Առաջին Բագրատունու հրաշալի արձանն է, երկու մետրից բարձր, որը համահունչ է եվրոպական վաղ Վերածնության չափանիշներին: Թորոս Թորամանյանը գրել է. «Այս արձանը, թեև ոչ մեծ արվեստագետի գործ, բայց իր տեսակի մեջ միակը կարելի է համարել ամբողջ Հայաստանի և Կովկասի քրիստոնեական շրջանի մեջ, թե՛ իր մեծությամբ և թե՛ մինչև այժմ տեսնված ողորմելի գծերով մանր-մունր արձաններու հետ բաղդատելով» (էջ 167): Ներկայացվում է Անիի հանձնումը Բյուզանդիային, թուրք-սելջուկների՝ քաղաքին հասցրած ավերածություններն ու կոտորածները, Անիի վերջնական կործանումը: Նշվում է նաև Զաքարյանների հայրենասիրական գործունեությունը Անիում: Հիանալի է 1904-ին Անիի այցելուների մատյանում Հովհաննես Թումանյանի հետևյալ գրառումը.
Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,
Մենք հույսեր ունենք պահած մեր սրտում,
Մի՞թե հավիտյան կողբանք ավերակ,
Մի՞թե հավիտյան կմնանք տրտում: (էջ 182)
Հիանալի է դիտարկել Վարդանյանը. «Տասներորդ դարից սկսած՝ աշխարհով մեկ ճչում է անիական ոճը: Այսօր ավերակների միջից լսվում է նրա կանչը» (էջ 187):
Ներկայիս Երևան մայրաքաղաքը պատմական ուրարտական Էրեբունին է, որի ծննդյան հուշաքարը՝ Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությամբ, վկայում է, թե Երևանը հիմնադրվել է Քրիստոսի ծնունդից առաջ 782 թվականին: Արդեն կռահելով մեր թշնամի հարևանների նկրտումները Երևանի նկատմամբ՝ նշանավոր հնագետ Մորուս Հասրաթյանի և խորհրդային տարիների Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանի ջանքերով հիմնադրվեց Երևան-Էրեբունի տոնակատարությունը: Պարույր Սևակի խորիմաստ խոսքերով ստեղծվեց Էրեբունի-Երևան երգը, որի հանդիսավոր երաժշտությունը գրեց մեծատաղանդ Էդգար Հովհաննիսյանը, և այն դարձավ Երևան մայրաքաղաքի օրհներգը:
Բացատրվում է Երևան անվան մի շարք մեկնություններ՝ սկսած Նոյ նահապետի երևալ բառից՝ Արարատի գագաթից իջնելիս: Ռոբերտ Քեր Պորթերը Երևան քաղաքի անունը դնում է Հիսուսի ծնունդից վաթսունհինգ տարի առաջ և այն կապում Երվանդ արքայի անվան հետ: Եվ քանի որ Պորթերի այցելության օրերին Երևանը Պարսկաստանի կազմում էր, ճշգրտում է. «Այն մի ժամանակ եղել է հայերի թագավորության մասը, և այդ ժամանակից ի վեր նրա բնիկ բնակիչները կոչվում են հայեր» (Ռ. Պորթերի նշված աշխատություն, էջ 195):
Սերգեյ Վարդանյանը ներկայացնում է թուրքերի մի շարք հարձակումներ՝ պարսիկներից քաղաքը խլելու նպատակով: Սակայն մինչև 1826 թվականը այն երկար դարեր եղել է Իրանի կազմում: Պարսից տիրապետության ժամանակ Երևանը դարձել է սովորական ասիական քաղաք և չնայած 1604-ին Շահ Աբասի բռնի արտագաղթին՝ Երևանում հայերն ապրում էին և մեծ ոգևորությամբ օգնում են ռուսական զորքին քաղաքն ազատագրելու ճակատագրական խնդրում: Դեռ Արգիշտի Առաջինը Երևանում ջրանցքներ է անցկացրել: 1652 թ. Նորքում գրված մի հիշատակարան վկայում է. «Երևանցի մեծահարուստ Խոջա Գրիգորն իր ծախսով, նշանավոր Քառասուն աղբյուրից ջուր է բերել քաղաքի համար» (էջ 226):
Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո Հայաստանը, որի մեջ մտնում էին նաև հսկայածավալ Կարսի մարզը և Անի մայրաքաղաքը, վերելք է ապրում և՛ տնտեսական, և՛ մշակութային առումով: Ինչպես վկայում է ֆրանսիացի հայագետ Մարի Ֆելիսիտե Բրոսսեն, Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնող միակ նահանգն էր, որ ուներ իր դրոշը և զինանշանը: Զինանշանի կենտրոնում Արարատ լեռն է՝ կատարին Նոյի տապանը:
Ճշգրտորեն պատկերված է 1918-1920 թթ. Հայաստանի առաջին հանրապետության կառավարության եռանդուն գործունեությունը: Դժվարին պայմաններում՝ 1919-ին, Երևանում հիմնադրվում են Ազգային գրադարան ու համալսարան: Բացվում է պատկերասրահ, ուր ցուցադրվում են Ե. Թադևոսյանի, Մ. Սարյանի, Գ. Բաշինջաղյանի, հայ նկարիչների կտավներ:
Սերգեյ Վարդանյանի հրաշալի հետազոտությունը պատկերազարդ է և ավարտվում է մեր պաշտելի Երևանին ուղղված լավատեսական մի շարք եզրահանգումներով. «Հայաստանն անվանել են «դեգերող մայրաքաղաքների երկիր»՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի… Եվ այսօր, կարծես, Երևանը ներառել է անցյալի մայրաքաղաքների փառքն ու հիշատակները» (էջ 238):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։