ՆԵՅԻ* ՏՈՆԱՎԱՃԱՌԸ

Անդրե ՄորուաԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

Ֆրանսերենից թարգմանեց ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆԸ 

– Բոնիվեն ինձնից մի հինգ-վեց տարով մեծ էր,- ասում է Մոֆրան,- և նրա կարիերան այնքա՜ն փայլուն էր, այնչա՜փ արագ, որ ես նրան միշտ համարել եմ ավելի շուտ տեր, քան` ընկեր: Ես նրան շատ բանով էի երախտապարտ: Այդ նա էր, որ ինձ աշխատանքի էր կանչել իր քարտուղարություն, երբ դարձել էր Հանրային աշխատանքների նախարար, ու էլի նա էր, որ նախարարու­թյան փլուզվելուց հետո «տեղավորել էր» ինձ պրեֆեկտուրայի վարչությունում:
Երբ վերադարձավ իշխանության, հանձն առավ Գաղութների բաժանմունքը. այն ժամանակ Փարիզում ես մի շատ հաճելի աշխատատեղ ունեի և խնդրեցի նրան թողնել ինձ նույն գործին: Մեր հարաբերությունները շարունակ սրտառուչ էին, և մենք` մեր ամուսնական զույգերով, հաճախ միասին էինք սեղան նստում` կա՛մ մեկի, կա՛մ մյուսի մոտ:
Նելլի Բոնիվեն մոտ քառասուն տարեկան կին էր` տակավին սիրունիկ, ամուսնու կողմից սիրված, նախարարի անթերի կին: Ես արդեն տասը տարվա ամուսնացած էի, և գիտե՞ք` Մադլենն ու ես միշտ որքա՜ն ենք երջանիկ եղել:
«Հունիսի սկզբին էր. Բոնիվեները մեզ հրավիրել էին ճաշելու Բուայի ռեստորաններից մեկում: Մենք վեց հոգով էինք. երեկոն ուրախ անցավ, կեսգիշերվա կողմ մենք իրարից բաժանվելու ոչ մի ցանկություն չունեինք: Բոնիվեն, որի տրամադրությունը գերազանց էր, առաջարկեց գնալ Նեյի տոնավաճառ: Նրան դուր է գալիս, լինելով իշխանավոր, սուլթան Հարուն-ալ-Ռաշիդի դեր խաղալ և լսել` ինչպես է իրեն տեսնելիս, ամբոխը քչփչում. «Նայե՛ք, Բոնիվե՜ն է»:
«Երեք հասունացած զույգեր, որոնք ապարդյուն ջանում են երեխայական խաղերի մեջ մանկության համ ու հոտ գտնել, բավականին տխուր պատկեր են ներկայացնում: Տարբեր վիճակախաղերում մենք շահեցինք նշի թխուկներ, հյուսածո ապակե նավեր ու անուշահացիկներ, մենք` երեք տղամարդիկս խփեցինք պտտվող տակառներ և ձվի կճեպներ, որն առաջ էր բերում ջրի թույլ շիթեր: Հետո հասանք շրջանաձև երկաթուղու, որը, բաց երկնքի տակ մեկ-երկու շրջան գործելուց հետո, վերադառնում էր թունելաձև բրեզենտի տակ: Նելլի Բոնիվեն առաջարկեց նստել գնացք. Մադլենը, կարծեմ, այնքան էլ զվարճալի չէր գտնում այդ խաղը և ոչ էլ կարծում էր, որ թիկնաբարձերը առանձնապես մաքուր կլինեն, սակայն` չուզեց խանգարել տոնին, ու մենք գնեցինք տոմսակները: Մեկնարկի խառնաշփոթի մեջ մեր խումբը բաժանվեց երկու մասի: Ես հայտնվեցի մենակ` Նելլի Բոնիվեի հետ նույն կուպեում»:
Այս փոքրիկ գնացքը շատ արագ էր պտտվում, և նրա կորերը այնպես էին գծագրվում, որ իրար վրա էին շպրտում վագոնների ուղևորներին: Առաջին իսկ շրջադարձին տիկին Բոնիվեն քիչ մնաց ընկներ իմ գիրկը: Այդ պահին մենք սուզվեցինք բրեզենտի խավարի մեջ, և ես այժմ անկարող եմ պատմել ձեզ, թե ինչ կատարվեց հաջորդած մի քանի վայրկյանների ընթացքում: Մեր մարմիններն սկսեցին վարվել գիտակցությունից անկախ: Ինչևէ, Նելլին իր կես մարմնով փռված էր ծնկներիս, ու ես շոյում էի նրան, ինչպես քսան տարեկան զինվորը կշոյեր այն աղջկան, որին հրավիրել էր գյուղի տոնավաճառ: Ես փնտրում էի նրա շուրթերը, շարունակ չհասկանալով` ինչ եմ անում, և այն պահին, երբ դիմադրության չհանդիպելով հասա շուրթերին, նորից լուսավորվեց: Միահամուռ համերաշխությամբ մենք անջատվեցինք իրարից արտակարգ կտրուկ կերպով ու իրար նայեցինք շլացած, քար կտրած:
Հիշում եմ` ինչպես փորձում էի այդժամ հասկանալ, թե ինչ էր արտահայտում Նելլի Բոնիվեի դեմքը: Նա կարգի էր բերում մազերը, խիստ նայում էր ինձ և մի բառ չէր ասում: Այդ շփոթմունքի պահը տևեց շատ կարճ: Գնացքն արդեն կանգ էր առնում, և մի պահ անց մենք` Բոնիվեն, Մադլենն ու մյուս երկուսը, հայտնվեցինք կլոր հարթակում:
– Սա մեզ համար, իրոք, մի քիչ ջահելի բան է,- ասաց Բոնիվեն ձանձրույթով: -Կարծում եմ, քնելու ժամանակն է:
Մադլենը համաձայնեց նրան, և մենք նայեցինք Պորտ Մայոյին, ուր տեղաբաշխվել էր մեր խումբը: Համբուրելով Նելլիի ձեռքը` ես փնտրեցի նրա հայացքը. նա զվարթ խոսում էր Մադլենի հետ, հետո հեռացավ, առանց մի նշան ցույց տալու:
Քնել ես չկարողացա: Այդ անսպասելի արկածը խաթարեց կյանքիս կատարելապես կայուն հավասարակշռությունը: Ես երբեք կանանց փեշի ետևից վազած չկայի, առավել ևս` ամուսնանալուց հետո: Ես ամբողջ սրտով սիրում էի Մադլենին, և մեր միջև կար քնքուշ ու անմնացորդ վստահու­թյուն: Իսկ Բոնիվեի հանդեպ տածում էի անկեղծ երախտագիտություն ու ակնածանք: Չնայած դրան` սատանան արթուն էր. ես այրվում էի Նելլիին տեսնելու և բաժանումից հետո նրան նետած հայացքի իմաստը հասկանալու ցանկությունից: Անակնկա՞լ…, քե՞ն: Դուք գիտե՞ք, թե ինչ սեթևեթ ինքնապարծություն է թաքնված ամենահամեստ տղամարդկանց սրտում: Պատկերացնում էի մի երկարատև ու լուռ կրքոտ սիրավեպ, որը հանկարծակի բացահայտվում է դեպքի բերումով: Իմ կողքին` իմին նույնանման իր մահճակալին, կամաց շնչում էր Մադլենը:
Հաջորդ օրը` առավոտյան, ես շատ զբաղված էի ու բոլորովին չունեցա այդ անակնկալ դիպվածի մասին մտածելու հաճույքը: Մյուս օրը ինձ կանչեցին հեռախոսի մոտ.
– Հիմա դուք խոսելու եք Գաղութների նախարարի հետ,- ասաց ձայնը… – Չհեռանա՛ք հեռախոսից. ձեզ հետ ուզում է խոսել նախարարը… Չհեռանաք:
Երիկամներովս դող անցավ: Բոնիվեն երբեք չէր զանգահարում ինքը. հրավերներն ու պատասխանները փոխանցվում էին մեր կանանց միջոցով: Ուրեմն, խոսքը պիտի որ լիներ միայն այդ հիմար արկածի մասին:
– Ալո՜,-հանկարծակի հնչեց Բոնիվեի ձայնը… – Ահ, Մոֆրա, այդ դո՞ւք եք… Դուք չէի՞ք կարողանա գալ իմ գրասենյակ… Այո, դա հրատապ է… Կբացատրեմ, երբ իրար տեսնենք… Դե, առայժմ, շնորհակալություն:
Ես լսափողը դրեցի… Ախր, Նելլին պատկանում էր այն անդուր կանանց տեսակին, ովքեր սիրում են գայթակղել տղամարդկանց (ասեմ, ու պատրաստ եմ երդվել, որ հենց նա էր, որ այդ երեկո իր կամքով ընկավ վրաս) և այնուհետև գանգատվում են իրենց ամուսիններին. «Գիտե՞ս, դու սխալվում ես, վստահելով այդ Բեռնարին… Նա այն բարի պտուղը չէ, որ կարծում ես…» Զզվելի՜ ցեղ:
Բոնիվեի մոտ գալու համար տաքսի փնտրելով` շարունակ ինձ հարց էի տալիս` ի՞նչ է տեղի ունենալու: Մենամա՞րտ: Շատ կուզենայի. համենայն դեպս, դա կլիներ հարցի պարզ լուծումը, սակայն` պատերազմից ի վեր մարդիկ այլևս չէին մենամարտում: Ոչ, Բոնիվեն անշուշտ կշտամբանքներ էր գլխիս թափելու ու հայտարարելու էր, որ մեր հարաբերություններն ավարտված են: Սա արժեքավոր բարեկամության վերջն էր և, անկասկած, նաև, իմ կարիերայի վախճանը, քանի որ Բոնիվեն զորեղ մարդ էր: Բոլորն ասում էին, թե սա խորհրդի նախագահ է դառնալու: Իսկ ի՞նչ էի ես ասելու Մադլենին, ինչպե՞ս էի նրան բացատրելու այս անհասկանալի խզումը:
Այս և այլ ավելի չարագույժ մտքերը խռնվում էին գլխիս մեջ` նախարարություն ուղևորվելուս ողջ ընթացքում: Ես սկսում էի հասկանալ, որ ինքնասպանությունը գնահատվում էր որպես բոլոր դժբախտների կողմից մի փախուստ, ովքեր հայտնվել են իրենց ստրկության համար ծանր կացության մեջ:
Ես որոշ ժամանակ սպասեցի միջնորդներով ու կատարածուներով խճողված ընդունարանում: Սիրտս անկանոն բաբախում էր: Վերջապես կատարածուն հայտարարեց իմ ազգանունը, ու ես վեր կացա տեղիցս: Իմ առջև Բոնիվեի աշխատասենյակի դուռն էր: Պետք էր նրան թողնե՞լ, որ առաջինը խոսի, թե, ընդհակառակը, կանխել տեսարանը լիակատար խոստովանությամբ:
Եվ ահա` նա էր, որ տեղից վեր կացավ ու սեղմեց իմ ձեռքերը: Ես ցնցվեցի նրա ընդունելության բարյացակամությունից: Միգուցե նա գիտակցել, հասկացել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել պատահաբա՞ր և ակամայի՞ց:
– Նախևառաջ,-ասաց Բոնիվեն,- ներողություն եմ խնդրում ձեզ այսպես շտապ կանչելուս համար, սակայն կտեսնեք, որ հարկավոր էր անհապաղ որոշում ընդունել: Ահա, ուրեմն… Դուք գիտե՞ք, որ մենք` Նելլին ու ես, առաջիկա ամսին պետք է մի մեծ ուղևորություն կատարենք Արևմտյան Աֆրիկա… Ինձ համար տեսչական ուղևորություն, իսկ նրա համար` զբոսաշրջության ու բացահայտումների… Ես որոշել եմ ինձ հետ տանել ոչ միայն նախարարության ծառայողների, այլ նաև մի քանի լրագրողների, քանզի անհրաժեշտ է, որ ֆրանսիացիք սովորեն ճանաչել իրենց կայսրությունը… Մինչև այժմ ես չէի մտածել խոսել ձեզ հետ այս նախագծի մասին, որովհետև դուք ո՛չ գաղութական եք, ո՛չ էլ ժուռնալիստ, իսկ մյուս կողմից էլ դուք ունեք ձեր պաշտոնը, բայց Նելլին երեկ երեկոյան հայտնել է ինձ, որ մեր ճամփորդությունը մոտ մեկ շաբաթով համընկնում է ձեր արձակուրդի հետ, և որ դուք` ձեր կինը և դուք, նրա համար կդառնաք ընկերակիցներ` ավելի հարազատ ու հաճելի, քան մեր պաշտոնյաների շքախումբը, և որ Աֆրիկան բավականին հազվագյուտ պայմաններում տեսնելու այս պատեհությունը ձեզ միգուցե կգայթակղի… Ուրեմն, եթե դուք համաձայն եք, ձեր ամուսնական զույգը կմասնակցի այս ուղևորությանը… Միայն թե ինձ պետք է դա իմանալ անմիջապես, քանի որ իմ գրասենյակներն այս պահին ավարտում են ցուցակների ու ծրագրերի կազմումը:
Ես շնորհակալություն հայտնեցի նրան ու խնդրեցի ինձ մի քանի ժամ տրամադրել տիկնոջս հետ խորհրդակցելու համար: Նախ ասեմ, որ ես գայթակղված էի: Հենց որ մենակ մնացի` պատկերացրի այն նեղությունն ու նողկալիությունը` Մադլենի մշտարթուն հայացքի տակ տարտամորեն վարելիք սիրային ինտրիգը, այն էլ` Բոնիվեի հյուրընկալության ներքո: Նելլին գեղեցիկ կին էր, բայց ես խիստ դատեցի նրան: Նախաճաշի ժամանակ պատմեցի Մադլենին այդ առաջարկության մասին, անշուշտ, չասելով, թե ով էր հրահրել այն, և մենք միասին պատճառաբանություններ փնտրեցինք դրանից համեստորեն հրաժարվելու համար: Մադլենը առանց դժվարության պատկերացրեց մի քանի նախընթաց հավանական հանգամանքները և, արդ, մենք չմեկնեցինք Աֆրիկա:
Ես գիտեմ, որ Նելլի Բոնիվեն այդ ժամանակվանից ի վեր իմ մասին խոսում է ոչ միայն ծաղրով, այլ նաև փոքր-ինչ թշնամանքով: Մյուս օրը մեր բարեկամ Լամբեր-Լըկլերկը նրա ներկայությամբ հնչեցրեց իմ անունը Սենատի պրեֆեկտի թեկնածության համար: Նելլին ծռմռեց պռոշներն ու ասաց. «Մոֆրա՞ն… տարօրինա՜կ միտք է. նա լավ մարդ է, բայց միանգամայն զուրկ է եռանդից: Նա մի մարդ է, որը չգիտի, թե ինչ է ուզում»:
Բոնիվեն պատասխանեց. «Նել­լին իրավացի է», և ինձ չնշանակեցին…
————————–
* Փարիզի արվարձան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։