Գրքերն էլ ունեն իրենց ծննդյան նախասահմանված ժամանակը

Հարցազրույց գրող, գրականագետ, թարգմանիչ Կարինե Ռաֆայելյանի հետ

Կարինե Խոդիկյան – Կարինե, կրկնեցիք նախորդ տարվա փորձը՝ մեկ տարում հրատարակեցիք երկու գիրք՝ «Հայը. ինքնանկար» և «Հույսի շավիղ»։ Եվ դարձյալ՝ տարբեր ժանրերի և ուղղվածության ժողովածուներ են դրանք։ Սա այլևս օրինաչափությո՞ւն է, թե՞ ընդամենը զուգադիպություն։
Կարինե Ռաֆայելյան – Ե՛վ օրինաչափություն է, և՛ զուգադիպություն, թերևս։ Քանի որ իմ մասնագիտական և ստեղծագործական կյանքը ենթադրում է ոչ միագիծ ընթացք, ուստի` երևույթն իր արձանագրությունն է գտնում իմ գրքերում։ Բայց գրքերի ծնունդն ինքնըստինքյան չի լինում։ Գրքերն էլ ունեն իրենց ծննդյան նախասահմանված ժամանակը։ Անցյալ տարի լույս տեսած «Փոխատեղումներ» ժողովածուն, օրինակ, ընդգրկում էր 1988-ից մինչև մեր օրերը գրված և հրապարակված իմ բանասիրական աշխատանքները։ «Մենիկ» ժողովածուում 2016-ից մինչև հրատարակությանը նախորդած շաբաթներին գրված պատմվածքներն էին։ Այս տարի հրատարակածս գրքերում ևս տարիների կուտակումներ են՝ արտահայտված գրականագիտական, գեղարվեստական բովանդակության մեջ։ «Հայը. ինքնանկարը» երկու բաժնից է բաղկացած։ Դրանում մեր ազգի երևելիների տարբեր ժամանակներում և տարբեր իրավիճակներում գրած հայապատումներն են և իմ «Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» և այլ հայապատումներ» գրականագիտական ընդարձակ աշխատությունը, որը փորձ է վերլուծելու ու վերծանելու մեր տեսակին տրված գնահատականը, մեր ճակատագրին բնորոշ անցումներն ու անկումները, դրանց հնարավոր հետևանքներն ու հանգուցալուծումները՝ ըստ մեզ ավանդված գրի՝ սկսած Մովսես Խորենացուց մինչև մերօրյա գրողներ։ Ոչ պատահաբար թե՛ իմ ուսումնասիրության մեջ, թե՛ ներկայացվող հայապատումների շարքում տեղ են գտնել մեր ազգի նշանավոր զորավարները՝ Գարեգին Նժդեհը և Վազգեն Սարգսյանը ևս, քանի որ անհերքելի ճշմարտություն է՝ հազարամյակների հոլովույթում մեզ պահող-պահպանողը եղել են հոգևոր արժեքները, գիրն ու մշակույթը, բայց և անխուսափելիորեն իրենց դերակատարությունն են ունեցել զենքի ուժն ու ռազմավարական միտքը։ Մենք չենք հավակնել ու չենք հավակնում այդ գործիքները կիրառել մեզ քաջ ծանոթ ավարառու տեսակի հանգույն՝ օտարի ունեցածը զավթելու-յուրացնելու նպատակով։ Բայց և չենք կարող թույլ տալ, որ նույն այդ ավարառուները կողոպտեն մեր բաժին հարստությունը։ Իմ աշխատության մեջ մեջբերված է Վազգեն Սարգսյանի «Քարի մեջ արուն կա» հրապարակագրության հետևյալ հատվածը, որը շատ բան է ասում մեր ու մեզ վիճակված բախտի մասին. «Եկեղեցի և տուն շինող ժողովուրդ է հայը: Եկեղեցին ոգու տաճար է, տունը, օջախը՝ կեցության: Հասկանալ է պետք հիմնավոր տուն ու տեղ դնելու հայի պաշտամունքը. որքան շատ բան ունես կորցնելու, այնքան ավելի ամուր կլինես հող ու օջախիդ կապված։ …Աստվածաշնչի մե՛ր կերպարը Ղովտի կինն է՝ նա, որ Աստծո պատվիրանին հակառակ` ետ նայեց ու քարացավ: Ինչպես չնայեր, ախր շատ բան ուներ թիկունքում թողած: …Ու որ երկնքից Աստված, ասել է թե ինքն էլ իջնի, մենք ետ ենք նայելու: Ետ ենք նայելու անգամ ժայռանալու գնով: Ախր շատ բան ունենք թիկունքում թողած»:

Կ. Խ. – Նայում եմ «Հայը. ինքնանկար» գրքի կազմին ու տեսնում շատ նշանավոր հայերի լուսանկարներ։ Ինչո՞ւ հատկապես Վազգենի խոսքը հիշատակեցիք։
Կ. Ռ. – Որովհետև մենք հիմա մեզ մեղավոր զգալու լուրջ պատճառներ ունենք հատկապես Արցախյան առաջին պատերազմում հաղթած քաջերի առաջ։ Իսկ ժողովածուի առանցքը Դերենիկ Դեմիրճյանի «Հայն» է՝ իբրև մեր տեսակի ամփոփ, անաչառ բնութագիր։ Եվ ինձ համար ամենակարևոր գնահատականը, որ տրվել է հային երբևէ, ամփոփված է Դեմիրճյանի խոհագրության եզրափակիչ հատվածում. «Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին,- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը»…»։

Կ. Խ. – Խոսենք նաև «Հույսի շավիղ» վիպակների ժողովածուի մասին։
Կ. Ռ. – «Հույսի շավիղում» երկու վիպակ է ընդգրկված՝ «Շավղից դուրս» և «Լռությունից անդին»։ Առաջին անգամ եմ փորձել ստեղծագործել վիպակի ժանրում։ «Լռությունից անդինը» արդեն վեպ է դարձել, բայց դեռ մշակվելու, հղկվելու տեղ ունի։ Միշտ մտածել եմ, որ մեծ արձակն իմ տարածությունը չէ, որ ես այդ ներուժը չունեմ, բայց հիմա կարող եմ վստահաբար ասել, որ պատմվածքն է արձակի ամենաբարդ, ամենալուրջ ժանրը։ Պատմվածք գրելու համար խիտ ու կառուցիկ միտք, այդ մտքի թելերն ի մի բերող խաղացկուն երևակայություն պիտի ունենաս։ Չափազանց դժվար է մի քանի էջի սահմաններում ավարտուն ասելիք տեղավորել։ Ինչ վերաբերում է «Հույսի շավիղին», դրանում ներկայացված վիպակներիս նյութը ինձ համար միջոց էր՝ արտահայտելու այն ցավն ու հիասթափությունը, որ պարտադրվեց մեր ազգին, մեր երկրին վերջին չորս տարիների ընթացքում։ Իմ հերոսները՝ ինձ հետ միասին, քայլում են հայկական գողգոթայի դաժան ոլորաններով ու փորձում գտնել հավանական ու անհավանական ինչ-որ ելքեր։ Ես սկզբունք ունեմ՝ ցանկացած մռայլ պատում ավարտել լույսի շողով, ցույց տալ համատարած մութը տարրալուծող «Հույսի շավիղը», եթե անգամ իմ իրատեսությունը խանգարում է տեսնել այն։ Գրքիս հարգարժան խմբագիրը՝ բան. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, գրում է. «Կարինե Ռաֆայելյանի երկու վիպակներում էլ պատկերված է չարի առավել մեծ ուժը, սակայն հաղթանակը, ինչպես հեքիաթներում, տրվում է բարուն»։ Առիթն օգտագործեմ և իմ խորին երախտագիտությունը հայտնեմ տիկին Դոլուխանյանին՝ գիրքս ոչ միայն խմբագրելու, այլև առաջաբան գրելու համար։ Սա, իրոք, մեծ բարեբախտություն է, որին արժանանալն ինձ այնքան էլ հավանական չէր թվում։

Կ. Խ. – «Հույսի շավիղը» արտասովոր ձևաչափ ունի…
Կ. Ռ – Դա իմ մտահղացումն է։ Նաև իմ առաջին գիրքը՝ «Երբ գիշերանա…» բանաստեղծությունների ժողովածուն է այդ ձևաչափով տպագրվել։ Ես այն «գողացել եմ» Դերենիկ Դեմիրճյանից։ Այդպիսին է նրա երրորդ գիրքը՝ 1920-ին լույս տեսած «Գարուն» քառյակների ժողովածուն, որ ձևավորել է Մարտիրոս Սարյանը։ Իմ գիրքը ձևավորել է տաղանդավոր զարմուհիս՝ նկարչուհի Նարե Կարապետյանը, որը նաև ձևավորել է «Փոխատեղումներ» ժողովածուս։ Ես նրան ոչինչ չեմ հուշել, բացի կազմի գույնից. ծիրանագույն՝ հայոց արքաների պատմուճանների գույնը։ Իսկ մնացածն արել է ինքը՝ կարդալով վիպակներս և պատկերի վերածելով իմ գիրը։ Հավելեմ նաև, որ շատ հաճելի էր համագործակցությունը «Հայաստան» հրատարկչության, մասնավորապես՝ հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի հետ։ Բնավ երկրորդական չէ այն հանգամանքը, թե ում հետ ես իրականացնում գիրդ գրքի վերածելու ոչ դյուրին գործընթացը։

Կ. Խ. – Չժխտեցիք, որ տարվա մեջ երկու գիրք հրատարակելը օրինաչափության տարր է պարունակում։ Հաջորդ տարի ի՞նչ սպասել այս առումով։
Կ. Ռ. – Ամեն ինչ կախված է մեր հայրենիքի ու հայրենակիցների ընդհանուր վիճակից, մեզանում տիրող տրամադրությունից ու մթնոլորտից և, իհարկե, իմ ֆինանսական հնարավորություններից։ Իսկ երկու գրքի նյութ՝ դարձյալ տարաբնույթ ուղղվածության, այո՛, պատրաստ-հավաքված է իմ համակարգչում։ Մնում է դրանց կյանքի իրավունք շնորհել՝ գրքի տեսքով։ Աստված առաջ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։