ԲԱՐԵԽԻՂՃ ՈՒ ԽՈՐԱԳԵՏ ՀԱՅԱՑՔ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանին ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը բոլոր անշունչ առարկաների մեջ ամենաշնչավորի` գրքի մասին գրելու դժվար ու պատասխանատու առաքելությանն է նվիրել իր կյանքը: Նրա կատարած գործը գրքի մկրտության ծես է, իսկ ինքը` այդ մկրտության ծեսի պատկառազդու քուրմ: Նրա գործը շատ հեռու է զուտ գրախոսություն կոչվող անգույն շտամպից/դրոշմից և մեկ հատիկ լուսասփյուռ բառով կոչվում է մեկնություն:
Ստացած կրթությունը, մասնագիտական գիտելիքները, անգամ փորձը, ինչ խոսք, խիստ կարևոր են լավ մասնագետ լինելու համար, բայց յուրաքանչյուր մասնագիտության պարագայում էլ գիտելիքներին խորությամբ տիրապետող մարդը սկսում է հասկանալ ամենակարևորը` դրանք ամենաքիչն են իսկական բարձունքներ նվաճելու համար: Մասնագիտական կատարելության սահմանները սկսվում են ստացած գիտելիքների կաղապարները վերաձևելու, ինչո՞ւ չէ, նաև փոփոխելու, այդ ոլորտում ուրույն ձեռագիր թողնելու խիզախությունից: Այսպիսին է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի գրականագիտությունը, որն ի մի է բերված «Ազատ էջեր» խորագիրը կրող հոդվածների և էսսեների ժողովածուում: Կարդացածը խորապես հասկանալու երջանկություն է այս ժողովածուն:
Մասնագիտության փայլուն իմացությունն այստեղ տեսանելի է անգամ անզեն աչքով: Գրչի առաջին իսկ հպումից նա մեր առաջ բացում է գրականագիտական նուրբ զգացողության, սուր հոտառության, իմացականության, խորատեսության ու հեռատեսության իր հորիզոնի անվերջանալի ծիրը, որի սահմանները մինչև ծավալուն գրքի վերջին էջերը ավելի ու ավելի են հեռանում: Գրավիչ բան կա այս գրքում` վեր զուտ գրականագիտական աշխատություն լինելու կաղապարվածությունից: Երվանդ Տեր-Խաչատրյանը երբեք չի սահմանափակվում գրականագիտական մտքերի տեղատարափով, տասնյակ անգամներ գործածված դարձվածքներով, խորհրդածություններով, մաշված ձևակերպումներով, գրականագիտական եզրույթների քարացած դասավորությամբ: Գրականագիտական դոգմաներն ընդհանրապես կորչում, փոշիանում են իր նուրբ ու հարուստ անձնական խոհերի և արտահայտչական ձևերի բազմազանության մեջ` դրանով նրա գրախոսությունները վերածելով գեղարվեստական արժեք ունեցող գործերի:
Հենց այդ գեղարվեստականությունն էլ այս գրքի ամենակարևոր արժանիքն է:
20-րդ դարի երկրորդ կեսից համաշխարհային գրականության մեջ տիրապետող ժանր դարձած էսսեն, որն ունի իր հայերեն` այս դեպքում հաջողված անվանումը` խոհագրություն, իսկապես խորությամբ բնութագրում է այն ժանրը, որի մեջ տեղավորվում են Երվանդ Տեր-Խաչատրյանի գրական և հրապարակախոսական հոդվածները: «Հայտնի ճշմարտություն է, որ ժամանակն է թելադրում – ստեղծում ժանրերը: Ես միշտ նախընտրել եմ գրականագիտական էսսեի ժանրը, պայմանով, որ այն խարսխված լինի գիտական ու իմացական ամուր հիմքերի վրա: Ի վերջո, դա նաև խառնվածքի, բնավորության, նկարագրի, ներաշխարհի և էության խնդիր է»,- գրում է Երվանդ Տեր-Խաչատրյանը իր հարազատ ժանրի մասին:
Խոհագրությունը, լինելով միաժամանակ և՛ գրականության, և՛ լրագրության ժանր, գրողին հնարավորություն է տալիս իր վերլուծությունը զարգացնել միաժամանակ երկու խորունկ հուներով: Գրողը չի ճնշվում գրականագիտության կամ արվեստաբանության ընդունված կաղապարների մեջ, որտեղ ինչպես ձկների համար ավազանում կամ ակվարիումի մեջ, իզուր է պատեպատ զարկվելու ամեն ճիգ, որովհետև նրանց սահմանը, միևնույն է, արդեն գծված է: Նա չի գնում լրագրության, հրապարակախոսության սեղմ ու չոր, հաճախ շուտասելուկային արագությամբ թափվող բառերի տեղատարափի ճանապարհով: Նրա էսսեն լրագրությունից վերցնում է ծավալի սեղմությունը, իսկ գրականությունից` ներհայեցողության կարողությունը: Այսպես է կառուցված Երվանդ Տեր-Խաչատրյանի էսսեների ներքին ատաղձը: Անշտապ հանդիսավորությամբ, կամացուկ ու զգույշ մտնելով գրողի կամ արվեստագետի աշխարհը` հեղինակը խորհում է նրանց հետ, նրանց մասին, նրանց խոհերի շուրջ: Գրողի բառերի, արվեստագետի պատկերների աշխարհում, սակայն, նա խորհրդածում է սեփական աշխարհընկալման անսահմանության մեջ, միաժամանակ խորհում է` հանուն արվեստի ու հանուն մարդու:
Ոչ թե պարտականությունից ելնելով կամ մի բան ասած լինելու մտայնությամբ, այլ արվեստաբանի, գրականագետի խորախոհ զգացողությամբ, պարտքի անբասիր գիտակցությամբ է նա մուտք գործում գրականության վիթխարի դարպասից ներս և գլուխը չի կորցնում հսկայածավալ չափերի հասնող նյութի մեջ. ասելիքի հստակ իմացությամբ քայլ առ քայլ առաջ է անցնում` խոր դիտողականությամբ անընդհատ զննելով, քննելով ճանապարհին հանդիպող ամեն մի արժեքավոր երևույթ: Առջևում իբրև լույս ունենալով հայ գրականության և արվեստի վաղվա տեսլականը` անընդհատ իր շուրջը ու ետ նայող նրա հայացքը արժևորում է հայ ժողովրդի ազգային մշակութային արժեքների, համաշխարհային տարածքում հայ ժողովրդի և հայ արվեստագետի տեղի ու դերի խնդիրը:
Երվանդ Տեր-Խաչատրյանի «Ազատ էջեր» գիրքը ծնվել է գրքի և առհասարակ արվեստի հետ իր ազնիվ ու վեհ շփումից և հաղորդակցումից: Այստեղ զգացվում է իսկական գրականագետի մեջ միշտ կենդանի, ապրող խիղճը գրքի հանդեպ: Գիրքը` ոչ թե որպես հասարակ առարկա կամ թղթերի ու մտքերի կույտ, այլ՝ որպես արվեստի գործ: Այս պաշտամունքը զգացվում է նրա` գրքին դիպչելու առաջին իսկ ակնթարթից, առաջին իսկ էջը բաց անելու խորհրդավոր արարողությունից մինչև վերջին բառը: Գիրքը նրա համար կենդանի արարած է, կենդանի մարմին, որի բոլոր մասերն էլ խիստ կարևոր են. թե՛ շապիկը, թե՛ սուպեր-շապիկը, թե՛ շմուց-տիտուլը, թե՛ ֆորզացը, թե՛ գիրը և թե՛ նկարազարդումը, բոլորն անխտիր: Գրքի բոլոր մասերից էլ սովորելու, ճանաչելու, դաստիարակվելու բան ունի ընթերցողը: Երվանդ Տեր-Խաչատրյանը գրքին վերաբերվում է հոգատար վիրաբույժի պես, որի համար մարմնի ավելորդ մասեր գոյություն չունեն, քանզի ամենուր արյուն է հոսում, և միշտ բաբախում է կենդանի հոգի: Ավելին, որտեղ ցավում է, հենց այնտեղ է հոգին: Նա գրքին վերաբերվում է աղոթողի երկյուղածությամբ, ինչպես հավատացյալը` Աստվածաշնչին:
Ինչպես արդեն ասացինք, «Ազատ էջեր» խորագիրը կրող ժողովածուում տեղ գտած նրա էսսեները որքան էլ որ նվիրված են գրականության և արվեստի, գրողների և գրական ժամանակների խնդիրներին, միևնույն է, իրենց մեջ կրում են գեղարվեստական ստեղծագործության ավելի քան նշմարելի տարրեր: Դրանք ներթափանցված են ոչ թե սառը ակադեմիզմով, այլ, ընդհակառակը, հուզական խոր հագեցածությամբ և կախման մեջ չեն գրականագիտական գրքերից, չեն կրկնում նրանց բովանդակության հարասացությունները: Նրա խոհերն արտահայտված են անկաշկանդ ու սահուն, դրանք իսկապես խորագրին հարազատ ազատ էջեր են:
Թեև Երվանդ Տեր-Խաչատրյանը սկսել է տպագրվել 1972 թվականից, սակայն «Ազատ էջեր» գրքում նա զետեղել է իր` 1991-1992 թվականից հետո գրված էսսեները և հոդվածները:
Մինչ այդ ժամանակահատվածը գրած իր հոդվածներն ու նյութերը նա համարում է կեսբերան ասված խոսք, որովհետև «հաճախ խոսել եմ այլասացությամբ, երբեմն` գաղտնագրությամբ, ակնարկներով ու ակնարկելով… Բանն այն է, որ մեր կյանքի թելադրանքով ու պարտադրանքով միշտ մեջս նստած է եղել իմ ներքին գրաքննիչը – գլավլիտը – հսկող աչքը: Ամեն բառ ու տող գրելիս միշտ մտածում էի, թե ինչ կարելի է ասել և ինչպես ասել»,- գրում է նա:
Այսօրվա չգրաքննվող մամուլի ու գրականության, ամենաթողության բերած կիսագրագիտության և մակերեսայնության մեջ խարխափող երիտասարդ ստեղծագործողներին անհրաժեշտ է խորությամբ գիտենալ այն պղտոր ու անառողջ ժամանակների գրաքննության սպանդի պատմությունը, որպեսզի լավ հասկանան ամենակարևորը. իսկապես մեծ հերոսություն էր այն, ինչ արեց այդ պայմաններում ստեղծագործող տաղանդավոր գրողների փաղանգը: Շատ արժեքավոր գրքերի վրա այսօր էլ դեռ հաստ շերտով նստած է խորհրդային գաղափարախոսության ժանգը, որը նրա վրա դրել է նույն խորհրդային պարտադրված գրախոսությունը: Սակայն այդ ժանգը նստած է այնպես, ինչպես փոշին՝ ոսկու վրա:
Երբ եկավ այդ փոշին ու ժանգը մաքրելու ժամանակը, Երվանդ Տեր-Խաչատրյանն առաջիններից էր, որ իր ազնիվ արվեստագետի երբևէ չպղծված գրիչով պեղեց ու դուրս հանեց ոչ միայն դեռևս գրականագետի ձեռք չդիպած գրական արժեքներ, այլ նաև շատ հայտնի հեղինակների` հաճախ ծեծված ու ծամծմված, բայց սխալ մեկնաբանված երկերի իսկական ոսկին:
Արվեստը, գեղեցիկ արարչագործություն լինելուց բացի, անհատնում ուժ ու նեցուկ է` բարոյական ու ազնիվ մնալու մարդու մաքառումի ճանապարհին, արվեստը դիմակայություն է կեղծիքին ու բռնությանը: Այս համապարփակ գաղափարի արտահայտման համար շատ թանկ ու սիրելի առնչություն է Պարույր Սևակ – Բորիս Պաստեռնակ աղերսը, որին նվիրված է Երվանդ Տեր-Խաչատրյանի ժողովածուի ամենաառաջին էսսեն` «Դիմակայություն» վերնագրով: Այն տարբեր ազգությունների պատկանող երկու ազնիվ ու մեծ հոգիների մասին պատմող խոհ է, որոնք տառապում ու մաքառում են մի երրորդ, երկուսին էլ օտար ժողովրդի տառապանքի համար: Եվ դիմակայությունն այստեղ վեր է բարձրանում ոչ միայն անձնական, ազգային, այլ նույնիսկ համամարդկային շահերից: Մեծ մարդը դիմակայում է մեծ կեղծիքին ու մեծ բռնությանը, որոնք տիեզերակործան աղետներ են:
Պարույր Սևակի, ինչպես նաև Բորիս Պաստեռնակի պոեզիան, որոնց մեջ եղած առնչությունների մասին է «Դիմակայություն» խոհագրությունը, միայնակ մարդու պոեզիա է, պոեզիա փարիսեցիության օվկիանում միայնակ լողացող նավի մասին: Արևելյան իմաստնությունն ասում է, որ միայնակ լինում է կա՛մ վայրի գազանը, կա՛մ Աստված: Բանաստեղծները վաղուց խմբագրել են այս աֆորիզմը` մեծ միայնակների շարքում Աստծուց հետո դնելով իրենց:
Բազմահուն, բազմաբովանդակ ու հետաքրքրական են Երվանդ Տեր-Խաչատրյանի գրքի այն էջերը, որոնք առնչվում են Հայաստան – Սփյուռք ֆիզիկական, գրական, մշակութային կապերին: Սա թեմա է, որը դիպչում է յուրաքանչյուր հայի սրտին, սա գրականություն է և արվեստ, որն արարվել է սրտի թանաքով, ինչպես Դանիել Վարուժանը կասեր, «իմ գրիչս իմ սրտիս մէջ թաթխելով»:
Վերջին մեկ հարյուրամյակի մեր պատմության վերքերը, մեր վիրավոր սրտի ցասումն ու ընդվզումն ափեափ ներխուժեց մեր գրականություն, մեր գրքերի, մեր բանաստեղծությունների, մեր երգերի մեջ: Մեր ճակատագրի պես երկփեղկված գրականությունն այնքան է հագեցած արյունոտ բոցերով, սրտակեղեք մորմոքով, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե ազգային ողբերգության թեմայի իրատեսական պատկերը չէր կարող տեղ թողնել խոսքարվեստի նրբությունների, հոգու անըմբռնելի տվայտանքների, առհասարակ աշխարհի և մարդու տագնապների համար: Այդ բոցով ողջակիզվել են բոլորը, և այստեղ իսպառ ջնջվում են արևելահայ ու արևմտահայ գրողների միջև եղած-չեղած գաղափարական, ստեղծագործական բոլոր սահմանները:
Սակայն խնդիրը հետևյալն է. մահվան ու արյունի գրականության մեջ արդյոք չթառամե՞ց, չխամրե՞ց գրականության գեղարվեստի ծաղիկը, որն այնպես վառվռուն ու շողշողուն էր ոսկեդարում, դրանից հետո, ամբողջ խավար միջնադարում անգամ:
Կարդալ կարող են բոլորը, բայց հայ գրականագետի խնդիրը ծխի ու մոխրի մեջ թաղված այդ ծաղիկը տեսանելի դարձնելն է, ինչն էլ անում է Երվանդ Տեր-Խաչատրյանը Սփյուռքի գրողներին նվիրված իր հոդվածներում և էսսեներում:
Սփյուռքի գրականության վերլուծությունը կատարելիս Երվանդ Տեր-Խաչատրյանը բացահայտում է կարևոր մի հանգամանք. խորապես մխրճված ազգային ողբերգության մեջ՝ այդ ողբերգությունից ծնունդ առած սփյուռքահայ գրականությունն իր խորքում մարդերգության գրականություն է: Նրա մեջ, առաջին իսկ ակորդներից սկսած, միշտ էլ կենսառողջ, հպարտ ձայնով հնչել է խոշոր չափերով մարդու թեման, չարից, ցավից, տառապանքից վեր կանգնած մարդու թեման, նրա տեղն աշխարհում, նրա կատարելությունն ու վեհությունն այդ աշխարհի բոլոր ծագերում:
Կոստան Զարյանի, Վահե Օշականի, Զահրատի և մյուս սփյուռքահայ գրողների ստեղծագործությունների վերլուծության մեջ Երվանդ Տեր-Խաչատրյանը տեսնում ու տեսանելի է դարձնում այդ մարդուն, անապատի կրակների, հյուսիսային սառույցների, ֆիզիկական, մտավոր, հոգեկան անմարդկային գեհենի միջով անցած ու մարդ մնացած մեծ մարդուն, որը մարդկության արմատն է, սերմը, ինչ ազգության էլ նա պատկանի:
Սփյուռքահայ գրականությունն արժևորող խորագիտակ գրականագետը քաջ գիտի, որ դժվար, անասելի դժվար է այդպիսի մեծարժեք գրականություն ստեղծելը, այն էլ օտար հողի վրա: Բայց, այնուամենայնիվ, գերբնական գրչով գրված այդ գրականությունն այլևս իրողություն է 20-րդ դարի համաշխարհային գրականության պատմության մեջ, և նա գրականության խոնարհ մշակի պես մեկնում է այդ գրականության խորհուրդը:
Հայրենիքը կորցրած ժողովրդի հոգեվարքը տեսած աշխարհը շատ զարմացավ Սփյուռքի առողջացման առաջին նշանները` նրա գրքերը տեսնելիս: Աշխարհին իր վերածնունդը տեսանելի դարձնելու ազնիվ նպատակն էր պատճառը, որ այդ գրքերից շատերը գրվեցին օտար լեզուներով: Այլապես ո՞վ պիտի թարգմաներ դրանք` աշխարհասփյուռ հայի ֆենոմենը օտարին հասկանալի ու հասանելի դարձնելու համար: «Ես կորսնցուցի հայ լեզուի կռիւը, որպէսզի շահեմ կռիւը հայ հոգիին»,- սփյուռքահայ խոշոր գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի այս բնաբանի տակ կարելի է տեղավորել հայ օտարալեզու գրականության առաջին շրջանի գործերը, որոնք դեռ ուծացման ահազանգ չէին. ուծացումը պիտի գար հետո` ավելի ուշ…
Աշխարհին ընծայված հայ գրողներից մեկն էլ Կոստան Զարյանն է, որի կյանքին, գրականության մեկնությանը, անձնական առնչություններին Երվանդ Տեր-Խաչատրյանը նվիրել է բազմաթիվ հոդվածներ, էսսեներ, գրախոսականներ: «Ազատությունն իբրև բանաստեղծություն և Բանաստեղծությունն իբրև ազատություն» ընտրած այս հայը այն բացառիկներից մեկն էր, որի ընկերն ու բարեկամը լինելու համար երջանիկ էր համաշխարհային գրականության այնպիսի մեծություն, ինչպիսին Լոուրենս Դարրելն էր: Հակառակը, երբ հայ մտավորականը կամ արվեստագետն է հպարտ որևէ համաշխարհային մեծության բարեկամը լինելու պատվի համար, բազմիցս հանդիպել է հայ և օտար մեծերի առնչություններին վերաբերող կենսագրականներում, բայց Կոստան Զարյանի և Լոուրենս Դարրելի բարեկամությունը այլ հարթության վրա գտնվող երևույթ էր:
Ի՞նչն էր կապում համաշխարհային մեծություններին հայ գրողների հետ, ի՞նչն էր նրանց մեջ նոր ու գրավիչ ծերացած ու երկու համաշխարհային պատերազմներից խեղված եվրոպական հոգեկերտվածքի համար. հարցեր, որոնց պատասխանը միանգամից հեշտ չէ գտնել, թեև դա շատ անհրաժեշտ է ու հետաքրքիր: Այդ բացառիկ երևույթի խորքը մեզ համար պարզել է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը` Կոստան Զարյանին և Լոուրենս Դարրելին նվիրված իր ուսումնասիրություններում:
Կոստան Զարյանի անձը, իր ապրած կյանքը ու այդ կյանքին հար և նման իր գրականությունը շատ արտասովոր կողմեր ունեին խորաթափանց գրող, մեծ մարդասեր Դարրելի համար: Կոստան Զարյանն ապրեց մի կյանք` «առանց նախապաշարումների ու կաշկանդումների, զերծ բարոյական ու քաղքենիական կեղծիքից, ապրեց իբրև «մտքի հավիտենական ճամփորդ», որ ցեղային հանդգնությամբ ու ներուժորեն մխրճվեց եվրոպական գրական, հանրային ու մշակութային կյանքի թոհուբոհի մեջ, եղավ աշակերտ, բայց նաև ուսուցիչ»,- գրում է Երվանդ Տեր-Խաչատրյանը: Սա արդեն տեսակ էր, գրողի, մարդու, քաղաքացու մաքուր, զտարյուն տեսակ` տեսակների ու որակների խառնուրդից հոգնած ու հիասթափված Եվրոպայի համար: Ահա թե ինչն էր գրավիչ հայ արվեստագետի մեջ` ամեն ինչ տեսած Եվրոպայի համար:
Երվանդ Տեր-Խաչատրյանի «Ազատ էջեր» գիրքը տպավորիչ չափերի հասնող մեծ և տարողունակ ճանաչողական նյութ է պարունակում իր մեջ, մի բան, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում գրքի ընթերցանությունը: Լինելով ոչ միայն հմուտ գրականագետ, այլ նաև արվեստաբան` Երվանդ Տեր-Խաչատրյանը կարևոր տեղ է հատկացնում և մեր ուշադրությունը նույնպես սևեռում գրքի ոչ միայն բովանդակության, այլև գեղարվեստական ձևավորման, գրքի արտաքին տեսքի վրա, որը նրա կարծիքով բովանդակության անբաժան մասը պիտի լինի: Ամեն ինչից առաջ կամ ամեն ինչից հետո գիրքը պիտի նաև գեղեցիկ լինի: Այսպիսի հայացքի տակ են քննվում նրա գրախոսած գրքերից շատերը: Այն երջանկությունը, որը գրքասեր մարդուն պարգևում է ընթերցանությունը, թույլ է տալիս պահանջել նաև գրքի գեղագիտական կողմի կատարելությունը: Դա ընթերցողի գեղագիտական ճաշակը ձևավորելու ամենակարճ ճանապարհն է, եթե անգամ հաշվի չառնենք ձևավորման միջոցով նրա իմացությունը, պատկերավոր երևակայությունը, զուգորդումների տրամաբանությունը զարգացնելու հանգամանքը:
Այս տեսակետից խիստ կարևոր է Մարտիրոս Սարյանի և Վահան Թոթովենցի ստեղծագործական կապն ու փոխազդեցությունը` Երվանդ Տեր-Խաչատրյանի մեկնաբանման լույսի ներքո: Արվեստի երկու ազնիվ տեսակների` գեղանկարչության և գրականության միասնության մի գեղեցիկ ձոն է նրա «Սարյանը և Թոթովենցը» ուսումնասիրությունը:
Պատմական ժամանակի մեջ քննելով հայ արվեստի զարգացման դժվարին ուղին` Երվանդ Տեր-Խաչատրյանը հայ մշակույթի անդաստանում ուրվագծում է ազգային դիմագիծը պահպանող այն առողջ զարկի արձագանքը, որ կարողացավ բաբախուն պահել հայ ստեղծագործ հանճարի ոգին: Այդ ոգին երբեմն տեսանելի, երբեմն անտեսանելի հունով կարողացավ կտրել – անցնել ամենամռայլ փորձությունների միջով` հաղթահարելով մինչև անգամ «սև մոնումենտի պես վեր բարձրացած արյունաներկ 1937-ը»:
Եղեռնակործան ժողովրդի բանաստեղծ զավակը` Վահան Տերյանը, հայ արվեստագետներին պարզ ու հստակ տվել էր «արյունաներկ» Հայաստանի հառնելու առեղծվածի բանալին, հոգևոր Հայաստանի տեսլականը, որի լինելության ճանապարհը մեկն էր. ոչ միայն նայել առաջ, անվերջ, անխոնջ տքնանքով արարել մշակութային արժեքներ, այլև, որ ամենակարևորն է` համախմբվել ազգային միևնույն գաղափարի շուրջ: Այս պատգամը ներքին դաշինք էր ստեղծել հայ մեծ արվեստագետների միջև, որոնք չէին կարող տրվել միջակություններ ծնող ժամանակի գրականության պահանջին:
Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը իր «Սարյանը և Թոթովենցը» խոհագրության մեջ հստակ ուրվագծում է Վահան Տերյանի պատգամի և հայոց մեծերի անբառ դաշինքի մոնումենտը:
Արվեստի երկու ճյուղերի միասնությունը թանձրացրեց ազգային դիմագծի պահպանման տերյանական, չարենցյան պաշտամունքի գույները` դրանք հասցնելով գերխտացման աստիճանի: Ընթերցողի համար Սարյան-արվեստագետին բացահայտելով միանգամայն նոր կողմերով` Երվանդ Տեր-Խաչատրյանը գրում է. «Հայ ոչ մի նկարիչ, արվեստագետ այնքան սերտորեն կապված չի եղել մեր գրականությանը, հայ գրողներին ու գրական կյանքի բուն ընթացքին, որքան Մարտիրոս Սարյանը: Լինելով մեկը հայ նորագույն մշակույթի հիմնադիրներից ու օրենսդիրներից` Սարյանը, ըստ էության, նաև մեկն էր տերյանական «Հոգևոր Հայաստանի» առաջին նվիրյալներից ու նախանձախնդիրներից: Այս առումով նա մեկն էր հայ գրական կյանքի անմիջական մասնակիցներից»: Արվեստի մյուս ճյուղերին, հատկապես գեղանկարչությանը նվիրված Երվանդ Տեր-Խաչատրյանի ուսումնասիրություններն ու հոդվածներն առանձին խոսակցության թեմա են, սակայն այստեղ նույնպես գրականագետ – արվեստաբանի հայացքը նույնն է, ինչ որ գրական խնդիրները քննարկելու պարագայում: Նա միշտ էլ արվեստի ազատ, անկաշկանդ դրսևորման կողմնակիցն ու դաշնակիցն է, կաղապարներից դուրս արվեստի, որը յուրաքանչյուր անհատ արվեստագետի հոգու մաքրամաքուր պոռթկումը պիտի լինի: Այդ իմաստով հատկանշական է Ռուբեն Աբովյանի գեղանկարչությանը տրված նրա գնահատականը. «Իր պատկերումների մեջ նկարիչը հաշվի չի նստում ոչ դիտողի ճաշակի և ոչ էլ կարծիքի հետ: Եվ այս իմաստով Ռուբեն Աբովյանի գեղանկարչական աշխարհը դյուրամատչելի կամ դյուրահաճո աշխարհ չէ, ամեն ոք չէ, որ կարող է այնտեղ մտնել: Այդ նկարչությունը ստեղծված է ոչ քաղքենու սնափառային պահանջներին գոհացում տալու և ոչ էլ թերուսների ու աղքատիմացների պարզունակ ճաշակի համար»:
Ամփոփելով Երվանդ Տեր-Խաչատրյանի «Ազատ էջեր» էսսեների և հոդվածների ժողովածուն` մնում է ավելացնել մի բան. կարելի է միանգամայն հանգիստ ու ապահով շունչ քաշել հայ գրականագիտության վաղվա օրվա համար: Հանձին այսպիսի գրականագետի բարեխիղճ ու խորագետ հայացքի, որն իր տեսողությամբ կարողանում է ընդգրկել արվեստի մի քանի ճյուղեր միաժամանակ, հայ գրականագիտության վաղվա հայացքը դուրս է եկել իր իսկական, իրեն արժանի հուն: Ինչ խոսք, անգամ այսպիսի ծավալուն աշխատությունը (600 էջ) չէր կարող սպառել 70 տարիների գրական, արվեստաբանական նյութը, սակայն Երվանդ Տեր-Խաչատրյանի «Ազատ էջերը» դասագիրք կարող է ծառայել վաղվա գրականագետի համար, որը պիտի փորձի պատմական ժամանակի տրամաբանության մեջ տեսնել 20-րդ դարի հայ գրականության վերելքը:
Տարիներ են անցնում, փոխվում են ժամանակներն ու մարդիկ, փոխվում են արվեստն ու գրականությունը, դրանց մեկնաբանման տեսանկյունները: Իսկ ի՞նչ ասել է` փոխվում են: Արդյոք դա հնի բացահայտ ժխտման գնո՞վ պիտի տեղի ունենա, թե՞ հնի օգնությամբ: Ամեն մի նոր որակ թռի՞չք է անդունդի վրայով, թե՞ կյանքի ու գրականության տառապալից զարգացման մի նոր աստիճան:
Նույնիսկ պատմական, քաղաքական նորմալ պայմաններում զարգացող գրականությունը և գրականագիտությունը չի հասցնում տեսնել ու մարմնավորել այն ամեն լավը, գեղեցիկը, որ կա, ստեղծվում է կյանքում ու գրականության մեջ: Մարդկային հոգու շատ վեհություններ վրիպում, աննկատելիորեն անցյալ են դառնում: Հենց այդ վրիպումները, մեղանչումները շտկելու մի բազմաձայն ու մաքուր ակորդ է Երվանդ Տեր-Խաչատրյանի «Ազատ էջերի» ազատ ձայնը: Խոստումնալից այս ժողովածուն կարող է բացել հայ գրականության և արվեստի շատ փակ ու անհայտ դռներ, լցնել հայ գրական մտքի շատ ազատ էջեր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։