Մարդը իր կյանքից թանկ արժե ժամանակի և հիշողության մեջ:
Աշոտ Աղաբաբյան
Արդի հայ գրականության մեջ պատերազմական թեմաներով գրված ստեղծագործություններում հաճախ են հան- դիպում հետախույզներին նվիրված գեղարվեստական պատումներ, որոնք ռազմաճակատային մարտավարական գործողությունների հերոսական նկարագրություններ են: Սակայն հասարակական գիտակցության բարձր մակարդակում, ազգային-պետական շահեր հետապնդող, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից համակարգվող, ռազմավարական նշանակություն ունեցող և հետախուզական ոլորտին վերաբերող գեղարվեստական գրականություն, անտարակույս, պակասում է, եթե չասենք` չկա: Անկասկած, այդ բացը եկել է լրացնելու Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: Գրքի խմբագիր Ներսես Աթաբեկյանը «Վճռական մենակը` սահմանային վիճակում» նախախոսքում գրում է. ««Թակարդ»-ը արկածային վեպ չէ, ոչ էլ քրեական կամ ռազմավավերագրական, թեև հիշյալների սիրահարները կարող են նաև այդ ընկալմամբ կարդալ, ու գոհությունը կատարյալ կլինի: Կարելի է նույնիսկ մեր ժամանակներում տարածված զուգահեռ պատմության գրականություն դիտել, ու դրա ընթերցողն էլ կունենա: Իսկ ես ուզում եմ հոգեբանական վեպ տեսնել և այդպես էլ մի շնչում կարդացել եմ: «Մի շնչում»-ը շեշտում եմ, որովհետև տեքստի հաղթահարման ջանքի բացակայությունը մասնակցության հնարավորություն է տալիս` թողնելով, որ ներսից բացես իրադարձությունները, հարաբերությունները, մարդկանց»: «Թակարդ» վեպի առանձնահատկությունը նրա ընկալման մեկնակետային բազմազանությունն է, այսինքն` դիտարկման ռակուրսների մեծաթիվ գոյությունը, որոնք իրար չեն բացասում, այլ լրացնում են՝ դառնալով պետություն-հայրենիք ամբողջություն, ինչը «միս ու արյուն է ստանում իմ, քո, նրա վեհ գործերով»: Աշոտ Աղաբաբյանը «Թակարդ» վեպով ավելի քան կարևորում է պետություն և հայրենիք հասկացությունների ճշգրիտ հոգեբանական տիրույթը, որի առանցքը Հայրենյաց զինվորն է: Թերևս հենց այս գաղափարին է միտված հեղինակի իրար հաջորդող «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ» հոգեբանական վիպաշարը, վերջինում Ջոն Հանիսյանի կերպարով գրողը ձևավորում է ազգային-պետական մտածողությամբ անհատի հոգևոր կայացած իրողությունը. անհատը հայրենիքի մեջքն է, հայրենիքն էլ՝ անհատի, երբ անձնազոհությունը գործնական կենսակերպ է Հայաստանի Հանրապետության շուքում, երբ պետություն ու հպատակ փոխհարաբերությունում կա նվիրվածություն՝ ազգային շահով թելադրվող. «Տղերք, ինձ շնորհակալություն հայտնելու անհրաժեշտություն չկա: Նախ` արվածը չնչին է այն բանի համեմատ, ինչ դուք պատրաստվում եք անել: Եվ երկրորդ` դա ես չեմ նախաձեռնել, այլ պետությունը,- փորձեց համոզիչ լինել Ջոնը»:
Աշոտ Աղաբաբյանի հրապարակած առաջին՝ «Ռեզիդենտը» վեպում, ճիշտ է, հերոսը հայն է, բայց նա Հայրենյաց զինվոր չէ, այլ ոչ հայկական պետության քաղաքացի ու երդմնապահ հետախույզ: Իսկ ազգային ոգով գրողը լավ գիտակցում է այսօրվա մեր իրականության հրամայականը, որ ազգային-պետական շահին օդ ու ջրի պես հարկավոր են հերոսական հայի կերպարներ՝ որպես ընդօրինակման իդեալ: Ուստի նրա գրիչը բնական է, որ կյանքի բավիղներից պիտի պեղեր մեր ժամանակի հերոսին` Ջոն Հանիսյանին, և նրա գործի քաջապատումը ներկայացներ «Թակարդ» վերնագրված վեպով, որպեսզի ազգային ոգով հայտնվեն նորանոր մահապարտ հետախույզ Հանիսյաններ՝ հայրենիք հզորացնող: Այս իմաստով վեպը ունի հայրենասեր կրթելու, ինչու չէ, կոփելու առաքելության ոգի, որը որոշակի գործ ունի ի վերուստ նախանշված:
Ա. Աղաբաբյանի «Թակարդ» վեպը պատմական դետեկտիվ-հետախուզական ժանրում նոր էջ է բացում հայ գրականությունում՝ հաստատելով ու գեղարվեստականացնելով ազգային ինքնության բարձր արժեք` պետությունն ու հայրենիքը նույնականացնելու գաղափարը հայ անհատականության մեջ, երբ նա նարեկացիական ճշմարտությամբ է նայում ու բանաձևում իր գոյությունը. «Դու, որ համայն ես ամեն ինչի մեջ…»: Վեպի հերոս Ջոն Հանիսյանը գիտակցում է՝ հայրենիքը իրենով չի սկսվել, ոչ էլ վերջանալու է իրենով, բայց նա՝ որպես ընտրյալ բազում կանչվածներից, տեր է ու պատասխանատու` իրենով պայմանավորված ու իրենով անցնող հայրենիքի բաժնեչափին:
«Թակարդ»-ը ցավի, վարանումների, տագնապների, խիզախումների ու զրկանքների միջով անցնող հայրենասերի հավատի ու նվիրվածության պատումն է, որդիական հպարտ խոնարհում ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, իբրև ձոն մորը և հայրենիքին: Վեպում Ջոն Հանիսյանի մայրը` Ցողիկը, որդու հոգևոր նեցուկն է ու խիղճը, որով լույսի պես պայծառացնում է գործակերպի վերածված կենսակերպը թե՛ ուրախության, թե՛ տխրության մեջ. ահա թե ինչու նա միշտ գորովանքով է արտասանում ՄԵՐՍ հոգեթով, սրտաբուխ բառը, որը նրան խաղաղություն է բերում: Ամենևին պատահական չէ, ոչ էլ մայրական սնապարծություն է Ցողիկի խոսքը. «Ոչ թե ես եմ որդուս կտորը, այլ որդիս` իմ»: Խորհրդանշական ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ լույսի տակ ուրույն պատկերալեզու է Ցողիկի այցելությունը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատասենյակ. «Դռան տակ` մի բուռ Ցողիկ, մի բուռ կսկիծ ու… ահռելի, շքեղ, երկար սենյակ»: Իհարկե, հուզաշունչ է Ցողիկի եզրահանգումը` «Հայրենիք կոչվածը շատ տարողունակ ու բազմաշերտ աղոթատուն է…»:
Ա. Աղաբաբյանի վեպը թեև ընկալվում է որպես վավերագրական պատմություն, սակայն այդ զգացողությունը չեն խաթարում, նույնիսկ նպաստում են վեպում օգտագործված, հանրությանը բավական հայտնի գործիչների ձևախեղված անուններն ու մեր թշնամի երկրի փոխված անվանումը: Միևնույն է, այս ամենով հանդերձ, «Թակարդ»-ը մնում է գեղարվեստական վեպ, որում պատկերավորումը սևեռված է խորհրդանիշերին, որոնք, հիրավի, կարելի է դիտարկել ճակատագրի նշաններ: Հետևաբար վեպում պատահական կերպարներ ու գործողություններ չկան: Անշուշտ, խորհրդանշական են Լեֆորտովոյի բանտախցում հայտնված չորս կերպարները. սարդը «Լեֆորտովոյի հարյուրավոր բանտախցերում ապրողների մեջ միակ շունչ-արարածն է, որ ապրում է ազատության մեջ», Ջոն Հանիսյանը, քիմիկոս, դոկտոր Իվան Իվանովիչ Իվանովը, բանկիր Ռավիլ Ահմեդովիչ Սիտիկովը, որոնց համատեղ հայտնվելը կարծես փոքրիկ մոդուլ է մերօրյա աշխարհի, որպես կենտրոնաձիգ բուրգ, որի ընդհանրական տրամաբանությունից է թերևս ածանցվում վեպում Կուպավնայի հատուկ դիվերսիոն դպրոցի գեներալ Ֆյոդորի խոսքը. «Դուք, Ջո՛ն, կամիկաձեներ եք, Ղարաբաղում կռվողներդ մահապարտներ եք: Կապ չունի, որ ձեր պայքարը արդար է, հայրենի հողն ու ժողովրդին եք պաշտպանում: Դու, Շահեն Մեղրյանը, գեներալ Բասենցյանը, ձեր Վազգենը դատապարտված եք: Դուք աշխարհի հզորների դեմ եք դուրս եկել: Երկրագունդը վաղուց են իրար մեջ բաժան-բաժան արել: Իսկ դուք նոր եք «զարթնել»: Ձեզ կխփեն մի օր… ափսոս»: Ջոն Հանիսյանը ոչնչի և ոչ ոքի չի սպասում, նա «զարթնել» է դարավոր քնից և գործում է՝ հույսը դրած ամուր դաստակներին. «Փորձեց ժպտալ, հայելու մեջ անճոռնի, անբնական մի բան ստացվեց, շրջվեց, գիտես ինչու, փնտրում էր բանտախցի պատուհանը: Չկար, չէր երևում: Բարձր առաստաղի մի անկյունից լույս էր ճառագում, աստիճանաբար խամրելով իջնում ներքև` մինչև հայելի: Երևի այստեղ է պատուհանը` մտածեց»: Ստույգ է, փողն ու կարելիությունը, սարդոստայնն ու իրողությունը չեն կարող հաղթել Ջոն Հանիսյանի՝ ազատության հանդեպ ունեցած տենչն ու արևի տակ տեղ ունենալու բնական արդարությունը: Հանիսյանին պետք է իր ներսի լույսը տարածել որպես հայրենիի արարման շող: Նա լավ գիտի, երբ լույսը անհետանում է, սարդը դառնում է անտեսանելի: Բանտախցում իր մեջի լույսն է, որ զրուցում է սարդի հետ, և զարմանալի զուգադիպությամբ, երբ այդ լույսը հոգնած ավարտում էր իրեն մեղադրող քրեական գործի հատորները թերթել, դրա հետ միաժամանակ դադարել էին բանտախցի Ռավիլ Ախմեդովիչի ու Իվան Իվանովիչի վիճաբանությունները. «Շուտով երեքս էլ բաժանվելու ենք իրարից` հայտվելով տարբեր կալանավայրերում»:
«Թակարդ» վեպում վրիժառության գեղեցիկ կերպար է լեզգուհի Արիդան, որը հուզիչ քնարական երանգ է տալիս ծավալվող սյուժեին. «-Երանի մենք միշտ այսպես կողք կողքի լինեինք: //-Է՜հ, Հա՜յկ, Հա՜յկ,- Ջոնին թվաց, թե Արիդան դա թաքուն ափսոսանքով ասաց: // Իմ անունը Ջոն է, Ջոն Հանիսյան: // Ջո՜ն, Ջո՜ն, քո անունը ոչ ոք չգիտի այստեղ…»: Արիդայի նվիրվածությունը իր ընտանիքին նույնքան ազնիվ ու վեհ է, որքան իր վրիժառության իրագործմանը նպաստող գործընկերոջ հանդեպ տածած անբացատրելի զգացումը: Նա հազարավոր կիլոմետրեր կտրում է, որ ներկա գտնվի Ջոնի դատավարությանը, սակայն հարազատ չլինելու պատճառով չեն թույլատրում: Նա փաստաբանի միջոցով կարողանում է Ջոնին փոխանցել իր ձեռքով գործած տաք շորերն ու փոքրիկ նամակը:
Վեպի ավարտը նովելային է ու սրընթաց, մի փոքր էլ խորհրդային գրականության տրամաբանությանը հարիր, բայց կառավարությունից հնչած զանգը համարենք կոմունիստական համակարգին բնորոշ մտածողության իներցիոն ընթացքի վերջը խորհրդանշող ավետիս ու Հայրենյաց զինվորի անփոխարինելի անհրաժեշտությունը գիտակցող նորօրյա իրականության սկիզբ:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպին վերաբերող հակիրճ խոսքս ավարտեմ Ջոն Հանիսյանին ուղղված, պեպենոտ «ռուս» սերժանտ Արմենակի թրթռուն անկեղծությամբ ասված բառերով. «Այն պահից, երբ Ձեզ հետ ծանոթացա, ինձ լավ եմ զգում, որ հայ եմ»: Տեղին է ասել` գրականությունն է հերոսի հարակայությունը, հերոսն էլ` գրի… երբ լույսը կատարյալ է:
Հ.Գ. «Երբ ինչ-որ բան թվում է, խաչակնքիր` կանցնի: Շատերիս թվում է, թե գալու է մեր ժամանակը: Բայց, իմացե՛ք, ժամանակը երբեք չի գալիս, այն միշտ միայն գնում է…» (Ա. Աղաբաբյան):