ԺԱՆՐԸ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԽՆԴԻՐՆ Է / Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Ժանր և ոճ, որքանո՞վ է նրանց միջև կապը օրգանական և անխզելի:
– Ժանրերի խնդիրն այսօր համարվում է ամենահստակներից, բայց ինչքան էլ տարօրինակ թվա` ամենաքիչ մշակվածն է: Այս խնդրի շուրջ ընդհանուր համաձայնություն առայժմ չկա: Բազմաժանրությունը և ժանրերի սահմանների լղոզվելը մշակույթի զարգացման բնականոն ընթացքն են: 20-րդ դարում ժանրի վերաբերյալ առաջացավ մի բոլորովին այլ, խորը պատկերացում ռուսական գիտության ընդերքում` Մ. Մ. Բախտինի և Յու. Ն. Տինյանովի աշխատանքները 20-րդ դարի գրականագիտության մեջ նոր որակ էին՝ հագեցված բազմազան գաղափարներով, կառուցված այլ մեթոդաբանական հիմքի վրա և, անկասկած, ավելի համահունչ խնդրի բարդությանը: Եթե Բախտինի աշխատանքները գրվելուց հետո երկար տարիներ անհասանելի էին գիտական լայն հասարակայնությանը, և դրանով կարելի է բացատրել դրանց ոչ բավարար յուրացումը (ներկայումս նա ամենաշատ մեջբերվող հեղինակներից է), ապա Տինյանովը բավականին հայտնի էր: Սակայն ժանրի տեսությանը վերաբերող նրանց բազմաթիվ հիմնարար գաղափարներ դեռևս բավարար չափով վերլուծված չեն: Այդ տեսության մեջ կարելի է առանձնացնել իրար փոխկապակցված երկու բաժին: Առաջին բաժինը (պայմանականորեն) վերաբերում է ժանրի և ոճի կապին, երկրորդը` ժանրի վերաբերյալ տեսությանը: Վերջինս սերտորեն կապված է վեպի՝ որպես առանձնահատուկ ժանրի, վերլուծությանը և նրա պատմությանը: Շարունակությունը համապատասխան կերպով ընկալելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հստակորեն պատկերացնել, որ Բախտինի ուսումնասիրության օբյեկտը ոչ թե լեզուն է, այլ խոսքը (նրա տերմինաբանությամբ՝ «արտահայտումը»): Արդեն իր գիտական գործունեության սկզբում Բախտինը, խորությամբ և հստակորեն գիտակցելով ժամանակակից լեզվաբանության համար հիմնարար Ֆ. դը Սոսյուրի «լեզու-խոսք» դիխոտոմիան, կարծում էր, որ լեզվի փիլիսոփայական քննության կենտրոնում պետք է լինի արտահայտվելը, քանի որ հենց կոնկրետ արտահայտության ձևով է (բանավոր թե գրավոր) լեզվի գործածությունը իրականանում հասարակության մեջ: Սկզբից ևեթ նշենք, որ համաձայն նրա պատկերացումների` այս կամ այն ժանրին վերաբերում է ոչ միայն գրական ստեղծագործությունը, այլև յուրաքանչյուր խոսքային ամբողջություն: Բախտինի մոտեցմամբ՝ ցանկացած տեքստ պատկանում է որևէ ժանրի (ինչը բացարձակ նորություն էր ավանդական մեթոդաբանության համար): Մարդկային գործունեության յուրաքանչյուր ոլորտի պայմաններն ու նպատակները, որոնց շրջանակներում էլ մենք գործածում ենք լեզուն, յուրօրինակ են, և այդ յուրօրինակությունն էլ առաջ է բերում արտահայտման առանձնահատուկ տեսակներ: Սակայն ոչ միայն իր բովանդակությամբ ու լեզվաոճական շերտով, այսինքն՝ բառարանային, դարձվածային և քերականական միջոցների ընտրությամբ. արտահայտման յուրաքանչյուր տեսակ իր կիրառության ոլորտի յուրահատկությունները առաջին հերթին արտացոլում է սեփական կոմպոզիցիայով, կառուցվածքով: Այս երեք գործոնները՝ թեմատիկ բովանդակությունը, ոճը և կոմպոզիցիոն կառուցվածքը, անխզելիորեն կապված են միմյանց. արտահայտման մեջ հավասարապես որոշվում են տվյալ ոլորտի հաղորդակցական առանձնահատկություններով: Ժանրերի վերաբերյալ նրա տեսության մեջ կարևոր տեղ են գրավում իր իսկ կողմից ներմուծված առաջնային և երկրորդային ժանրերի մասին պատկերացումները. մի կողմից՝ սերտորեն միմյանց շաղկապված, մյուս կողմից՝ տարբեր (բայց ոչ հիմնովին, ինչպես շեշտում է ինքը): Առաջնային ժանրերը տարերայնորեն ձևավորված լեզվի առօրեական արտահայտության տեսակներ են, որոնք ներկայացնում են կենցաղային երկխոսության բազմազանությունը՝ կենցաղային պատմություն, նամակ, կարճ զինվորական տեղեկանք, ընդարձակ հրաման և այլն: Երկրորդային (բարդ) ժանրերը՝ վեպը, տարատեսակ գիտական ուսումնասիրությունները, հրապարակախոսական ծավալուն ժանրը և այլք, ստեղծվում են ավելի բարդ (և առավելապես գրավոր), բարձր զարգացած մշակութային հաղորդակցության պայմաններում: Իրենց ձևավորման ընթացքում դրանք ներառում են առաջնային ժանրերը, որոնք, մտնելով երկրորդային ժանրերի կառույցի մեջ, փոխակերպվում են և կորցնում իրենց անմիջական կապը իրականության հետ: Բախտինի կարծիքով՝ ժանրերի համատեղ գոյությունը հիերարխիկ է (աստիճանակարգային): Տարբեր դարաշրջաններում արժեքային նախապատվությունները տրվում են ոչ թե միևնույն, այլ տարբեր ժանրերի: Խոսքային ժանրերի խնդիրը, Բախտինի կարծիքով, հսկայական նշանակություն ունի բանասիրության ամբողջ ոլորտի համար, սակայն առանձնապես կարևոր է նրա դերը ոճագիտության մեջ: Ըստ էության, Բախտինի տեսակետն այն է, որ ոճի բուն սահմանումը ընդհանրապես և անհատական ոճինը՝ մասնավորապես, պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն: Ոճի և ժանրի օրգանական, անխզելի կապը պարզորոշ կերպով ի հայտ է գալիս այսպես կոչված գործառական ոճերի (գիտական, հրապարակախոսական, գեղարվեստական) խնդրի հետ կապված: Ըստ էության, համաձայն Բախտինի, գործառական ոճերը վերաբերում են մարդկային գործունեության և հարաբերությունների որոշակի բնագավառների: Յուրաքանչյուր բնագավառում գոյություն ունեն իրենց ներհատուկ ժանրեր, որոնք բնորոշ են տվյալ ոլորտին հատուկ պայմաններին. այդ ժանրերին էլ համապատասխանում են որոշակի ոճեր: Ոճը անխզելիորեն կապված է որոշակի թեմատիկ և, ինչը առանձնապես կարևոր է, կոմպոզիցիոն միասնության հետ: Ժանրերի քայքայումը, սահմանների տարրալուծումը, նրանց տեղաշարժը ու միմյանց մեջ ներթափանցելը համամշակութային գենեզիսի բնականոն ընթացքն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։