ԷԴՈՒԱՐԴ ԽԱՆԴՅՈՒԿՈՎ
Էդուարդ Խանդյուկովը ծնվել է 1940 թվականին, Մարիոպոլ քաղաքում: Բանաստեղծ է, թարգմանիչ, քանդակագործ: Ռուսաստանի Գրողների միության Մոսկվայի մարզային կազմակերպության վարչության քարտուղար, «Պոեզիա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Բազմաթիվ գրքերի հեղինակ է, Յարոսլավ
Սմելյակովի անվան գրական մրցանակի դափնեկիր:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ
Իմ սիրելինե՛ր, տարե՛ք, միշտ տարե՛ք
Մառանիս գինին, որքա՜ն ցանկանաք.
Բարեկամների՛ս բաժին կհանեք,
Չարակամներիս դուք չմոռանա՛ք:
Թո՛ղ խմեն առատ, մի լա՜վ վայելեն՝
Իմ մեջ զգալով շունչն արարչական,
Կամ, հեգնախառը, միաձայն մերժեն
Տոնն ու հանդեսը մեր միասնական:
Ճաշակի մասին իզո՜ւր է վիճել,
Իսկ գինուս գո՞ւյնը:
Կարմի՛ր անկասկած…
Ա՜յ թե զորեի մի օր խցանե՛լ
Հոգուս կիսատված շիշը ես անդարձ:
***
Գովերգի՛ր քո ընտրյալին գեղանի,
Ու կարևոր չէ՝ հետո ինչ կլինի:
Վաղը գուցե նա մոռանա քեզ հավետ
Ինչ-որ հեռու այլ եզերքում աշխարհի:
Չէ՞ որ նրա կյանքում դու քեզ փորձելով
Այն հարցերում, որոնց մեջ և ինքդ ես խեղճ,
Անհայտ է՝ ինչ ժամկետով մի անորոշ
Հետագիծ ես թողնում նրա բախտի մեջ:
Անհամբեր ենք, շտապում ենք մենք անվերջ,
Ու մեզ կարճ է թվում կյանքն աններելի:
Սակայն րոպե՛ն, որ ապրել ես սիրո մեջ,
Հազա՜ր տարի արժե, գուցե՝ ավելի՛:
Օրհնի՛ր պայծառ այս օրվա մեջ դու նրա՛ն,
Ով դարեր է քեզ պարգևել անհամար,
Նրա՛ն, ով քեզ հրկիզել է սրբազան,
Մաքրամաքուր կրակով իր մշտավառ:
ԿՈՎԻ ԱՉՔԵՐԸ
Գարուն է, բայց ձյունը ծնկներիս է հասնում,
Արջի քնով խորը ննջում են գետերը,
Ոչ մի փոփոխություն կարծես չի խոստանում
Մեզ դաշտերի տրտում, թախծալի անդորրը:
Ամուր, անխաթար է դեռ ծածկույթը ձմռան,
Ճերմակի մեջ խաղաղ, լուռ են անտառները,
Բայց մատնում են իսկույն
գալուստը նոր գարնան
Կովի խոշոր ու խոր, խինդով լի աչքերը:
ԼՈԳԱՆՔԻ ՕՐ
Գրեթե ոչինչ հարկավոր չէ ինձ,
Հեռու անտառ եմ դաշտերով գնում,
Բան չեմ պահանջում ծառ ու թփերից,
Հողից որևէ պարգև չեմ ուզում:
Կյանքի «պրոզան» այսօր կվանեմ,
Որ ընկերներիս լինեմ օգտակար.
Գեղանի կեչուց ճկուն ավելներ
Կխնդրեմ միայն բաղնիքի համար:
Յոթ տակ քրտինք մենք կթափենք այնտեղ,
Կգոլորշանան վիշտ, ցավ մեր սրտում,
Ողջ հոգով, մարմնով մեզ կզգանք նորոգ
Վաղուց սպասված տան նորամուտում:
***
Գնա՛ ու մի՛ վերադարձիր,
Թե ուզում ես՝ ընդմիշտ գնա՛:
Երջանկություն եմ ցանկանում,
Քեզ բարի ե՛րթ, բարի ճամփա՛:
Երջանկությո՛ւն եմ ցանկանում,
Ջինջ անուրջներ, տենչեր պայծառ,
Թող ուղեկցեն քեզ ողջ կյանքում
Լոկ լավ գործեր, խոսքեր անչար:
Բայց մի բան էլ դո՛ւ ինձ մաղթիր.
Համբերությո՛ւն ու կա՛մք համառ,
Որ լուծեմ շա՜տ բարդ մի խնդիր՝
Կարողանամ քեզ… մոռանալ:
ՔԱՌՅԱԿՆԵՐ
***
Մեկին ընկե՛ր եմ, եղբա՛յր,
մեկի համար՝ դավաճա՛ն,
Բազմազան եմ ու տարբեր, ինձ հետ
անհաշտ ես, սակայն:
Դե, հո ի՞նձ չի վիճակված փոխել
բնույթը մարդու…
Չէ՛… Թե՛ Հիսուսն է իմ մեջ, թե՛
Պիղատոսն ու Հուդան:
***
Քե՛զ համար էի թանկ ես
աշխարհում համայն,
Քո կողմից լոկ սիրված,
ցանկալի հավիտյան:
Եվ ո՞վ ինձ բացեց կարգն այս
անկայունության.
«Այսօր՝վառ սե՛ր, վաղը՝ դառը
ծխա՛մպ միայն»:
***
Ինչքան էլ ջանացի, ես շատ բան չտեսա,
Երկու ճշմարտություն՝ միայն ծնունդ ու մահ,
Իսկ երկուսի միջև՝ խաբկանք-մոլորության՝
Մի ժամանակավոր զրնգացող շղթա:
***
***
Դու ընկերոջդ մեջ արատներ մի՛ փնտրիր,
Թե մաքո՛ւր է, շիտա՛կ քո հանդեպ
հայացքն իր:
Տե՛ս, անգետ, որ բծեր կան արևի վրա,
Ո՜նց է շողերի մեջ ժպտում վարդը կարմիր:
***
Ամեն գործ սկսիր վստահ ու եռանդուն,
Այն ինչ խորթ է սրտիդ, հեռու՛ վանիր իսկույն:
Սկսելով, սակայն, լավ հիշիր՝ գործերն են
Դրախտ ուղեկցում կամ դժոխք
տանում մարդուն:
***
Թե գինին է ձգում, իզուր ջուր մի խմիր,
Ջահե՞լ ես, քեզանից տաղտուկն հեռու վանիր…
Ավա՜ղ, անցողիկ է սեղանը խնջույքի,
Իսկ խումարի գիշերն՝ արդեն անծայրածիր:
***
«Երջանկությունի՞ց են երգում
արդյոք, գիտու՛ն»:
«Չէ՛, խաբկանք է, մարդիկ և
երգո՛վ են ստում.
Երջանիկ են նրա՛նք, ովքեր դեռ չեն ծնվել,
Չգիտեն վիշտն ինչ է, ցավն
ինչպես է պայթում»:
Թարգմանությունը՝
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆԻ