Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Ըստ գնահատականների՝ աշխարհում 476 միլիոն բնիկ ժողովուրդ ապրում է 90 երկրներում:
Աշխարհում 1300 ազգությունից միայն 193-ը պետություն ունի:
Աշխարհի ամենախոշոր Ethnologue տեղեկագրի տվյալներով՝ 2024 թվականին Երկիր մոլորակի վրա 142 տարբեր լեզվաընտանիքների պատկանող 7164 լեզու կա:
Գիտնականների գնահատականներով՝ ամեն տարի մարդկությունը կորցնում է մոտ 25 լեզու:
Գուցե մի պահ կանգ առնենք առօրյա վազքից, մի կողմ դնենք մեր մտածումներն ու արժևորենք մե՛ր ունեցածը: Վստահ եմ՝ շատերդ գիտեք այս թիվ-տվյալների մասին, ձեր կողմից էլի թիվ-տվյալներ կհավելեք, բայց երբ այսպես՝ կողք կողքի դնում ես այս փաստերը, չգիտեմ՝ ինչպես Դուք, իմ հարգարժան ընթերցողներ, բայց ես համակվում եմ և՛ հպարտությամբ, և՛ տագնապով: Հպարտության մասին չմանրամասնեմ,- վերը բերված թվերը վկա,- բայց «տագնապի սինդրոմի» մասին կուզենամ ասել հենց հիմա՝ տարեմուտին, երբ տոնական տրամադրությունը օր օրի իր շրջապտույտի մեջ է առնում, որի հենքը Վաղվա օրվա հույսն է:
Չորս օրից 2024-ը կդառնա անցյալ ու անցած, և վստահ (թու-թու, աչքով չտամ), որ այդ չորս օրերն էլ կլինեն խաղաղ՝ սահմաններին, շնորհակալ եմ 2024-ին թեկուզ ամենօրյա, արդեն սովորական ու սովորույթ դարձած տագնապով օրը դիմավորելով և ճամփու դնելով, բայց ԽԱՂԱՂ տարի լինելու համար: Այս խաղաղության մեջ իմ երկրի՝ պետություն լինելու, մեր հազարամյա լեզուն պաշտոնական լեզու ունենալու իրողությունն է, բայց նաև պարտվածի դառնությունն է… Սահմաններին թշնամու կողմից գեթ մեկ գնդակ չարձակվելու փաստն է (շնորհակալությունս միայն հեռադիտակով «զինված» ԵՄ դիտորդներին), հայաթափված Արցախն ու Բաքվում գերության մեջ գտնվող հայրենակիցներս են, մեր երեխաներին ուրախություն պատճառող տոնածառի վառվող լույսերն են ու Եռաբլուրում Ամանորը դիմավորող ծնողների, զավակների մխացող կսկիծն է…
Այո, 2024-ի խաղաղությունն էլ, նախորդ երեքի նման, շատ հեռու է իրապես խաղաղ-անդորր լինելուց, բայց ունեցածդ չգնահատելը երախտամոռություն է (ես չէ՝ Դանթեն է ասել): Մեզ ժամանակ է պետք,- էլի չմանրամասնեմ՝ ինչ համար,- խաղաղ անցած ամեն մի օրը Վաղվա օրվա մի օղակն է, իսկ որպեսզի ասածս ընդամենը խոսք չլինի, ասեմ՝ ինչի մասին ամիսներ շարունակ ստիպված եմ եղել լռել: Եվ միայն Ալիևի՝ մեր սպառազինվելու մասին լուսանկարներով «համեմված» հիստերիկ հայտարարությունը թույլ տվեց մի փոքր բացել փակագիծը՝ հարցազրույց տալով «Հայ զինվոր» հանդեսին, այդ նույնը ասեմ հիմա՝ որպես ականատես ու վկա. այն, ինչ կատարվում է մեր սահմաններին՝ անառիկ ու մարտունակ դարձնելու ուղղությամբ, այդ հսկայածավալ կառուցումները իմ երկրի, պետության գոյաբանական հենասյուներից են… և կռվաններից մեկը՝ տագնապի դեմ:
Չվախենամ կրկնելուց՝ 2024 թվական, շնորհակալ եմ քո խաղաղ ամեն մի օրվա համար և նույնը ցանկանում-բարեմաղթում եմ գալիք 2025 թվականին:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԻՄ ԵՐԿՐԻՆ:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻՆ:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ ԵԿՈՂ ԵՎ ԲՈԼՈՐ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Նոր տարին ու Ծննդյան տոնը երեխաների ու մեծերի համար դարերով պայծառ սպասելիքներ է ներշնչել։
Ձմեռ պապը նվերներ է բաժանում մանուկներին, իսկ Հիսուսն իր քրիստոնեական անդրդվելի կամքով հույս, հավատ և սեր է առաքում պատերազմների, բռնաճնշումների, անարդարության դեմ հայտնված ժողովուրդներին, պետություններին, պայքարող հոգիներին և, հատկապես, գրողներին ու ստեղծագործողներին։
Հայ գրող, միտքդ նետի պես սուր, սպիտակ թուղթը՝ բաց թիրախ, արարիր անվրեպ։
2025 թվականին, հավատանք, որ մեր ՀԳՄ անշարժ գույքերի վերաբերյալ դատական հայցերը արդար ու տրամաբանական որոշումների կհանգեն։
Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Ամեն դեկտեմբերի վերջին օրը տխուր է և ուրախ, երբ բաժանվում ենք մեզնից ու հույսի ժպիտով հայտնվում մեկ ուրիշ հարթության վրա։ «Հույս»-ը, թերևս, ամենատարածված բառն է աշխարհում, այն յուրաքանչյուր մարդու հետ է ծնված պահից մինչ ի մահ։ Ո՞վ հույս չունի, որ չի մեռնելու, կյանքը պիտի նորանա` դառնալով գեղեցիկ և առաքինի։ Սա հույսի լուսավոր, երազելի հատկանիշն է, որը փչացած աշխարհում հաճախ նահանջում է` վերածվելով հուսալքության։ Հույսով ապրելն առողջության նշան է, հուսահատությունը՝ հոգեկան հիվանդության։ Գոյատևենք հույսով, որը չի մեռնում, և մեզանից վանենք հուսալքության մահացու դիմակը։ Հայ ժողովրդի հազարամյա պատմությունը մի՞թե ասածիս վկայությունը չէ։
Վերջին տարիները ողբերգական եղան հայ ժողովրդի համար և մեզ դարձյալ հիշեցրին, թեև հիշում ու վերապրում ենք ամեն օր, մեր ցեղասպանությունը, մեր ավետյաց երկրի բռնազավթումը, մեր 1937 թվականը, մեր գերվածությունը հյուսիսի ռուսաթուրք ոխերիմ բարեկամին, մեր ազատատենչությունը, լուսավոր գալիքի հույսն ու ապրելու կամքը։
Համո Սահյանը մահանալուց մի քանի օր առաջ ինձ ասաց. «Ես էլ շատ բանից դժգոհ եմ, բայց լավ է լինելու»։ Ի հեճուկս բարբարոսների, Պարույր Սևակն էլ խոսեց՝ «Պիտի ապրենք և դեռ շատանանք»։ Այս հույսը կիրականանա հայրենասեր, ազնիվ գիր արարող գրողների, մեր ուսումնատենչ-հայրենասեր երիտասարդության ու ճշմարիտ գիտությունների շնորհիվ։
Այո՛, ապրելու ենք, և լավ է լինելու։
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
Ամեն Ամանորին՝ Քրիստոսի ծննդյան և Հայտնության հրաշափառ տոնին, իմ համերկրացի ու 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծը՝ Դանիել Վարուժանը, հայտնվում է իմ անքուն գիշերներում, հորդորում՝ այնպես ապրիր, որ հայրենիքը քեզ նման զավակ ծնած ըլլալու համար չզղջա: Նա չգիտի, որ ես ձեռնամուխ եմ եղել Վերածննդի հանճարի՝ Ռաբլեի՝ վերջերս հայտնաբերված ու անխաթար հրատարակված հիրավի անթարգմանելի հինգհատորյա Գարգանտյուայի թարգմանությանը՝ ոչ միայն այն բանի համար, որ մեր ժողովուրդը մայրենի լեզվով ունենա այս անմահ գրական կոթողը, այլև իմանա, որ Ռաբլեն իր վիպաշարում հիշատակում է Տիգրան Մեծ, Արտաշես արքաներին, հանգամանորեն նկարագրում է հռոմեական հզոր Ներոն կայսրի՝ հայոց Տրդատ թագավորին ցուցաբերած փառահեղ ընդունելությունն ու մեծարանքը:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանում, իմ 80-ամյակի հանդիսությանը շնորհակալական խոսքում ես խոստացել եմ, որ այդ գլուխգործոցների թարգմանության շնորհանդեսը կայանալու է Շուշիում:
Ու դուք բոլորդ ներկա եք լինելու:
Ու դուք բոլորդ հավատալու եք, որ, ի վերջո, հաղթանակում է արդարությունը:
Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ես այստեղ չեմ խոսի երկրի մասին, այդ մասին շատերն են վայրիվերո օդը տատանում, առավել ևս` ոմանք, և հատկապես` ոմն ոք, մանավանդ ասելիքը անելիքի տեղ սղղացնողները, մի խոսքով՝ շաղակրատները: Ես այստեղ կխոսեմ երկնքի մասին՝ մեր գլխավերևում առկախված, մշտահամր ու լուռ: Մեր բոլոր խոսքերը վերառաքվում, համբարձվում են առ աստղունք ու անդրադարձվում յուրաքանչյուրիս՝ մեր իսկ ծննդատու աստղի շրջածիրից վրիպած: Մենք ասում ենք հայրենասիրություն և ասում ենք ռեալպոլիտիկ և համարում ենք, որ հայրենիքն այնտեղ է և այնչափ, որտեղ և որչափ (գետնի վրա) ռեալպոլիտիկ ասվածը մեզ թույլ կտա այն ԶԱՏԵԼ ու ՍԵՊԵԼ: Երկինքը քահ-քահ ծիծաղում է այսպես մտածողներիս վրա, թե ինչպե՞ս է միայն կարելի ու հնարավոր, որ տիեզերական անսահմանության մեջ թող որ առժամանակ գոյող աստնվորներս, մեզ հատկաշնորհված ամբողջական կենսատարածքին տեր կանգնելու ընձեռված հնարավորությունները ցմրուր մսխելով ու թողնելով, որ հող-հայրենին օրավուր փախ տա մեր ոտքերի տակից, այսքանից հետո դեռ երես ունենք մեր այս չարքաշ ու անպատիվ գոյությունը քարշ տալ նույն այս երկնակամարի ընդամենը արտացոլանքն հանդիսացող հողահանդակներում և… չամաչել անգամ: Այսպես ընթանալով` մենք կարող ենք ոչ միայն երկրից, բայց որ ավելի սարսափելի է, նաև երկնքից զրկվել՝ մեր հոգիների արարչագործ ակունքից:
(Վահան) Թովմա քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հայ ազգի և, ընդհանրապես բոլոր ազգերի, գոյության և պահպանության գրավականն են եկեղեցին (հավատը), հայրենասիրությունը և մշակույթը: Դրանք սյուներ են, որոնց վրա կանգնած է ազգը: Վերացնել մշակույթը նույնն է, ինչ վերացնել ժողովրդին: Եվ դա լավ հասկացել են մեր ազգի թշնամիները` թիրախավորելով Հայ եկեղեցին, հայրենասիրությունը և մշակույթը: Վերացնել հայ ազգը` որպես հոգևոր, բարոյական, գիտակցական արժեհամակարգի մի միասնություն. սա է նրանց նպատակը: Ստեղծագործական տների և միությունների դեմ գործողությունները մի սցենարի բաղկացուցիչ մասերն են: Դրանց նախորդել են կրթության և բարոյականության ոլորտում մեր ազգի համար անթույլատրելի օրենքների ընդունումը (Լանսարոտեի կոնվենցիա), Հայ եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցներից հանելը, արշավը թատրոնների դեմ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շենքի գրավման փորձերը (որոնք դեռևս լուծում չեն ստացել): Մշակույթի գործիչները (մեր դեպքում` գրականության ներկայացուցիչները) առաքյալներ են և զինվորներ, որոնք ամեն կերպ պաշտպանում են մեր ազգի ինքնությունը, դեմքը, արժեհամակարգը, պատմությունը, ոգին, գոյության կերպը… Եվ ես չեմ ուզում պարզապես շնորհավորել բոլորիս գալիք տոների կապակցությամբ, ես ուզում եմ կոչ անել.
– Ի զեն… Թող Աստված բոլորիս միտք տա և հոգի, հանի քնից և խոսեցնի, գրի մեր ձեռքերով, արթնացնի ուրիշներին և առաջնորդի: Մենք ռազմի դաշտում ենք, և մեր ժողովրդի ճակատագիրը նաև մեզնից է կախված:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Պերճուհի ԱՎԵՏԵԱՆ
Տարին ակնթարթի նման անցաւ… ծննդավայրն ու հայրենիքը ցնցող ալիքներով:
Ծննդավայրի մէջ յաջորդական երեք հարազատի կորուստներ, ու ամենացնցողը՝ Հալէպ քաղաքի գրաւումը ընդդիմադիր, թրքամէտ ծայրայեղականներու կողմէ:
Հայրենիք՝ խաչաձեւումներ, նոր լոզունքներ, նոր գաղափարաբանութիւն.- Ընտրել Պատմական թէ՞ Իրական Հայրենիք, Արարատ թէ՞ Արագած, Հայոց Պատմութիւն թէ՞ Հայաստանի Պատմութիւն:
Ընթացքին՝ սահմանազատում ու սահմանագծում, հանրային երթեւեկութեան ուղետոմսերու գնային բարձրացման նախագծեր, անհատնում հարցազրոյցներ, հռետորաբանութիւն, սուտ ու խաբկանք, բողոք ու մանաւանդ խօ՛սք, խօ՛սք, խօ՛սք, միայն խօսք:
Հաւատացէ՛ք հպարտ քաղաքացիներ, խաղաղութեան աղաւնին ձիթենիի շիւղ մը կտուցին, սպիտակ թեւիկները թափ տալով պիտի թառի Արագածի գագաթին, ու մենք երջանիկ, գոհունակ ժպիտներով, լոյսերու մէջ լողացող մայրաքաղաքով, ճոխ սեղաններու շուրջ պիտի դիմաւորենք Նոր տարին…
Վարկե՞ր, տնտեսական ա՞ճ… ինչ փոյթ
«Աղքատ երկիր, հարուստ ապրելակերպ»
«Քէյֆ ընողին, քէյֆ չի պակսիր»
Վերջապէս…
Բարի մաղթանքներով փակենք 365 օր արեւի շուրջ պտտող այս տարին եւս, լաւատեսական լուսաւոր կէտեր որոնելով եւ ամենայն բարիք ցանկալով ԲՈԼՈՐին:
Վան ԱՐՅԱՆ
Գուցե հարմար չէ նախատոնական այս օրերին ծանր ու լուրջ խնդիրների մասին բարձրաձայնելը… Բայց, կարծում եմ, որ ազգի գոյաբանական խնդիրներն ու նրա ապագային վերաբերող տագնապները ժամկետներով չեն կարող սահմանափակվել: Ոչ արևմուտքը, ոչ արևելքը, ոչ հյուսիսն ու ոչ էլ հարավը չեն կարող դառնալ մեր գոյության անվտանգության երաշխավորը: Կարող են ընդամենը մի փոքր նպաստել և/ կամ խանգարել…
Մեզ մինչև այս հանգրվանը երկու (նարատիվ) սկզբունք է առաջնորդել.
«Վասն Ազգի և էրգրի» կամ «Վասն Ժողովրդի և Հայրենիքի»:
21-րդ դարը հին ու նոր ժողովուրդներին գոյատևման նոր երաշխիք, նոր սկզբունք է «առաջարկել». «Հանուն Քաղաքացու, հանուն Պետության», այսինքն՝ լինել բարեվարք քաղաքացի, կերտել, ունենալ անկախ, ինքնիշխան պետություն:
Սա է մեր գոյության, մեր անվտանգության երաշխիքը:
Եվ անտեղի ու միտումնավոր ձեռնածություն է, թե այս վերջին սկզբունքը հակադրվում է նախկին երկու սկզբունքներին:
Քաղաքացի և պետություն, ահա հայ ժողովրդի գոյության և անվտանգության իրական երաշխավորը:
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
Ամեն դեկտեմբերի «Գրական թերթի»՝ տարին գրավոր ամփոփելու առաջարկից անկախ, այդ ամփոփումը կատարում եմ մտովի՝ ծանրութեթև անելով անցած-դարձածը հանրային և անձնական «ճակատներում»…
Նախ՝ ծանր է մտածել, որ երկրորդ Նոր տարին պիտի դիմավորենք առանց Արցախի…
Տարեսկզբին մեծ ցնցում ապրեցինք մեր հանրության խարիսխներից մեկի՝ Գագիկ Գինոսյանի անսպասելի հեռացումից։ Այո՛, նա հեռատեսորեն բազում հունդեր ցանեց սերունդների մեջ, նրա սկսած մեծ գործը շարունակվում է… բայց դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ ավանդական պարերի մեր երեկոներն այդուհետ անցնում և անցնելու են առանց նրա ոգեղեն ներկայության ու կրակոտ խոսքի…
Անձամբ ինձ համար դժվար է նաև հաշտվել այն մտքի հետ, որ երևանյան մշակութային միջոցառումներին այլևս գնալու եմ առանց մեր քաղաքին գույն տվող հայրենադարձ գեղեցկուհի տիկին Սյուզի Սահակյանի ջերմ և իմաստալից ընկերակցության…
Ուզում եմ հավատալ, որ իսկապես մեր երկիրը վերջապես գնում է Եվրոպա, և որ այդ ուղին կլինի առանց ցնցումների… մեր ներքին կյանքի մանր ու մեծ ցնցումները մեզ լիուլի բավական են։ Տրանսպորտի սպասվելիք թանկացումը, բուհերին և գիտությանը նետված անհիմն մարտահրավերները, շարունակվող արտագաղթը… խնդիրներ են, որ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել…
Ինչ վերաբերում է գրական և գիտական գործերին, դրանք մշտապես գրվում են և կգրվեն… միայն թե վերջնականապես մեր հայրենիքն ունենա մշտական արժանապատիվ խաղաղություն ու կայունություն…
Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Նոր տարուց ավելի ես Սուրբ Ծնունդն եմ սիրում և Սուրբ Ծննդյան տոները: Ո՞վ գիտե, գուցե ընկալման հարց է: Ինձ համար Սուրբ Ծննդյան երկինքն է տարբեր լինում, տարբեր է լինում լեռներից մեր փոքրիկ քաղաքի վրա փչող քամին, և դարատափի տակ թաքնված լճի հևքն է լինում տարբեր: Սիրում եմ հատկապես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը: Արտաքուստ ամեն բան նույնն է կարծես, բայց օդի մեջ փափուկ ու բարի սպասում կա, անտեսանելի ու անհասկանալի հրաշքի սպասում: Ավարտվում է Պատարագը, և մարդիկ եկեղեցուց իրենց տուն են տանում Սուրբ Ծննդյան լապտերները, որոնց մեջ ավելի շատ Աստծո Ծննդյան հրաշքը կա և Լույսը, որ ապրեցնում է:
Ես Սուրբ Ծննդյան տոներն եմ սիրում և հատկապես՝ Ճրագալույցի Պատարագը: Ավարտվում է Պատարագը եկեղեցում, իսկ Աստծո Լույսը վառվում է մարդկանց տներում ու հոգիներում: Եվ այդ ժամանակ տարբեր է լինում ամեն ինչ: Երկնքում զնգացող աստղերն են տարբեր լինում, տարբեր է լինում քաղաքի վրա իր շունչը տարածող ձմեռային քամին, և նույնիսկ ձնաբուքն է տարբեր լինում: Եվ դրա պատճառը մարդկանց սրտի մեջ ծնվող ու երբեք չմեռնող հույսն է: Հույս, որ ողջ տարվա ընթացքում հուշելու ու հավատացնելու է, թե ամեն բան լավ է լինելու: Որ հացին էժանություն, մահին թանկություն է լինելու, և անպայման իրականանալու են մեր անձնական ու հանրային բոլոր երազանքները: Անպայման ավելանալու ենք ու չենք պակասելու, որ ցավերը, հիվանդություններն ու անհաջողությունները հեռու են լինելու՝ յոթ սարի հետևում, և ամեն օր ու ցանկացած պահի մեզ հետ է լինելու Աստծո ուժն ու զորությունը, որով էլ ապրելու ենք:
Ով գիտե, գուցե ընկալման ու ճաշակի հարց է, բայց ես Նոր տարուց ավելի Սուրբ Ծննդյան տոներն եմ սիրում:
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ
Խառն ու խառնակ, տագնապախռով այս աշխարհում, պատերազմների ու հակամարտությունների, մահ ու արյան խրախճանքի մեջ շնչահեղձ երկրագնդի վրա, ժամեր անց, իր իրավունքների մեջ կմտնի Նոր տարին: Ի՞նչ է բերելու նա իր հետ, ի՞նչ է խոստանում բազում հոգս ու խնդիրների մեջ մոլորված, անհանգիստ մարդկությանը, ոչ ոք չգիտի: Սակայն, անկախ ամեն ինչից, մեկ է, ամենուր որևէ կերպ նշանավորելու, տոնելու են նրա գալուստը և, ինչ վիճակի մեջ էլ լինեն, անպայման հույս ու սպասումներով, դրական ինչ-ինչ փոփոխությունների ակնկալիքով են պահում նրա ճամփան: Մենք էլ, իհարկե, բացառություն չենք, պատրաստ ենք, պարտավո՛ր ենք պատրաստ լինել Նոր տարվա հետ հանդիպմանը, ընդ որում, ոչ այնքան տոնական սեղաններով ու զարդարուն տոնածառերով, որքան ներքուստ, տրամադրությամբ ու հոգեվիճակով` ամեն կերպ վանելով համառորեն մեզ ուղեկցող դառը խոհերն ու դեռ բոլորովին թարմ ցավոտ հիշողությունները: Պարզապես անչափ կարևոր է վերջին տարիների մեր տեսած-ապրածից վեր կանգնելու ուժ ու կամք գտնելը, գալիքի հետ նոր հույս ու ծրագրեր կապելը՝ ապրելու մղումը չկորցնելու, կյանքի բոլոր ոլորտներում առաջ գնալու համար: Այլ ճանապարհ չկա:
Ես գրեթե համոզված եմ, որ յուրաքանչյուր հայի (գոնե մեծամասնության) ակնկալիքն այս Ամանորից նախևառաջ այնքա՜ն փորձություններ, ծանր ցավ ու կորուստ տեսած իր երկրի ու ժողովրդի համար է ու հետո միայն՝ զուտ անձնական: Ու որքան էլ դժգոհելու, տրտնջալու բան միշտ կա, չենք կարող չընդունել, որ անցնող տարին խաղաղ ու անկորուստ էր նախորդ երկու-երեք տարիների համեմատ, դարձյալ լարված, անշուշտ, բայց ոչ մեզ ծանոթ աստիճանի: Ուրեմն՝ սպասելիքները գալիք տարվանից ավելին են ու ինչ-որ տեղ հիմնավոր, որքան էլ աշխարհաքաղաքական ընթացիկ իրողություններն անխուսափելի լարում են առաջացնում ու հարցականներ առաջադրում, առանձնահատուկ աչալրջություն, հեռատեսություն պահանջում հարևանների ու աշխարհի հետ ինչ-որ տեղ նոր փոխհարաբերություններ ու կապեր ենթադրող երկրի ղեկավարությունից ու քաղաքական ուժերից, իսկ ժողովրդից՝ առավել խոհեմություն ու իմաստնություն՝ ի հեճուկս հանրապետության ներքին կյանքն անկայունացնելու միտված դրսի ու ներսի ուժերի:
Շնորհավոր բոլորիս Ամանորը և Սուրբ ծնունդը: Թող որ իրականանան անձնական ու անանձնական մեր բարի, նվիրական երազանքները, ամենակարևորնե՛րը գոնե: Թող որ ի վերջո բացասական լիցքերը թոթափվեն աշխարհով մեկ, ու չար ուժերը պարտվեն հիմնովին, և այդ աշխարհում բնականոն, ստեղծարար կյանքի վերադառնա և՛ մեր երկիրը, որը լուսավոր, գեղեցիկ երազանքներ, հեռագնա շատ ծրագրեր ունի իրականացնելու:
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
Սիրո և մարդկային հոգիներում ամփոփված լույսի, խղճի ու բարության շուրջ է միտքս թևածում ամեն տարեմուտի և փնտրում ու փայփայում է այն հատիկը, որից ծլարձակելու է հաջորդ տարվա ոսկեհասկը, որի ոսկեփոշին ամբողջ տարվա բերքին է խառնվելու, և տարեհացն է թխվելու` որպես Կենաց Հաց։ 2024-ը Զահրատի բանաստեղծության տարին էր՝ լույսի ու բարության 100-ամյա բանաստեղծի։ Իսկ ի՛նչ է բանաստեղծի խոսքը, եթե լույսն ու խիղճը, սերն ու բարությունը չեն մարմնավորվել բառի, պատկերի, ապրումի խորքում։ Իսկ չէ՞ որ 2024-ը նաև իմ 60-ամյա խոնարհության տարին էր…
Զահրատյան հոդվածներիս շարքն ու մի կաթիլն իմ կենսահեղուկի՝ շուրջս թարմացնելու համար նրա Կաղանդի «եղևինի» բույրը ո՛չ քիչ էր, ո՛չ շատ, բայց սա՛ եղավ ճանապարհը իմ մեկուրիշ ընթացքի՝ միշտ զուգահեռ այն հիմնականին, որով 2024-ին հրատարակվեց իմ «Բառ ընդ ժամանակս»՝ վերջին ութ դժվար տարիներին գրված իմ տասներորդ ժողովածուն…
Եթե անկեղծ՝ գերհագեցած էր 2024-ը, հասցրեցի նաև հրավերով մեկնել Գերմանիա՝ մասնակցելու բանաստեղծական միջազգային ծրագրի, գրվեց «Գերմանական ուղեգրությունս»՝ 21 բանաստեղծություն, հրապարակվեց և արդեն թարգմանվեց գերմաներեն։ Տարին հարուստ եղավ նաև դպրոցական հանդիպումներով, և հիշածս բոլոր գործերի մեջ ներկա էր աղոթքս՝ Հայրենիքիս ու ողջ հայության հզորացման, ազգային դիմագծի հստակեցման, խորագետ լինելու ներքին պահանջով՝ աշխարհի որոգայթների դեմ Աստվածային Բանով ամուր կանգնելու հավատով։ Թող բարով գա 2025-ը, և Նոր տարին օրհնություն բերի մեր աշխարհին…
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ավարտվե՞ց… Ծիծաղելի կլիներ, եթե ասեմ՝ այո… այսինքն՝ հրաժարվել կիսատության զգացումից… Կիսատ խոսք… Կիսատ պատմվածք, բանաստեղծություն… կիսատ Երկիր… ինչքան փորձում ես ամբողջացնել, չի ստացվում… մի մասը՝ իր սարեր-ձորերով, իր դաշտերով ու անտառներով, իր չարչարանքով ու աղոթքով, մնում է դրսում…
365 օր… 365 կիսատ քայլ։ Ապրո՞ւմ ենք։ Ի՞նչ ունենք ասելու… Շնորհավո՞ր… ի՞նչը… Ցավը փաթաթվել է ինձ և բաց թողնելու մտադրություն, երևում է, չունի, ես էլ՝ դիմադրելու ցանկություն։
Հսկայական տոնածառը շողշողում է մայրաքաղաքի ամենակենտրոնում… Դիմա՞կ է… գունավոր… մեր կորուստների դեմքին… Ի՞նչ ենք թաքցնում այսպես ինքնամոռաց` ինքներս մեզ խաբելով, սուրբծննդյան լույսը վերածելով քաոսային վազքի…
Կուռքի հավերժական փնտրտուք է ու երկրպագելու կիրք…
– Հայր մեր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում…
Իսկ գուցե՞ գիտեն… Ապաշխարանքը տանում է պարտությա՞ն…
Էլի չկարողացա գրել պատերազմի մասին… բայց ինչ գրեցի, պատերազմի մասին էր… միայն… ամբողջը… մի՞թե փախուստ չէ… ինքնախարազանում… գնդակահարության պատի տակ կանգնելու նման…
Իսկ խաղաղությունն այդպես էլ չբանակցեց ինձ հետ… գոնե մի օր չգիշերեց մեր տան շեմին… և շարունակեց սուտմեռուկի տալ մեր հեքիաթային տարածքներում…
Չասե՞մ` պահմտոցի է… թեպետ ոչ մեկը թաքնվելու համարձակություն չունի… հաջողված խմբանկար է ստացվում… Դիմանկարի փորձը բացառվում է…
Կարծում եմ` կներեք, որ խոսքիս մեջ տոնական երանգներ չկան, և հանդերձս չի համապատասխանում ամանորյա հանդիսություններին… մեկ է, գնալու տեղ չունեմ…
Մեղավո՞ր եմ…
Գևորգ ԳԻԼԱՆՑ
Տարին մեր կյանքի ամբողջական ժամանակի պայմանական մի հատված է, որի համար սկիզբ ու վերջ ենք հորինել՝ այդ ամբողջականությունը հեշտությամբ անդամահատելու, հաշմելու և չարածն արդարացնելու համար։ Շատ բան հասցրել եմ անել, բայց ավելի շատ՝ չեմ հասցրել… Հասցրել եմ գրականություն թարգմանել, երկու ռուսական գլխավոր գրական պարբերականներին՝ «Լիտերատուրնայա գազետային» և «ՆԳ xLibris»-ին ծավալուն հարցազրույցներ տալ գրական ընթացքի և գեղարվեստական թարգմանության իմ ընկալման և մոտեցումների մասին՝ խուսափելով քաղաքական թեմաներ շոշափել, բայց որպեսզի չխուսափեմ քաղաքական թեմաներից, իմ սեփական մեքենայով եմ մեկնել Մոսկվա՝ ռուս գրականության թարգմանիչների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու. ուզում էի հողի վրա շփվել մարդկանց հետ, զգալ, թե որքան է քաղաքական քարոզն ու ատելությունը թունավորել այդ երկրի հսկա մարմինը, նայել իմ վաղեմի ընկերների աչքերին… Հիմա փորձում եմ ուղևորության ժամանակ տեսածս ու զգացածս գրի վերածել՝ չիմանալով՝ ինչ է ստացվելու, ինչ ծավալ կունենա…
Կռիվ եմ տվել սեփական մարմնիս հետ, մարմնիս ցավի դեմ, քանզի գրեթե հաշմանդամ դառնալուց կամքի ուժով եմ դուրս պրծնում, բայց ֆիզիկական ցավը ոչինչ է այն ցավի դիմաց, երբ հանկարծ գիտակցում ես, որ չես ուզում, որ քեզ փուչ բառերով ինչ-որ բան բարձրաձայն մաղթեն, չես ուզում ինքդ ինչ-որ բան բարձրաձայն մաղթել։ Ավելի ազնիվ է մաղթանքդ սրտիդ մեջ մոմի նման մարմրա ու չհանգչի, և դրա ջերմությունը քեզ դրդի գործողության։ Գերադասում եմ բարձրաձայնել լոկ այն, ինչը կարող եմ հաստատապես անել ի բնե և տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Միակ բանը, որ այս պահին ունեմ ու կարող եմ բարձրաձայնել, դա ՍԵՐՆ է։
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
Ի՞նչն է Ծննդեան օրուայ մաղթանքի հաւատոյ խորհուրդը. թերեւս որ մարդը վերջապէս իւրացնի քրիստոնէական բարոյաբանութիւնը արդէն 2025-րդ անգամ, որը թերեւս դժուարինն է կեցութեան մեր ճանապարհին։ Հեշտ է գրել եւ բարձրակոչ յայտարարել, թէ հայ գրողը պարտաւոր է Մեծարենցի եւ Թէքէեանի հանգոյն արթնացնել խղճի վերադարձը։
Հարց տանք՝ կարո՞ղ ենք։ Հապճեպ չասենք՝ այո՜։ Նախ, մտածենք, թէ հոգեւորի կայծկլտող ու անհաս որոնումի դիմաց պատրա՞ստ ենք խոստովանելու մեր շիտակ թիրախները, թէ մինչեւ երբ պիտի ապրենք ու վերապրենք անկումի այս գիտակից կամ ենթագիտակից մղձաւանջը։
Օրինակներից գուցէ յոգնել ենք բոլորս։ Բայց բերեմ «աւանդոյթներից» երկուսը՝ ամէնից անբնականները, ինչի հետ հաշտուել ենք ներքնապէս։ Այսպէս, մինչեւ երբ ուսուցիչը պիտի ողորմելի աշխատավարձ ստանայ, մինչեւ երբ կենսաթօշակի չափը պիտի հրամցուի ամսուայ մէջ որպէս «պետական ողորմութիւն»՝ մէկօրեայ նուազագոյն ծախքի ընդգրկումով։
Հարցն այն է, թէ պետական պատասխանատու այրերը դեռ մինչեւ երբ պիտի որոշեն, թէ իրենք ո՛ր իրաւունքով են շարունակելու բաշխել կամայական ընտրուած աններելիօրէն նուազագոյն գումարը աշխատաւորին՝ որպէս աշխատավարձ։
Չէ՞ որ ոչ մէկը կարծես մեղք չունի, երբ պարգեւավճարները կամ արտօնեալ բարձրաբարձր կենսաթօշակները շարունակում են ապրելու գործօն դեր խաղալ մեր «ծանրաքաշ» պաշտօնեաների «քրտնամխած» աշխատանքում։ Ապրելու ու արդար վաստակի սկզբունքն է ոտնահարուած մեզանում։
Այնուհանդերձ, շնորհաւո՛ր մեզ բոլորիս բաշխուող այս Նոր տարին։
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ
Ի՞նչ բերեց հեռացող տարին: Եթե կարճ՝ թարգմանվեցի քսաներորդ լեզվով, արտերկրում լույս տեսավ տասներորդ գիրքս: Թեև չկարողացա մասնակցել Ռումինիայում կայացած պոեզիայի փառատոնին, բայց դա չխանգարեց, որ իմ էջերն ունենամ փառատոնի եռալեզու (անգլերեն-ռումիներեն-հունգարերեն) անթոլոգիայում: Հրատարակեցի «Իմ Սևակը» խոհագրությունս, որ հոգուս հարկն է մեծ բանաստեղծին, որի ուշադրությանն արժանանալու պատիվն եմ ունեցել դպրոցական տարիներից, որն ինձ հայացք է պարգևել… 2024 թվական մուտք գործեցինք կորուսյալ Արցախի բաց վերքով: Թվում էր՝ եկել է սթափվելու, միաբանվելու – բռունցք դառնալու, նույն մեխին խփելու, նույն ուղղությամբ նայելու ժամանակը: Մինչդեռ հայ հանրությունը երբեք այնպես պառակտված չի եղել, ինչպես այսօր: Մոլեգնող աթոռատենչություն, անպատկառ հայհոյախոսությամբ ուղեկցվող անհանդուրժողականություն, դիմակավոր բարեպաշտության ծեքծեքումներ, դատական աճպարարությունների էժանագին թամաշաներ, խուճապահարույց բանդագուշանքներ (Արցախից հետո հերթը Սյունիքինն է, Սիրիայից հետո հերթը Հայաստանինն է և այլն): Ցավալին այն է, որ ցավ չկա երկրի ճակատագրի համար մեր ընդդիմության վարքում: Ընդհակառակը, ոմանք ոչ ավել, ոչ պակաս՝ ցնծությամբ են ընդունում յուրաքանչյուր թերություն ու ձախողում՝ մոռանալով, որ այդպիսով ուրախացնում են երախը մինչև զույգ ականջները բացած, մեզ վրա չարախնդացող ապշերոնյան արյունարբու բռնակալին: Եվ ոչ միայն նրան:
Կուզենայի, շատ կուզենայի որ այս ամենը մնար անցնող տարում, և 2025-ի շեմը հատեինք խելքներս գլուխներս հավաքած և հոգով-սրտով մաքրված ոխ ու քենից: Այս հույսով, ահա, շնորհավոր Ամանոր:
Սուրեն ԴԱՎԹՅԱՆ
Հավիտենականի ու անցողիկ տարվա՝ կանաչ վիշապի անորոշությունը անհամատեղելիության առումով այնքան ակնհայտ է, որ մարդկության սին երազներն ու վախերը և իրականությունն ընդհանրապես չեն տեղավորվում ապագա ունենալու տեսլականի հետ: Եվ երբ շարունակվում է կենդանականի, բնազդների հաղթանակը առաքինության ու բարոյականության նկատմամբ, ինձ նման բանաստեղծը «եղեգնյա գրչով» շարունակում է գրել սիրո անանցանելի հրաշքի մասին ու ապրել դրանով: Այս տարի ավարտեցի Դարիո Սալաս Սոմմերի «Գոյություն ունի արդյոք կինը» և «Տիեզերական արժույթ» աշխատությունների թարգմանությունը, իմ մանկական բանաստեղծությունների, առակների, հանելուկների երկրորդ գիրքը, նաև պատմվածքների անդրանիկ ժողովածուն: Կանաչ վիշապին կփոխարինի կանաչ օձը, այսինքն՝ կյանքի ծառը կշարունակի կռիվը կանաչ մնալու, հարատևելու համար, բայց նրան էլի կներքաշեն պատերազմների ճահիճը, և ոչինչ չի փոխվի սովորական մարդու աչքին, որովհետև մարդկությանը պարտադրվող նոր աշխարհակարգը առավել քան անմարդկային է: Բայց վհատվել պետք չէ և պետք է կռիվ տալ բարու, սիրո և աստվածային առաքինությունների հաղթանակի համար, քանզի այս ամենը մասն է Աստծո պլանի: Քանի մարդու պայքարը չի տեղափոխվել հոգևոր մարդու ինքնաճանաչման, կայացման գործին, լավ բան միք սպասեք արտաքին աշխարհից, որովհետև… ոգու սովը շարունակվում է… Բարի Նոր Տարի մեզ ու աշխարհին…
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Գրական և գրականագիտական առումով բեղուն տարի էր 2024-ը: Այն նաև հիշարժան հոբելյանների տարի էր հայ ժողովրդի մեծերի՝ Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Շառլ Ազնավուր, Սերգեյ Փարաջանով, Երվանդ Քոչար, Պարույր Սևակ, Հովհաննես Չեքիջյան և այլք: Պարույր Սևակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան դպրոցներում, բուհերում, ՀՀ ԳԱԱ ակադեմիայում: Լույս տեսան անմահ բանաստեղծին նվիրված ընտիր գրքեր, հոդվածների ժողովածուներ, դրանց թվում՝ Գագիկ Դավթյանի «Իմ Սևակը» հրաշալի հուշագրությունը: Իմ սիրելի «Գրական թերթը» Կարինե Խոդիկյանի եռանդուն ջանքերով շարունակում է մնալ ՀԳՄ գրական ու մշակութային կյանքի զարկերակը: Արժանահիշատակ է ՀԳՄ 90-ամյակի խորիմաստ բովանդակությամբ նշումը՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի տարողունակ զեկուցմամբ: Ինձ համար կարևոր էր հատկապես «Հայ Բագրատունիների մայրաքաղաք Անին օտարազգի հայագետների և ճանապարհորդների գնահատմամբ» գրքի սերբերեն թարգմանության շնորհանդեսը, որը տեղի ունեցավ 2024-ի ապրիլի 19-ին Բելգրադում՝ Սերբիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի և հրատարակիչ Վեսնա Պեշիչի նախաձեռնությամբ: Այն նվիրված էր հայ-սերբական դիվանագիտական հարաբերությունների 30 ու Հայոց ցեղասպանության հիշատակի 90-ամյակներին: Ինչ եմ մաղթում 2025-ին իմ հայրենիքին ու հայրենակիցներին: Առաջին հերթին՝ խաղաղություն, երկրորդ հերթին՝ կարգապահություն, յուրաքանչյուրի պարտականությունների նվիրումով կատարում: Իսկ իմ գրչընկերներին՝ ստեղծագործական նոր ներշնչումներ ու հայ գրականության հարստացում բազում տաղանդավոր գործերով:
Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ
Լուրջ եմ, քան երբևէ։ Որոշել էի Ձմեռ պապին նամակ գրել։ Պահ եղավ… Իհարկե, եղավ։ Փոշմանել էի։ Ի՞նչ նամակ, է՛, ծանր տեղս ինչո՞ւ թեթևացնեմ…
Մտածեցի, որ լավ նշան չէ կամուկացով տարի սկսելը, ու գրեցի. «Սիրելի՛ Ձմեռ պապ, գիտեմ՝ ժամանակ չունես. կատակ հո չէ՞ լուրջ որոշումներ կայացնելը, թե ում ինչ նվեր տալ, ում ինչ պատվի արժանացնել… Էլի շատ բաներ… Հաստա՛տ, դժվար է, գործի ես, Պա՛պ ջան։ Բայց ինչքան էլ դժվար լինի, արդա՛ր եղիր. նվեր բաժանելիս թող ձեռքդ տոպրակի մեջ չջոկջկի… Մեկ էլ… Լա՛վ, էդ «մեկ էլ»-ը թող մնա. մի օր ականջիդ կասեմ…
Միշտ արդարի ակնկալիքով՝ Զուխրա Երվանդյան»։ Կարգին Ձմեռ պապ է. պատասխանել է։ Չեմ մեջբերի երկար-բարակ, շողոմ-մողոմ, կեղծավոր-մեղծավոր շնորհավորական խոսքերը։ Տնաշենը ինչքան կաղապարային (կարգին հայերենով՝ շաբլոն) շնորհավորանքի խոսքեր կային, պատճենել, ուղարկել է։ Ձեռքի հետ էլ գրել է, թե ինձանից նեղացել է, որ կասկածել եմ իր անաչառությանը։ Նեղացած-նեղացած գրել է, թե՝ էդ ո՞ր երկրում է Ձմեռ պապը էդքա՜ն մեդալներ, պատվոգրեր, մրցանակներ տոպրակը լցրել ու բաժանել իր սրտի բանաստեղծներին ու արձակագիրներին։ Ու ոչ միայն։ Էնքան էլ մուննաթով է գրել, կարծես ուրիշ մի որևէ երկրում էսքան բանաստեղծություն ու պատմվածք գրողներ կան… Մեկը լիներ, հարցներ՝ էդ ո՞ր ժողովրդի ամեն հարյուրերորդն է գրող (ես էլ հետները, անշուշտ)։ Ճիշտն ասած՝ էդ «Ու ոչ միայն»-ը զարմացրեց։ Այսի՞նքն։ Ու կարդում եմ. «Բա որ էդքան ու էդպես չխրախուսեի, էդքան բանաստեղծ-բանաստեղծուհիներ, գրող-գրողուհիներ (իր բառն է) իրենց կզգայի՞ն Պառնասում, կհպարտանայի՞ն իրենց անզուգականությամբ։ Բա՞, ես էլ այդպես եմ օգնել խոր ընկճախտի մեջ հայտնված գրողների բանակին»։ Զարմացա։ Բայց ես նման բան ասել կամ ակնարկե՞լ էի։ Ա՛յ քեզ Ձմեռ պապ։ Այստեղ է ժողովուրդը չբարձրաձայնելիք հայտնի ասացվածքն ասում։ Հասկացաք։ Ձմեռ պապս երևի մեղք ու խղճի խնդիր ունի իր ներսի մի անկյունում, ինչպես ժողովուրդն է ասում, մի ….. արել է։ Դե հա՛, ո՞վ չի անում որ։ Մեր իրականությունում ի՞նչ պիտի սովորեր։ Ինչ որ է, մեր գրողներին ասենք՝ շնորհավոր, բարով 2024-ին ստացածներդ վայելեք ու 2025-ին նորանոր Պառնասներ բարձրանաք։ Ու նաև… Աղոթենք, որ անտունների, քաղցածների, սպանված-մորթված-հրդեհվածների անմարդկային ողբերգությունները սոսկ հուշ դառնան… Երանի՜ այդպես լինի։ Երազ ու երազանքի իրականացման տարի լինի 2025-ը։ Ձմեռ պապը շարունակել էր. «Ինչ վերաբերում է տոպրակի մեջ նվեր ջոկջկելուն… Ասեմ, իմանաս. ոչինչ նոր չեմ հորինելու. աշխարհն այդպես եկել է, այդպես էլ գնալու է, անգամ Աստված սարը տեսնում, ձյունը դնում է»։
Քաջառո՛ղջ եղեք։
Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ
Տարին ամփոփելիս ինքն իր հետ անկեղծ մարդը կարող է հարց տալ, օրինակ, ի՞նչ արեցիր քեզ համար, ընտանիքիդ համար, շրջապատիդ համար, հասարակության համար, երկրիդ համար: Ու եթե ես-դ պստիկ չէ, հարցերդ տղամարդ պատասխաններ կունենան: Երբ որ ասում ես՝ ինչեր ես արել, մի տեսակ ցուցադրանք է դառնում, երբ որ չես ասում, զարմանքով լսում ես, որ կրիան իր՝ 5 րոպեի Ա կետից Բ կետը 5 ժամում գնալը համարում է աշխարհի նվաճում, ժպտում ես, նրա փոխարեն դու ես գլուխդ կախում ու նայում «պայծառ ապագային»… Ինչևէ, հանդգնեցի հայ գրականագիտության մեջ առաջին անգամ անդրադառնալ սոտիին, որի մասին երբևէ անդրադարձ չի եղել, բացի թատերագիտական բառարանի հակիրճ, թերատ բացատրությունը, պատիվ ունեցա Գերմանիայում ներկայացնել Հայաստանը, հային, իսկ գերմանացի ընթերցողները գիրքդ էին ուզում գնել… Հասարակական գործունեության մեջ էլ, գուցե եսասեր են հեղինակները, նյութ են հավաքում իրենց ապագա գրվածքների համար, էդպես էլ ես – չէի կարող մերժել հրավերները հանդիպելու տարեցներին, բանտարկյալներին, հայ դպրոցականներին… Ուրախ եմ, որ դեռ շատ բան կա նշելու, բայց դրա ժամանակը չէ: Մաղթանքս է՝ մեր երկիրն ամրանա, մարդն առողջ դատի, 21 գրականագետներից գոնե 7-ը պիես էլ կարդան, մարդը չկորցնի հումորի զգացումը, լավը սիրելու ուժը… Գալդ բարի, 2025:
Մարինե ԹԱԹՈՅԱՆ
Ամփոփելով տարին` նշեմ, որ 2024-ը սկսվեց ինձ համար անչափ կարևոր իրադարձությամբ։ Հունվար ամսին կայացավ քառասունչորսօրյայում անմահացած եղբորս` փոխգնդապետ Կորյուն Սերգոյանի «Վեր կաց» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որի խմբագիրը ես եմ։ Նոյեմբերի 15-ին ՀԳՄ-ի 90-ամյա հոբելյանն էինք տոնում։ Տարին լի էր հույզերով։ Սքանչելիի և ներդաշնակի խաղաղության տիրույթում մի շարք բանաստեղծություններ ծնվեցին, որոնք տպագվեցին «Երկունքում»,
«Գրական թերթում», «Նորքում», «Գրեթերթում», ՀԳՄ պոեզիայի անթոլոգիայում։ Ի մի բերեցի բանաստեղծություններս` իբրև ժողովածու, և հիմա խմբագրման փուլում է։ Սպասելով նոր տարվան` 2025 թվականին, մաղթում եմ բոլորիս և երկրիս խաղաղություն, ներդաշնակություն, սքանչելիքի և հրաշքի ազատություն ու առատություն, գրական և անձնական հաջողություններ, երջանկություն, սեր։ Թո՛ղ կորուստները` հրաշքի հպումով, ունդեր տան, և վերագտնենք մեզ։ Թո՛ղ 2025-ը անկորուստ տարի լինի։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Դժվար է լավատեսական խանդավառությամբ զարդարել ամանորյա շնորհավորանքի խոսքը, որովհետև մեզ` հայերիս,- թե՛ ներսում, թե՛ Սփյուռքում,- այսօր տագնապի ու անորոշության մշուշն է պատել։ Սակայն մեր պատմությունը, մեր ժողովրդի հազարամյակների փորձը հուշում է` կորսվող չենք, Առաքելություն ունենք էս մոլորակի վրա, ուստի` ժամանակն է արդեն ոտքի կանգնելու, վանելու ընկճվածությունը, վախն ու անորոշությունը, հավաքելու մեր ամբողջ իմաստնությունն ու ողջամտությունը, կողմնորոշվելու և տեսնելու փրկության ճանապարհը, որը հաստատ նախատեսված է մեզ համար, բայց թողնված է, որ ինքներս գտնենք, ինքներս հարթենք։ Գուցե հենց այս` մոտալուտ 2025 թվականն է լինելու մեր վերաիմաստավորման, վերագտնման, վերակազմակերպման ու վերակառուցման մեկնարկի տարին։ Կուզեմ այս համոզմամբ դիմավորենք ամանորը, շնորհավորենք միմյանց, մաղթենք մեզ իրականացում մեր իղձերի ու երազանքների։
Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երբեմն-երբեմն ժամանակը տեղատվություն է ունենում, որից հետո կյանքի ափերին երևում են տարաբնույթ աղտեղություններ:
Նայում եմ աշխարհի կառավարման քարտեզին և ինձ բռնում մի տհաճ մտքի վրա. ես մխիթարվում եմ, որ իմ երկիրը միակը չէ ժամանակի տեղատվությունից հետո այդ քարտեզի վրա վառ գույնով ներկվածներից… Ձեռքբերումներ, գրական մրցանակ, անձնական հաջողություններ եղել են քսանքսանչորսին, բայց այս ամենը կուլ է գնում այն լպրծուն իրողության ճահճի մեջ, որտեղ հայտնվել ենք մենք, որտեղ աշխարհն է սուզվում օր օրի, ժամ առ ժամ: Ի՞նչ սպասել քսանքսանհինգից կամ, ավելի ճիշտ, ի՞նչ խնդրել քսանքսանհինգի համար առ Աստված ճանապարհող մեր հանապազօրյա աղոթքներում:
Խաղաղություն: Խաղաղություն: Խաղաղություն:
Իսկ խաղաղությունը, Աստծուց խնդրելուց զատ, պետք է նաև, և առաջին հերթին, վաստակել: Պետք է մեզանից յուրաքանչյուրն աշխատի, որ մեր Երկիր-Հայրենին դառնա ուժեղ: Իսկ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է, որ մեր միջից կարողանանք գտնել արժանապատիվ առաջնորդի, որը ճկուն դիվանագիտություն վարել գիտենա և բոլորիս համախմբի իր շուրջը:
Եվ թող սա լինի քսանքսանհինգին: Շնորհավոր եկող Երազ-նորտարի:
Նարինե ԿՌՈՅԱՆ
Ուզում էի գրել՝ «Ճանապարհ ենք դնում հին տարին…», երբ հանկարծ մակաբույծ մի միտք եկավ ու թառեց գլխումս՝ չգիտեմ որտեղ. «Տարին է մեզ ճանապարհում, որովհետև յուրաքանչյուր ներկա այլևս անցյալի նման չի լինելու, մենք մեր հետքերով ետ քայլել չենք կարող, որովհետև մենք մեռցրել ենք այն, ինչը մեզ մարդ էր դարձնում՝ Աստծո պատկերով և նմանությամբ»: Աշխարհը փոթորկի բերանին է, վաղը, չէ, ամեն հաջորդ վայրկյանն անգամ անկանխատեսելի է: Կանխատեսելին միայն աղետն է, որ արդեն քանի տարի է հետապնդում է մեզ, իսկ մենք կերի ու տեսարանների մասին ենք մտածում: Դրա համար էլ լափի փառատոների ու թամաշայի պակաս չկա:
Որտե՞ղ ես, մարդ Աստծո…
Կլինե՞ս 2025-ին, թե՞ հացի ու թամաշայի համար երկիրդ կծախես:
Գուցե արդեն ծախել ես:
Հայաստան, աղքատի ու որբի երկիր, թանկ երկիր… որքա՜ ն էժան ես ծախվում:
2025-դ շնորհավոր, եթե, իհարկե, քարտեզի վրա քեզ 2025-ին գտնենք:
Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Տարին չգիտի, որ ավարտվում է. ինքն իր համար հոսում ու հատնում է, էդպես էլ` մարդը: Մարդն ի՞նչ գիտի գլխին գալիքը. ինքն իր համար ապրում է, մեկ էլ` խըրթ, թելը մի տեղ բարակում ու կտրվում է: Ու քանի դեռ ապրում է, երազանքը մոտ է թվում: Իմ երազանքն այս տարի էլ չիրականացավ: Անանձնական մի երազանք եմ փայում-փայփայում, չեմ բարձրաձայնում, որ լինի: Սնահավատ չեմ, բայց գիտեմ, որ խոսքի էներգիան որքան` հզոր, այնքան` մերկ ու մենակ: Եվ, ուրեմն, թող լինի:
Անձնական մի երկու նպատակ էլ ունեի. մի երկուսը փսորվեցին, գնացին, մի երկուսն էլ դեպի ինձ եկան` մնացին. շնորհակալ եմ: Ամռանը Կանադայի Վալ Դավիդ քաղաքում մասնակցեցի նախ` միջազգային գրական փառատոնի, ապա` մեկ ամիս` «Գրող-բնակիչ» ծրագրին, հյուրընկալվեցի Մոնրեալի «Հայ հորիզոն» հեռուստատեսային հաղորդմանը, Մոնրեալի «Թրիա» հրատարակչությունը վերահրատարակեց իմ «Տասը լավագույն պատմվածք» երկլեզու` հայերեն-անգլերեն ժողովածուն, երջանկահիշատակ Ֆելիքս Բախչինյանի խորագիտակ գրախոսությունը տպագրվեց «Գրական թերթում», որտեղ նա բացբացել էր իմ «Մեղր ու լեղի աշխարհ» վեպի տեսանելի-անտեսանելի շերտերը, նաև վեպս արժանացավ «Ստեփան Ալաջաջյան» մրցանակին: Այս ամենի համար շնորհակալ եմ: Մնացյալը, որ ինձ ցավեցրեց, հիասթափեցրեց ու տանջեց, միայն իմն է: Ասված է. «Երբ Տերը փորձության է տանում, երբեք մենակ չի թողնում»: Երախտապարտ եմ:
Թող 2025-ը լինի իմ ու ձեր անանձնական ու անձնական երազանքների իրականացման տարի:
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հաղթահարեցինք 2024-ի ամենօրյա ռեժիմով մատուցած անակնկալները ևս… Փա՜ռք Աստծո, դիմացանք մեր երկրում ու աշխարհի բոլոր ծայրերում մոլեգնող համամոլորակային տեկտոնիկ տեղաշարժերին, սիրտ ու հոգի ունեցանք երբեք չմոռանալու, ոչ մի դեպքում չընկճվելու, հետևելու Աստվածային Սիրո բանաձևին:
Թեև դժվար է ու միշտ չէ, որ ստացվում է հանդուրժող, կարեկից լինել, բայց մեր դիրքապահ զինվորների պես պատրաստ լինենք սպասելի ու անսպասելի մարտնչումներին… ենթարկվել, անդամագրվել, կամավորագրվել՝ ուժեղ բռունցք դառնալու օրավուր վիթխարիացող հրամայականին…
Շնորհավոր Ամանոր, Սուրբ Ծնունդ, Կաղանդ, Տարեմուտ, Տարեգլուխ…
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Խոսքս թերևս անցնող տարվա վերջին հրապարակագրությունն է, ուստի` միանգամից «Գրական թերթի» միջոցով բարի Նոր տարի եմ մաղթում աշխարհի հայությանն ու նրա հենարանին՝ արտաքին ու ներքին խարդավանքներին դիմակայող Հայաստանի Հանրապետությանը: Մեկ տարի էլ անցավ, ավա՜ղ, ոչ մի ակնառու սոցիալ-քաղաքական փոփոխություն հայաստանյան իրականությունում չեղավ: «Հայաստան» նավը շարունակում է իր ղեկազուրկ ընթացքն ինչպես մի խլյակ, որը հայտնված աշխարհաքաղաքական ալեկոծություններում՝ քշվում է անհայտին ընդառաջ, ու ամենքը, հույս-օրվա մեջ շունչները պահած, զգացմունքային պոռթկումներով սպասում են՝ երբ պիտի այն ապառաժե ափերին նետվի ու հայտնվի լեռան վրա՝ հանց խաղաղության Տապան-փրկություն` հարկավ, մերժելով հազարամյակների ընթացքում պարտադրված, հային ոչ վայել «հացուկացի» հոգեբանությունը, որ անհայրենիք սպառողի կենսաձև է և արարող գենի մոռացում, ինչը պետականության տաճարի կենսունակության ու առաջընթացի հիմնաքարն է, այո՛, տաճար-խաչմերուկի, որով անցնում են ընտրյալ ճանապարհները՝ հանց մշակույթի երակներ: Տա՛ Աստված, որ գալիք տարում վերջապես հստակեցվի մեր ինքնությանը հարիր, արժանապատիվ ու ճշմարիտ գլխավոր ճանապարհը, որտեղ պերճախոսությունը հիմնական խնդիրներից ուշադրություն շեղող ժամավաճառություն չի լինի, այլ՝ պերճահոսություն ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ տևականության՝ որպես քաղաքակրթական արժեք:
Կրկին ժողովրդահաճո, այսինքն՝ աստվածահաճո ընտրությամբ բարի ու հաստատակամ ճանապարհ եմ կամենում ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ ու նրա հար նահապետ ու մանուկ ազգին:
ՀՌԻՓՍԻՄԷ
Երբ օրերի շարանն ավարտվում է, ու փականի մի ծայրը հանգուցվում է մյուսին, ստացվում է տարին ամփոփող մի կլորակ, որը երկրաչափորեն համարվում է զրո։
Ընդերքում այդ օրաշարերից յուրաքանչյուրն ունի ինքնասուզումի քննելի վիճակ, որի դատավորը քո ներսի պարոն ժամանակն է…
Նրան հեշտ է կաշառել ճռճռան բառերի շքեղությամբ, փայլ տալ ոսկերչին հատուկ վարպետությամբ, հուսալ, որ վճիռը կլինի սրտահաճո։ Բայց գալիս է մի պահ, որ հոգնում ես ինքնախաբեությունից, արդարությունն ասում է քեզ՝ ճշմարիտ, ճշմարիտ եղիր… Դու համարում ես եղածը ապրելակերպի հրամայական, հարիր քո տեսակին ու ձևին։ Կանգ ես առնում, որ հայելու մեջ փնտրես հոգուդ աչքերը։
Ի՞նչ ասեմ… Տարին իր վերուվարով նման էր հոգնած մարմնի սրտագրության, երբ զիգզագ գծերն ու ուղիղը խորհրդանշում են, թե շնչելի թթվածինն ի՛նչ չափաբաժնով է սահում երակներիդ միջով, դառնում օր ու ժամ։
Քիչ եմ գրում…
Միայն քաղաքական, հայրենասիրական պոեզիան իմ սեղանի զարդարանքները չեն կարող լինել։ Արդեն չկան այն նրբանուրբ ջութակալարերը, որոնք հոգեսնունդ էին, տաք էին պահում ներաշխարհի պատերը, որքան էլ դրսի քամիները աղետաբեր լինեին…
Եթերային այդ պահերի կորստին վաղուց ափսո՜ս եմ ասում։ Բոլոր դեպքերում, սա էլ կյանք է՝ հնի ու նորի մի անծանոթ խառնուրդ, որպես կիսաքաղցր կոկտեյլ…
Ես միշտ սիրել եմ կենտ թիվը։ 2025-ը համարում եմ անանձնական սպասումների տարի։
Թող գա հուսադրումներով, խաղաղ, մեր Երկրին վայել։ Շնորհավորանքներս…
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տարեփակին, ներքին գաղտնախորհուրդ մի մղումով, հարկավոր է հետահայաց քննել արածն ու չարածը, լիարժեքն ու թերին։ Իսկ սրանք անշուշտ կան, քիչ ավելի կամ փոքր-ինչ պակաս, յուրաքանչյուրիս թողած հետագծում էլ։ Կտրվել արտաքին գործոններից և ամեն ինչ դիտարկել «մաքուր» հարթության մեջ, հարկավ, մերժելի է, սակայն և ամեն ինչ չէ, որ կախված է արտաքին ազդակներից, և, անշուշտ, բազմաթիվ հարցերի պատասխանները պետք է որոնել մեր ներսում. որտե՞ղ ենք սայթաքել, որտե՞ղ ենք լռել (չէ՞ որ լռությունն ու անտարբերությունն էլ խիստ վտանգավոր են), ե՞րբ ենք գործել, և արդյոք բոլոր արարքները Ճշմարի՞տ ուղով են տանում։ Իսկ ներսում՝ այդ անքննելի աշխարհում, կարևոր է Լույսի և, իհարկե, Ներդաշնակության աներեր առկայությունը։ Այս օրերին նաև սեփական ներսը հայելու, այնտեղի՛ց արարքները և ըստ այդմ՝ շրջապատը գնահատելու փորձ է արվում՝ օգտագործելով գուցե վերջին հնարավորությունը՝ տարվա կտրվածքով։ Ուրեմն, ում պակասում է Լույսը, թողե՛ք, որ ներս հոսի, ով Ներդաշնակության կարիք ունի, թո՛ղ տրվի լիաբուռ՝ Լույսի հետ գիրկընդխառն, որ մաքրության հետ՝ իր ու իր միջև պայքարի արդյունքում՝ անաղարտ ու ներդաշնակ հայացքով նայի աշխարհին, և անպակաս՝ Սերը, Մարդու սերը իր նմանի, աշխարհի և, առաջին հերթին, Հայրենիքի նկատմամբ, մեծ, ներսում չտեղավորվող, Կատարյալ Արարումի, Աստվածային Սերը։
Շնորհավոր Ամանոր։
Մանվել ՄԻԿՈՅԱՆ
Անցած տարին ինձ համար ստեղծագործական առումով առանձնապես չտարբերվեց նախորդ տարիներից։ Նոր բանաստեղծությունների շարքեր տպագրվեցին գրական մամուլում, հասկանալի պատճառներով հետաձգեցի նոր ժողովածուի հրատարակումը։ Միակ ոգևորող փաստը ռուսերեն թարգմանությամբ Մոսկվայի «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրում տպագրված շարքն էր՝ հետաքրքիր գրախոսականով։ Տարին ավելի շուտ անցավ լարված մթնոլորտում՝ կապված Հայաստանի գրողների միության շենքի, Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տների սեփականության իրավունքի վիճարկման հետ։ ՀԳՄ-ի և, ընդհանրապես, բոլոր ստեղծագործական միությունների` օրինականորեն ամրագրված սեփականության իրավունքի վիճարկումն անդառնալի հարված է մեր դարավոր մշակույթին։ Բոլոր հնարավոր միջոցներով պետք է պայքարենք այն չեղարկելու համար։ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմները, անկայուն վիճակը սպառնալիք են նաև մեր երկրի համար։ Անհրաժեշտ է ճկուն արտաքին քաղաքականություն վարել ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։
Տարբեր առիթներով բազմիցս նշել եմ, որ հարկավոր է համախմբել աշխարհի ողջ հայության ուժն ու կարողությունը մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Դա հնարավոր է միայն վստահության բարձր մակարդակ ապահովելու միջոցով։ Բոլորս մեր աշխատանքով, միմյանց նկատմամբ սիրով ու նվիրվածությամբ պետք է նպաստենք Հայաստանի զարգացմանը և ուժեղացմանը։
Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, իսկ գրչակից ընկերներիս՝ ստեղծագործական նորանոր հաջողություններ։
ՆԱՆԵ
Ամանորին միշտ էլ հույզերը խտացած են: Ժամանակից և իրականությունից դուրս է տարուց տարի անցումն իր ոգեղենությամբ, որ Սուրբ Ծննդյան Խորհրդի հետ միաձույլ՝ ասես հրաշքների և երկնային նվիրումների անտես ու փակ ճանապարհն է մեր առաջ բացում մի քանի պահով: Հրաշքների ենք սպասում ամեն տարեմուտի ու փորձելով ավելի հարթել դեպի մեզ նրանց ուղին, առաջնորդվելով «Ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կանցնի»-ով՝ սևեռվում ենք սեղանների ճոխությանը, հրավառության ավելի բարձր թռիչքին, երկնքի փեշերը ծվեն-ծվեն անելով՝ խնդրում, պահանջում… Մինչդեռ վաղուց արդեն պետք է հասկանայինք, որ հրաշքներ նաև ինքներս պետք է երկնենք, որ մոլորակի ավելի խաթարվող ընթացքի համար բոլորս ենք մեղավոր… Լո՜ւյսն է քիչ, բարությունն է պակաս… Հայերի մի ստվար մաս՝ Արցախի մեր հայրենակիցները, որքան ժամանակ արդեն բնավեր ու խոցված հոգիներով մեր կողքին են, և նրանց նյութական օգնությունից շատ ավելի մեր սերն է պետք, հարազատի գրկի ջերմությունը… Իսկ…
Ջերմացնենք, լուսավորենք բոլոր եկող տարիները, օրերը հատ-հատ մեր մեկմեկու՝ հայը հայի նկատմամբ հոգածությամբ: Դրանից հետո, հավատացե՛ք, հրաշքներն այլևս իրենց ուշացնել չեն տա… Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր…
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2024-ը նախորդից բնավ չտարբերվեց: Տա՛ Աստված, որ եկող տարվա վերջին շնորհավորանք-մաղթանքի խոսքերն ավելի տաք լինեն ու ավելի հավատով լի: Անցնող տարում, անհանգիստ օրերի շղթայում, այնուհանդերձ, կյանքը շարունակվում էր, և տաք խոսքերի ու հավատով լի օրերի թիվը գրի ու գրականության միջոցով ավելացնել փորձելու մղումով, արձակագրի ու Գեղարքունիքի մարզում գրական կյանքի կազմակերպչի իմ պարտականությունների կատարմանը զուգահեռ` գրական երեկո, շնորհանդես, այցեր ու հանդիպումներ` տարածաշրջանում առկա զորամասից մինչև դպրոց ու գրադարան (նաև Կոտայքի և Լոռու մարզերում), Երևանից Գեղարքունիքի մարզ համարյա ամենշաբաթյա այցերին զուգահեռ՝ հասցրի տասը հեղինակի ուրախացնել` խմբագրելով և տպագրված տեսնելով նրանց գրքերը` ընդհանուր 2100 գրքային էջ ծավալով։ Նաև իմ չորս գրքերն ի մի բերեցի և հրատարակեցի` «Կյանքը բաց նամակներում», «Անցյալի և ներկայի խաչմերուկում», «Սիրո գինը սերն է»` հայերեն և ռուսերեն` մեկ գրքում, «Խոսք մեծաց» համահավաք գիրքը` ընդգրկելով Խորենացուց մինչև մերօրյա գրողների մտքեր, թևավոր դարձած խոսքեր, խոհ-մտորումներ` բոլորը միասին՝ ընդհանուր 1020 գրքային էջ ծավալով: Շատ կամ քիչ չկա, կա մեկ գլխավոր խնդիր` ավելի հանրահռչակել բազմադարյա գիրն ու գիրքը մեր, որոնց էջերում մենք ենք, մեր պատմությունն ու նախնյաց ապրած կյանքն ու գործը, հողի և արյան հիշողությունը, միաժամանակ գլխավորի օրինակով նպաստելու լավի, բարու, գեղեցիկի և մնայունի հաստատմանը, եթե անգամ երբեմն այդ ամենն ուղղակի անհնար կարող է թվալ: Անցնող տարում այսպես ու այստեղ տեսա գրչի մարդու առաքելությունը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Արդեն քանի տարի՝ ամանորյա իմ երազանքները գերազանցապես անանձնական են։ Ու քանի որ դրանք իրականացնելն իմ ուժերից վեր է, ես ավելի ամուր հույսով եմ կառչում Աստծու փեշերից։
Իմ երկրին ու ազգին բարօրություն, խաղաղություն, երջանկություն եմ մաղթում։ Թող այս տարի վերջապես մաղթանքս արձագանք գտնի երկնքում։
Իհարկե, կյանքը բոլոր պարագաներում ինչ-որ կերպ շարունակվում է։ Եվ եթե ստեղծագործող մարդ ես, ուրեմն` միտքդ ու երևակայությունդ կանգ չեն առնում։ 2024-ը այս առումով բողոքելու առիթ չի տալիս ինձ։ Հրատարակել եմ «Հայը. ինքնանկար» ժողովածուն, որը ջերմ ընդունելություն է գտել իմ մերձավոր և ոչ մերձավոր ընթերցողների շրջանում, «Հույսի շավիղ» վիպակներիս գիրքը, որի մասին այնքան ոգևորող կարծիքներ եմ լսել, որ տա՛ Աստված, այդ բախտին արժանանան բոլոր գրողները, տարիներ շարունակ ձգձգվող «Արդի դեմիրճյանագիտություն» հատորի հրատարակությունն է, ի վերջո, կայացել, որը մեծ նվեր է թե՛ մասնագետների, թե՛ գիր-գրականության արժեքը գիտակցող ցանկացած մարդու համար… Այս ցանկը կարող եմ շարունակել, բայց, թերևս, կանգ կառնեմ։
Թող իմ ու գրչընկերներիս ուժը չպակասի, և մենք, հանուն կամ ի հեճուկս, շարունակենք ստեղծագործել՝ հույսով, որ փոքր-ինչ կավելացնենք Հայաստան աշխարհի լույսը։ Մեր ներդրումը բերենք հայրենիքի երջանկության, ինքնագտնումի դժվարին գործին ու հավատանք, որ դա անպտուղ ջանք չէ։
Այս նյութը գրում եմ Նիկոլայ Նոսկովի «Իսկ դրանից քչին ես համաձայն չեմ» երգը լսելուն զուգահեռ։ Նոսկովի ցանկությունից ավելի դիպուկ բան չեմ կարող հորինել. երազում եմ մի օր արթնանալ ու տեսնել, որ աշխարհն ուրիշ է, որ բարձր գահին բազմել է Սեր թագուհին… ու որ Սեր թագուհին ժպտում է իմ Հայրենիքին։
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ
Յուրաքանչյուր նոր սկիզբ հույս և լավատեսական ակնկալիքներ է իր հետ բերում՝ հղելով մեզ կյանքի շարունակականության, դժվարությունները հաղթահարելու, անկումներից վեր բարձրանալու, քո ունեցածից երբեք չհրաժարվելու, «կորուստների սարսափը հերքելու» և «հույսերից շիկանալու» խորհուրդներ։ Անցնող տարին դարձյալ ցավի մեջ լուռ տապակվելու, բայց չհանձնվելու, ցասումի ուժը արարման կամքի վերափոխելու, կորուստը ողբալուն զուգահեռ՝ նորը ստեղծելու, կառուցելու տարի էր։ Սպասման, բայցև կանգ չառնելու, արցունքից իմաստնանալու և առաջ շարժվելու, քո բաժին օրը պատասխանատվությամբ ապրելու տարի էր։ Սպասումը գերիշխողն էր ամենուր, ամեն օր, ժամ ու վայրկյան։ Տունդարձի ճամփան բռնելու, Արցախը կրկին հայերեն ապրեցնելու, Գանձասարում, Ամարասում մոմ վառելու, Բարձրյալին Արցախից հայերեն աղոթք հղելու սպասման տարի էր… Սպասումը շարունակվում է։ Արցախի աչքը ճամփին է` կարոտ իր զավակներին, մենք էլ՝ Նրան։ Կիսատ ենք առանց իրար…
Թող այս տարի կիսատությունը ամբողջանալու տարի լինի, իրար միանան կարոտած Մայրն ու Զավակը, անձնական ու համազգային իղձերի իրականացման տարի լինի։ Հույսը, հավատը, սերը պտղավորվեն Հայոց աշխարհում։ Հայաստանը դառնա իր աշխարհասփյուռ զավակներին գիրկն առնող ուժեղ և ապահով երկիր, կորցրածը հրաշքով վերագտնի։ Այլևս ոչինչ չկորցնենք. խունկ և խոնարհում մեզնից բացակա անմահների հիշատակին։ Նրանց լույսը գրկած՝ շարունակենք կիսատ մնացած ճանապարհը…
Թող Աստված պահի, փայփայի եղածը, և համազգային համերաշխությունն ու սերը տիրեն մեր Մայր Հայրենիքում։
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Կյանքը առաջին ճիչից մինչև հոգին ավանդելը ընդամենը բազմաթիվ անհայտներով վազք է ամենազոր ժամանակի անհայտ բավիղներում… Էդ վազքում ուզես-չուզես՝ մեկ-մեկ էլ ետ ես նայում՝ ինչքան ես վազել… Էդ ետ նայելու ինքնաստուգման ու լիցքավորման օրերից է Նոր տարին: Նրանց վազքը դառնություն է։ Էդ ետ նայելով՝ հիշողության երակներում արթնանում է հորդ, պապիդ, ապուպապիդ, նախապապիդ արյան շնչառությունը. մի խորը շունչ ես քաշում ու շարունակում վազել հիշողության շնչառությամբ… Հետո այդ հիշողության դաշտում մի օր դու էլ կհայտնվես, որ քո հաջորդները նաև քո հիշողությամբ զորանան ու շարունակեն իրենց վազքը… Մեր արյան կարմիր գնդիկների մեջ տագնապներ են հին ու նոր, հին երանիներ ու նոր անհայտներ, որ հանգիստ չեն տալիս: Ու գենետիկ մի լավատեսությամբ ապրողներիս թվում է, որ Նոր տարին անտեսանելի Լույսի մի թաքուն շող ունի, որ պիտի Նոր տարուց ավելի թրթռա, զարթնի, ծաղկի… Մենք գնում ենք այդ Լույսի ու Հույսի շողը շոշափելով, երազելով… Առանց երազի ճամփորդ չկա… Ախր մենք Լույսի հոգնած ճամփորդ ենք. թող բարի լինի հավիտենության մեր ուխտի ճամփան… Պարտավոր ենք ինքնաճանաչմամբ զորանալ ու այնպես ապրել, որ Նոր տարին հին տագնապներին նորը չավելացնի, մեր բեռը առանց այն էլ շատ ծանր է… Դանակը վաղուց հասել է ոսկորին, մի բան էլ` անցել։ Չմոռանանք դարավոր սխալներից դասեր քաղել. չէ՞ որ մենք Լույսի հոգնած ճամփորդ ենք…
Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ
Անցնող 2024 թվականը ինձ համար նշանավորվեց երեք առումով: Նշվեց հայ-սերբական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը, որի շրջանակներում իմ նախաձեռնությամբ գրական-գեղարվեստական մի շարք միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ, ռադիոհեռուստահաղորդումներ իրականացվեցին՝ բարեկամության նոր կամուրջներ դառնալով հայ և սերբ ժողովուրդների միջև: Սեպտեմբերին կատարվեց Էջմիածնի Մայր տաճարի վերստին օծման հանդիսավոր արարողությունը: Դա հայ ժողովրդի հոգևոր տոնն էր, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է մեր ժողովրդի հույսի ու հավատի անմար Կանթեղը: Եվ երրորդ՝ նշվեց Հայաստանի գրողների միության հիմնադրման 90-ամյակը՝ հայ գրողական ընտանիքի պատկառելի հոբելյանը, որը տոն էր իր կյանքը գրչին ու գրքին նվիրած յուրաքանչյուր հայ գրողի համար:
Թող նման գեղեցիկ իրադարձություններով ու հիշարժան հոբելյաններով հարուստ լինի նաև 2025 թվականը:
Արմենուհի ՍԻՍՅԱՆ
Մենք՝ մահկանացուներս, սովոր ենք մեծ խինդ-ուրախությամբ անցնելու մեկ տարվա տիրույթից դեպի մյուսը: Չեմ կարծում, թե դրանում ավելի շատ ուրախանալու բան կա, քան հակառակը. տարին վազում է, մենք՝ նվազում: Ուրախալին թերևս կլիներ այն, որ հասցնեինք շատ բան անել, գոնե՝ նախատեսածի կեսը: Հասցնեինք սովորել: Հասցնեինք արարել: Հասցնեինք ուղղել սխալը: Հասցնեինք բարի խոսքով ամոքել: Հասցնեինք սիրել: Հասցնեինք ներել: Մխիթարվենք, որ այդ ամենը գիտակցելու փաստն արդեն ուրախալի է, չէ՞ որ կարող էինք և չզգալ. «Մտածում եմ, հետևաբար, գոյություն ունեմ» (Դեկարտ): Այդուհանդերձ, եթե անդրադառնամ տարվա ձեռքբերումերին, ուրեմն` շնորհակալ եմ 2024 թ.-ին, որ թույլ տվեց պատմվածքներիս նոր՝ «Մեղեդին չի ավարտվում» գիրքը վերջապես հրատարակել: Քանի որ 2024-ը մեծ-մեծ լոնքերով սուրաց, ուզում եմ ճիշտ իր աճապարանքով ճանապարհել նրան ու 2025 թ.-ի ձեռքը հենց սկզբից ամուր քնքշանքով բռնել ու ուղղորդել, որ ինձ համընթաց քայլերով շարժվի՝ հուշիկ, շորորուն, հաստատ այդպես միասին վատ հանգրվան չենք ունենա… Հուսով եմ՝ 2025-ի հետ հաշտ կընթանանք ու միմյանց աչքերի մեջ պայծառ կնայենք` ակնկալելով, որ մեր մշուշոտ ներկան վերջապես բարեբեր գալիք դառնա:
Ես հավատում եմ մեր հայացքի զորությանը: Բարի ու խաղաղ 2025 թ. բոլորիս:
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ստեղծագործական առումով անցնող տարին չէի ասի, որ արդյունավետ էր ինձ համար: Պետք է խոստովանեմ, որ համազգային անհանգստությունների և հոգսերի մեր օրերում փոքր-ինչ «դավաճանել եմ» գրական-ստեղծագործական կյանքին և նախապատվությունը տվել գիտական աշխատանքին. Հայաստանի և արտերկրի գիտական պարբերականներում հրապարակվել են գիտական հոդվածներս, իսկ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է իմ «Դիտարկումներ մայրենիի շուրջ» հոդվածների ժողովածուն:
Այսօր, ցավոք, մենք շարունակում ենք ապրել հատկապես ավագ սերնդի մարդկանց աչքերով՝ անճանաչելի և անհասկանալի մի աշխարհում, երբ բազմապատկվել են աշխարհասասան պատերազմներն ու դրանց վտանգները, աղետներն ու համաճարակները, երբ պատերազմական հանցագործություններն ու մարդու հանդեպ մարդու դաժանություններն այլևս սահմաններ չեն ճանաչում: Եվ այս աշխարհի մասն է կազմում նաև մեր հազարամյա հայրենիքը, որի ճակատագիրը հուզում է յուրաքանչյուր հայի: Սակայն չենք մոռանում, որ ամեն լավ կամ վատ բան իր ավարտն ունի, և ամենախավար գիշերվանն անգամ միշտ փոխարինելու է գալիս պայծառ մի այգաբաց:
Ուրեմն` թող բարով գա 2025-ը՝ Հայկյան օրացույցի 4518-ը: Եվ քանի որ վաղնջական ժամանակներից հայերիս հավատալիքներում Ամանորը խավարի դեմ լույսի, չարի դեմ բարու հաղթանակի տոնն է, հավատանք, որ եկող տարին կլինի լույսի և բարու հաղթանակի տարի, իսկ մենք՝ գրողներս, կապրենք այնպիսի ժամանակներ, երբ ստեղծագործական հաջողությունների կապակցությամբ միմյանց շնորհավորելու առիթներ շատ կունենանք: Բարի Ամանոր, սիրելի՛ գրչակից եղբայրներ և քույրեր, սիրելի՛ հայրենակիցներ:
Թադևոս ՏՈՆՈՅԱՆ
Այս տարի դիմատետրում մի գրառում արեցի. «Ինչպես հայերենն է այսօր խոսում, այնպիսին էլ ներկայի Հայաստանն է, ու ինչպես վաղը խոսի հայերենը, այնպիսին էլ կլինի վաղվա Հայաստանը»։ Ինչպես-ը, իհարկե, ինձ համար շատ ավելին է, քան լեզվի գրական նորմը. այն առաջին հերթին խոսքի բովանդակային ճշտության և բարոյահոգեբանական-լեզվամտածողական կողմն է։ Այ, այս առումով մեր հանրային խոսքը 2024-ին իշխանությունների և ընդդիմություն ձևացողների «ջանքերով»՝ փոխադարձ նրբազգացողությամբ ու սատարումով և նույնիսկ գուցե չպայմանավորված համաձայնությամբ, մեծ նահանջ ապրեց. ավելացավ սուտ, անբովանդակ, աճպարար, չափազանց խոսքը, երբ բովանդակության անկատար ներկան ու ըղձական ապառնին ժողովրդին անընդհատ երեսով են տրվում անցյալ կատարյալով՝ նրան գցելով «բա լա՞վ էր, որ…» ծուղակը։ Լավ է, որ գոնե պոեզիան, ընդհանրապես գրականությունը կարողանում են պահել հավասարակշռությունը, թեև գեղարվեստական խոսքի մեկնաբանման ասպարեզում մեծ կորուստներ ունեցանք՝ Ֆելիքս Բախչինյան, Սերժ Սրապիոնյան… Ես ունեցա։ Ունենալ, այն էլ՝ կորուստ։ Կորուստը կորուստ է, ինչպե՞ս ենք այն ունենում։ Խորհրդանշական լեզվահոգեբանություն է. մենք կորուստներն էլ ենք համարում ունեցվածք։ Ուրեմն՝ երևի մեր լեզվամտածողության ամենախոր ծալքերում ապրում են հույսը և հարությունը։
