Թուրքիայում իրադրության կտրուկ վատթարացումը պիտի պայմանավորել Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում իրականացված ահաբեկչությամբ և հարավարևելյան նահանգներում թուրք ոստիկանների սպանություններով, ինչից հետո թուրք-քրդական հակամարտության մասին լուրերն ավելի պատերազմական քրոնիկոնի են նման, ըստ որի, վերջին ամսվա ընթացքում քուրդ գրոհայինների գործողություններից ավելի քան 70 թուրք ոստիկան ու զինվորական է զոհվել: Ի պատասխան՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմաօդային ուժերին հաջողվել է քրդական դիրքերին հարվածներ հասցնելու արդյունքում մոտ 900 քուրդ գրոհայինի ոչնչացնել: Առայժմ իրադարձությունների զարգացումը լավատեսություն չի ներշնչում, և ակնհայտ է, որ կողմերից ոչ մեկին դեռևս հայտնի չէ հաշտության հանգրվանը: Թուրքական իշխանությունները վտանգավոր խաղ են ձեռնարկել, քրդերի դեմ որպես պայքարի ռազմավարություն ընտրելով Սիրիայում և Իրաքում տիրող քաոսը: Սակայն անգամ ամենախորամանկ կոմբինացիաներն իրենց թույլ օղակն ունեն, որի պատճառով, ի վերջո, փլուզվում են: Բացառված չէ, որ Անկարան, իսլամիստներին սիրաշահելով, նրանց ուժերը դեպի իր նպատակներն ուղղորդելիս վերջնարդյունքում ինքն իրեն խորամանկի: Ինչպես նշում է ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Ե. Սատանովսկին. «Էրդողանի ռեժիմը մտածել էր, թե Բաշար Ասադի կառավարությունը կկործանվի, և Թուրքիան Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ արագորեն կկիսի ավարը: Փոխարենը Էրդողանը հարևան երկրում քաղաքացիական պատերազմի տիրացավ և մոտ երկու միլիոն փախստականի իր տարածքումե: Թուրքական ծրագրերի ձախողման՝ Սիրիայի իշխանության ամենահաջողված քայլը թերևս տեղի քրդերին լայն ինքնավարություն տրամադրելն էր, որը մեխանիկորեն քրդերին վերածեց իսլամիստների դեմ պայքարի դաշնակիցների, միաժամանակ պատնեշ լինելով թուրքական հնարավոր ներխուժմանը, քանի որ անմիջական ներխուժումը քրդաբնակ վայրեր՝ կնշանակեր երկարատև պարտիզանական պատերազմ, ինչն ի վերջո կարող էր Թուրքիա տեղափոխվել: Այս հանգամանքն էլ ստիպում է Թուրքիային իր արտաքին քաղաքականությունը Իսլամական պետության գործողություններին ներդաշնակել և իսլամիստների օգնությամբ քրդական խնդիրը հանել օրակարգից: Թուրքիան ինչքան էլ ձևացնի` իբր ներգրավված է հակաահաբեկչական կոալիցիայի մեջ, փաստերն այլ իրականություն են ներկայացնում: Թուրքիան որոշել է ազատվել քրդերից և ամեն ինչ անելու է դրա համար: Այն տպավորությունն է, թե թուրքերն իրենք էլ լարում են իրավիճակը հակաքրդական գործողություններին ազատություն տալու համար: Անգամ իսլամիստների դեմ պայքարն են օգտագործում՝ հարվածելու քրդական հենակետերին: Այդ երկրի վարչապետը չի խորշում բացեիբաց խոստանալ, որ «պատրաստ են հաշիվները մաքրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետե: Թուրքիան փորձ ունի զինյալների անվան տակ ոչնչացնելու կանանց, երեխաներին ու ծերերին: Հայոց եղեռնի շնորհիվ նրանք մեծ դպրոց են անցել: Պատմությունը կրկնվում է, միայն սցենարն ու հերոսներն են փոխվել: Այսօր հակամարտության մեջ են նրանք, ովքեր Հայոց եղեռնի իրականացման դաշնակիցներ էին: Պատմությունը քանիցս հուշել է, որ հրեշավոր հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և վաղ թե ուշ, եթե ոչ հանցակիցները, ապա նրանց սերունդներն են կանգնում արդարության դատաստանի առաջ: Հնարավոր է, որ արդարության օրերի շարանը սկսվել է, և նրանք, ովքեր 100 տարի առաջ միասին են սպանել, կողոպտել ու բռնաբարել, այսօր իրար դեմ են ելել, և եթե Աստված հաջողի, երկուսն էլ կա՛մ մաքրագործված դուրս կգան, կա՛մ, վատթարագույնը, կերկարաձգեն իրենց գոյությունը` շարունակելով իրար վնասելու և ոչնչացնելու նոր սցենարներ հորինել: Այս օրերին ոչ միայն պատմությունն է կրկնվում, այլև նրա շուրջ ստեղծված համաշխարհային լռությունը: Թեև ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում բռնության սրմամբ և կոչ է անում բանակին ու ՔԱԿ-ին դադարեցնել կրակն ու բանակցությունների վերադառնալ, սակայն բողոքի այսօրինակ հատուկենտ դրսևորումներն անկարող են թուրքական այլատյացության պատնեշը հաղթահարել: Սա է ճշմարտությունը: Առաջիկա խորհրդարանական կրկնակի ընտրություններով պայմանավորված՝ Էրդողանը շարունակելու է ՔԺԴԿ-ին հարվածել, մեղադրելով ահաբեկչության ու այլևայլ հանցանքների մեջ: Ակնհայտ է, որ մինչև ընտրւթյունները ահաբեկիչների դեմ սպանության ու ոչնչացման գաղափարը շարունակելու է իր արյունոտ շրջանառությունը, և բացառված չէ, որ ավարտվի հերթական արյունոտ ցեղասպանությամբ:
Կարդալ նաեւ․․․
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / ԽՈՍՔ ԱՄԱՆՈՐԻ
Եվս մի օր, և 2023 թվականը կթակի մեր դռները: Ի՞նչ…
Սամվել ԿՈՍՅԱՆ / ԿՌԻԼՈՎՅԱՆ ԱՌԱԿԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, ըստ այդ միության մասին պայմանագրի,…
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / 2024 թվական, գալդ բարի
Երբ Վահան Տերյանը գրեց «Երկիր Նաիրի» շարքը, հայոց հոգին…