ԵՂԵԼ Է ԽԱՎԱՐԻ, ԳԱԼՈՒ Է ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ / Սամվել Կոսյան

Ղարաբաղյան չորսօրյա պատերազմի քրոնիկոնն ապացույցն էր այն բանի, որ Հայոց եղեռնից 100 տարի անց էլ թուրքական ցեղասպան ձեռագիրը նույնն է մնացել: Չնայած Թուրքիայի՝ քաղաքակրթական տարբեր տարազներով ներկայանալու փորձերին, նրա գիշատիչ էության տարբեր դրսևորումները գնալով ավելի ու ավելի տխեղծ պատկերներ են գծագրում: Բարբարոսությունը ականի բեկորի պես շարունակում է ախտահարել թուրքերի ժամանակավրեպ օրգանիզմը, հիվանդություն, որի հիմնական ախտանիշը մարդատյացությունն ու ոչնչացման ջիղն է: Ապրիլյան առաջին օրերին ազերիներն ապացուցեցին, որ իրենց ավագ եղբորը տանջող ցավն իրենց էլ է պատել: Ժամանակակից երևակայությունն անկարող է արձանագրել, որ 21-րդ դարում հնարավոր է մարդկանց, ովքեր էլ լինեն, թեկուզ թշնամի, դժոխային խոշտանգումների ենթարկել, անդամահատել կամ գլխատել: Ինչքան պիտի հեռու լինել մարդկային արժեքների միջավայրից, հոգեկան ինչ ապրումների պարագայում է հնարավոր այդքան անասուն լինել, թեև ազերիների հետ համեմատելով լավ չէ անասուններին վիրավորելը: Թուրքերը միանգամից շնորհավորեցին և քաջալերեցին ազերիների գործողությունները, իմանալով, որ նրանց շարքերում կռվող եղբայր գորշ գայլերը փորձել են իրենց պապերի արյունարբու ավանդները զարգացնել, միաժամանակ զարմանալով, որ ծրագրվածն այս անգամ ոչ միայն թերի է մնացել, այլև հարված են կերել մռութներին: Եվ որոշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Իսլամական համագործակցություն կազմակերպության կազմում կոնտակտային խումբ ստեղծել՝ օգնելու կրտսեր եղբորը առավել ազատորեն շարունակելու իր թրքությունը՝ այդ քայլով միաժամանակ փորձելով հակամարտությունը կրոնական դաշտ տեղափոխել: Հորդանանի միապետ Աբդուլլահ 2-րդը նշում է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հավատում է, որ տարածաշրջանում առկա խնդիրները «ռադիկալ իսլամիզմի» միջոցով են լուծվում: Ակնհայտ փաստ է, որ ինչպես նախորդների, Էրդողանի համար էլ արտաքին և ներքին խնդիրների կարգավորման ռադիկալ միակ գործիքը եղել ու մնում է յաթաղանը, որով կարելի է սեփական քաղաքացիներին սպանել ու ոչնչացնել՝ միաժամանակ վարկաբեկելով պաշտելի իսլամը: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է երկրի հարավարևելյան 3 շրջաններում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ նոր հակաահաբեկչական գործողություններ սկսելու մասին: Ավելի վաղ Թուրքիայի գերագույն շտաբը հայտնել էր Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում և Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում թուրքական հակաահաբեկչական գործողությունների ավարտի մասին: «Ութ շրջաններ մաքրվել են ահաբեկիչներից, սակայն կան բարիկադներ նաև Յուքսեքովում, Շըրնաքում և Նուսայբինում: Բոլոր բարիկադները կհեռացվեն, մենք պատրաստվում ենք այստեղ գործողություններ սկսել»,- ասել է նախարարը: Թուրքական տրամաբանությունը հուշում է, որ թուրքերի համար ահաբեկիչ կոչվածն ընդամենը նա է, ով կամավոր չի ուզում մորթվել: 1915-ին հայերն էին, մեր օրերում՝ քրդերը: Ինչպես նշում է Politico հանդեսը, քրդերի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրից փախչող բնակիչները դժվարությամբ են ճանաչում երբեմնի ծանոթ քաղաքը: Ռազմական գործողությունների թիրախում, ինչպես քրդական այլ բնակավայրերում, Դիարբեքիրի շատ հատվածներ ավերվել են, զոհերի թիվը հարյուրներով են հաշվվում: Այլ բան հնարավոր էլ չէ պատկերացնել, երբ այդ տարածքով թուրքերն են անցել: Պայծառատես պետք չէ լինել՝ հասկանալու, որ սեփական ժողովրդին ոչնչացնելու և տեղահանելու թուրքական մարտավարությունը եթե սկսվել է, ապա շարունակվելու է. ռազմավարություն, որի հիմնական կռվանը խնդրո առարկայի իսպառ ոչնչացումն է, ինչն էլ Ղարաբաղում կապկում կամ փորձում են կապկել ազերիները: Սակայն ժամանակները փոխվել են, թեև հայատյացության մշուշը խանգարում է բարբարոսներին փոփոխությունների ընթացքին հետևել: Ազերիները միլիարդներ են ծախսում արյան հետքերը քողարկելու և աշխարհին մաքուր ձեռքերով ներկայանալու համար, իսկ թուրքերը, ապավինելով իրենց խարդավանքի վարպետությանը, ամեն կերպ փորձում են եվրոպական ընտանիք խցկվել: Սակայն ինչպես նշել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, այդ երկիրը շատ հարցերով ավելի քիչ եվրոպական պետություն է, քան Ռուսաստանը», հավելելով. «Հարց է՝ որքանով է պատմականորեն, մշակութաբանորեն և տնտեսապես հնարավոր Թուրքիային եվրոպական երկիր համարել: Եթե հաստատում ենք նրա մուտքը, նշանակում է Եվրամիության մահն ենք ուզում»: Սա է ճշմարտությունը, ինչպես և այն, որ կարիճների դահիճն ի վերջո իրենք` կարիճներն են, քանզի այլատյացության և բարբարոսության վերջնագիծը ինքնաոչնչացումն է: Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ամերիկացի փորձագետ Մայքլ Ռուբինի կարծիքով, «Թուրքիայում այժմ ողբալի վիճակ է, և գործերն ավելի ու ավելի են վատանում»: Փորձագետը նշում է քրդերի հետ հակամարտությունը, նշելով, որ «Անկարան այդ հակամարտության մեջ հաղթելու հույս չունի, իսկ ահա երկրի փաստացի բաժանման հավանականությունը շատ մեծ է»: Թուրքերը դեռ կհամոզվեն, որ եղել է խավարի, սակայն գալու է հատուցման ժամանակը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.