Մենք փոխում ենք աշխարհը մեր արարքներով, ուզենք, թե չուզենք։ 2021 թվականը մեր վերքերը դարմանելու ժամանակն էր։ Ստացվեց, թե չէ՝ կախված է մեր կենսական ուժերից։ Բազում օրինակներ կան, որ սև շերտից հետո գալիս են լուսավոր օրեր։ Պարտությունը խթանում է դիմադրություն, և հույս ունենք, որ մեր ազգը կցուցաբերի միասնության կամք։
Աշխարհը փոխում է մեզ։
Եվ մենք այլևս չենք լինի նախկինը։ Միամիտ, հորինված հույսերով, միայնակ մնալու անհուսությամբ։
Եվ հնչում են տեսանող պոետի տողերը. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Մանկական Եվրատեսիլի հայ մասնակիցը՝ Մալենա-Արփին (մորս անունն է), Եվրատեսիլը բերեց Հայաստան։ Այս փոքր հաղթանակը թող լուսավորի 2022 թվականը։ Նախանշի նորանոր հաղթանակներ։ Ինքնավստահություն ներշնչի մեզ, և թևերը քշտած աշխատենք, բոլոր ասպարեզներում բարձրանանք նոր մակարդակի։
Տեսնենք մեր կողքի արվեստագետին. գրող, երաժիշտ, նկարիչ։ Գնահատենք մշակույթը, որ ստեղծվում է այսօր և ուղենիշ է դառնալու ապագա սերունդներին։