ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾՆ ՈՒ ԱՐՅԱՆ ՍԱՐՍՈՒՌՆԵՐԸ / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Կռիվ էր էլի. կռիվն էլ ո՞նց պիտի լիներ: Կրկժանում գիշեր-ցերեկ կրակոցներ էին՝ գյուղի հայկական մասից հինումին հրացան ու ավտոմատով, թուրքական մասից՝ թուրքիաներից ու էլ որտեղերից բերած «յուղը դեռ վրան» նորագույն զինատեսակներից: Նրանք հա կրակում էին. զինամթերքի պակասություն չունեին, ոչ էլ անհանգստանում էին, թե կունենան: Մերոնք յուրաքանչյուր կրակած գնդակի վրա դողում էին. հաշվով ստացված փամփուշտներ էին, փուչ կրակվածը կորուստ էր, և ով գիտեր, թե որ մի պահի հենց էդ մի փամփուշտը ինչ դեր կխաղար: Եվ կրակում էին, երբ վերևներում դիրքավորված ազերիները, իրենց «լռությունից» ոգևորված ու լկտիացած, փորձում էին վայրենաձայն գոչյուններով գրոհել դեպի ներքև: Տղաները կռիվների արանքեարանք դադարների պահերին կատակի էին տալիս, հրճվում հատկապես ազերիների «ուռայով»: Թե այդ «ուռան» որտեղից էին սովորել… Մի՞թե «մեծ տան զավակների» մղած պատերազմում գլուխ պահած իրենց պապերից ու հայրերից… Ախր նրանց մեծ մասը խորհրդային բանակի երեսն էլ չէր տեսել: Տղաների կարծիքով՝ թուրքերը իրենց ավտոմատ բռնել, գնդացրի փող ուղղել վարժեցնողներին հասկանալի լեզվով էին ուզում արտահայտել իրենց դիվային հրճվանքն ու ստանալ կրկեսային ժեստերով արվող նրանց գովասանքը: Ներքևի գյուղից կենդանական բնազդների հրավառության վրա ճիշտ պահին սառը ցնցուղ էր պահվում: Գյուղի բարձունքին գտնվող դպրոցի ավերակները միշտ մնում էին ազերիների հնարավոր «առաջխաղացման» սահմանները:
Բայց դե կռիվը մնում է կռիվ և կռիվն առանց զոհերի չի լինում, ու զոհեր էինք տալիս՝ թե՛ ահել, թե՛ ջահել:

Գյուղին հասվեհաս ձոր կա, որտեղով վերևի սարերից եկող աղբյուրների ջրերն են հոսում: Ինչ-որ ժամանակ այդ ձորն ավելի խոր ու առատաջուր է եղել և իր վրայով անցնող կամրջով կապել է Ստեփանակերտը Կրկժանին: Ստեփանակերտցիներն իրենց տները հասցրել են կամրջին ու անցել, և Չինարի ձորն իր կամրջով շատ է խեղճացել: Վայրի, անխնամ գեղեցկությունը չորսբոլորը փռված տների արանքում կորցնելն ասես քիչ է, մի բան էլ դեռ ջրերից է զրկվել. տանտերերը խողովակներով աղբրաջրերը քաշել-տարել են իրենց տները. «սեփականաշնորհել» են: Մանր-մունր աղբյուրներն էլ սեփականաշնորհվելու ահից հետ են քաշվել, տապ կացել, ու ձորը ջրակարոտից չորացել-ցամաքել է:
Հենց էս չորացած-ցամաքած ձորի խեղճացած կամրջի վրա կռվի օրերին չարագույժ ցուցադրականությամբ հերթապահում էին խորհրդառուսական բանակի տանկ ու զրահամեքենայով զինված, խաղաղապահական իրենց առաքելության գերչափազանցված գիտակցումով տառապող մի խումբ զինվորներ: Քրիստոնյա խաղաղապահները, որպեսզի կրոնական խտրականության մեջ հանկարծ չմեղադրվեն կամ էլ գուցե աշխարհաքաղաքացիական մարդասիրությամբ փայլատակեն, կշեռքի նժարը «հավասար» պահելու համար ամենադաժան խստությամբ հսկում էին կամուրջը, որպեսզի… (մեղա՝ նորից ծանրաոճ բառերով ձևակերպվող ասելիքի համար), որպեսզի Ստեփանակերտից «ազգամիջյան կռիվներ հրահրող հայեր» ու Հայաստանից եկած ֆիդայիներ «չներթափանցեն» Կրկժան, և ուժերի անհավասար դասավորում չառաջանա: Իսկ քանի որ լավ էլ գիտեին, թե հողի իրական տերերն ովքեր են, և արդարությունը որ կողմի նժարի ծանրությունն է, որոշել էին հավասարակշռել՝ պաշտպանել ազերիներին: Նպատակին ծառայելու համար կամրջով ցանկացած անց ու դարձի հսկումը դարձրել էին հույժ կարևորություն ներկայացնող մի արարողություն: Մանավանդ որ Բաքուն այդ վերաբերմունքից երջանկացած էր. զենքով ծանրաբեռ ազերական ուղղաթիռներին «խաղաղապահները» միշտ էլ բարի վայրէջք էին մաղթում հենց Կրկժանում:

***
Այդ օրը Կրկժան տանող ճանապարհի երկու կողմերով տարածված թաղի բնակիչների տագնապն աննախադեպ էր: Անհանգստացնող լուրերը տնից տուն մտնելով՝ ավելի խտացված գույներ էին ստանում: Եթե գյուղի հայկական դիրքերը պահող սակավաթիվ տղաները տեղի տան, չդիմանան, նահանջեն, կռիվն իր վրա պիտի վերցնի թաղի բնակչությունը՝ մեծ մասամբ կանայք, ծերեր ու անչափահասներ. տղամարդիկ հիմնականում, աշխարհազորային խմբեր կազմած, տարբեր դիրքերում էին:
Համընդհանուր տագնապի մեջ, սակայն, զարմանալի մի զորությամբ սառնասրտություն էր կարողանում պահպանել շատ տարիներ առաջ Կրկժանից Ստեփանակերտ հարս եկած Լենան: Երկու որդիներն ու փեսան դիրքերում էին, հարսներին ու թոռներին թևերի տակ առած՝ ոչ միայն ոգի ու սիրտ, այլ նաև հրահանգներ էր տալիս, թե երբ և որ դեպքում ով ինչ պետք է անի. իսկական հրամանատար՝ իսկական զենքով էլ զինված: (Այդպես էլ ոչ մեկիս չհաջողվեց ո՛չ լուրջ, ո՛չ կատակով արված հարց ու քննությամբ իմանալ, թե որտեղից և երբ կամ ինչպես էր ձեռք բերել զենքն ու զգալի քանակությամբ զինամթերքը: Չէր ասում, որ զավակներին հեռու պահեր շառ ու փորձանքից: Ամենազարմանալին այն էր բոլորիս համար, որ երկու անգամ ռուս սպայի գլխավորությամբ տունը տակնուվրա անող խուզարկուներն անգամ զենքի հետք չէին գտել: Այն ժամանակ չէինք կարողանում նաև, գոնե խոսք դուրս քաշելով, իմանալ, թե որտեղ էր թաքցրել այդ ամենը: Շատ ուշ միայն, երբ խաղաղ տարիներ էին, զենքն էլ ի տեղի գործածված, պատմեց, որ երկու անգամն էլ, գնդակներն ու նռնակները տղաների գուլպաների մեջ լցրած, հրացանը՝ տղաներից մեկի շալվարի փողքը հագցրած, կախել էր երկրորդ հարկից այգու միջով ձգված լվացքի պարանից: Եվ քանի որ երկու դեպքում էլ գիշերով էին խուզարկել, ասում էր, այգին քրքրելիս միշտ ներքև են նայել, խելքները չի կտրել մեկ-մեկ էլ զինվորական հզոր լապտերների լույսը դեպի վերև ուղղել: Ու այդպես. դեռ կատակում էլ էր: Իսկ մենք սարսռում էինք այն մտքից անգամ, որ եթե հայտնաբերեին թաքոնը, ինչ էր սպասում տան տղամարդկանց Շուշիի բանտում, որի նախադեպերի դառնությունները քաշողների թիվն օր օրի ավելանում էր: Իսկ ինքն այն կարծիքին էր, թե թուրքի քթի տակ նման օրերին չէր կարելի առանց զենքի մնալ. բա մի տուն լիքը հարս ու թոռներին տեղը եկած պահին ինչպե՞ս պիտի պաշտպաներ):
Հենց այդ զենք ու զինամթերքի ու տագնապաշատ նշյալ օրվա դեպքերից մեկի մասին եմ ուզում պատմել:
Կրկժնեցիները մեծ մասամբ համարյա բարեկամներ են, թերևս այդ է պատճառը, որ գյուղի տղաները միշտ դրսից են հարս բերել, իսկ աղջիկները դուրս են հարս գնացել: Գյուղի դիրքերում կռվողներն այդպիսով հիմնականում Լենայի հարազատներն ու բարեկամներն էին: Միջնեկ եղբոր ավագ որդին ինչ-որ ճանապարհով լուր էր ուղարկել, որ հաշված գնդակներ են մնացել, եթե զինամթերք չհասցնեն, չեն դիմանա:
Լենան իր տեղը չէր գտնում: Ոչ մեկին փորձության չէր կարող ենթարկել. ինքը գոնե եղածը կարողանար հասցնել, մինչև լույսը բացվեր, մի դուռ էլ՝ հետը: Նա անցյալ դարասկզբի Բաքվի ջարդերի սարսափները տեսած ու ողբերգությունը ապրած ճարտարեցի Մելիքի թոռն էր ու իր արյան հոսքի մեջ էր զգում հաղթանակի հոտ առնող թուրքից սպասվող վայրենության առաջացրած սարսուռները, իսկ տանը ջահել հարսներն են, աղջիկ թոռները… Որոշել էր: Ուժ գտավ կատակելու՝ «Բոլորդ գիտեք՝ կրկժնեցի Լենայի որոշումը անբեկանելի է: Հետևիցս լաց չլինեք, մինչև գալս նկուղից դուրս չգաք, չարություն չանեք»:
Դժվարը հարմար հագուկապ գտնելն էր: Պետք էր այնպիսի հագուստ, որ ծոցի մեջ տեղավորելիք զինամթերքը հնարավորինս քողարկվի: Եվ ամենակարևորը՝ ծածկոցատիպ, տատիական մեծ շալերից էր պետք փաթաթվելու համար: Մնացածն արդեն «խաղալու գործ» է. կատակում էր, թե մանկության երազանքն է եղել «թատրոն խաղալ»: Հիսունութ տարեկան էր. հիսուն էլ չէիր տա: Մի ժամվա ընթացքում կերպարանափոխվել, դարձել էր ութսունն անց, կռացած, մեջքը ծռված, ձեռնափայտով հազիվ քայլող մի պառավ: Աղջիկներին զվարճացնելու համար տանից դուրս գալուց առաջ դերի մեջ մտավ, «վերջին փորձն» էլ ցուցադրեց և զենք ու զինամթերքով ծանրաբեռ՝ ճանապարհվեց Կրկժան: Հա՛, չմոռացավ չգիտես որտեղից գտած հնամաշ պայուսակում մի երկու կտոր հացի կողքին մի շիշ էլ տնական թունդ մրգօղի դնել սալդաթների համար:
Երբ մոտեցել էր կամրջին ու լսել՝ «Стой… Куда?», անմիջապես մտել էր դերի մեջ, սուգ ու շիվանը գցել ու իբրև ռուսերեն չի կարողանում հասկացնել, թե ինչու է գնում Կրկժան. «Сынок, брат плох… умерать…»: Ու ծնկները ծեծելով, ողբաձայն խնդրելով՝ դողացող ձեռքերով բացել էր պայուսակն ու ցույց տվել հացի կտորներն ու օղին, որ իբրև ծանր վիրավոր եղբորն էր տանում (ի՞նչ իմանար, որ գյուղում, իրոք, Բենիկ եղբորը սպանված էր տեսնելու):
Պնդամարմին սպան հրամայել էր պայուսակը ստուգել, դատարկել եղածը և պառավին թողնել անցնի. միայն թե րոպե առաջ ձայնը կտրի, չլսեն վայնասունը:
Պատմում էր, որ բավականին հեռանալուց հետո էլ դեռ չէր կարողանում հաղթահարել «բռնվելու» ահը. շարունակում էր կռացած ու ոտքը քարշ տալով քայլել, մինչև մթության մեջ ճարճատող կրակոցների մոտիկ, վախենալու չափ մոտիկ լինելը զգալը և հասկանալը, որ վազել է պետք, ոչ թե կաղին տալ. հիմա էլ կարող էր դարան մտած թուրքի ձեռք ընկնել: Ասես տարիներով ոտքացավով տառապողը չլիներ, իր խոսքով ասած, ոտքին ոտք էր բուսել, ոչ էլ զինամթերքի ծանրությունն էր զգում, հրամանի վերածված մի միտք էր տնքում ուղեղում՝ շտապի՛ր… շտապի՛ր…
Երբ մահը աչքին առած հասել էր միջնեկ եղբոր տուն, զգացել էր, որ այն, ինչ ապրում էր, արդեն դեր չէր, ինքը մի երկու ժամում, իրոք, առնվազն տասը տարով ծերացել էր: Մեծ եղբոր սպանվելու լուրից ցնցված, վիշտն ու կսկիծը սրտի տակ սեղմած՝ պիտի հետ դառնար տուն՝ հարս ու թոռներին տիրություն անելու: Քանի լույսը չէր բացվել, պիտի դուրս գար գյուղից, նույն դժոխային զգացումով պիտի անցներ այդ ճանապարհը:
Եղբոր դիրքապահ որդին հորաքրոջը ճանապարհելիս զարմացել էր, որ նա մեջքից կռացած ու կաղին տալով էր քայլում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։