Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ / ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

Ժամանակը քմահաճ է, անողոք և անզիջում, անկախ օժտվածությունից, և հակառակը: Ժամանակի խնդիրը ավազից ոսկեհատիկներ ընտրելն է և սերունդներին պահ տալը: Ավելին, ժամանակը գրողի վրա կարող է դնել իր մամլիչը կամ էլ առհասարակ անտեսել նրան, դուրս մղել իր ծիրից: Իսկ գրողը կանգնած է իր ժամանակի կիզակետում, ճամփաբաժնում և դիմագրավում է բոլոր փորձություններին: Իմ սերնդակից գրողներին հարահոս ժամանակներ բաժին ընկավ, սակայն երերուն հողի վրա անգամ շատերս աներեր մնացինք և շարունակում ենք պայքարել ստի ու կեղծիքի դեմ, պայքարել ծուռն ու շիտակը զանազանելու համար, քանզի ամեն օր ականատեսն ու ունկնդիրն ենք այն ամենի, ինչ կատարվում է մեզ հետ ու մեր շուրջը: Լինելով ժամանակի տարեգիր, մենք մեր փխրուն հոգով պիտի ժամանակի ճշգրիտ ու աներկբա վկայագիրը մնանք, քանզի դա է այսօր մեր ժամանակի պարտադրանքը: Ցրտի ու մթան, աղքատության ու քաղցի ժամանակները մեզ ավելի կոփեցին, ամրացրին ու ժամանակի աչքերին շիտակ նայելու ուժ ու կորով տվեցին: 1988 թվականից սկսած փոխվեց իմ ժամանակը, կիսվեց-դարձավ մինչ երկրաշարժը և հետո, և ես հայտնվելով երկու ժամանակների մեջտեղում՝ ընտրեցի իմ ժամանակը, ես ականատեսը եղա երկրիս պատահած տնակործան աղետին, ես տնանկ ու բոկոտն առաջին իսկ պահից անցա իմ ավերակ Գյումրու փողոցներով, հայտնվեցի խավարի ու ցրտի մեջ, բայց գտա իմ ժամանակը և գրեցի իմ առաջին պատմվածքներն ու էսսեները: Ես չփնտրեցի իմ ժամանակը, այն եկավ ու գտավ ինձ, պարտքս պահանջ ներկայացրեց: Ցեխակոլոլ փողոցներով անցնելիս որոնեցի ու գտա տնակներում վառվող մոմի թույլ բոցը, լսեցի նորածին մանկան ճիչը, և դա էր իմ ժամանակը:
«Իմ քաղաք, ես կարող էի քեզ ունենալ աշխարհի որևէ տաքուկ անկյունում, քո օրերի կապույտ ու կարմիր ցավերի անհայտությամբ, անհաղորդ քո ցրտաշունչ բացվող առավոտներին, միայն հիշողության ու կարոտի պահի մեջ քեզ ունենալու գայթակղությամբ…
Ես կարող էի հեռվից-հեռու շոյել քո որբ, խուզած գլուխը և արտասվել ժամերիդ պատերի տակ, կարոտի պահերին՝ քեզ անդարձ ունենալու գայթակղությամբ…
Ես կարող էի աչքերս այրող ծուխը ցրել օտար երկինքներում և որբիդ ափի մեջ մի կտոր հաց դնելով՝ վաստակել քեզ ընդմիշտ ունենալու պատրանքը…
Բայց վերադարձա դեպի քեզ, քեզանից չհեռացած և սուզվեցի քո ընդերքը՝ որպես ցավիդ բոլոր շերտերին մերձավոր, մասնակից և վկա:
Դու շատերին դուրս նետեցիր քո խարխլված պարիսպներից անդին և նրանց ետևից շրխկալով փակեցիր անդուռ ու անկողպեք դարպասներդ, բայց, նրանք ընդմի՛շտ մնացին դրսում:
Իսկ ես մնացի քո կարմիր ու կապույտ օրերի պատրանքով հմայված…
Այսուհետ քո հանդերձների մռայլը ես կարկատելու էի հույսի պատառիկներով, քանզի ինձ համար ժամանակը հույսի պատառիկներով էր գալու միայն:
Ես սուզվեցի քո ընդերքը գիշեր ու ցերեկ և պեղեցի ցավիդ բոլոր շերտերը՝ իմ մաշկի, արյան ու ոսկորների զորությամբ…
Ես կանգնեցի մեր ցավի կողքին, բարձրացա մեր ցավից վեր, բռնեցի նրա ձեռքն ու առաջ շարժվեցինք: Մեզ համար չկար ո՛չ ժամանակ, ո՛չ սահման, ո՛չ վերելք ու վայրէջք…»:
Իմ ժամանակը հանրահավաքների ու ցույցերի, բողոքի ու ընդվզումի ժամանակն է, և ես, իբրև գրող ու մտավորական, միշտ այնտեղ եմ, ուր կա պայքար հանուն ազատ, անկախ հայրենիքի, հաճախ եմ մասնակից դառնում երկրի համար բախտորոշ իրադարձություններին և երբեք չեմ դառնում իմ ժամանակի խաղալիքը: Իմ ժամանակը իմ ճակատագիրն է, որ մերթ գրվում է ճշգրիտ ու անկախ, մեկ էլ անփորձ խզբզանքով փորձում են աղավաղել ժամանակի «տերերը»:
Իմ ժամանակը անսահմանությունն է, գրողը ժամանակ չունի, գրողը ժամանակի խիղճն է, կենսագիրը, իր տեսադաշտում ունենալով գալիքի ժամանակը, նա պիտի անվրեպ ընթանա դեպի գալիք:
Հին աշխարհի գրողի մտքով իսկ չէր անցնում արժևորվել իր ժամանակակիցների կողմից: Հին Եգիպտոսի գրողը համոզված էր, որ գիրն ավելի երկար կապրի, քան բուրգերը: Արդարև, այդպես է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։