Այս մեկ շաբաթում երիտասարդ հայը 30 տարվա կյանքի հասունացում ապրեց. այս դարաշրջանի հայն էլ լսեց անտարբեր աշխարհի լռությունը, հումանիստ խաղացողների հրադադարի կոչի բանավոր «պետք է»-ները, ամերիկացիների «Գնացեք ձեր երկրում երթևեկություն փակեք, մենք գործի ենք, խանգարում եք…»-ը, հասկացավ, որ թշնամու հարցում էլ բախտ չունի. նանրամիտ, հոխորտացող, մանր, շատ մանր զրպարտող է նա, ճշմարտության աչքերին նայելով ժպտալով ժխտում է նրա գոյությունը… Մեր էպոսում Դավիթն արթնացնում է քնած թշնամուն, որ կռվի, իսկ Ռամիլ ադրբեջանցին քնած սպային է կացնահարում ու հերոս հռչակվում, հայ երեխան պատերազմի ժամանակ գիրքն է վերցնում, կոշիկը մոռանում: Ադրբեջանցին հայ հաղթանակած երիտասարդի տեքստը միտումնավոր սխալ է թարգմանում. նա ասում է՝ հաղթանակած առաջ ենք գնում, նրանք թարգմանում են՝ երկու օր է սոված ենք, վիճակը վատ է… Սիրիացի վարձկանը բողոքում է 2000 դոլարի պատճառով առաջնագծում ադրբեջանական մսաղացն ընկելու համար, իսկ Ալիև նանրամիտը, աչքերը փախցնելով լրագրողի աչքերից, վարձկանների պահը համարում է հայերի հորինվածք:
Թշնամին գիտեր՝ ե՛րբ հարձակվեր. Կորոնան մի կողմից, ներսի արյունարբու, աթոռակռիվ տվողները մյուս կողմից, թուլացրել են հային, դե մտնենք… Հայն ունի մեծ էներգիա. պարապ մնալու դեպքում դառնում է իր իսկ հակապատկերը: Երբ աշխարհը լիարժեք ճանաչի հային, կհիանա Աստծո արարչագործությամբ մեկ անգամ ևս…
21-րդ դարի հայ երիտասարդի որակն այլ է. երբ լսեց՝ արցախցիներ են թողել տուն-տեղ, եկել Հայաստան, քանի՛ ընտանիք տեղ տվեց իր տանիքի տակ, որքա՛ն սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքվեցին, քանի՛ հազար մարդ գնաց կամավոր գրվելու, երբեմն էլ՝ փոքր-ինչ ցուցադրական կամ ենթատեքստում՝ հրաժեշտի ակորդով, հազարավոր 19-20-ամյա զինվորներ ատամներով պահեցին ու պահում են հայոց սահմանները:
Դրությունը ռազմական է. հուսահատվելու և ընկճվելու իրավունք չունենք, եթե պետք է մեռնենք, ուրեմն մեռնենք՝ երգը մեր շուրթերին, աննկուն, եթե հաղթելու ենք, ուրեմն հաղթելու ենք. կամ-կամ… Ոչ մի վայրկյան չհուսահատվե՛լ: Հատկապես արվեստի մարդը թաքուն կարող է լացել, բայց ժողովրդի ներկայությամբ պետք է ուժ տալով ավելի ուժեղանա: Կրկին հասկացանք, որ մեր միակ հույսը մենք ենք, որ այնքան մեծ գործ ունենք անելու մեր փոքր, բայց հզոր երկիրն աշխարհին ճանաչել տալու համար: Նողկանքով լսեցիք այս ռազմական դրության մեջ Կուրաժ մայրիկների կամ աթոռալաց տվողների ոռնոցն ընդդեմ երկրի ղեկավարների: Տո՛ իդիոտ, հիմա դու հավասար ես թշնամու. անգամ ամենավատ ղեկավար ունենալու դեպքում էլ այս պահին պետք է հայը մի նպատակ ունենա. միասնական լինել ու փրկել հայրենիքը. գոյամարտ է, իսկ դու ղեկավար ես դատափետում՝ ուրախացնելո՞վ թշնամուն:
Մի օտարազգի Սպարտայի մարտերի հետ համեմատեց մեր այսօրվա պատերազմը. այսքան ուժ որտեղի՞ց այս փոքր ազգին. առյուծի սիրտը մանկո՞ւց է դրված 19-ամյա այս երիտասարդների մեջ, որոնք հաճախ պայքարում են 30-50-ամյա, «քաջություն հաղորդող» ներարկիչները գրպանում, այլազգի վարձկանների դեմ: Աստված օրհնի հային: Այս ճակատում էլ պետք է մարդը շարունակի իր աշխատանքը: Ուսանողներն սկսել են ավելի լավ սովորել, բոլորը օգնելու, լավ բան անելու պատրաստակամությամբ են համակված… Հիացմունքից թաքուն արտասվելու նյութ շատ կա… Նժդեհը, Անդրանիկը, Մոնթեն երկնքից ժպտում են, հիանում… Եվ Պոետի մարգարեկան տողը միասնության մասին էլի արեգակի պես փայլատակեց հայի մտակամարում…
Չընկճվե՛լ. հաղթելու ենք…