Ալիսա  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

***

Փոքրիկ աղջիկը կանգնել է

Դատարկ հրուշակեղենի

Խանութի առաջ

Եվ արտասվում է.

Վերջին քաղցրաբլիթն էլ իրեն չհասավ։

 

Ապաշրջափակե՛լ

Արցախն աշխարհին կապող

Կյանքի ճանապարհը։

 

Տղան քայլերն ուղղեց

Մոտակա խանութը՝

Գնդակ գնելու,

Իր երկրի բոլոր խանութները

Շրջելուց հետո

Դատարկաձեռն տուն վերադարձավ.

Պատանու՝ ֆուտբոլիստ դառնալու

Երազանքի

Գնդակաձև արցունքները

Գլորվեցին ցած։

 

Ապաշրջափակե՛լ

Արցախն աշխարհին կապող

Կյանքի ճանապարհը։

 

Պապիկները թոռների հետ

Տների մերձակայքերի

Ծաղկանոցները

Բանջարանոցների են վերածել.

Շուտով ծաղիկների փոխարեն

Կաղամբն ու գազարն են

զարդարելու

քաղաքիս դեմքը,

Իսկ ծաղիկները, որպես հուշ,

Մնալու են գրքերի էջերում։

 

Ապաշրջափակե՛լ

Արցախն աշխարհին կապող

Կյանքի ճանապարհը։

 

Տղաներն

Առանց ծաղիկների,

Չեն համարձակվի

Սեր խոստովանել։

 

Իսկ մայրե՞րը.

Նրանք իրենց

Զավակների գերեզմաններին

Թարմ ծաղիկներ դնելով են

Շարունակում ապրել։

 

Եռաբլուրում հանգչած

Արցախցի տղաների

Անվանաքարերը

Կարոտից ճաք են տվել։

 

Ապաշրջափակե՛լ

Արցախն աշխարհին կապող

Կյանքի ճանապարհը։

 

Երկիրս փաստաթղթավորած

Ձեռքից ձեռք են փոխանցում,

Տալիս անխտիր բոլորին՝

Իրական տերերից բացի։

 

Իմ երկրի տերերը

Թոթովախոս արցախցի մանուկներն են,

Որոնք պատռում են

Արցախի վերաբերյալ կնքված

Բոլոր անհեթեթ պայմանագրերը։

 

Ապաշրջափակե՛լ

Արցախն աշխարհին կապող

Կյանքի ճանապարհը։

 

***

Չեմ ուզում քո մասին խոսելիս

Դիմել հիշողությանս,

Աչքերիդ նայելով

Պետք է նկարեմ

Կապույտ երկինքն ու արևը։

 

Չեմ ուզում քո գովքն անելիս

Կարոտ, սպասում, վերադարձ

Եվ այլ բառերով

Սկսել ու ավարտել ասելիքս,

 

Ներկայությանդ ջերմությունից

Տաք բառերը պետք է ծորան

Եվ սիրտ նկարեն, ԵՐԿԻ՛ՐՍ։

 

*

Իմ երկրում

Ամեն գիշեր

Երազում

Պատերազմ տեսնելը

Սովորական է։

 

Իմ երկրում

Անսովոր է

Առավոտն արթնանալ

Եվ չասել.

<<Շնորհակալ ենք, Տե՛ր,

Որ այսօրն էլ տեսանք>>։

 

***

18-ամյա տղաների կորուստն

Այլևս չի թողնում

Այս հողում ողբալ

Ինչ-որ մեկի մահը։

Մարդը մեռնում է՝

Արցունք չկա։

***

Մարդիկ կանխատեսելի են

Եվ ծիծաղելի։

Բառերն էլ մոլորվել-

Մնացել են տունդարձի ճանապարհին։

Ես ինձ հեռու եմ պահում

Անսեր ու չսիրված մարդկանցից։

 

***

Ուղղորդի՛ր ինձ,

Բռնի՛ր ձեռքս,

Որ կարողանամ

Որդիներիս տանել

Երազածս մանկության այգիներով.

Իմ ապրած մանկությունը դաժան էր։

Բռնի՛ր մտքիս թելը

Եվ տար դեպի երազանքներիս դուռը,

Շրջափակված իրականությունում՝

Աչքն աշխարհի բարիքներին կարոտ,

Շարունակ սպասող մարդն է։

Գուրգուրի՛ր երազածս ապագայի

Ամուր և տաք ձեռքերը,

Նրանց գրկում է իմ որդիների

Անհոգ ու ապահով կյանքի ապաստարանը։

 

***

ՕՐԵՐԸ

Շրջափակման մեջ հայտնված Արցախը

Չապաշրջափակեցին,

Ազատության կոչերը,

Ի լուր աշխարհի,

Գոլորշիացան քամու բերանում,

Եվ խոսքը գործի չվերածվեց,

Յոթը դարձավ

Տասնյոթ, իննսունյոթ,

Երկու հարյուր երեսունյոթ…

Օրերն անվերջանալի են։

Խաղաղության խորհրդանիշ

Աղավնին

Թշնամու ատելությունից

Ուշաթափվեց,

Եվ ո՞ւր մնացին

Համաշխարհային բնապահպանները։

 

***

Լույսն ու ջուրը սպառել,

Կում-կում խմում ենք

Երկնքի արտասուքը։

Թախիծը, հիասթափությունը,

Անվերջ սպասումը

Ծլնգալով լցվում են մեր ներսը։

Մայրական

Ոչ մի ջերմություն չմնաց

Ժամանակի հայացքում։

***

Տառապանքով ծնված,

Երազանքով սնված,

Երա՛զ հայրենիք։

Ինչ խաղ ասես

Խաղում են գլխիդ.

Ո՛չ բարեկամդ է ազնիվ,

Ո՛չ՝ թշնամիդ,

Խե՜ղճ հայրենիք։

 

***

Անզորությունից

Կրակում են որսորդական հրացանները։

Բուժման նպատակով

Կյանքի ճանապարհը բռնած

Մարդն առևանգվում է,

Պարզվում է՝

Հայրենիքի համար կռվելը

Հանցագործություն է։

Առատության սովոր

Երեխայի աչքն

Անաղ սև հացի կարոտ է,

Իսկ մարդիկ դեմքեր չունեն,

Բոլորի ուշադրությունը

Պայուսակների վրա է,

Ո՛չ, <<միայն հացիվ>> չէ

Իմ ժողովուրդը.

Ծանրագույն ժամանակներ են։

Նրբիրան կանանց

Արգանդներում մեծացող

Երեխաները

Սովորում են պայքարի

Հնարավոր ձևերը,

Միայն թե ուժեղ լինեն մայրերը։

Պահարանների դատարկությունն

Ու խանութների փակ լինելն

Առօրեական են։

Արևի տապով

Օրը մի քանի անգամ

Կիլոմետրեր հաղթահարող

Անցորդների

Օր օրի սպառվող կիլոգրամներն

Այլևս երազանք չեն։

Փողոցների մերկությունը

Ծածկում են

Ստեպ-ստեպ գոյացող

Հացի հերթերը,

Գիշերներն ու ցերեկներն

Անքնությունից

Ուշաթափվում են։

Բացե՛ք դռները,

Երկիրս շնչահեղձ է լինում։

***

Երբ պարտադրանքը

Գլուխ է բարձրացնում,

Սերը,

Նվիրվածությունը,

Հավատարմությունը

Պաշտոնաթող են լինում

Եվ ճանապարհվում

Անհայտ ուղղությամբ։

 

***

Եկավ ոգու սով.

Ճոխ սեղանների շուրջ

Սովամահ են անում անոթի մտքերը,

Իսկ դատարկ սեղանների շուրջ

Համախմբվածների մտքերը

Ճոխ տոնախմբության մեջ են։

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։