…բաժակաճառերի
մեջ հարբած
երկիր-
խաղաղությունը
քեզ կտակեցին
որպես
խարան։
Կա՛մ դու ես
փրկվելու,
կա՛մ նա։
…զգույշ,
երկի՛ր,
քեզ էլի
սկսել են
շատ սիրել…
***
Մենք մեզ
հիշելու համար
սկսում ենք
հրաժարվել
մեզնից…
Հետո գալիս է
երազանքից
հրաժարվելու
պահը,
և այդպես էլ
երկիրը
վերածվում է
խոստովանության։
Մանուկների
նկարագրած
հայրենիքը
թերություններ
չի ունենում,
երբ կարողանում ես
քեզ համոզել,
որ այնտեղ
վաղուց
«մեծեր»
չեն ապրում։
Ծառը
փայտ է,
եթե նրան
նայելու
նպատակը
տաքանալն է,
իսկ ամենակարծր
ժայռը
տապանաքար,
թե ապրելու
իրավունքդ
և՛ քոնն է,
և՛ ժամանակինը։
…Երկի՜ր,
Նոյը
կիջնի
նորից
թե չէ,
չգիտեմ,
բայց որ
տապանը
կրկին դու ես,
դրանում
կասկած չկա։
***
Ես տեսել եմ
հեքիաթն
ինչպես է
խիզախ
զինվորի պես
զարկվում
ամենահին
լեռներում։
Չթխված
թոնրահացի
բույրի հետ
ծանրանալով…
…ոչ ոք չի մեռնում,
երբ
ճանապարհը
պահվում է
անուսադիր
գեներալի
պահարանում
պինդ պահված
համազգեստի
գրպանում։
…ոչ ոք սերը
խրամատից
երկիր
չի բերում,
երբ չկրակված
փամփուշտի
միակ
պատրանքը
վերադարձն է,
ու կապ չունի,
որ ձմռանը
ձյունը
հալվում է
պարտադրաբար
ու սառչում,
երբ հողը
տաքանալու
համար
սկսում է
մեկ-մեկ
գնդակահարել
աշխարհի
բոլոր
չնվիրված
ծաղիկներին։
Հետգրություն։
Ես տեսել եմ՝
հեքիաթն
ինչպես է
հեքիաթի
վերածվում,
երբ ծիածանի
ամենալավ
գույնը
մաքրվում է
հորդառատ
անձրևներից։
…Երկի՛ր,
տուր ձեռքդ․
ես ուզում եմ
պարել քեզ հետ։
***
Լինում է
այնպես,
երբ այգում
ծաղկած
ծիրանենին
իր շորերն
հանելու
համար
մեկ-երկու
տերև
հանձնում է
հողին։
Հեքիաթը
խակ է…
երկնքից
ընկնող
երեք
խնձորներից
մեկը՝
նույնպես։
…իսկ սերը
այգիներից
տուն գալու
ճանապարհին է
հասնում։
***
Տատս
թոնրում
հաց թխելու էր
շտապում,
երբ
աղոթելու
կարիք էր
ունենում։
…որքան
լավ էին
թխվում
հացերը,
երբ
հաջողվում էր
տատիս
ու ԱՍՏԾՈ
երկխոսությունը։
***
…տուր
հագնեմ
կոստյումդ,
երկի՛ր,
որ զգամ
մարմնիդ
հուրը,
որ
մրսեմ
հազար
տեղից
ճղվաց
քո շորերի
մեջ…
…և
հասկանամ,
թե ինչ
լկտի
գեղեցկուհի է
խաղաղությունը։