Թուրքիայում, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի վարքը: Ամերիկյան The Daily Beast էլեկտրոնային պարբերականը գրում է, որ նախագահը խուճապի մեջ է: Նրա քաղաքական ընդդիմախոսներն էլ կրկնում են, որ Էրդողանը խելագարվել է: Իսկ քուրդ քաղաքական գործիչ Աբդուլլահ Զեյդանը նշում է, թե նախագահը «կարծում է սուլթան է»: Էրդողանի այս կարգի բնութագրումները պայմանավորված են նրանով, որ, ըստ հարցումների, նրա կուսակցությունն ընտրությունների ժամանակ հավանաբար չի կարողանա ստանալ ձայների մեծամասնությունը, որը թույլ կտար սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ ապահովելով նախագահի անսահմանափակ լիազորությունները: Էրդողանի պարագայում այնքան անուրանալի է իշխանության անհագ ծարավը, որ նրա քննադատներն անհանգստանում են, թե հաղթանակն ապահովելու համար իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու անձամբ Էրդողանը կարող են անգամ խարդախությունների դիմել: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Թեքին Գյուրսելը նույնիսկ զգուշացրել է, որ Էրդողանը կարող է դեռ ավելի հուսահատ քայլեր ձեռնարկել: Իհարկե, եթե ընտրությունների արդյունքները թույլ չտան իրականացնել սահմանադրական փոփոխությունները, Էրդողանը շատ բան ունի կորցնելու և կկորցնի: Այնպես որ, իր նախանշած զարգացումներից չնչին շեղումն էլ կարող է նրա մոտ հիստերիայի նոր բռնկումներ առաջացնել, մի բան, որն ակնհայտ էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների օրերին: Թուրքիայի ընտրություններում հաջողության կարևոր գործոններից է ազգայնական զանգվածի աջակությունը, որին գրավելու հուսալի միջոցը ներկա Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունն է, ինչը Էրդողանի քարոզչամեքենայի ամենահուսալի գործիքն է: Ամենազավեշտալին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից թուրք դեսպաններին հետ կանչելու նրա պրակտիկան է, որն իր անլրջությամբ դիվանագիտական գործընթացից ավելի քաղաքական էժանագին շոու է հիշեցնում: Սակայն Էրդողանի համար էականն ազգայնականների և նրանց հարող զանգվածի մոտ իր հաստատակամությունն ու վճռականությունը հաստատելու մոլուցքն է: Միանշանակ է, որ հակառուսական հայտարարությունները Մոսկվայի «սխալ» քաղաքականության մասին, պաշտոնական Անկարան սկսեց, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում էր` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Սա այն դեպքում, երբ «Թուրքական հոսք» գազատարի պայմանագրի համաձայնեցման արարողությանը ռուս-թուրքական բարեկամությունը փաստող հռետորաբանությունը սահմաններ չէր ճանաչում: Մինչդեռ այժմ թուրքիայի արտգործնախարարը չի խորշում Անթալիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել, որ «ոչինչ չի կարող արդարացնել այն, ինչ Ռուսաստանն արել է և շարունակում է անել իր հարևանների հանդեպ», որպես օրինակներ նշելով Ուկրաինան, Ղրիմն ու Վրաստանը: Թեև նման երկդիմությունը այս երկրի քաղաքականության առանցքն է, այդուհանդերձ, Թուրքիայի՝ Ռուսաստանի նկատմամբ նման կոշտ վերաբերմունքը, այն էլ այս օրերին, ոչ մի առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այն ավելի արևմտյան երկրների ուշադրությունը շեղող միջոց է` ապացուցելու, որ Թուրքիան քաղաքականապես Արևմուտքի հետ է և Ղրիմի ու Ուկրաինայի հարցում Ռուսաստանին չի աջակցում: Հետո-ն կարևոր չէ, թուրքերը միշտ էլ հետո-ի իրենց հիմնավորված կամ անհեթեթ բացատրություններն ունեն: Ավելի իրատեսական է, որ Թուրքիան ընտրություններին ընդառաջ դեռ շատ անակնկալներ է մատուցելու: Այդ առումով Էրդողանի «քաջագործությունների և հիստերիաների» զինանոցն անսպառ է: Ընտրություններին հաշված օրեր են մնացել, որպեսզի պարզ լինի` Թուրքիան Էրդողանի հետ է, թե առանց Էրդողանի… Սակայն անքննարկելի է, որ Թուրքիան ինչ դեմքով էլ հանդես գա` եղնիկի թե աղունիկի, այդ դիմակների տակ էլ չի կարողանալու գորշ գայլի ժանիքները թաքցնել…
Կարդալ նաեւ․․․

ԹՈՎՄԱ քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ԵՍ ՆԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԿՆՔԻՆ Ես նայում եմ երկնքին. դուռ…

ԱՐԺԱՆԻ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Բաքվի Եվրոպական խաղերի մարզիկների պարգևատրման արարողությանը Իլհամ Ալիևը սեփական տիկնոջը`…

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
«Խոսքը՝ հանուն կյանքի»՝ սա էր այս տարվա գյուտը «Գրական տապան»…