ԱՐՑԱԽ. ՇՐՋԱՓԱԿՈՒՄ
Օր 1
Հույսը աղավնու թևերին՝
Բոլորս նայում ենք հեռուն,
Ուր արևի ճառագայթների հետ կռվող
Մանուկներ են ծնվում…
…
Օր 6
Սառն են օրերը,
Գազը վերականգնվում է,
Շրջափակված ենք,
Ես 120 000-րդ անձն եմ, ում
Սպառնում է լինել
Հերթական մորթվող,
ցեղասպանվող սերնդի հայը:
Ես 120 000-րդ անձն եմ, ում
Հայրենիքում փորձում են զրկել հայրենիքից․․․
Թուրքը գոռում է՝
«պահպանի՛ր քո բնությունը, պահպանիր քո կյանքը»,
Եվ բնական իրավունքները գերության մեջ են,
Խնամքով անջատում ենք գովազդի լույսերը՝
Պահպանե՛նք էներգիան,
Կարտոֆիլի կեսը, ստվարաթղթի մեջ փաթաթված, սառնարանում է՝
Պահպանե՛նք սնունդը,
Կրճատում ենք տեղաշարժերը՝
Խնայե՛նք վառելիքը,
մեքենաները ածխաթթու գազ չեն արտանետում՝
պահպանում ենք բնությունը….
Ադրբեջանցի ցուցարարի ձեռքին
Սպանվում է բարության աղավնին…
…
Օր 50
Բացվում են դպրոցները,
ՀԱԱԳԱ-յի միջազգային դատարանում քննվում է
Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը,
Խանութների քաղցրավենիքը
Տներից, աշխատասենյակներից ձգում,
Հերթերի մեջ է կանգնեցնում քաղցր չուտողներին։
…
Օր 51
Փետրվար ամիսը
ևս չփրկեց իրավիճակը․
որքան մոտենում ենք
գարնանը,
նույնքան տանելի են դառնում
հոսանքի գիշերային անջատումները…
զանգերը
հաղորդումներ են
խանութներում առկա ապրանքների…
անձնական կապերը
շուկայական հարաբերություններ են,
հերթերի ժամերը խնայելու միջոց…
Ի՞նչ կանեինք այս օրերին, եթե
Շրջափակում չլիներ,
Գո՞ւցե
ձանձրանայի…
***
երբ
այնքան մոտ էի իմ երջանկությանը,
ես վերադարձա անազատություն՝
ևս մեկ անգամ համոզվելու,
որ
կանոններ հորինողների համար
ես ընդամենը խաղացող եմ,
ում հաշիվը նույնքան աննկատելի է,
որքան մեղվի ոտքերի նեկտարի
ծանրությունը
մարդու աչքերում․․․
ես վերադարձա անազատություն՝
ևս մեկ անգամ համոզվելու, որ
գումարի մեծությունն ու ծանրությունը
չեն կարող կարոտի հետ մրցել,
իրականության էջերը բազմաթիվ են,
բայց ոչ ավելին,
ու կեղծը
սպանում է
բանտարկված ազատության զինվորներին,
արմատից պոկված ծաղիկը
թառամելուց առաջ առատորեն բուրում է,
սակայն մեղուները
մոտ չեն գալիս նրան։
16.07. 2020+3
Պատերազմից հետո ապրելու հույսը
երկաթե ոտքերով երիտասարդների հարսանիքներն են,
չխամրող աչքերով լուսանկարների
առջև խոնարհվողներն են,
ծառերի տնկիներ ջրող
կոշտացած մատներն են,
երազկոտ համբույրների
ծնունդներն են՝
անուշահոտ նրբությամբ ու ցանկալի լացով,
կրակոցների թիրախում
գյուղտեխնիկայի վարորդներն են…
Պատերազմից հետո
ապրելու հույսը
սարահարթերով վանդակված
բանտում թևածող ժպիտներն են.
կես կիլոգրամ
շաքարավազի, հացի ու ձեթի հերթերում,
կտրոնով ձվի հերթերում,
կիլոմետրեր քայլելուց հետո՝
ամենակարճ ճանապարհով
տուն վերադարձողի անորոշ հայացքներում…
Ապրելու հույսը
խամրում է
փակվող յուրաքանչյուր խանութի գնորդների
և աշխատավարձից զրկված
քաղաքացիների անհույս զբոսանքում,
Ապրելու հույսն
արթնանում է
ցուցարարների տխուր դիմագծերի տակ,
բոլորից թաքուն,
ինչպես մուգ տոպրակի կարմիր լոլիկ…
13.07.2020+3
***
Ջերմությո՛ւն,
Դու իմն ես,
Մոմերը չեն ուզում հալվել:
Քարերի ու ծաղիկների
Արանքում
Ոտնահետքերդ են,
Հող պահելու համար
Հող ենք փորում…
Ինձ երազներ ես նվիրում:
Քեզ գրելու համար
Թաքցնում եմ քեզ
Ու չեմ վախենում
Հայրենիքի հետ սերդ կիսելուց:
Աչքերիդ մեջ
Իմ ժպիտներն են,
Որոնցով վառել ես
Կատարոյի* վերջին մոմերը…
09.03.2020+3
* Կատարո վանք -հայկական հոգևոր կառույց, մատուռ, հիմնվել է 4-րդ դարում, բռնազավթվել է 2020 թ.։
***
Դու անսպասելի չես ինձ համար,
որովհետև ես փակում եմ աչքերս
միայն քնելիս․․․
հա՛, միայն քնելիս։
Ես չեմ թաքցնում աչքերս,
երբ ինձ դատում են,
կամ
երբ մեքենան վայրկյաններ անց
ձորն է նետվում։
Դու սպասելի ես, մա՛հ,
քամին, ծովը, հրդեհը, անօդաչու ռումբը
երկրի և երկնքի չհայտագրված միջնորդներն են,
դիպուկահարի օպտիկան
ուղղում եմ սրտիդ՝
տեսնելու թրթիռը, որ
առանց իմ աչքերի են արագանում։
Ես չեմ պատրաստվում սպանել,
բայց ամեն առավոտ սպանվում եմ
դիրքերում անհետացող ժպիտների հետ,
և հողի մեջ ներծծված արյամբ
հագեցած ծիլերը
ամենակարմիր կակաչներն են ծնում։
Դու անսպասելի չես, կորո՛ւստ,
հաճախ եմ մոլորվում իմ տանը՝
չհարմարվելով ելքի-մուտքի
դռան փոփոխություններին,
հարևաններիս ցուցանակները
շփոթեցնում են՝
արդյո՞ք բարի է գալուստս…
Դու սպասելի ես, թույտվության կնիք,
որովհետև ես չեմ փակել աչքերս,
երբ մուգ ապակիներից այն կողմ
թուրք սահմանապահը
հպարտությամբ անձնագիր է պահանջում նրանցից, որոնց
աչքերից արցունքվում է զսպված չարության թացությունը,
որոնք նույն արցունքները զսպել են
սահմանին՝
պայքարելով մահվան ու բռնության դեմ…
29.06.2020+3