ՄԻ՛ ՊՈԿԵՔ ԾԱՌՆ ԱՐՄԱՏԻՑ
Երկրիս փակ սահմաններից ներս անսահման ազատություն կա,
Որովհետև իմ ՏԱՆՆ եմ ու իմ ՀՈՂԻ վրա․
Որովհետև բանաստեղծը մեր մասին է թերևս ասել.
«Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է,
Իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն»։
Փակ է կյանքի ճանապարհը այստեղ․․․
Մեզ փորձում են պոկել մեր արմատից, տուն ու տեղից, հողից։
Ու այս ազատ անազատությունում
չծնված երեխան մահանում է մոր արգանդում
թերսնվածությունից,
Բժիշկները մանուկների թուլությունը ախտորոշում են հեմոգլոբինի պակաս,
Որովհետև մայրիկները ամեն օր տուն են վերադառնում
Դատարկ խանութներից ոչինչ չգնած,
հերթերում ժամերով կանգնած ու իրենց ոչինչ բաժին չհասած՝
հայացքը թաքցնելով փոքրիկների՝ որոնող ու սպասող աչուկներից․․․
Ու այս անազատ ազատությունում պապիկները հերթերում երբեմն ուշագնաց են լինում,
Ու այս ազատ անազատությունում ծխախոտի հերթերում նիկոտինի քաղցից նյարդերի վեճը երբեմն բռունցքի հարված է դառնում՝ անհասցե,
Սահմանի այս և այն կողմում հայտնված սիրելիների կարոտի
սփոփանքը դառնում են վայբերն ու վոցափը․․․
Շատ փոքրիկները, որ դեռ կաթնախառնուրդ են միայն ուտում,
Չգիտեն էլ, որ կարո՞ղ են հուսալ՝ Հակարիի կամրջին մուտքի սպասող
400 տոննա բեռը կմտնի՞ սահմանից այսկողմ,
և արդյո՞ք մայրիկը յոթ ամիս
շարունակ կորցրած ժպիտը նշույլի չափով կվերագտնի կրկին․․․
18-ը բոլորած պատանյակի մայրը գիշերը մղձավանջային երազից
Վեր է թռչում,
գիշերն անձրևել է, որոտը բայրաքթար է թվացել․
-Աստված իմ, միայն թե պատերազմ չլինի, զոհեր չլինեն,
Պահիր ու պահպանիր որդուս ու բոլորի որդիներին,-
մոր ամենգիշերյա աղոթքն է․․․
Իսկ թագավորները միմյանց հետ շարունակում են կռվել,
Հողը արյունով հեղել,
Մեկն ասում է՝ իմն է,
Մյուսն ասում է՝ չէ՛, իմն է,
Երրորդն ասում է՝ դուք ով եք, իմն է․․․
Բայց նրանք չգիտեն, որ վերջին խոսքը հողինն է,
որը պիտի ասի․
-Դուք բոլորդ իմն եք․․․
Ու այդ հողը, որի գրկում ննջում են հազարավոր որդիներ,
եղբայրներ, հայրեր, ամուսիններ,
Նրանց ձայնով շշնջում է՝
Հողդ պահիր, որ հողն էլ քեզ պահի․․․
Ու այս եզերքում հողը շարունակում են պահել,
Որովհետև բոլորը (գրեթե) Սոս Սարգսյանի պես են մտածում՝
Սա միայն հող չէ, այլ՝ սրբազան հայրենիք․․․
Որովհետև սրբազան հայրենիքը չի հանձնվում
կիսասոված ու սոված օրերին,
Հերթերին, հովհարային անջատումներին,
Անմեքենա երթևեկությանը,
Երկնագույն վառելիքի չլինելուն,
Գյուղացին թշնամու թիրախում շարունակում է հողը վարել,
Երեխան՝ դպրոց գնալ ու մանկապարտեզ,
Ու բոլորովին հայրենասիրության մասին
չաղաղակել, կենացներ չասել
ֆեյսբուքում, ամբիոններում ու ճոխ սեղանների շուրջ,
Այստեղ հայրենիքը սիրում են լուռ, հողը պահելով։
Պատերազմում տուն և հարազատ կորցրածը
Վաղվա օրվա հավատով զինված այստեղ նորից է տուն կառուցում,
ծառ տնկում,
Որ պահի հողը, որովհետև համոզված է՝ իրեն պահողն այս հողն է․․․
Որովհետև չի ուզում կրկին հարազատ օջախ այցելի Google Map-ով (Գուգլ քարտեզով) ու մկնիկի սլաքով շրջի իր տանը…
Երկրիս փակ սահմաններից ներս անսահման ազատություն կա,
Որովհետև իմ ՏԱՆՆ եմ ու իմ ՀՈՂԻ վրա։
Մի՛ պոկեք ծառն արմատից, բացե՛ք կյանքի ճանապարհը։
#շրջափակում# օր 228. 28.07.2023 թ.
***
Եվ հույսն այս մեզնից հեռացող,
Եվ հավատն այս Քեզնից ճառագող,
Եվ հացն այս ամեն օր պակասող,
Եվ ջուրն այս քիչ-քիչ սակավացող,
Եվ հողն այս արյուն քամող,
Եվ քրտինքն այս վերքս լցվող,
Եվ արցունքն այս աչքերս չլքող,
Եվ սերն այս ամեն ինչ հաղթող,
Եվ զավակներն այս կյանք իմաստավորող,
Եվ հայրենիքն այս զոհեր պահանջող,
Եվ զոհերն այս ապրել հրամայող,
Եվ սահմաններն այս ամեն օր փոքրացող,
Եվ ազատությունն այս ամեն օր անազատության տանող,
Եվ կյանքն այս ամեն օր մահվան հետ կռիվ տվող,
Եվ միտքն ու ձեռքերն այս Քեզ ամեն օր աղերսող,
Դու ես տվել ինձ, Տե՛ր,
Եվ Դու միայն, Տե՛ր, կարող ես բացել դրախտի դարպասները,
Եվ Դու, Տե՛ր, կարող ես կենսատու ավիշդ շնորհել բազմամեղին,
Եվ թող, Տե՛ր, ստեղծածդ ապրի, սիրտը տրոփի,
Եվ թող, Տե՛ր, երկրիս պայծառ առավոտը բացվի․․․
Ամեն
***
Հերթեր՝
Հացի,
Կաթնամթերքի,
Հացի,
Կաթնախառնուրդի,
Հացի,
Բանկոմատի,
Հացի․․․
Պատերազմներ՝
Տեղեկատվական դաշտի,
Ռազմադաշտի,
Տարբեր դաշտերի,
Բանակցություններ՝
Ճանապարհը բացելու,
Փակելու,
Երկիրը տալու,
Վերցնելու,
Վերադառնալու,
Արտագաղթելու,
Բանավեճեր՝
Կյանքի ճանապարհ,
Մահվան ճանապարհ,
Լայվեր,
Չոր ճառեր,
Կրակոցներ,
Զոհեր,
Վերևների որոշումներ՝
Անսեր ու անսեռ,
Անտրամաբանական,
Անհասկանալի,
Կյանք՝
Կրակոցների տակ,
Առաջնագիծ դարձած տանը,
Դաշտում,
Այգում․․․
Չարի ու բարու կռիվ,
Անհերթ՝
Սեր հայրենի հողի հանդեպ,
Հարազատ տունը չլքելու կամք ու․․․
Ու տրոփող սիրտ,
Կյանք շրջափակված Արցախում․․․